Նկատի ունենալով, որ «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի հունվարի 21-ի հմարում տպագրված իմ բաց նամակը՝ ուղղված Շահան Շահնուրին, սփյուռքահայ մամուլում մտքերի բուռն փոխանակություն, վեճեր, թեր եւ դեմ կարծիքներ հարուցեց, հարկ եմ համարում անդրադառնալ դրանց եւ հայտնել իմ նկատառումները։
Նախ պարտավոր եմ ասել, որ իմ բաց նամակի տպագրությունից հետո ինձ համար անսպասելիորեն պարզվեց, որ նամակիս առիթ տված Շահան Շահնուրի «Ազատն Կոմիտաս» հոդվածը գրված է ոչ թե 1969 թվականին՝ Կոմիտասի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ, այլ շատ ավելի վաղ՝ 1935-ին։ Մի փոքր ավելի ուշ, Շահնուրից ստացած անձնական նամակից եւ «Աշխարհ» ու «Զարթոնք» թերթերում նրա հրապարակած հոդվածներից պարզվեց նաեւ, որ «Սփյուռք» շաբաթաթերթը առանց հեղինակի գիտության ու համաձայնության է մոռացությունից հանել ու վերահրատարակել այդ հոդվածը եւ ինչպես Շահնուրն է վրդովմունքով նշել՝ «մոռանալով մամուլի տարրական կանոնները, չէր հիշած ոչ իր աղբիւրը եւ ոչ ալ հոդվածին տարիքը, այն տպավորութիւնն էր թողած թե ինձմե կհրատարակե նոր գրութիւն մը»։
Ուստի եւ խորապես ցավելով ու ափսոսելով հոդվածի գրության թվականին անտեղյակ լինելուս համար եւ նկատի ունենալով, որ իմ ընդդիմախոսների հիմնական առարկություններից մեկը վերաբերում է հենց դրան, կուզեի ասել, որ այո, հոդվածի թվականը կաող էր լույս սփռել նրա մեջ արտահայտված առանձին տրամադրությունների ու մտքերի վրա, բացատրել այդ տրամադրությունների դրդապատճառները, սակայն, իմ խորին համոզմամբ, չէր կարող արդարացնել այն հիմնականը, որին եւ ուղղված էր իմ բաց նամակը։
Ենթադրենք նույնիսկ, թե «Սփյուռք» թերթը նշած լիներ Շահնուրի թվականը, եւ բոլորս էլ տեղյակ լինեինք, որ այն գրված է 1935-ին, կարդարանա՞ր արդյոք նրա վերահրատարակությունը (թեկուզ եւ հակառակ հեղինակի կամքի) այս օրերին, եւ կվերանա՞ր նրա դեմ հանդես գալու անհրաժեշտությունը։
Ոչ, չէր արդարանա, եւ նրա դեմ դուրս գալու անհրաժեշտությունը ամենեւին էլ չէր վերանա։ Հասկանալի է, սակայն, որ այդ դեպքում խոսքն արդեն կուղղվեր ոչ թե Շահան Շահնուրին, այլ «Սփյուռք» շաբաթաթերթին, որը նորից էր շրջանառության դեմ դնում այդ հոդվածը, ուստի պետք էր, որ հրապարակայնորեն մերժվեր ու հերքվեր այդ հոդվածի մտայնությունը, մերժվեր հատկապես մեր օրերում, երբ հայրենիքի եւ սփյուռքի մերձեցմամբ, Հայաստանի իրականության համընդհանուր ճանաչմամբ տեղի է ունենում համազգային մի նոր հոգեբանական ձեւավորում, որն ընթանում է մեր հոգեւոր արժեքների, մեր պատմական անցյալի գնահատման ու վերագնահատման, ազգային արժանապատվության գիտակցության բարձրացման, մեր ժողովրդի երկու հատվածների համախմբման, երկու գրական լեզուների մերձեցման ճանապարհով, հանգամանքներ, որոնց Շահան Շահնուրի հոդվածը ամենեւին չէր նպաստում։
Այդ հոդվածի դեմ հրապարակայնորեն հանդես գալու անհրադեշտությունը չէր վերանա նաեւ այն պարզ պատճառով, որ հոդվածի վերահրատարակության փաստն իսկ գալիս էր ասելու, որ նրանում արտահայտված մտայնությունը դեռեւս իր կրողներն ունի։ Հակված եմ կարծելու, որ «Սփյուռք» շաբաթաթերթի խմբագիրը, Շահնուրի բնորոշմամբ՝ այդ «ճարպիկ սուզակը», ամենեւին էլ պատահականորեն չէր արխիվներից հանել եւ իր ընթերցողների ուշադրությանը հանձնել հենց այդ հոդվածը, որովհետեւ նրա որոշ դրույթները, հատկապես մեր ժողովրդի երկու հատվածները եւ նրանց գրական լեզուները միմյանց հակադրելու միտումը հարազատ էին այդ թերթի ոգուն եւ նկրտումներին։ Առաջին անգամ չէ, իհարկե, որ «Սփյուռք» շաբաթաթերթը, արխիվները փորփրելով, կասկածելի, մեր ժողովրդին ոչ մի օգուտ չբերող փաստեր ու փաստիկներ է հրապարակ նետում եւ դրանց շուջ ստեղծում վատառողջ մի աղմուկ։ Հայաստանի մամուլը («Գրական թերթ», «Հայրենիքի ձայն») նման առիթներով մի քանի անգամ անդրադարձել է «Սփյուռք» շաբաթաթերթին, սակայն՝ անօգուտ։ «Սփյուռքը» շարունակել է իր վարքագիծը եւ միշտ չէ, որ նպատակահարմար է համարվել իջնել նրա մակարդակին եւ հանդես գալ նրա դեմ։ Բայց քանի որ այս անգամ օգտագործված էր (ինչպես պարզվեց, չարաշահված էր) Շահնուրի հեղինակությունը, խոսքի կշիռն ու գրական հմայքը, ուստի եւ անդրադարձանք դրան։ Եվ քանի որ Շահան Շահնուրը այդ թերթից բարձր կանգնած մի հեղինակություն է, ուստի եւ մեր խոսքն ուղղեցինք ոչ թե թերթին, այլ Շահնուրին։
Եվ, ինչպես նշեցի սկզբում, իմ բաց նամակի կապակցությամբ, սփյուռքի մամուլում, հատկապես «Զարթոնք» թերթում, ծայր առավ մտքերի բուռն փոխանակություն, թեր եւ դեմ կարծիքների բախումով։ Եվ դա բնական է, քանի որ հարցերը կենսական էին, եւ առիթը Շահան Շահնուրն էր՝ սփյուռքում եւ հայրենիքում սիրված մի գրող։
Բայց զամրանալին այն էր, որ իմ ընդդիմախոսներից ոմանք, շրջանցելով կամ աղավաղելով իմ հիմնական առարկությունները, փորձում էին ապացուցել, թե Շահնուրի հոդվածում առարկելի ու դատապարտելի ոչինչ չկա, որ ես չեմ կարողացել ճիշտ ընկալել ու մեկնաբանել Շահնուրի հոդվածի ոգին։
Բայց առաջին մարդը, որ դեռ այդ մտքերի փոխանակությունից առաջ եկավ հաստատելու իմ բաց նամակի իրավացիությունը, ոչ այլ ոք էր, քան հենց ինքը՝ Շահան Շահնուրը։
Իմ նամակի տպագրությունից մի քանի օր հետո, հունվարի 25-ին, Փարիզում հրատարակվող «Յառաջ» թերթում Շահնուրը նորից տպագրեց իր այդ, ինչպես ինքն է նշում, «փորձանաւոր» հովածը, սակայն վերափոխված ու վերախմբագրված։ «Սփյուռք» շաբաթաթերթում տեսնելով եիտասարդական տարիների իր այդ հովածը՝ Շահնուրը հարկ էր համարել վերանայել այն եւ ի պատիվ իրեն, ինչպես ցույց կտամ ստորեւ, վերանայել հիմնովին։ Ես չեմ ուզում գործածել «զարմանալի զուգադիպությամբ» արտահայտությունը, բայց չեմ կարող նաեւ չնշել, որ դեռ ծանոթ իսկ չլինելով իմ բաց նամակին, Շահնուրը վերափոխել ու վերախմբագրել էր իր հոդվածը, հատկապես այն մասերը, որոնց եւ վերաբերում էին իմ հիմնական առարկությունները։
Այս նոր տարբերակի մեջ Շահնուրը նախ եւ առաջ ճշգրտել էր իր հոդվածի հասցեն։ Եթե նախորդի մեջ նա խոսում էր ընդհանրապես «հայի», հետեւաբար ամբողջ հայ ժողովրդի մասին, ապա այստեղ հենց առաջին նախադասություններից նա որոշակիորեն գրում է․
«Ի՞նչ ենք ի վերջոյ այսօր, մեր գաղթականութեան սա հազար-ինը-հարիւր-երեսուն եւ հինգ թուականին, եթէ ոչ թշուառ եւ խոցոտ բարիաներու թափառականութիւն մը, նշաւակ՝ քաղաքավարական կարեկցութեան, եթէ ոչ արհամարհանքի» եւ այլն։
Այս ճշգրտումը գալիս է մեծապես փոխելու ամբողջ հոդվածի ոգին եւ տրամաբանությունը․մանավանդ, ի տարբերություն նախորդի, այս նոր տարբերակում Շահնուրն արդեն այդ գաղթականությանը զուգահեռ տեսնում է նաեւ «կովկասյան հաջողությունը» եւ «Հայաստանի խորհրդայնացումը»։
Ընթերցողներն, անշուշտ, հիշում են, որ իմ բաց նամակի հիմնական առարկություններից մեկն ուղղված էր Շահնուրի այն դրույթի դեմ, թե հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում միայն չորս հաղթանակ է ունեցել՝ Ս․ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե, Անդրանիկ։ «Ասոնցմե զատ,- գրում էր Շահնուրը,- ինչ որ առնես հայէն, կզգաս թէ կիսակատար կամ կեղծ է, փթուկ կամ թափթփուած է, գոյնը դուրս կու տայ կամ կը նեխի»։ Դուրս նետելով մեր ազգային մնացյալ արժեքներին տված այս նիհիլիստական բնորոշումները, Շահնուրը հոդվածի այս նոր տարբերակում գրում է․ «Նոր յաղթանակը պիտի գայ ա՛յսօր եւս, քանի որ անցեալի մէջ ան մեզ շնորհուած է բազմիցս, եւ մենք այսօր կրնանք թուել անոնցմէ չորսը․․․»։
Տրամագծորեն հակառակ մտքեր են սրանք, եւ եթե այս վերջին ձեւակերպման մեջ առարկություն կարող են հարուցել միայն հեղինակի որոշակի նախասիրությունները, ապա ազգային արժեքների ուրացում այլեւս հնաավոր չէ տեսնել։
Իմ բաց նամակի մեկ այլ հիմնական առակությունը վերաբերում էր Շահուրի այն մտքին, թե հային միշտ պակասել են «մտաւորական մեծութիւնն ու հասունութիւնը․․․ ոչ միայն ստեղծելու, այլեւ գոնէ օտարը ըմբռնել կարենալու համար»։
Հավանաբար, հարգելի գրողը, մեկ առ մեկ վերհիշելով, որ մենք՝ հայերս, առաջիններից էինք, որ ըմբռնեցինք հունական փիլիսոփայական միտքը եւ սկսեցինք թարգմանել հին աշխարհի իմաստասերներին, եւ այդ թարգմանությունների շնորհիվ է, որ մարդկային քաղաքակրթությունն այսօր ծանոթ է նրանցից ոմանց անհետ կորած գործերին, վերհիշելով, որ մենք առաջիններից մեկն էինք, որ թարգմանեցինք «Աստվածաշունչը», ըմբռնեցինք տպագրական գյուտի մեծությունը ու առաջիններից էինք, որ գրքեր հրատրակեցինք, ըմբռնեցինք Շեքսպիրի հանճարն ու դարձյալ հրաշալիորեն թարգմանեցինք, իր հոդվածից խնամքով ջնջել է այդ միտքը։
Հավանաբար, հարգելի գրողը, վերպիշելով նաեւ, որ արեւմտահայությանը զուգահեռ արեւելահայությունն էլ մշակութային կարկառուն մտքեր է տվել, տվել Աբովյան ու Նալբանդյան, Թումանյան ու Իսահակյան, Տերյան ու Չարենց, որոնք ամբողջ հայ մշակույթը հանել են մի նոր բարձրության, խնամքով ջնջել է նաեւ «մեր յետամնաց զարմիկները, ըսել կ’ուզեմ արեւելահայերը» վիրավորական արտահայտությունը։
Հավանաբար կշռադատելով նաեւ, որ ինչ-ինչ, բայց Տերյանի ու Չարենցի լեզուն ոչ մի կերպ չի կարելի «թափթփված, լույծ բարբառ» համարել, արեւելահայերենն արդեն լեզու է անվանել, պահելով հանդերձ նրա նկատմամբ մի քննադատական վերաբերմունքը՝ կապված օտար բառերի անհարկի գործածության հետ, վերաբերմունք, որ մերն է նաեւ։ Դուրս է նետել նաեւ իր հոդվածի ամենաքամահրական արտահայտություններից մեկը․ «Կա դժբախտաբար կովկասյան բարբառը»։
Ես դիտմամբ այսքան մանրամասն կանգ առա «Ազատն Կոմիտաս» հոդվածի վրա, այս նոր տարբերակում կատարված փոփոխությունների ու խմբագրումների վրա, որովհետեւ դրանք հակասության մեջ են Շահնուրի այն հայտարարությանը, թե ինքը, «Սփյուռք» թերթում տեսնելով իր հոդվածը, հաստատել է, թե դա «անառարկելի ամբողջութիւն մըն է» եւ վերամշակել է՝ «անշուշտ հավատարիմ մնալով անոր սկզբնական իմաստին ու ոգիին»։
Ես չգիտեմ սկզբնական իմաստ ու ոգի ասելով Շահնուրն ինչ նկատի ունի․ եթե դա վերաբերում է Կոմիտաի մեծության փառաբանման ոգուն, ապա դա, հիրավի, այս նոր տարբերակում անփոփոխ է մնացել, հարկ էլ չուներ փոխվելու, եւ մենք դրա դեմ ոչ մի առարկություն չունեինք։ Իսկ ինչ վերաբերում է ազգային նիհիլիզմի ոգուն, ապա ինչպես ցույց տվեցին իմ բերած օրինակները, դրանից, բարեբախտաբար, քիչ բան է արդեն մնացել այն նոր տարբերակում։ Իսկ հոդվածի ամբողջության մասին դատելու համար բավական է այդ երկուսը կողք-կողքի դնել եւ համոզվել, որ այս նոր տարբերակի երեք քառորդը նորից է գրված, այս անգամ արդեն՝ բավականին սթափ ու ողջախոհ տոնով։
Ահա թե ինչու, երբ Շահնուրն ինձ անձնական նամակ գրեց, ես անմիջապես արձագանքեցի նրան եւ նրա առաջարկությանը՝ «որոնելու համաձայնության դժվարին, այլեւ անտրաժեշտ ճամփան», պատասխանեցի, որ մենք «այդ ճամփան որոնելու կարիքն այլեւս չունենք, որովհետեւ Ձեր իսկ հոդվածի նոր տարբերակով այն արդեն հիմնականում գտնված է»։ Ավելացրի նաեւ, որ հոդվածի այս նոր տարբերակի վերաբերյալ «իհարկե, այլ կարգի առարկություններ ունեմ, բայց քանի որ դրանք արդեն վերաբերում են մեր անձնական հայացքներին, մեր ճաշակին, ուստի եւ վեճի առարկա դարձնելը ավելորդ եմ համարում»։ Այդտեղ շեշտել էի նաեւ, որ եթե իմ բաց նամակում կային բաներ, որոնք, թերեւս, պետք չէ, որ ասվեին, ապա դա պահի դառնության եւ վրդովմունքի հետեւանք էր եւ ոչ իր նկատմամբ իմ ունեցած հարգանքի պակասության։ (Ինձ մնում է զարմանալ միայն, թե «Զարթոնքում» տպագրված իր երկրորդ պատասխանում Շահնուրն ինչո՞ւ է հայտարարում, թե ես, իբր, «քար լռությամբ» եմ պատասխանել իր անձնական նամակին։ Իսկ եթե դա վերաբերում է իմ հապարակային պատասխանին, ապա դա ավելի վաղ չէի կարող անել, քանի որ պարտավոր էի հետեւել սփյուռքահայ մամուլում արդեն սկիզբ առած մտքերի փոխանակությանը եւ նոր միայն հանդես գալ)։
Շահնուրի հոդվածի այս նոր տարբերակում կատարված փոփոխությունների ու խմբագրումների վրա ես այդքան մանրամասն կանգ առա նաեւ մի այլ պատճառով։ Կարծում եմ, որ այդ հանգամանքն ինձ հնարավորություն է տալիս իմ ընդդիմախոսներին հանգամանորեն պատասխանելու տհաճ պարտականությունն ավելորդ համարել, քանի որ նրանք այնքան եռանդով, բայցեւ այնքան անհամոզիչ շարունակում են պաշտպանել այն ամենը, ինչ հերքել ու մերժել է հենց ինքը՝ Շահնուրը։ Պատասխանել նրանց, նշանակում է կրկնել Շահնուրին ուղղված իմ բաց նամակը, որի կարիքը, կարծում եմ, չկա։
Բայց «Սփյուռք» թերթին մի քանի տողով եւս անդրադառնալու կարիքն, այնուամենայնիվ, կա։
Ճիշտն ասած, միակ բանը, որ այս պատմության մեջ չեմ կարողանում ներել ինձ, հետեւյալն է․ Շահնուրի հոդվածը տպագրված տեսնելով այնպիսի մի թերթում, ինչպիսին «Սփյուռքն» է, պարտավոր էի կակածամտորեն նայել, տարակուսել, թե արդյոք այդտեղ որեւէ անմաքուր բան չկա՞։
Դժբախտաբար այս կասկածամտությունը ժամանակին չայցելեց ինձ, այլապես իմ բաց նամակը այլ հասցե կունենար։
Մի բան, սակայն, ինձ համար հենց սկզբից պարզ էր, տարակուսանք չունեի, որ իմ բաց նամակից հետո «Սփյուռքի» խմբագիրը պիտի տարրական տրամաբանությունն իսկ մի կողմ դնի, աչքերն ու ականջները փակի եւ հրապարակ հանի իր միակ զենքը՝ հայհոյանքը։
Այդպես էլ եղավ։
Եվ «Սփյուռքի» խմբագրի շարունակաբար տպվող պատասխանները գրի ու գրականության հետ գործ ունեցող մարդու համար անվայելուչ մի բան համարելով, չեմ էլ ուզում հերքել դրանք, որովհետեւ, ինչպես Դերենիկ Դեմիրճյանն էր ասում, անհեթեթությունները պիտի ասվեն, որ վերջանան։ Հուսանք, որ այդպես կլինի։
Ավարտելով ասելիքս, կուզեի, սակայն, անդրադառնալ Շահնուրի պատասխանի նախադասություններից մեկին․ «Չեմ գիտեր, որո՞ւն աչքին փուշն էի, որ զիս դրին այս հարկադրանքի տակ»։
Կուզեի հավատացնել հարգելի գրողին, որ այլուր չգիտեմ ինչպես, բայց հայրենիքում ինքը չէր կարող որեւէ մեկի աչքի փուշը լինել եւ չէ։ Շահնուրի գրական վաստակը, նրա տաղանդը միշտ բարձր է գնահատվել հայրենիքում, նույն «Հայրենիքի ձայնը» մի քանի անգամ անդրադարձել է Շահնուրի ստեղծագործությանը, նշել նրա պատվավոր ավանդը մեր մշակութային կյանքում ու գրականության մեջ։ Կարծում եմ, որ Շահնուր հրապարակագրի տասնամյակներ առաջ արած եւ բարեբախտաբար արդեն իսկ հիմնականում ուղղված վրիպումը ստվեր չի նետի նրա անունին ու տաղանդին։
Արտատպված է «Հայրենիքի ձայն» թերթից (1970թ․, ապրիլի 15)