Նա՝ հայ մեծանուն, նախկին դատախազ,
Բազառների մեջ մխրճված դախազ,
Քննել է մութ ու հիշարժան գործեր
Եվ արել քրգործ կարելու փորձեր,
Պաշտոններ լքել ու հոժարակամ
Երիցս տվել հըրաժարական,
Սխրանք է գործել մի անօրինակ՝
Ուղեւորվել է Օպերայի բակ
Եվ հանց իսկական հրեշտակ անկյալ
Դարձել է շուտով նա քաղբանտարկյալ։
Եղել է այսպես նախ կալանավոր,
Դարձել է ապա եւ պատգամավոր,
Դարձի էր գալիս քիչ-քիչ նա արդեն,
Ուզում էր դառնալ անգամ օմբուդսմեն,
Երբ հանկարծ եղավ հեղափոխություն,
Եվ բյուրք հայցեցին մեղքի թողություն։
Նա քայլածներին փորձեց միանալ,
Դատարանների բդեշխը դառնալ
Եվ հանուն երկրի իր քայլը անել՝
Իր ուսանողին պաշտոնից հանել։
Հացի սեղանին մեթոդներով հին
Զրույց ունենցավ նրա հետ ինտիմ․
Նախապես նրան տվեց մի քիչ կուտ,
Հետո քննիչի իր կրքին` հագուրդ,
Մեկ համոզելով, մեկ վախեցնելով,
Հայհոյանքներով հոգին ցնցելով։
Ասաց՝ տես ինչ է դրած իմ վզին,
Ու հիմա մանրից ու դանդաղ կզի․
Հեռացիր հանգիստ, գրիր մի դիմում,
Գործեր չենք կարի, կանենք քեզ զիջում։
Թեպետ եղել են նրան ենթակա
Վարչապետներ ու անգամ նախագահ,
Սակայն պստիկ բան հաշվի չէր առել,
Կուտ տալ էր փորձում՝ ում դաս էր տվել,
Ով դասը սերտել էր լավ ու գերազանց,
Նրան ձայնագրեց, գցեց համացանց։
Զրույցն այս ինտիմ մեր համացանցում
Հարուցեց հուժկու, մեծ իրարանցում․
Հասեք, հայ, հարայ, տալիս է քֆուր
Խարխլում հիմքը ոչ էնքան ամուր
Դեմոկրատիայի մեր բաստիոնի
Նմանվում այդպես նախնյաց շպիոնի․․․
Բայց մարեց կրքերն այս հավերժական
Ու նորից տվեց հրաժարական։
Այն ո՞վ է, այն ո՞վ
Please follow and like us: