Ազգային ինքնության և ելքերի որոնման ճանապարհին․ Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի»-ն

Հասմիկ Հակոբյան

Լ․ Խառատյանի «Անմոռուկի փակուղի» պատմվածաշարի միջտեքստային երկխոսությունն այլ տեքստերի հետ

Մեր և աշխարհի փոխհարաբերությունները հարաբերական են ու հակասական։ Մենք աշխարհին նայում ենք դժվարին ժամանակներում՝ ակնկալելով հստակ գործողություններ, սակայն դրանք հիմնականում չեն արդարացնում մեր սպասելիքները։ Ինչո՞ւ։ Աշխարհին նայելու մեր դիտանկյան, ազգային ինքնության և չհաղթահարված բարդույթների ու վախերի, սահմանների ու սահմանափակումների, հնարավոր ուղիների ու փակուղիների մասին է ազգագրագետ, արձակագիր Լուսինե Խառատյանի՝ վերջերս լույս տեսած «Անմոռուկի փակուղի» գիրքը։ Գիրքը վերջին տասը տարիների ընթացքում գրված պատմվածքների շարք է իրենից ներկայացնում, որոնք, թեմատիկ և գաղափարական առումով միմյանց ներհյուսված լինելով, ներկայանում են որպես մեկ ընդհանուր ամբողջություն։ Պատմվածքները ծնվել են հեղինակի մասնագիտական գործունեության արդյունքում1, իսկ արծարծված թեմաները խիստ արդիական են հատկապես մեր օրերում։

Գաղտնիք չէ, որ գրականությունն ուղեկցում է մարդկությանը նրա պատմական հիշողության վաղ ժամանակներից և հաղորդակցական հոգևոր միջնորդ է մարդկության համար․ գրական տեքստի մեջ կարելի է փնտրել և գտնել իրականության արտացոլանքը, ինչպես նաև շատ խնդիրների լուծումների հնարավոր ուղիներ։ Ժամանակին պատասխանելով գեղարվեստական հնարանքի համընդհանուր գործառույթին վերաբերող հարցին՝ Վ․ Իզերը պնդում էր, որ այն թույլ է տալիս «հուզականորեն ազատ մուտք» գործել մարդկային կյանքի դժվար հասանելի կողմերը, «ընդլայնում է մարդկայինը», նպաստում մարդու «ինքնալուսավորությանն» ու ինքնաճանաչողությանը՝ նրա գիտակցության մեջ ակտիվացնելով ինքնախորհրդածության գործընթացը2: Թերևս, սա է պատճառը, որ մասնագիտությամբ ազգագրագետ Լուսինե Խառատյանը դիմել է գեղարվեստական հնարանքին։ Հեղինակը պատմվածքներում ոչ միայն տալիս է իրական կյանքի պատկերը, այլ նաև պատմություն է կերտում, քանի որ սովորական մարդկանց ճակատագրերի, հոգեբանության պատկերումով նա ոչ միայն պատկերում է տվյալ ժամանակաշրջանն ու մարդուն, այլ նաև պատմական կարևոր իրողություններ է արձանագրում։ Կյանքի ու տեքստի հարաբերման միջոցով հեղինակը ցույց է տալիս նաև դրանց փոխներգործուն կապը․ երբեմն հերոսների վարքը, քայլերն ու վախերը պայմանավորված են ոչ միայն սեփական և այլոց կենսափորձով, այլ նաև ածանցված են այս կամ այն տեքստից ստացած ինֆորմացիայով։ Այս ամենը հաշվի առնելով՝ փորձենք բացահայտել, թե Լուսինե Խառատյանի տեքստը որքանո՞վ է պայմանավորված ժամանակաշրջանի տեսություններով և իրողություններով, կյանքի իրադարձություններով և ժամանակի առանձնահատկություններով, և թե ինչպես է այս տեքստը հարաբերվում, երկխոսության մեջ մտնում ժամանակաշրջանի այլ տեքստերի հետ:

Հետանկախության շրջանում գրական և սոցիալ-քաղաքական գործոնների ազդեցությամբ ձևավորված տեքստերում մեր ստեղծագործողները (Գ․ Խանջյան, Ա․ Գյուլբանգյան, Հովհ․ Գրիգորյան, Ն․ Ադալյան, Լ․ Խեչոյան, Լ․ Ջավախյան, Հր․ Սարբեկյան, ավելի ուշ՝ Ա․ Պաչյան, Գրիգ, Ա․ Ոսկանյան, Ա․ Օհանյան և այլք) միֆականության և կամ ապամիֆականության ճանապարհով փորձել են ներկայացնել սովետական բլոկադայից դուրս եկած, պատերազմի ու երկրաշարժի արհավիրքների միջով անցած և վերստին փակ սահմանների մեջ ապրող հայ ժողովրդի անցած և անցնելիք ուղին՝ իրենց վրա կրելով համաշխարհային գրական ուղղությունների մոդեռն հոսանքների ազդեցությունները։ Հետանկախության շրջանի ստեղծագործությունների պատկերային համակարգում առանձնահատուկ տեղ ունեն տարածական հարաբերություններով պայմանավորված սահմանափակումների նկարագրությունները, ինչն էլ թույլ է տալիս վերջին երեսուն տարվա ընթացքում ստեղծված տեքստերից շատերի մեջ առնչակից միջտեքստային շերտեր գտնել, որոնց միջոցով կարելի է դրանք հարաբերել իրար հետ՝ դիտարկելով երկխոսության դաշտի համապատկերում։

Խորհրդային միության սահմանափակումների, ապա հետանկախության շրջանի շրջափակված աշխարհագրական դիրքի պայմաններում ապրող մարդկանց մոտ ձևավորվել է փակ տարածքներ հաղթահարելու բարդույթ ու վախ՝ կլաուստրաֆոբիա, որն էլ ներթափանցել է գրականություն՝ հոգեբանական փակ տարածություններ հաղթահարող անհատի կերպարի տեսքով։ Այսպիսի հոգեբանական փակ տարածություն հաղթահարող հերոսի մասին է Գ․ Խանջյանի «Նստիր Ա գնացքը» վեպը, որտեղ հերոսը կարճաժամկետ արձակուրդ գնալու համար նստում է Ա գնացքը, սակայն իրադարձությունների անսպասելի ընթացքի արդյունքում գնացքը մի երկար ճամփորդություն է իրականացնում, իսկ մարդիկ հայտնվում են անհասկանալի ու կաշկանդված վիճակում, քանի որ գնացքը լքել չէր թույլատրվում, իսկ ներսում սկսում են զարգանալ անառողջ հարաբերություններ։ Առանց հստակ նպատակակետի ու հեռանակարի ընթացքող փակ տարածությունը՝ գնացքը, հետխորհրդային Հայաստանն է՝ իր մեկուսացած ու փակ սահմաններով, ներսում հնչող հուսադրող, բայց անարդյունք լավատեսական խոստումներով, անառողջ մթնոլորտով։

Բաց և փակ տարածությունների ըմբռնումը տարբեր վարիատիվ դրսևորումներով առկա են Գ. Խանջյանի մյուս ստեղծագործություններում ևս3 («Հիվանդանոց», «Ներսուդուրս», «Ենոքի աչքը»)։

Հետխորհրդային շրջանի իրականության, փակ տարածության, առկա անելանելի վիճակի նկարագրության հետաքրքիր արտահայտություն է Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպը, որտեղ փոքր երկրի քաղաքացիները շարունակ ելքեր են փնտրում երկրից դուրս գալու, առավել բարեկեցիկ կյանք գտնելու համար։ Նրանց շարունակ հետապնդում է փախուստի միտքը։ Գլխավոր հերոսի գլխում անընդհատ պտտվում են նարատիվներ, որոնք ծնվում են ելքերի փնտրտուքի ճանապարհին, իսկ այդ ընթացքում հողն աստիճանաբար գնում է ոտքերի տակից, առաջանում է սողանք, որը կուլ է տալիս մարդկանց տները։ Մոտակա շենքի պատուհանից լսվում է հայտնի ֆրազի ձևափոխված տարբերակը․ «Ամեն ինչ հոսում է ոտքիդ տակ, կեր-խմի-քե՛ֆ արա շարունակ4»։

Զավեշտալի պատմությունների, իրական, երևակայական կամ վերացական նկարագրությունների միջոցով Վ․ Մարտիրոսյանը տալիս է ժամանակաշրջանի ողբերգականության ամբողջական պատկերը։

Արփի Ոսկանյանը ևս իր ստեղծագործություններում պատկերում է ժամանակակից կյանքը՝ իր ներքաղաքական խմորումներով ու ժամանակի մարդու առջև ծառացած մարտահրավերներով։ Ա․ Ոսկանյանի հերոսները ևս մեր ժամանակակիցներն են, պայքարող, ելքեր որոնող մարդիկ, ովքեր այդ փնտրտուքների ճանապարհին հաճախ են հայտնվում փակուղային, պատային իրավիճակներում։ Պատմվածքներից մեկում հերոսն այսպիսի մտքեր է ունենում․

«Աղբամաններ քրքրող մարդիկ, որ օրեցօր շատանում են, շենքերի պատերի տակ նստած անտուններ, հողից զրկված գյուղացիներ, անփող աշխատողներ, գործազուրկներ, արտագաղթ, պատերազմի սպառնալիք… Մի կողմում Թուրքիան, մի կողմում՝ Ադրբեջանը… Սիրտս կանգնում ա…

Երբեմն մտածում եմ՝ միգուցե ամեն ինչ այդքան վատ չէ, միգուցե թերթերն են մեղավոր, որ մարդիկ գժվում ու բոմժանում են, միգուցե պարզապես բոլորով ենք խելագարվել։ Անընդհատ մտքիս մեջ պտտվում է գժի խորհուրդը.

– Գյուղերում ծանոթ-բարեկամ կունենաք, գնացեք, մտեք նրանց տները, քոձություն արեք, կարտոֆիլ մշակեք, հանեք-կերեք…»5։

Այս համատեքստում Լուսինե Խառատյանի պատմվածքները բովանդակային առումով որոշակի առնչակցություն ունեն վերջին երեսուն տարում ստեղծված գեղարվեստական այն գործերի հետ, որոնք ներկայացնում են հետանկախության շրջանում ձևավորված հայկական իրականության և աշխարհի հետ ունեցած մեր հարաբերությունների թեման։ «Անմոռուկի փակուղի» պատմվածաշարում ընդգրկված գործերն ունեն նաև վավերականության շերտեր։ Հեղինակի տեքստերն իրար կապող ընդհանուր թելը հետանկախական Հայաստանի քաղաքացու ինքնության փնտրտուքն է անցյալի ու ներկայի բախման կետում, որտեղ բազում հարցեր են առաջանում, և ի հայտ են գալիս տրամվատիկ հիշողություններ։ Լինելով փակ տարածության քաղաքացիներ՝ հերոսները ֆիզիկապես գտնվում են բաց ու անծայրածիր տարածություններում և այդ դիրքերից՝ դրսից են հայացք նետում ու դիտարկում սեփական կեցության խնդիրները, որոնք մեծ հաշվով քաղաքական գլոբալ կառավարման արդյունք են։ Պատմվածքներում տրվում է ազգային ինքնության որոնումների, մարտահրավերները հաղթահարել փորձելու ճանապարհին գտնվող մեր օրերի քաղաքացու ապրումների ու ճակատագրի համապարփակ նկարագրությունը։

Ազգային ինքնության որոնման միտումը գրականության, ազգագրության և պատմության մեջ, իհարկե, նոր չէ։ Այն միշտ ուղեկցել է մեզ՝ սկսած Խորենացուց մինչև մեր օրեր։ Տարբեր ժամանակներում տարբեր մեկնաբանությունների և քննությունների է ենթարկվել մեր ազգային ինքնության հարցը՝ առաջ բերելով թեժ բանավեճեր։ Պետության երկարատև բացակայությունը որպես ազգային ինքնության պահպանման գրավական ու երաշխիք, առաջին պլան է մղել մշակույթը։ Հետանկախության շրջանում ևս արդի է մշակույթը՝ որպես ազգային ինքնության հիմնական կռվան համարելու միտումը, սակայն փոխվել են աշխարհաքաղաքական հանգամանքները, ինչն էլ ենթադրում է ազգային ինքնության որոնումների նոր շառավիղների փնտրտուքներ։

Շրջափակման, փակ տարածության մեջ ապրելու և դրանից ելքեր փնտրելու արդյունքում էլ որպես հակազդեցություն գերակշռող է դառնում ճանապարհի, շարժման մոտիվը․ պատմվածքները բովանդակային թելով իրար կապված ճամփորդական պատումներ են, և գործողությունների մեծ մասը տեղի է ունենում ճանապարհին՝ շարժման մեջ։ Ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ գրականության մեջ բավականին տարածված է ճանապարհի մոտիվը։ Եթե ընդհանրացնելու լինենք մեր արդի արձակի ճանապարհային մոտիվները, ապա կարելի է եզրակացնել, որ դրանք բոլորն էլ ճանապարհներ են, որոնք փորձում են ուղղորդել դեպի մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Տարբեր հեղինակներ խնդիրների հնարավոր լուծման որոնումների ճանապարհին տարբեր ուղիներով են փորձել տանել իրենց հերոսներին (Գ․ Խանջյանի «Նստիր Ա գնացքը», Հ․ Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը», Ն․ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը», Վ․ Մարտիրոսյան «Սողանք»), որոնք, թեև կառուցվածքային, ժանրային և բովանդակային առումով այնքան էլ նույն հարթության վրա չեն, սակայն որոշակի առնչություններ ունեն իրար հետ։ Լուծումներ փնտրելու ճանապարհին հերոսներն ի վերջո կանգ են առել պատային, փակուղային իրավիճակի առաջ՝ վերստին նոր հարցերի հետ բախվելով։ Ճանապարհը, շարժումն ինքնին առաջ գնալու, ինչ-որ կետի, երբեմն՝ հենց ինքդ քո էության խորքը հասնելու միջոց ու երաշխիք է։ Ի վերջո, ո՞րն է աշխարհի թակարդային ընկալումը հաղթահարելու ուղին, ի՞նչն է մեզ՝ որպես ազգ, խանգարում առաջ գնալու համար։

Այս հարցերը շարունակաբար պտտվում են Լուսինե Խառատյանի հերոսների գլխում, ովքեր անցում են տարբեր երկրների ճանապարհներով, սեփական կամ գենետիկ հիշողությունների պրիզմայով շփվում տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ և հարաբերություններ կառուցում։ Նրանց հաճախ ուղեկցում են կարծրացած ֆոբիաները՝ վախերը․ վախ որպես թշնամի ընկալվող ազգությունից, հարևանից, անծանոթից, ԿԳԲ-ից, փակ տարածությունից, նույնիսկ մանրէներից։ Վախերն արտահայտվում են միջանձնային փոխհարաբերությունների, երազների, վարքային դրսևորումների տեսքով։ Դրանք խանգարող, սահմանափակող, կաշկանդող են և յուրաքանչյուրի մոտ յուրովի են դրսևորվում։

Պատմվածաշարը բացող «Սահմանային պատում» գործը որպես մեկնարկային բավականին ուշագրավ է ու մտորելու տեղիք տվող։ Պատումի ժամանակը ռուս-վրացական պատերազմին հաջորդած շրջանն է։ Տեքստը կառուցված է սահմանային գոտում՝ հայ-իրանական սահմանի մոտ գտնվող Ագարակում տարբեր ազգերի ներկայացուցիչ հետազոտողների միջև գաղափարական քննարկումների շուրջ։ Արշավախմբի ղեկավարը ռուս է՝ Ալեքսանդր Բորիսիչը, ով ներկայանում է որպես «կուստրուկտիվիստ» և իր զրուցակիցներին փորձում է համոզել, որ վախերը հնարովի «կուստրուկտներ» են, որ մարդը կարող է լինել ոչ թե այն, ինչ իրենից սարքել են, այլ այն, ինչ ինքն է ուզում լինել, որ մարդն այս կամ այլ ազգի ոչ թե ծնվում, այլ դաստիարակվում է: Այս տեսակետին որպես հակակշիռ հայ մասնակիցների կողմից մի դեպքում բերվում է երևանյան ազգային հիվանդության օրինակը, սակայն այս փաստրը քննադատության չի դիմանում․ Ալեքսնադր Բորիսիչը վերջում իր հետազատության արդյունքն է ներկայացնում հիվանդության մասին, ըստ որի՝ դրանով հիվանդանում են նաև թուրքերն ու արաբները։ Մեկ այլ դեպքում բերվում է իրեն բաքվեցի համարող մի հայի օրինակ։ Այդ մարդն ապրել է Բաքվում, ինքն իրեն բաքվեցի է համարել, սակայն, բաքվեցիները նրան հայ են համարել, ինչի պատճառով եղբորը սպանել են, իսկ ինքը մի կերպ փախել է ջարդարարներից։ Արշավախմբին հետաքրքրում է իրենց գտնվելու վայրի պատմությունը, իսկ պատմությունը ներկայացնելիս, բնականաբար, հայերին բնորոշ կերպով հիշատակվում է մեր հազարամյա պատմությունը՝ Տիգրան Մեծից, Նոյի տապանից, Արարատից մինչև Նժդեհ։ Հիշատակողը պատմաբան Վազգենն է, ում խոսքերն արժանանում են ներկաների ձանձրույթով կամ հեգնանքով լի արձագանքին։ Բավականին հետաքրքիր բանավեճ է ծավալվում Նարեկի և Վազգենի միջև։ Նարեկն այն համոզմունքն է հայտնում, որ ինքը մարդ է, իսկ այ Նարեկը կոնստորուկտ է, ում մեջ ատելություն ու բացառիկության անհիմն գաղափար են լցրել։ Նարեկն իր գաղափարների և արտահայտած մտքերի պատճառով մեր իրականությանը բնորոշ տրամաբանությամբ հայտնվում է հյուրանոցի բարմենի թիրախում՝ պատմվածքի վերջում արժանանալով հետևյալ նախազգուշացմանը․

-Ամեն երեկո ես ձեր բոլոր քննարկումները լսել եմ։ Նայի՛, հա՛, եթե հանկարծ Մեղրիի հարցը բանակցություններում նորից շոշափվի, ու ստեղ մի բան նենց չգնա, ես գիտեմ՝ ում փնտրեմ6։

Հետագա պատմվածքների տարածությունն արտասահմանն է։ Պատմվածքների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն ու մեծ է․ գործողությունները ծավալվում են Ամերիկայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ղրղզստանում, Վրաստանում և այլուր, սակայն դրանք բոլոր թելերով մշտապես կապված են Հայաստանի հետ։ Ամեն դեպքում առանցքում հայաստանյան խնդիրներն են ու դրանց լուծումների համար ուղիների փնտրտուքը։ Եթե համեմատելու լինենք ժամանակակից մեկ այլ գործի՝ Ն․ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» ստեղծագործության աշխարհագրության և ճամփորդական պատմությունների հետ, ապա պետք է նշենք, որ Ն․ Փաշինյանի գործերը ևս իրենց բոլոր թելերով կապված են Հայաստանի հետ, բայց կառուցված են գրականության, համաշխարհային մեծության տարբեր հեղինակների հայտնի գործերի հետ երկխոսությունների և հեղինակի պատկերացումների հիման վրա։ Ինչպես հեղինակն է փաստել7, Վրաստանի հետ կապված բոլոր դրվագներն ըստ Նոդար Դումբաձեի գրականության է կառուցված, Վրաստանից դեպի Հունաստան՝ Եզոպոսի առակներն են, Հայաստանում հերոսին ուղեկցող Իմաստուն ծերուկը Թումանյանն է, Հունաստանից դեպի Մակեդոնիա՝ Մարկոն, ով սերբական էպոսի հերոսն է, շարունակությունը Կաֆկայի «Դատավարություն» վեպի հենքով է, և այդպես շարունակ՝ Էռնեստ Հեմինգուեյ, Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», Վալտեր Սքոթի «Քվենթին Դորվարդ» և այլն: Փաստ է, որ հեղինակը ֆիզիկապես ներկա չի եղել նկարագրված և ոչ մի ճամփորդությանը։ Լ․ Խառատյանի տեքստն այս առումով տարբերվում է, քանի որ նրա նկարագրությունների և ճամփորդական պատմությունների մեծ մասը բխում են իրական դեպքերից ու կենսափորձից։ Սակայն այս տեքստերը կարող են ինչ-որ առումով նաև երկխոսության մեջ մտնել միմյանց հետ, քանի որ երկու դեպքում էլ տեքստերի հիմքում քաղաքակրթական ու ազգային ինքնության փնտրտուքն է, իրականությունն ինչպես որ կա գնահատելու փորձը, առկա խնդիրների պատճառահետևանքային կապերի որոնումը, անհատի ճակատագրի վրա քաղաքականության ազդեցության, և հակառակը՝ քաղաքականության վրա անհատի ազդեցության հավանականության դիտարկումը, ինչն արտահայտվում է տարատեսակ պատումների, նարատիվների միջոցով։

«Երկրագնդի վրա ապրող մարդիկ, ազգերը, ժողովուրդները երբեմն շատ ավելի մոտ են իրար, շատ ավելի կապված են իրար հետ, քան անգամ իրենք են պատկերացնում: Չի կարող լինել ազգային մշակույթ, եթե այն համաշխարհային մշակույթի մաս չէ, չի կարող լինել ազգային մշակույթ, եթե այն չի պահպանում և պաշտպանում իր ինքնությունը»8։

Ազգայինի և համաշխարհային համադրման, ազգայինը համաշխարհային մի մասնիկ ներկայացնելու միտումներ Լ․ Խառատյանի գործերում ևս առկա են։ Հարաշարժ դինամիկայով զարգացող տեքստ է «Karabakh Meat Market» վերնագրով գործը, որտեղ ամերիկյան մայրուղիների երկարությունն ու տաքսու կին վարորդի հարուստ կենսափորձը ուղևոր հայերին տարածական սահմանափակության մասին ուշագրավ մտորումների առիթ է տալիս։ «Լոսի մայրուղիները զարկերակների պես արագ են, լայն, միանում ու անջատվում են, անցնում իրար տակ, բարձրանում մեկմեկու վրա ու իրենց խելահեղ տեմպով տանում ինչ-որ տեղ, ու հեչ էլ կարևոր չի՝ որտեղ։ ․․․Մայր ուղի։ Ուղիների մայր։ Ինչ հրաշալի է, երբ մայրուղիները բազում են, որ դրանք բաժանվում ու միանում են, որ դրանք ունեն անուններ ու համարներ։ Բազմամայրությունը բազմազավակության պես բան է․ անտեր չես, կարող ես բռնել մայրերից մեկի պոչն ու մի տեղ հաստատ դուրս կգաս» 9։ [էջ 19]

Ամերիկյան անծայրածիր ճանապարհները հերոսի մոտ մեծ երկիր ու բազմազան մայրուղիներ ունենալու ցանկություն է առաջ բերում, որն էլ ի վերջո հանգում է առանց սահմանների աշխարհ ունենալու գաղափարին։

«Պատերազմը մայրուղիների բացառումն է։ Պատերազմը փակուղի է։ Ուզում եմ Երևանում ավտոն խոդ տամ ու որ կողմ ուզեմ, կարողանամ քշել, չվախենամ, որ մայրուղին մի տեղ կպրծնի, փակուղի կդառնա։ Ես զարկերակ եմ, որը կորցրել է իր սիրտը ու չգիտի, թե ում համար է արյուն մղում։ Իսկ սիրտն այդ պահին ինչ-որ տեղ արնաքամ է լինում»։ [էջ 23]

Զարկերակից անջատ արնաքամ լինելու զգացողությունը պայմանավորված է ազգային պատմությամբ։ Տեղահանման և ոչնչացման սպառնալիքը հայոց պատմության հաստատուն գործոններից է, ինչն էլ իր ակնառու հետքն է թողել հայերի էթնոհոգեբանության մեջ։ Այս հարցին բավականին կտրուկ ու քննադատաբար է անդրադարձել Վարհամ Սահակյանն իր «Վարձու ինքնասպաններ» ստեղծագործության մեջ։ Նրա հերոսն արտասահմանում այսպիսի պատկերի է ականատես լինում․

«Պատկերացրեք, անցնում եք փողոցով, նայում եք՝ աջից սրճարան, կողքը գրախանութ․․․ Livres… հեռվում Mcdonalds… Ուրախ, զվարթ մարդիկ են անցնում, հատուկենտ մեքենաներ․․․ Ու մեկ էլ՝ կտրված գլուխներ։ Էդ պահին մարդու մտքով էլ չի անցնի, որ դրանք լուսանկարներ ու աֆիշներ են։ Ու որ փակցված են իրենց բյուրոյի շրջակայքում՝ կոտորածը հիշեցնելու նպատակով։ Բայց մի րոպե, էլի․․․ էդպե՞ս են հիշեցնում․․․ Փող եք հավաքել, ձեզ կտրել եք շաբաթնօրյա դաշտահանդեսի տոլմաներից, որ մորթվածություն ցույց տա՞ք մարդկությանը։ Այսինքն՝ փող եք հավաքել, որ մեկ անգամ էլ մորթվեք ցուցադրաբար․․․ Վարձ եք մուծել, որ սպանվե՞ք։ Բա դուք վարձու ինքնասպաններ չե՞ք»10։

Եթե այսպիսի դրսևորումները, որոնց իրականում ևս կարելի է հանդիպել, փորձենք մեկնաբանել «Էթնովնասվածքի» ֆենոմենով, ապա հակառակ կողմի՝ ցեղասպանի նույնատիպ դրսևորումները, թերևս, հակազդեցական դաշտ ստեղծելու, պատմական փաստին հակակշիռ բերելու միտում կարելի է համարել։ Լուսինե Խառատյանի գեղարվեստական հետաքրքիր կառույց ունեցող «Սարի հակառակ կողմը» պատմվածքում նկարագրվում են ցեղասպանի ցուցադրական դրսևորումները ենթադրյալ ցեղասապնության հիշեցման մասին։

Պատմվածքին հեղինակը «կարճամետրաժ ֆիլմ» լրացուցիչ բնորոշումն է տվել։ «Գյուղեր, գյուղաքաղաքներ, բենզալցակայն, էշեր, սայլեր, տրակտորներ, ջպեր, միհարկանի կավածեփ տներ՝ խոտաճ տանիքներով և արբանյակային ալեհավաքներով դրոշ, մշակված դաշտեր, անմշակ դաշտեր, կոկա-կոլա, բլրակներ․․․» տեղանքի նկարագրությունների այս շարքով սկսվող և ավարտվող պատմվածքում ներկայացվում է երեք հայի (Անահիտ, Արթուր, Անի) և մեկ գերմանացու (Քրիս) այցելությունը Թուրքիայի Իգդիր քաղաքում գտնվող հուշարձան՝ նվիրված թուրք «նահատակներին», որոնք, համաձայն թուրքական պետական պատմագրության, սպանվել են հայերի կողմից։ Հուշարձան գնալու ճանապարհին Անահիտին, Արթուրին ու Անիին ուղեկցում է անհանգստության, տագնապի զգացողությունը, արթնանում է էթնիկ հիշողությունը, որի ազդեցությամբ ցավի ու վախի զգացումները խառնվում են իրար։ Նրանք արժանահավատ պատմություններ են փորձում հորինել իրենց որպիսության մասին, որպեսզի անխոչընդոտ մուտք գործեն հուշարձան և տեսնեն այն, ինչ իրենց հետաքրքրում է։ Տեղ հասնելով՝ նրանք հայտնաբերում են, որ իրենց անհանգստությունն ու հորինած պատմությունը միանգամայն անիմաստ էր, քանզի հուշարձանի պահակը բազարձակ անտարբեր էր նրանց անձի նկատմամբ։ Հեռանալիս նրանք տեսնում են միայն մեկ մեքենա՝ դարձյալ հայկական համարներով․ հուշարձանն ամենից շատ հետաքրքրում է հենց հայերին։

Պատմվածքներում պատումը հաճախ ընդմիջարկվում է հետընդգրկմամբ՝ վերհուշով․ պատում են ներմուծվում ինտերտեքստեքստային ներդիրներ, որոնք հիմնականում լրատվական հայտարարությունների տեքստեր են, հանդիպում ենք կարճամետրաժ ֆիլմին բնորոշ կառույցի տարրերի, «Սիսթեմ օֆը Դաուն» խմբի հայտնի երգից հատվածի, օտար արտահայտությունների ու ձևակերպումների, որոնք փոխանցում են միջավայրի կոլորիտը, բացահայտում կերպարների լեզվամտածողության շերտերը, ընդգծում տեքստային կառույցի պատկերայնությունը։ Վերջին հատվածի կրկնվող տեսարանները ցույց է տալիս ցուցադրական այդ ամենի նկատմամբ անհատի, սովորական մարդու անտարբերությունն ու անհոգությունը, նույնիսկ եթե տվյալ պահին այդ մարդն է պատասխանատու տվյալ կառույցի պահպանման համար։ Իսկ պատմվածքի ամենավերջում պարզ է դառնում, որ այդ շինծու կառույցն ամենից շատ հետաքրքրում ու անհանգստացնում է հայերին, քանի որ հուշարձանից հեռոցող խումբը հեռվում միայն մեկ մեքենա տեսավ կանգնած, այն էլ՝ հայկական համարանիշներով։ Իսկ գործն ավարտվում է այն նույն պատկերների շարքով, որով սկսվել էր՝ ձևավորելով հարաշարք, բայց փակ շղթայական կառույց։

Երկու հարևանների միջև ապրելով՝ պատմական իրադարձությունների հիման վրա ձևավորվել է կայուն վախի որոշակի զգացողություն։ Ազգամիջյան փոխհարաբերությունների նկարագրությունները տալիս են թշնամու կերպարի հայկական ընկալման էությունը։ Թշնամու կերպարը, ինչպես երևում է հերոսների հիշողություններից, գալիս է որոշակի փորձառությունից, մասնավորապես Եղեռնի հետ կապված հիշողություններից։ Հատկանշական է, որ թշնամին այստեղ երևում է զուտ հերոսների պատկերացումների պրիզմայով․ պատմվածքներում նա գործողությունների մասնակից չէ կամ գրեթե չէ։ Որոշակի դրվագներում երևում է թուրքի կամ ադրբեջանցու կերպար, սակայն շատ պասիվ դիրքերից։ Ընդ որում, այստեղ ևս գործում է օրինաչափություն դարձած այն գիծը, ըստ որի պարզվում է, որ թուրք հերոսի մայրը կամ տատը հայազգի է։

Ըստ էության՝ հերոսների հոգեբանության ու հիշողությունների տեսքով որոշակի պատկերացում է տրվում համակեցության, հայ-ադրբեջանական ազգամիջյան փոխհարաբերություններ մասին։ Թուրքի հանդեպ ունեցած անհաղթահարելի վախն ուղեկցում է տարբեր պատմվածքների հերոսներին։ «Ծովը» պատմվածքի հերոսուհին՝ Լիլիթը, թերևս մոր տված գրքերից ծանոթ է հայ-թուրքական հարաբերությունների ցավոտ մանրամասներին, սակայն ամենևին չի կաշկանդվում թուրքական միջավայրում, մինչդեռ մայրն ունի թուրքից ու թուրքական միջավայրից անհաղթահարելի վախ։ Մինչ Լիլիթը Ստամբուլի համամում ու փողոցներում ընկերուհիների հետ վայելում է մեծ քաղաքի փոքր հաճույքները, նրա մայրն աննկարագրելի անհանգստություն է ապրում։

«Նստել էին մահճակալին, ու մայրը շարունակ ծխում էր։ Ծխում ու լացում։ Ախր ինչպե՞ս չէին հասկանում, որ այդ թշնամական քաղաքում մենակ էս ուշ ժամին չի կարելի ման գալ։ Գրասեղանին իրար վրա դարսված էին գրքերը՝ ցեղասպանության հուշագրություններ, որոնք մայրը հետը Ստամբուլ էր բերել, իսկ օդանավում էլ տվել Լիլիթին, որ կարդա»։ [էջ 60]

Մոր ու դստեր երկխոսությունից պարզ է դառնում, որ աշխարհի տարբեր մեծ քաղաքներում եղած Լիլիթն էլ իր հիմնավոր պատճառներն ունի Մոսկվան չսիրելու ու ռուսական միջավայրից վախենալու համար։

«Մանասը» պատմվածքը ևս թուրք-ադրբեջանական ժողովրդի հանդեպ ունեցած հայկական վախի նկարագրություն է։ Ղրղզստանի «Մանաս» օդակայնում «Մանաս» անունով տաքսի նստած Արփինեն վարորդի հետ զրույցի ժամանակ պարզում է, որ նա ազգությամբ ադրբեջանցի է։ Ճանապարհը սկսում է ավելի մութ, երկար ու վտանգավոր թվալ, իսկ Արփինեն մինչ նշված հասցե հասնելը մտովի վերապրում է այն բոլոր հավանական զգացողությունները, որոնք նա կարող էր ունենալ, եթե ադրբեջանցին որոշեր իր հետ վարվել այնպես, ինչպես ժամանակին հայերի հետ վարվել են իր ազգակիցները Սումգայիթում։ «Հատկապես մի միտք հանգիստ չէր տալիս․ զոհերից մեկի հեշտոցը խրած երկաթի կտորը։ Հեշտոցը լարվեց, սեռական շուրթերն ամուր սեղմվեցին ու փակեցին հեշտոցամուտքը։ Փաստորեն հեշտոցով են վախենում»։ [էջ 70]։ Ամբողջ ճանապարհի ընթացքում «Никому не доверяйте» արտահայտությունը կրկնող վարորդը վերջում հեռախոսահամար է փոխանցում Արփինեին՝ ասելով՝ «у меня мама армянка, звоните, с мамкой пообщайтесь»։

«Այդ ձմերուկահոտ ամառը» պատմվածքի հերոսուհին՝ Հայկուշը, Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ թուրքի վախը սրտում, թուրք մերսողին է վստահել մարմնի մերսումը՝ միաժամանակ ընկնելով հիշողությունների գիրկը։ Նա հիշում է Ադրբեջանում ապրած իր տատին ու պապին, ովքեր թուրք տղաների վավաշոտ հայացքների պատճառով իրենց ավագ դստերը՝ Արփենիկին, տասնյոթ տարեկան հասակում հապճեպ ամուսնացնում են Երևանում բնակվող մի անծանոթի հետ՝ աղջկան հավերժ դատապարտելով հարբեցողի կին լինելու ճակատագրին։

Ազգամիջյան կոնֆլիկտների մասին պատկեր-գործողություններ ներկայացնելիս հեղինակը փորձում է պահել օբյեկտիվությունը և հերոսների միջոցով ներկայացնում է նաև այլ ազգերի միջև առկա խնդիրները՝ ցույց տալու համար հարցի համընդհանուր բնույթը։ «Լարսի թակարդը» պատմվածքում անդրադարձ է կատարվում վրաց-օսական հարաբերություններին, իսկ կովկասագետ Լևոն Սերգեյիչը կաբարդինների և բալկանների ստալինյան բաժանման օրինակով այսպես է ձևակերպում ժողովուրդների, քաղաքականությունների և մարդկանց ճակատագրերի փոխկապակցվածության փաստը․

«Մի կողմից բաժանել են ինքնությամբ մոտիկ ժողովուրդներին, մյուս կողմից՝ միավորել ինքնությամբ և համակրանքներով տարբեր ժողովուրդների։ Մինչդեռ նրանք իրենց ներքին պրոբլեմներով կզբաղվեն, վերևի կառավարիչների գործը կհեշտանա։ Մի խոսքով, այսօրվա քարտեզը քաղաքական պլանավորման, տեսլականի կառուցման արդյունք է։ Պլանավորման, որն ազդում է ժողովուրդների ու մարդկանց ճակատագրերի վրա»։ [էջ 77]

Այս պատմվածքում առավել պատկերավոր ու տեսանելի է սահմանային փակվածության, դեպի մեծ աշխարհ ելքի միայն մի փոքրիկ ուղի ունենալու իրողության ողջ վտանգավորությունն ու դրանից բխող՝ աշխարհի թակարդային ընկալման հանգամանքը։ Իրարից բոլորովին տարբեր հերոսները կանգնել են նույն խնդրի՝ Հայաստան մուտք գործելու անհնարինության առաջ, քանի որ Լարսը ձյուն-սառույցի պոկվելու արդյունքում փակվել է։ Հայկական համարանիշներով մեքենաների հերթ է գոյացել։ Ռուսական, ադրբեջանական ու վրացական համարներով մեքենաներ գրեթե չկան, քանի որ «իրենք ալտերնատիվ ունեն, Դաղստանով կգնան՝ ով Ադրբեջան, ով Վրաստան»։ Ցամաքային ուղու նույնիսկ ժամանակավոր փակվելը լրացուցիչ ֆինանսական խնդիրներ է առաջացնում օդային փոխադրամիջոցների գների հետ կապված։ Թակարդում հայտնվածներին «օգնելու» առիթից օգտվում են բոլորը։ Փակուղային իրավիճակով պայմանավորված ժամանակավոր կանգառը միմյանց անծանոթ, բայց հայրենակից ու այս պարագայում՝ նաև բախտակից հերոսներին ինքնարտահայտվելու, ինքնդրսևորվելու առիթ է տալիս, ինչի արդյունքում բացահայտվում է, որ երկրի տարածքների նման սահմանափակ ու կաշկանդված են նաև այնտեղ ապրող մարդկանց հնարավորություններն ու մտածողությունը, ինչն էլ երբեմն կործանարար հետևանքների է հանգում։

Պատմվածաշարն ավարտվում է «Անմոռուկի փակուղին» պատմվածքով, որն իր տեքստակառուցման և շարադրանքի առումով էապես տարբերվում է նախորդ պատմվածքներից։ Տեքստը կառուցված է վերացական մի փակուղու՝ ծաղիկների անուններ կրող փողոցներում ապրող, ազգակցական կապերով կապված, բայց գործնականում իրար չճանաչող մարդկանց կենսակերպի ու պատմության այլաբանական պատկեր-նկարագրությունների հիման վրա։ Երևակայական շարադրանքն ընկալելու ճանապարհին տեղին է հիշել Քոլլինգվուդի բնորոշումը երևակայության մասին․

«Երևակայությունը փորձառության հատուկ մակարդակ է` միջանկյալ` զգայության և ինտելեկտի միջև, մի կետ, որի դեպքում մտքի կյանքը շփվում է զուտ հոգեկան փորձառության կյանքի հետ…. ոչ թե զգացումներն են, իբրև այդպիսիք, տվյալներ ապահովում ինտելեկտի համար, այլ այն զգացումները, որոնք փոխակերպվել են երևակայության գաղափարների` գիտակցության աշխատանքի շնորհիվ»11։

Երևակայությունը մարդու մեջ կուտակված փաստերի, հիշողությունների, մտքերի պահպանման և անհատական մեկնաբանության արտահայտությունն է, և այս դեպքում երևակայական շարադրանքի, երևակայության ազատ խաղի միջոցով հեղինակը փորձում է ընդհանրական ներկայացնել անհատի ու հասարակության, պատմության կառուցման, ազգային և ազգամիջյան փոխհարաբերությունների պատկերները, որոնք նախորդ պատմվածքներում մասնավոր դեպքերի նկարագրություններով էր դրսևորվել։ Հեղինակը երևակայությամբ կառուցում է մի աշխարհ, որտեղ «բոլոր նորածիններն իմաստուն էին ծնվում: Նրանք ի ծնե խոսում էին: Ու ոչ միայն: Այդ երեխաները մանկուց ծեր էին: Նրանց մարմնի և ուղեղի ծալքերը հավասարապես կնճռոտ էին»։ Եվ միայն նորածին Էլինն է համարձակվում ինչուներ հնչեցնել, ինչն էլ շատ տարօրինակ է թվում բնակիչներին։ «Մարդիկ այստեղ ծնված օրվանից գիտեին պատասխաններն ու հարցեր չէին տալիս: Ավելին, փակուղու բոլոր տներից կախված էին բարձրախոսներ, որոնք ամեն առավոտ ազդարարում էին օրվա սկիզբն ու տալիս պատասխանները: Առաջին բանը, որ Էլին լսեց, հենց բարձրախոսն էր.

«Բարի լույս: Այսօր մեր թվարկության 2026 թվականն է: Օրը կիրակի: 2026 տարի առաջ հենց այս օրը ամենաիմաստուն Քրոնոսը որոշեց այլևս չուտել իր զավակներին: Մենք պարտական ենք նրան, որ կանք: Կեցցե՛ Քրոնոսը»: [էջ 102]

Պատումի երևակայական կառույցը ներհյուսված է իրական և հավանական պատկերների միավորմամբ։

«- Ի՞նչ ես անում,- հարցրեց ուսուցիչն, ու Էլին հասկացավ, որ իրենից անկախ նկարել է տեսածը:

– Անցյալն եմ քանդում:

– Իսկ եթե քանդելու փոխարեն փորձես կառուցե՞լ այն:

– Կառուցել անցյա՞լը:

– Այո: Ճիշտ այնպես, ինչպես ապագան են կառուցում:

– Գուցե անցյալը կառուցելու համար պետք է ապագա՞ն տեսնել,- հարցրեց Էլին:

Հա, ուրեմն կառուցում են: Դրա համար խնձորը կանաչ է, դեռ պիտի հասնի ու կարմրի: Իսկ Քրոնո՞սը: Ինչպե՞ս կառուցել նրան: Գուցե պետք է դե՞մք տալ: Իսկ եթե Լետոյին կառուցի: Չէ՛: կառուցելու համար պետք է մոռանալ: Եթե չես մոռանում, ուրեմն քանդում ես: Ու ամեն քանդելով ավելի ես հիշում: Նույնիսկ եթե արմատախիլ ես անում, ավելի ես հիշում: Որովհետև քանդում ես էն, ինչ հիշում ես: Մոռացածը քանդել հնարավոր չէ: Մոռացածը կարող ես միայն կառուցել: Էլին չզգաց, ինչպես դուրս եկավ դպրոցից ու քայլեց դեպի հրապարակ: Հրապարակի կենտրոնում Քրոնոսի արձանն էր: Անդեմ: Էլին հստակ տեսավ՝ ինչպես էր պապն այդ արձանը տեղադրում»։ [էջ 106]

Գրականագիտական մի առանձին ուսումնասիրության թեմա է պատմվածաշարը եզրափակող «Անմոռուկի փակուղին» պատմվածքի տեքստակառուցման սկզբունքները, այնտեղ նկարագրվող այլաբանական պատկերները, հերոսների անունների ընտրության նպատակն ու քրոնոտոպային կառույցները։ Այստեղ միայն արձանագրենք, որ այս դեպքում ևս հերոսները չեն կարողանում հաղթահարել փակուղային վիճակը։ Այն ավարտվում է ելքի, լուծումների որոնումների ճանապարհին առաջացած անորոշությամբ ու փակ շղթայի նկարագրությամբ․

«Երկնքից երեք խնձոր ընկավ ու Էլին արթնացավ Կարմիր խնձորի պողոտայում: Նրան ծեծում էին: Ու կարմիր շրթներկով ուսուչուհին բղավում էր.

– Քանդե՛ք, էնպես քանդեք, որ էս դասը կյանքում չմոռանա:

Ծեծողները Վերջն ու Ֆուտուրուսն էին: Նրանց կողքին պարում էր ժպտադեմ Լետոն» [էջ 109]

Թուրքիայում հետազոտություններ արած, որոշակի փորձառություն ունեցող հեղինակի գեղարվեստական այս գործն ընթերցելիս հիմնական միտքը, որն ուղեկցում է ընթերցողին, այն է, որ անհատի ճակատագիրն ուղիղ կապով կապված է քաղաքականության հետ, և անհատը չի կարող ապրել՝ առանց այդ քաղաքականության ազդեցությունն իր վրա կրելու։ Սակայն, նաև հարց է առաջանում, թե արդյոք այդ քաղաքականությունն իր վրա որքանո՞վ է կրում անհատի ազդեցությունը։ Ընթերցողը երբեք չի կորչում։ Նա մշտապես առկա է տեքստում, զրույցի, երկխոսության մեջ է հերոսների հետ։ Հերոսների փնտրտուքը բարձրացնում է լուրջ հարցեր, որոնք արժանի են վերածվելու ծավալուն խոսակցությունների, քննարկումների թեմաների։ Հաշվի առնելով, որ տեքստն իրական, պատմական իրադարձությունների հիման վրա հյուսված պատմությունների շարք է, իմա՝ տեքստը պատմական է, իսկ պատմական իրադարձությունը հաճախ առաջանում և ծավալվում է այս կամ այն տեքստի ազդեցությամբ՝ տեղին և կարևոր ենք համարում այս պատմվածաշարի գոյությունը, քանզի գալիս է մի պահ, երբ անհնար է դառնում ներթափանցել անցյալի իրադարձությունների մեջ՝ առանց դիմելու դրանց վերաբերյալ տեքստերին, քանի որ, ինչպես ժամանակին պնդում էին «նոր պատմականության» տեսության ներկայացուցիչները, այն պատմությունները, որոնք տեքստային ձևավորում չեն ունեցել, գոյություն չունեն։ Որքան էլ թեման զգայուն ու փակուղային լինի, որքան էլ անելանելի թվա իրավիճակը, այնուամենայնիվ այս պարագայում երկխոսությունն է այն թունելը, որի վերջում հնարավոր է լույսի շողի հանդիպել։ Սույն հոդվածի նպատակը նաև երկխոսություն սկսելն է այս և նույնատիպ այլ տեքստերի միջև՝ հավատով, որ միջտեքստային հնարավոր երկխոսությունների, ծավալվելիք քննարկումների արդյունքում գաղափարական նոր շերտեր կբացահայտվեն։

1 Լ․ Խառատյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է: 2012-2017 թթ. նա ղեկավարել է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների Միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) հայաստանյան գրասենյակը: Նրա հետազոտությունները, հրապարակումները և գործնական աշխատանքն ընդգրկում են կրթության, հաշտեցման և կոնֆլիկտների լուծման, հիշողության քաղաքականության, սահմանի մարդաբանության ոլորտները, փախստականների ինտեգրմանն առնչվող հարցեր, քաղաքական բարեփոխումների սոցիալական/մշակութային ազդեցությունը և քաղհասարակության կազմավորումը: Հայաստանից դուրս, նա հետազոտական և խորհրդատվական աշխատանքների է մասնակցել Թուրքիայում, Ղրղզստանում և Սիրիայում:

2 Տե՛ս՝ Изер В., К антропологии литературы // Новое литературное обозрение, 2008, № 94.

3 Տե՛ս՝ Մանուչարյան Կ․, Գուրգեն Խանջյանի «Ներսուդուրս» վեպի սարոյանական «երակը», http://www.grakantert.am/archives/14735

4 Մարտիրոսյան Վ․, «Սողանք», 2000 թ․, էջ 9։

5 Ոսկանյան Ա․, «Չի վաճառվում», «Քոձություն արեք», 2016 թ․, էջ 282։

6 Խառատյան Լ․, «Անմոռուկի փակուղի», 2020թ․, էջ 17։

7 https://www.youtube.com/watch?v=mdZ_iFWqiuo

8 Փաշինյան Ն․, «Երկրի հակառակ կողմը», Երևան, 2018, էջ 54։

9 Խառատյան Լ․ «Անմոռուկի փակուղի», Երևան, 2020, էջ 19։ Այս գրքից հետագա մեջբերումների հղումները կբերվեն տեղում՝ էջը նշելով փակագծերի մեջ։

10 Սահակյան Վ․, «Վարձու ինքնասպաններ», Երևան, 2014, էջ 37-38։

11 Քոլլինգվուդ Ռ. Ջ., Արվեստի հիմունքները, Եր., 2007, էջ 267:

Please follow and like us: