ԼԻԱ ՍՏՈՒՐՈՒԱ/Բանաստեղծություններ


Մարդիկ

Մարդիկ
Ամեն երեկո
Կորցնում են միմյանց,
Որ հետո մինչև մահ փնտրեն։
Նրանց մաշկը բնափայտի պես
Կոշտանում ու քրքրվում է,
Բայց մեկ է` փնտրում են:
Եվ մարդկանց ամեն երեկո թվում է,
Թե ցավում է ոտնաթաթը,
Որը կտրեցին,
Եվ առատ, անսահման տենչանքի մեջ
Մարդիկ կորցնում են ձիերին
Ու աղաչում են Աստծուն
Այն ընկած քոսոտ ձիու համար,
Որն իրենց հետ է ծերանում,
Որի կողերը նույն գույնն ունեն,
Ինչ դարն ապրած պղնձյա արևը…
Մարդիկ
Ամեն երեկո
Կորցնում են արևը,
Եվ երբ երկարում են նրանց ստվերները,
Նրանք սայլերն են բեռնում չոր խոտով
Եվ մսոտ կանանց ու անթիվ-անհամար զավակներով
Դաշտ են դուրս գալիս
Ու դեզեր կանգնեցնում՝
Արձաններ մայր մտնող արեւին։
Մարդիկ կորցնում են ամեն ինչ,
Բացի արևից…

Ունայնություն

Ընթրիքից հետո սեղանի վրա
Սառույցի հետ բերեցին,
Արծաթե գդալները շարեցին շուրջը
Իմ քաղցր հիշատակի,
Հետո վրայից ջուր խմեցին
Ու ցրվեցին:
Գաղջորեն սիրում էլ էին ինձ…
Երբ միմյանց էին դիպչում
Տաք մսով
Կամ սառը ուղեղով,
Ես նստած էի սեղանի մոտ
Ու ջուր էի ծեծում…
Սա ավելի են հիշում,
Քան կնճիռը
Ժպիտի անկյունում
Կամ դեմքի ուրվագծին
Նայելու անհարմարությունը՝
Մանրուքներ, որոնք
Կարող են ցավ պատճառել,
Դրա համար ինձ դարձրին տապանագիր՝
Բանաստեղծական խաղիկ․․․
Եթե մոռացված մշակույթի մասին
Խոսք գնա,
Կրկին սառույցով ինձ ներս կբերեն,
Որ իմ հիշատակը
Ժամանակից կարագի նման չկծվի,
Ուրիշ ոչինչ չի փոխվել,
Երբ նրանք մսով, ուղեղով
Կամ թեկուզ ոխով են դիպչում միմյանց,
Ես մենակ նստած եմ սեղանի մոտ
Ու ջուր եմ ծեծում…

Նոր կյանք

Ինչ արած, դիմակով ամրացրո՛ւ արմատդ,
Դատապարտի՛ր բանաստեղծությունները,
Այլևս կանանց չեն պատժում մահապատժով,
Ոսկեգույն են պեպենի պուդրան ու թեյի ջուրը,
Ինչո՞ւ ես ուզում հենց դիմակով սպանել կյանքի օրենքը,
Երբ այստեղ ռեկվիզիտ կա հասանելի՝
Գլխի մեջ մահակի զարկով բոցաշունչ քայլերգերի շարան,
Ինչպես որ քրքումն է զոհաբերվում հանուն ուտելիքի,
Ծաղիկների մեջ այդպես թաղեցին քո անունը…
Բոլոր ծանոթները, ավելի շատ համախոհները
Ոմանք մեռել են, ոմանք կոխկռտված են ոտքերի տակ,
Ինչ-որ մեկը չկարողացավ վաճառել գիրքը, գիժ համարեցին,
Հին կավից հունցվեց նոր ցեղ,
Որին ցեխի մեջ են գցում ու երկար լվանում,
Ու ինձնից ավելի թշվառ իմ զավակն է…

Մայրիկ

Ո՜ւր զանգեմ քեզ, ինչպե՜ս ասեմ՝ ինչն է ինձ ուտում ու կրծում,
Ինչ-որ մեկն ինձ նայում է, մեկը հագցնում ու դիրքս է ընտրում,
Ես նախընտրում եմ կրկին քեզ գդալով դեղ խմեցնել,
Բարկանալ վրադ ու լսել՝ չարժե չարչարվել,
Մեկ է՝ մեռնելու եմ, բայց այն ժամանակ ո՜վ կհավատա ինձ,
Որ գերեզմանը, քեզ համար պատրաստված, ինձ համար էլ են փորում,
Որ փորիս մեջ անտեր կատվի ձագեր են լցված,
Աղիներս կարմիրով են ճանկռտում, ստամոքսս պատառոտում,
Գլխիս մեջ անիվ է պտտվում, հազար հարց,
Ու ամեն առավոտ ալարում եմ աչք բացել,
Ձեռքի դողով ո՜վ կկիսի վիշտս,
Եթե ոչ մայրը՝ մշտապես լուռը, նահանջողը,
Ինքը հողում կծկված, որ դրախտ է պահանջում
Միակ ու եսասեր զավակի անունով…

Կատարյալ

Ձանձրացրին բյուրեղը, սառը ձյունը, կաթի առաքինությունը,
Արդեն ամռան օրենքներով է խաղն ընթանում,
Արևածաղիկները միացված են բարձր լարմանը
Ու ժրաջանությամբ արդուկում են երկնքի ծալքերը:
Վերջացավ իմ օտարացումը բնությունից,
Վետվետում է շոգը, խոսում եմ վեհ թեմաներից,
Կատարյալ լույս է բերում Պլատոնն ինձ մոտ,
Ու շատ եմ ուզում այն անհիշելի ժամանակում ապրել,
Լսել ծանոթ երկխոսությունները՝ արդեն դասական դարձած,
Լինի ճշմարտություն, անվերջ ու անհասակ,
Արևը ծաղկի նման լինի, և ոչ թե ուղեղում կաթած արյան նման,
Լինի միասնություն, բայց, միևնույն է, մեկուսի
Օդի առաջին աստիճանին կանգնած լինի Պատոնը՝
Իդիալիստը, իսկ հողը մեզ թողնի…

Պլատոնի մոտիվներով

Այնպիսի ձյուն էր դրված այս մսիս վրա,
Որ ավելի լավ կլիներ կտրեին,
Դատարկ տեղերն անհրաժեշտ են քարտեզի վրա,
Տերրա Ինցոգրիտա կանվանեն
Եվ կբացահայտեն,
Նոր հողի տեղ կանցկացնեն քեզ,
Դե նրբագեղության ու ոճերի բազմությունից
Ի՞նչ պետություն կկառուցես,
Որ բանաստեղծների՞ն ներս թողնես։
Սոված փորին այնպիսի
Գրական պոպ-արտ կկազմակերպեն,
Չես կարողանա տարբերել,
Թե որտեղ է թերթերի մեջ փաթաթված տառեխը,
Որտեղ Էլբրուսով հիացած շարահյուսությունը՝
Քո օրինական տունը,
Պատը, որի բարձրությունը
Երեխայի լացի ձայնով ես ստուգում,
Վաղուց չհագած կարմիր շրջազգեստը՝
Արդուկած հեղափոխությունը պահարանի մեջ…
Թե ինչ ձյուն էր մսիդ վրա,
Թե ինչ են ուզում բանաստեղծները
Կատարյալ պետության մեջ։

Ռեքվիեմ

Չգիտես ինչու նմանվում ենք նրանց,
Ովքեր սնունդը ափսեով են ուտում,
Ու եզրազարդերի ոսկին
Երևում է բերաններից,
Այս լույսով են քայլում,
Իսկ ես ինձ դեսուդեն եմ գցում,
Որ ջնջվի երեսս,
Աստված ինձ իր մոտ կանչի,
Մասնատված միսը
Արծնապակու սալերով փոխարինի,
Ինձ նորից շարի ու ինձ՝ այգում նկարածիս
Ցույց տա դրախտի բնակիչներին․
-Ահա կինը, ում
Դարդն է կեռել:
Ոսկե ատամներ ունեցողների բանակ էր նստած
հոգեհանգստիս,
ու ընդհանուր գերեզմանից հանած
Մոցարտ էին լսում…

Վրացերենից թարգմանեց Ասյա Դարբինյանը

Please follow and like us: