Մարիամ Կարապետյան/Կասկածներ Է-ի կոշտության մասին

Ֆեյսբուքյան բանավեճերում ակտիվ որոշ լեզվաբաններ ու այլ հումանիտարներ այսօր հաճախ բարբառներն ու բարբառախոսներին են պաշտպանում չգիտես թե ինչից։ Օրինակ՝ իբրև թե բարբառախոս երեխայի համար ավելի դժվար է գրական հայերենով դաս կարդալ-հասկանալ-պատմելը, և թե նրանց պետք է հնարավորութուն տրվի իրենց բարբառով պատմելու։ Մինչդեռ կարծես ճիշտ հակառակն է․ պաշտպանության կարիք գրական հայերենն ունի։ Պաշտպանություն «ճնշող վերևների» քաղաքականության հետ այդքան հեշտությամբ կապվելուց, իբրև թե այդ վերևներին հակաճառելու կողմը պահող հակագրականհայերենությունից, լեզվական «հակաիմպերիալիզմից», «ժողովրդավարությունից» և այլն։ Եվ եթե շարունակեմ հրապարակախոսական դյուրինությունը, որով այս պարբերությունը գրեցի, կարող էի նույնիսկ ասել, որ գրական հայերենի հույսը գուցե հենց բարբառախոսներն են՝ հատկապես նրանք, ում «մայրենի լեզուն» արարատյան բարբառը չէ։

Ես, իհարկե, չեմ շարունակելու հրապարակախոսական այս դյուրինությունը և դժվար տեղ եմ անցնելու, որ, սակայն, նման պարզ թվացող հարցերից է սկսվում։

Տարբեր առիթներով անդրադարձել եմ գրական հայերենի հետ կապվող վերամբարձությանը և խոսքային պրակտիկաներում դրա հարուցած տարբեր բարդությունների։ Նման անդրադարձներիցս մեկն, օրինակ, այդ վերամբարձությունը մեկնաբանում է որպես սոցցանցային լուսանկարներին ուղեկցող մեկնաբանություններում անգլերենի բացարձակ գերակշռության պատճառներից մեկը [1] ։ Այս անգամ քննարկելու եմ հայերենի մասնավոր, բայց իմ համոզմամբ՝ նշանակալի մի հարց՝ «է» օժանդակ բայի իմաստաբանական նշանակությունը և դրա կիրառման գիտակցվող ու չգիտակցվող որոշ կարևոր հանգամանքներ։ «Մեր լեզուն շարունակ հեռավորություն պահել-չպահելու ընտրության առջև է դնում մեզ. ներսի՞ց խոսենք, թե՞ կողքից: Ֆորմալի ու ոչ ֆորմալի միջև ընտրության կարիքը շարունակ առաջանում է ամենագործածական բառերից մեկի՝ է օժանդակ բայի գործածության ժամանակ, որից փախուստի միջոց, գործածման միջին տարբերակ չկա» [2], – սա հատված է հայերենի վերաբերյալ մի շարք հարցեր առաջադրող իմ նշված հոդվածից, որտեղ է-ի մասին կարճ եմ խոսել՝ թողնելով այլ անգամվա։ Այստեղ երկար եմ խոսելու։

Երկու նախնական միտք․ առաջին՝ քերականության տեսակետից վերացական, նյութական իմաստից զուրկ, իր իմաստով ձևակազմական մասնիկի հարող Է-ն ստորոգման ժամանակ վերագրվող հատկանիշները տրոհում է իր գրական-ությամբ, վերլուծական է դարձնում ստորոգման գործողությունը, և երկրորդ՝ Է-ն իր քերականական, ոճային ու իմաստային ընդգծված տրոհմամբ ընդգծում է լինելու հանգամանքը, շեշտում է այն, առանձնացնում է առհասարակ գոյությունը։ Սրանք ընդհանրացնող վարկածս հետևյալն է․ որևէ բան որևէ բանի վերագրելիս նրան նաև «է» ենք վերագրում։ Բային՝ դեմք, թիվ և ժամանակ, ենթակային՝ որևէ հատկանիշ վերագրելուց զատ է-ն այլ նշանակություն էլ ունի․ քերականական կարգերից զատ այն նաև մեկ այլ վերագրում է անում․ ինքն իրեն է վերագրում նախադասության իմաստին։ Ուրեմն առարկա-հատկանիշ-հանգույց շարքի իմաստաբանությանն իմաստաբանական և ոճական նշանակություն ունեցող տարր է ավելանում՝ եզակի թվի երրորդ դեմքով դրված եմ օժանդակ բայը՝ է-ն՝ որպես կողմնակի և կայուն հատկանիշ։ Բայց այս վերագրման համար քերականական (ձևաբանական կամ շարահյուսական) հավելյալ ցուցիչ չկա, այլ խոսքով՝ այս վերագրումը քերականորեն ոչ մի կերպ չի ընդգծվում, զուտ իմաստաբանական և ոճական հարց է․ է-ն ինքն է իր ցուցիչը:

Հաջորդ՝ ավելի հեռուն գնացող վարկածս․ վերագրվող հատկանիշից տրոհելով վերագրման գործողությունը՝ անգամ պարզագույն վերագրություն կատարելիս օժանդակ բայը դիրքի հարց է առաջ բերում․ որտեղի՞ց ես խոսում։ Պարզագույն իսկ վերագրություն անելիս երկրորդային, դիտարկող լեզվի՝ մետալեզվի ենք դիմում կամ առնվազն դրա ակնարկ-հնարավորության շեմին ենք հասնում։ Գայթակղում է այն միտքը, որ անգամ պարզագույն վերագրություն անելիս մետալեզվական կողմ է առաջանում հենց միայն է-ի միջոցով։ Է-ն առնվազն ստեղծում է գրության և ընկալման մեջ գրեթե մշտաներկա լեզվական կողմ՝ որպես լեզվական ընտրության հարց՝ կիրառել, թե չկիրառել այս ավելի քան գործուն, մշտաներկա լեզվական միջոցը։ Այսու՝ խոսողը մի քանի հնարավորություն ունի․ գիտակցաբար կիրառել լեզվական կողմը՝ որպես մետալեզու, կիսագիտակցաբար խուսափել դրանից՝ դիմելով օտար լեզվի, կամ խուսափել՝ դիմելով բնականությանը՝ բարբառին։ Գուցե նաև այստեղից է է-ի կիրառման դժվարությունը, որի մասին գրել եմ նշված հոդվածում, գուցե նաև այստեղից է խզումը գրական լեզվի և սոցիալական կյանքի միջև․ մեզանում հիմնականում բացակայում է սոցիալական կյանքին ուղղված մետահայացքը, սակայն դրա վերացական հնարավորությունը պահպանվել է որպես լեզվական հետք, մի տեսակ շոթ-քաթ, լեզվական նշան, որ արդեն հստակ հայտնի չէ՝ ինչ է նշանակում․․․

Մեկնարկս Է-ի կոշտ դժվարությունից է: Որտեղի՞ց այս կոշտությունն ու թելադրանքը, որ գրեթե կաղապար են հիշեցնում։ Պատասխանն այստե՞ղ է՝ մշակույթի և անգամ բառերի հետ կապվող ընդգծված վերամբարձություն, ծիսականություն, պատմականություն և այլն․ շարք, որին կրկին չեմ անդրադառնա [3]։ Բայցև հաջորդ՝ ավելի գործնական հարցը՝ ինչպե՞ս վարվել այս կոշտության հետ․ ա-ին կամ անգլերենին դիմելով՝ Է-ից խուսափումը հաճախ խուսափում է պատմականությունից, լրջությունից, մետալեզվականությունից, ընտրությունից։ Եվ ի վերջո, չկա՞ն է-ի պակաս կոշտության դեպքեր։ Եվ ուրեմն՝

Է-ի գործաբանությունը։

Է-ն, որ քերականությունից բացի կրոնական, թաքնագիտական, ազգայնական դիսկուրսների համար է հետաքրքիր, կարիք ունի արդի լեզվամշակութաբանական (դիցուք՝ հետկառուցաբանական ավանդույթով՝ գործաբանության և մետալեզվի հղացքների կիրառմամբ), իմացաբանական, ոճաբանական և այլ խորքային քննությունների։ Է-ի ասվելով՝ խոսքի հիմնական ուղերձին հավելվում, գուցե անվանվում է մի բան, ինչ դեռ չի հասկացված ու չի էլ առաջադրված հասկացման համար և միայն «է»-ի ասվելով է հայտնվում՝ իբրև կաշկանդում, հնարավորություն, վկայություն կամ մեկ այլ բան։ Ուրեմն ավելի շատ է-ի բանավոր կամ գրավոր ներկայությունը նկատի ունեմ։ Հարցերն այստեղ սրանք են․ մեկը՝ ի՞նչ է հոդավորում է-ն, և մյուսը՝ ներքին խոսքում կա՞ է-ն։ Հատկապես այս երկրորդից է-ի բնականության հարցն է բխում, ուրեմնև՝ է-ախոս բարբառի հարցը․ փնտրել է-ն՝ որպես խոսքի ոչ ֆորմալ տիպերի հատկանիշ։

Է-ախոս Կարնո բարբառը դիտարկենք։ Նույնիսկ այստեղ է-ի կիրառության զուտ բարբառային կաղապարները շատ չեն, քանի որ սահմանական եղանակի կազմության ժամանակ անկատար և ապակատար ձևաբայերի հետ միավորումը գրական կապակցություններ է ստեղծում, որ հատուկ չեն կարնո բարբառին․ սահմանական ներկան կ (գ)-ով է կազմվում (գնում եմ – կերթամ, խոսում եմ- կ(գ)խոսամ), ապակատար ներկան՝ կ-ով կամ «բդի» (պիտի) եղանակիչով (խոսելու եմ- կ(գ)խոսամ, բդի խոսամ)։ Է-ի բարբառային բնականության տեղը կարնո բարբառում վաղակատար ձևաբայի հարևանությունն է և բաղադրյալ ստորոգյալի հանգույցի դերը։ Իր այս բնականությունից դուրս է-ն միշտ տրոհում և հավելում է։

Է-ի հավելյալությունը լավ է երևում ա-ի հետ համեմատության մեջ։ Հարցերից մեկն այստեղ հետևյալն է․ Է-ն՝ նույնիմաստ քերականական ձևի արժե՞ք ա-ի հետ։ Այս օժանդակ բայերը բնորոշելու համար ամենից օգտակար են դրանք ընտրելու կամ մերժելու գործաբանական հանգամանքներն ու հիմնավորումները։ Հարկ է իսկապես մտածելի դարձնել դրանք։ Օրինակ՝ խորհրդահայ ֆիլմերում է-ն գաղափարախոսական հետք ունի, և բնական է թվում՝ թեկուզ որպես պայմանականության բնականություն (նույնպիսի անտեսվող պայմանականությամբ է հատկանշվում նաև Գյումրիի բարբառը, երբ հնչում է իրական կյանքում այդ բարբառին չտիրապետող և ֆիլմերում բարբառի արտասանական առանձնահատկությունները չպահպանող դերասանների շուրթերից)։ Այսօր՝ այդ գաղափարախոսության բացակայության պայմաններում, այն այլևս բնական չի թվում։

Է-ն հեռացնում է խոսքի բնականությունը, մասնավորապես երբ ա-ի հետ նույն շարքում է՝ որպես ընտրության բևեռ։ Չնկատել է-ի հարուցած դժվարությունը և գրական լեզվի սրբազնության դիրքից նայել նշանակում է գլուխը թաքցնել ջայլամի նման, իսկ հեշտությամբ ա-ի անցնելուն դիմադրում է առնվազն մշակութային ավանդույթը։

20-րդ դարի փիլիսոփայության մեջ լեզվական շրջադարձը բնորոշող փոփոխություններից մեկը՝ գործաբանական շրջադարձը, ենթադրում է պրակտիկայի՝ որպես անդրանցական կառույցների կրիչի խնդրականացում։ Սոցիոլեզվաբանությունն այս տեսակետից հարց կբարձրացներ, օրինակ, լեզվի կիրառման միջավայրերի մասին։ Քաղաքային կյանքն արարատյան է՝ ա-ով, այնինչ գրական լեզուն՝ է-ով։ Ուրեմն՝ ա-ի ուժը քաղաքային գերակա միջավայրի հարց է, որ այսօր կարող է ընդհուպ մինչև մարզերի հավասարաչափ զարգացման չլուծված հարցի մասին խոսք բացել։

Բայց այստեղ ավելի պարզ կողմ էլ կա․ արարատյան բարբառի հիման վրա կազմավորված գրական լեզվից այնքան հեշտ է գայթել մասնավորապես այդ նույն բարբառ, որի առաջին և հիմնական տարբերակիչը փաստորեն ա-ն է։ Է-ն հաճախ բարբառից գրականին անցնելու, առօրյա-խոսակցականից այլ ոճի անցնելու, «ուրիշ» իրավիճակի միակ նշանն է։ Ոճական տարանջատումները հաճախ նկատելի են միայն իբրև լեզվի գրական-ություն, որը բազմաբաղադրիչ է, ասենք, շիրակցու, սյունեցու համար, երևանցու համար հաճախ միայն հրաժարում է ա-ից։ Կարծես այստեղ է, որ բևեռանում է գրական լեզուն՝ որպես մետալեզու բարբառի համար․ իր բնական լեզուն փոխելու հանգամանքը միշտ խոսողին իր լեզվին դեմ-հանդիման է դնում, թեկուզ աղոտ ու հարևանցիորեն տեսնել է տալիս իր լեզուն։ Այս պարագայում արարատյան բարբառից գրականի անցնելիս, օրինակ, է-ն կարող է լինել մետալեզվի միակ նշանը․ արարատյան բարբառով խոսողի համար գրական-ության հիմնական, հաճախ նաև միակ ցուցիչը դառնում է է-ն։ Է-ա այս դյուրին անցումը շարունակ մետալեզվային լարվածություն է ստեղծում, լեզվին կողքանց նետված հայացքի հանգամանք՝ կա՛մ է-ի ընդունմամբ, կա՛մ մերժմամբ։ Այսպիսով՝ Է-ն՝ դրսից նետված հայացք, մետալեզվական երևույթ, մետալեզվի տա(՞)րր, լեզվական դիրքի նշան։

Ըստ քննադատական դիսկուրս-վերլուծության տեսաբան Թ․ Վան Դեյքի (որը կիրառում է գործառական քերականության որոշ մոտեցումներ) դիսկուրսի նշանակության մեջ մակրոկառուցվածքների [4] առկայության մասին հաճախ ազդանշան են տալիս այլ միջոցներ՝ դերանուններ, կապեր, մակբայներ, բառերի շարադասություն և այլն։ Դրանք հաճախ արտահայտում են չարտահայտվող կանխադրույթներ և դրանց տարրերը՝ մակրոստորոգելիներ ու մակրոփաստարկներ, և չեն կարող բացատրվել միայն նախորդ նախադասությունների նշանակությունների տերմիններով [5]։ Կարծում եմ՝ Է-ա անցման մշտական լարվածությունը կարող ենք այդպիսի քերականական ազդանշան համարել հայերենի կիրառման դիսկուրսներում որոշ մակրոկառուցվածքների համար։ Իսկ մակրոստորոգելին այստեղ է-ի ակնարկած, բայց չհոդավորած նշանակություններն են։ Մակրոստորոգելի, քանի որ այն ակնհայտորեն հայերենի կիրառման դիսկուրսների նշանակության ծանրակշիռ բաղադրիչ է և ուշարժան է պատմական, սոցիալական, գործաբանական և այլ տեսակետներից։ Այս անհստակ վերագրությունն ուրեմն թեկուզ միայն իրեն պայմանավորող հանգամանքների կշիռով ու ծավալով արդեն հուշում է իր արժեքավորությունը։

Անշուշտ, քերականական ձևին նման մասշտաբային վերագրություն անելիս վատ չէր լինի այդպիսի վերագրություն ենթադրող գոնե ձևական ընդհանրական մոդելներ ունենալ։ Սակայն հղումներ անելու մեծ պաշար չեմ գտել։ «Մենք որոշ բաներ գիտենք տարբեր խոսողական ակտերի և դրանց կատարման համատեքստային պայմանների մասին, բայց շատ քիչ՝ արտահայտության քերականական կամ այլ կառուցվածքների հետ նրանց բնութագրական կապերի մասին» [6],- գրում է նույն Վան-Դեյքը։ Այդուամենայնիվ, գործառական քերականության (որը կիրառում է «իմաստաբանությունից դեպի նրա ձևային արտահայտությունը» մոտեցումը՝ համադրելով այն «ձևից դեպի իմաստաբանություն» մոտեցման հետ) գաղափարները է-ի՝ առնվազն որպես իմաստաբանական կարևոր հարցի հիմնավորության օգտին են խոսում։

Այսպիսով՝ է-ից մեկնարկելով՝ կարելի է լեզվական և արտալեզվական լայն ոլորտներ հարցադրել։ Կռահումների գիտակցականացումն ու մեթոդների հստակեցումը մեզ ավելի որոշակիորեն կտանեն այն հարցին՝ արդյո՞ք է-ն նշան է կամ կարելի՞ է այն իբրև նշան դիտարկել։

Լեզվի բնականությունը։ Թումանյանի դեպքը

Լեզվի հարցի զարգացման տարբեր փուլերի քննության համատեքստում անդրադառնալով մասնավորապես Հումբոլդտի լեզվի փիլիսոփայությանը՝ Գադամերը նկատում է, որ Հումբոլդտը բացահայտում է լեզվի նշանակությունը՝ որպես ժողովրդի ոգու առանձնահատկության հայելի, սակայն մտածողության և լեզվի համընդհանուր կապը հանգեցնում է պարզ ձևական լեզվական ունակության։ Այստեղ լեզուն առանձնացվում է դրա փոխանցած բովանդակությունից, այնինչ «եթե ցանկացած լեզու աշխարհատեսություն է, ապա դրանով պարտական է ոչ թե նրան, որ լեզվի որոշակի տեսակ է (ինչպես որ այն դիտարկում է գիտնական-լեզվաբանը), այլ նրան, թե ինչ է ասվում կամ համապատասխանաբար փոխանցվում այդ լեզվով» [7]։ Այս տրամաբանությանը հետամուտ՝ մեր է-ի իմաստային և ոճական նշանակությունների, կիրառման գործաբանության ուսումնասիրությունը նոր արժեք են ստանում։ Լեզվի բնականության, փոխանցած աշխարհատեսության հարցին հետամուտ՝ մեր ամենաազգային գրողի՝ Թումանյանի դեպքը դիտարկենք։

Դժվար է ասել՝ սկզբնապես ա-ն կիրառած, հետո է-ին անցած Թումանյանի ժամանակ և՞ս է-ի կիրառությունն է-ի վերագրություն էր նաև։ Պնդումը, որ Թումանյանը բարբառը բարձրարժեք գրականության լեզու դարձրեց, բավարար չէ։ Ինձ հետաքրքրող տեսակետից բաց է մնում մասնավորապես ա-ին դիմելու անհրաժեշտության, հետո նաև է-ին վերադարձի հարցը։

Ռ․ Իշխանյանն այս առումով կարևոր մի նկատառում է անում․ «Եթե այս ու այն-ը պահպանված լինեին հայոց որևէ բարբառախմբում կամ բարբառում, Թումանյանը նույնպիսի եռանդով չէր պաշտպանի ու գործածի էս ու էն-ը։ Այս ենթադրության համար հիմք է տալիս այն, որ բանաստեղծը էական բայի ա ձևից հրաժարվեց, թեև այն իբրև արարատյան բարբառի ձև ավելի հարազատ էր իրեն ու իր նյութին, քան է-ն։ Թումանյանը է ձևը ընդունեց ոչ միայն այն պատճառով, որ ժամանակի գրական լեզվում այդ ձևն ավելի էր կայունացած, քան այս ու այն-ը (որոնք դեռ մեկ-մեկ փոխարինվում էին էս ու էն-ով), այլ ամենից ավելի այն, որ է-ն առկա էր ժողովրդի խոսած հայերենի մի մեծ հատվածում, ուստի անկենդան չէր» [8]։

Լեզվի կենդանության, բարբառի, ժողովրդի կյանքի ու ոգու մասին հարցերը հեռու են տանում։ Օրինակ՝ լեզուն գոյության տունը համարող Հայդեգերի փիլիսոփայությանը, որ Թումանյանի օրինակը քննարկելիս ամենից համապատասխանն է թվում։

Անդրադառնալով1950 թ․ Հայդեգերի գրած զեկուցմանը՝ «Իր» վերնագրով, մի հետազոտող նկատում է, որ այն «իսկական հիմն է հայրիշխանական պարզ գյուղացիական կենցաղի պես «հարթ/ներդաշնակ» իրերի։ Հայդեգերը հավատում է, որ դրանց շնորհիվ «աշխարհը երևան կգա որպես աշխարհ, կշողա շրջանը, որից դեպի իր կարճառոտ պարզության ներդաշնակությունն է դուրս գալիս երկրի և երկնքի, աստվածների և մահկանացուների թեթև շրջապատը»։ Հայդեգերի ձևակերպմամբ՝ «Մտածողությունը գոյության մասին մտածումն է։ Մտածողությունը չի ծագում։ Այն կա, քանի որ կա գոյությունը։ Բայց գիտություն և հավատ մտածողության անկումը գոյության չար բախտն է»։ Բայց այդժամ ինչպե՞ս կարելի է կամ կարելի՞ է արդյոք գոյության «բարի բախտի» հետքի վրա ընկնել։ Հայդեգերի պատասխանն է, որ պետք է լեզվի մաքուր, հենց ժողովրդական ոգու հողից բխող աղբյուրներին հակվել» [9]։  

Հյոլդեռլինի «Հաց և գինի» բանաստեղծության հայդեգերյան մեկնաբանության քննության համատեքստում մեկ այլ հետազող գրում է․ «Աստվածները և մահկանացուները, երկիրը և մարդիկ ժողովվում են ասացման մեջ։ Ասացումը տրվում է նախ տեղական ասացման մեջ։ Տեղական, տեղին կապված ասացումը մի վայր է, որտեղ նախ տրվում է տունը, և որտեղ, վերջապես, մենք կարող ենք տանը լինել (become at home)։ Այսպիսով՝ հենց տանը լինելիս է (որտեղ մենք ամենաքիչն ենք որևէ բացահայտման սպասում) գալիս բացահայտումը: Տունը բարբառի մեջ է» [10]։ Հայդեգերը քննում է լեզու-տունը բարբառով ստեղծագործած բանաստեղծների հետ և «բարբառով գրված բանաստեղծությունների հետ, որոնք բանաստեղծականացնում են տունը բարբառի միջոցով» [11]։ Այդպիսի բանաստեղծներից մեկին՝ Հեբելին նվիրված անդրադարձում Հայդեգերը գրում է․ «Մենք այսօր թափառում ենք աշխարհում մի տան մեջ, որին պակասում է տան ընկերը՝ նա, ով նույն ձևով ու նույն ուժով տրամադիր է տեխնիկապես կառուցված աշխարհ-շինությանը և աշխարհին՝ որպես տուն՝ առավել նախօրինակ բնակության համար (ընգգծումը մերն է-Մ․ Կ․)։ Տան այն ընկերն է պակասում, որ կկարողանար բնության հաշվելիությունը և տեխնիկան վերստին պահ տալ (zurückbergen) բնության մի նորագյուտ բնականության բաց գաղտնիքին» [12]: Նա ընդգծում է, որ հենց սրանով է, որ Հեբելը միայն բարբառի և տարածաշրջանի բանաստեղծ չէ, այլև համաշխարհային նշանակության։ Ըստ Հայդեգերի՝ Հեբելի լեզվի գաղտնիքը ո՛չ ոճ ունենալու հավակնությունն է, ո՛չ հնարավորինս հանրամատչելի լինելը, այլ բարբառն ընդունված գրավոր լեզվում մարմնավորելու փաստը։ Հեբելը, ըստ մտածողի, «թույլ է տալիս գրավոր լեզվին հնչել որպես բարբառի հարստությունների պարզ արձագանք» [13]։ Ինքը՝ Հայդեգերը, ըստ սույն հետազոտողի, գրում է նվազագույնը չորս լեզվով՝ մետաֆիզիկական-նկարագրողական փիլիսոփայական գերմաներենը, իր առանձին, տարբերվող գերմաներենը (որոնք երկուսն էլ շարունակում են հունարենի և լատիներենի որոշ տեսանկյուններ), իր ակադեմիական-մասնագիտական կյանքի գերմաներենը (Hochdeutsch) և իր բարբառը, որին անցնում է, օրինակ, Հեբելի հետ երկխոսելիս [14]։

Իրերով, իրերի բնական կարգով նման հմայվածության և դրան հասնելու համար ժողովրդի լեզուն վերագտնելու արարք չէ՞ Թումանյանի գրականությունը։ Եվ լավագույն Թումանյանը պատումայինն է՝ պոեմներինը, բալլադներինը, հեքիաթներինը, որովհետև սրանց լեզվին պատշաճող կենդանությունն ու «միջավայրայնությունը» Թումանյանի տարերքն են, որովհետև պատմություն պատմելն ուրիշի խոսքի գրականություն է ստեղծում։ Ինչպես նկատում է Ռ․ Իշխանյանը՝ Թումանյանի լեզվի ժողովրդայնության կարևոր հատկանիշներից մեկը համարելով երկխոսությունների ու մենախոսությունների նկատելի կշիռը, «Անուշ» պոեմի առաջին տարբերակում հերոսների ուղղակի խոսքն զբաղեցրել է 54 տող, վերջին տարբերակում՝ 486 տող։

Ի՞նչ լեզվական իրավիճակում ենք մենք՝ ժամանակակից գրողներս։ Թումանյանը գրական արևելահայերենի մշակման ժամանակաշրջանում էր ստեղծագործում, երբ բարբառին դիմելը ոչ միայն ժամանակի գրական-գրքային (Ռ․ Իշխանյանի դիտարկմամբ՝ Շահազիզի, Քուչուբեկյանի, Ծատուրյանի, Պատկանյանի, «Հյուսիսափայլ» ամսագրի [15]) ձևերից հրաժարում էր նշանակում, այլև փոփոխված, կենդանի լեզվի ձևերի կիրառում։ Թումանյանի մեծության նշաններից մեկը․ նա է-ն բարբառի բնական փորձի մաս դարձրեց, հաղթահարեց դրա խորթությունը, դրանով բնականացրեց է-ն։ Այս մտքով է-ին անհրաժեշտությո՞ւն ենք վերագրում։ Թերևս ոչ։ Գրողի այս արարքը գնահատելի է իբրև հայերենի՝ որպես սահմանվող լեզվի (որի գաղափարի ամենից ակնհայտ դրսևորումը, կարծում եմ, գրական լեզուն է) և հայերենի՝ որպես ազատ ու բնական տարերքի տարրերի համադրություն։ Թումանյանը չի հրաժարվել ո՛չ առաջինից, ո՛չ երկրորդից։ Կարող ենք եզրակացնել՝ Թումանյանինը գործուն լեզվաշինություն է եղել, ակտիվ և ստեղծագործ լեզվական ընտրություն։ Մենք մշակված գրական արևելահայերենի միջավայրում ենք ստեղծագործում, բայց նույն թափով պիտի ոճը հարցադրենք։

Լեզվի հարցն այսօր նախ նորաբանությունների և փոխառությունների հարց է, բայց նաև ոճի։ Ցանկացած հակաճառություն՝ ոճի միջոցով․ ոճի բովանդակայնության, ստորոգելիականության մշտապես հրապուրիչ դիտանկյուն է։ Եթե Թումանյանը շան ու կատվի պատմությունը լսել է Լոռվա բարբառով և իր «Շունն ու կատուն» գրելիս աշխատել է, իր իսկ ձևակերպմամբ, մեղմացնել «բարբառի կոշտությունը», ապա հիմա մենք տրամագծորեն հակառակն անելու խնդրի առջև ենք՝ մեղմացնել գրականի կոշտությունը։ Բաց և բարդ է գրական-խոսակցական լեզվի հարցը, որը, կարծում եմ, հիմնականում հենց է-ի հարց է․ պատմություն պատմելիս գրականության մեջ, բեմին և էկրանին է-ն հավաստիության խնդրի հետ է բախվում [16]։

Գրական լեզվի ժողովրդայնացման թումանյանական խորքը մեր՝ միանգամայն տարբեր ժամանակաշրջանում և իրավիճակում պիտանի կլիներ թեկուզ որպես գրողական հանձնառություն։ Մեր արդի գրականության համար, որ այնքան մակերեսայնորեն է փորձում հավաստի լեզու ստեղծել։ Եթե Թումանյանի համար գրականության լեզվին ուժ տվող միջավայրը ժողովրի խոսքն է, որովհետև այդ լեզուն է գլխավորապես խոսվում, ապա այսօր լեզվի կիրառության ատյանները շատ ավելի բազմաքանակ են։ Թեև դրանք լեզվի կիրառման մասնավորություններ են տարանջատ բնագավառներում, բայց դրանք շարունակ կողք կողքի են նախ իբրև տեղեկատվամիջոցների լեզու, մեզ շրջապատող և/կամ ներառող հաստատությունների լեզու։ Եվ սա գրական լեզվի հիմնավորության միջավայր է։

Անշուշտ, այստեղ էլ մեկ ուրիշ հարց կա․ գրողը որքանո՞վ պետք է փորձի կամ կարող է նպաստել հենց գրական-խոսակցական լեզվի ձևավորմանը։ Սա հարց է, որ միայն գրողներին չի մնում։ Տեղին է հիշել մշակութաբան Հ․ Բայադյանի դիտարկումն այն մասին, որ առաջին հերթին գրականության (լայն իմաստով) մեջ մշակված գրական արևելահայերենն այդպես էլ չունեցավ իր սոցիալական խավը [17]։

Հարցը մեր համատեքստի այս կետում հասնում է բուն իմաստով գրականության լեզվի և առհասարակ տվյալ լեզվի (իր բոլոր շերտերի ու մասնավորությունների ընդհանրությամբ) հարաբերություններին։ Լեզվի բնականության հարցը, որ այստեղ քննարկում ենք գլխավորապես որպես է-ի, մասնավորապես՝ որպես է-ա ընտրության հարց, գրականության տեսակետից կարող է հնչել առանց գրական-խոսակցական լեզվի հետ առնչության, այն է՝ գրականությունը կարող է չստանձնել, չլուծել կամ առհասարակ մերժել գրական-խոսակցական լեզվի մասին մտահոգությունն իր լեզվի բնականության մասին մտածելիս։ Նորից մեր Թումանյանի օրինակը․ նրա մեծ գրականությունը երկու թև ունի՝ ոճային-գրողականը և բարբառային-ժողովրդականը։ Այս երկուսի արանքում ուղղակի խոսքի գծիկն է։

Պոեզիայի հարցը

Ուրեմն գրական հայերենը միայն հեղինակի խոսքի՞ լեզուն է։ Սա նաև Է-ի կողմնակիության և կոշտության հարցն է։ Պատմելիս է-ն պատմողի իշխանության, պատմելիս ծագող աստիճանակարգի նշան է։ Հեղինակի խոսքն աստիճանակարգային հարաբերություններ է բերում պատմածի ոլորտ, դրանով՝ հայացք է վերևից, որ կարող է հաստատել է-ի կողմնակիությունը։

Մի կարևոր հանգամանք էլ կա․ արձակը՝ որպես մեջբերվող խոսքի գրականութուն, գոնե մի կարևոր մասով կրկնում է իր հերոսների լեզվական փորձառությունները՝ դրանք կապակցելով հեղինակի խոսքով, հեղինակի հավելյալությամբ ու տրոհվածությամբ։ Եվ խոսքային-ոճական մասնավորություններով հագեցած արձակի հետ համեմատած՝ պոեզիան է-ի բնականության միակ հնարավորությունն է թվում․ պոեզիան զուտ հեղինակի խոսքի գրականություն է։

Բայց սա դեռ միայն բացատրության խոստում է․․․

Հ․ Գ․ Գադամերը հերմենևտիկական փորձի միջոցով առանձնացնում է լեզվի երեք հիմնական բնութագրիչներ, որոնցից մեկը լեզվի այսպես կոչված իրական մոռացումն է: Դա նշանակում է, որ կենդանի լեզվում չենք գիտակցում դրա կառուցվածքը, քերականությունը, շարահյուսությունը։ Եվ որքան ավելի կենդանի է լեզուն, այնքան ավելի քիչ է նկատվում [18]։ Մեջբերելով Գադամերի միտքը «Մարդը և լեզուն» էսսեից՝ մի հետազոտող նկատում է․ «Ինքնամոռացությունը ցույց է տալիս այն փաստը, որ «լեզվի կառուցվածքը, քերականությունը, շարահյուսությունը՝ այս բոլոր գործոնները, որոնք լեզվաբանության թեմա են դառնում, չեն գիտակցվում կենդանի խոսքում» (Գադամերի միտքն այստեղ ավարտվում է։ -Մ․ Կ․)։ Այլ կերպ ասած՝ լեզուն՝ իբրև կառուցվածք, խոսքում վերանում է՝ հօգուտ ասվածի։ Լեզվի իսկական կեցությունը կառուցվածքի կեցությունը չէ, քանի որ այն նրա մեջ է, ինչ ասված է լեզվում, այսինքն՝ այն աշխարհում, որը բացվում է մեր առաջ միայն ու միայն լեզվի մեջ» [19]։

Ըստ Գադամերի՝ հնարավոր չէ հասկանալ ավանդված որևէ գրական տեքստ, եթե ուսումնասիրելիս խնդրականացվում է ինքնին լեզուն՝ որպես այդպիսին [20]։ Այստեղ մտածողը նկատի ունի լեզվի քերականական առանձնահատկությունները։ Իսկ ինչպե՞ս խոսել և գրել, եթե շարունակ հարց ես տալիս ամենագործածական ու պարզ բառի՝ օժանդակ բայի մասին․․․ Այստեղից՝ «ա»-ն կամ անգլերենը, որի մասին խոսեցինք։ Իսկ պոեզիայի վիճակն այս տեսակետից ամենաշահեկանն է․ այն միշտ հարց ունի հենց լեզվի մասին։ Բացի այդ, մասնավորապես պոեզիայում գադամերյան «որևէ տեքստ հասկանալը» դերիդայական ոգով կարող ենք ավելի եռանդով մերժել՝ խնդրարկելով նշանակյալների առաջնութունը, կարևորելով ինքնին նշանակիչները։ Լեզվի մասին հարցը պոեզիայում այնքան հավաստի է, այնքան հիմնավորապես է զուգահեռվում ոչ պոետական լեզվակիրառության մեջ է-ի հետ կապվող հարցերին։ Եվ ուրեմն, պոեզիայի առավելությունը գրական լեզուն, մասնավորապես է-ն կիրառելիս․ հարցը համընկնում է հարցին։

Արձակագրի գլխում է-ո՞վ է մտածվում իրադարձությունը։ Իսկ պոետի գլխում պատկե՞րը։ Արձակագրի գլխում՝ գուցե ոչ, և գրառվելուց հետո էլ կարող է չմտածվել, եթե լեզուն որպես խնդիր պակաս արժեքավոր է գրողի համար։ Պոետի գլխում տողը չի կարող առանց է-ի լինել, եթե, իհարկե, նա է-ով է գրում։ Եթե Հայդեգերի խորհրդով ուշադիր լսենք մեր լեզուն, մասնավորապես մեր է-ն, ավելի կոնկրետ՝ դրա հայտնությունը բանավոր գրական կամ գրավոր լեզվում, ի՞նչ վերագրություններ կանենք նրան։ Եթե լեզուն մեկնաբանություն է՝ ներքին կամ հնչեցված, ապա մեր է-ն հենց հնչելիս է ընկալելիության աստիճանի հոդավորում կամ ակնարկում իր նշանակությունները։ Բայց պոետական է-ն հենց բանաստեղծի մտքում է հնչում՝ ի տարբերություն արձակի, որտեղ այն կարող է և նկատի չառնվել։ Պոետական խոսքում այն նախնական է և չի հայտնվում որպես գրավոր խոսքի՝ նյութի, պատմելիքի, իրադարձության նկատմամբ երկրորդային պայմանականություն։ Պոետական խոսքում է-ն պատմողի կողմնակիության ու աստիճանակարգային հեռավորության նշան չէ։ Եթե այդպիսի կողմնակիություն և հեռավորություն կան էլ, ապա դրանք լեզվինն են։ Բայց այդ դեպքում Է-ն բանաստեղծականության արտաքին ու ավանդական պայմանականությո՞ւն է, գրական լեզվով բանաստեղծելու լռելյայն համաձայնությո՞ւն։ Այստեղ՝ բանաստեղծական ազատության սահմանափակման այս ահազանգի հնչյունների տակ, կարելի է հիշել Հայդեգերին, որն ասում է՝ մարդը պահպանում է գոյությունն իր լեզվում, հետևաբար նա գոյության տերը և արարիչը չէ, այլ պահապանը, հովիվը։

Հայդեգերյան գոյաբանության այս պատկերները պրակտիկայի հողի վրա դրվելիս կարող են և լեզվի պահպանման ու հզորացման մասին մեր մտքերի կողքին դրվել։ Ասենք, մեր Թումանյանի երազանքի․ «[ա]պագա Հայաստանն Էլ կտա մեր գրական ուժեղ ու կենդանի լեզուն, որ լինելու Է ժողովրդական բարբառների, գրաբարի ու եղած գրական լեզվի համադրությունը։ Հայ ժողովրդական կենդանի բարբառների ազդեցությունն Է լինելու տիրական» [21]։

Բայց եթե, միևնույն է, ցանկանում ենք կասկածի՞ առնել։

Մեր քննության համար պիտանի ի՞նչ օրինակներ կարող է առաջարկել հետկառուցաբանական ավանդույթը՝ կազմաքանդելու, կասկածի առնելու իր զորավոր փորձով։

Իր Des Tours de Babel էսսեում Դերիդան գրում է, որ լեզուների բաժանումը մարդկանց միալեզվության է դատապարտել։ Ըստ նրա՝ մենք միշտ խոսում ենք մեկ լեզվով։ Բայց այս պնդումն ուղեկցվում է մեկ ուրիշով․ քանի որ չկա մաքուր բարբառ կամ անփոփոխ լեզու, հետևաբար մենք երբեք չենք խոսում միևնույն լեզվով [22]։ Դերիդան նկատում է․ «Դա չի նշանակում, որ լեզուն մենախոսական է կամ կրկնաբան, այլ ավելի շուտ որ լեզուն միշտ տարախոսական բացություն է առաջ բերում, որը նրան թույլ է տալիս խոսել ինչ-որ այլ բանի մասին և ուղղված լինել այլ բանի»։ Կարևոր հարց արտածենք այստեղից․ մեր է-ի հարցն այս տեսակետից նման ուրիշության չափազանց մեծ, նկատելիորեն անկիրառելի (այստեղից էլ՝ է-ի կոշտությունը․ այն իրեն ցույց է տալիս և ամեն անգամ ասում է, որ չես կիրառում իրեն), չսեփականացվող, չբնակեցվող ծավալը չէ՞․․․

Ահա մի օրինակ էլ, որ վերաբերում է մետալեզվի հարցին։ Յուլյա Կրիստևան, առանձնացնելով Ֆրանսիական պոեզիայում արմատական բեկում մտցրած երկու բանաստեղծների՝ Մալարմեին և Լոտրեամոնին, վերլուծում է նրանց ստեղծագործության «բացասականությունը» (տեքստի նորմատիվ տրամաբանական կառուցվածքը խզելու իմաստով), որը, ըստ նրա, երկուսի դեպքում էլ ներկայանում է ֆրոյդիստական ոգով՝ որպես ընդվզում հոր դեմ՝ Մալարմեի դեպքում՝ իսկական, Լոտրեամոնի դեպքում՝ հայրական իշխանության։ Կրիստևան նկատում է․ «Եթե Մալարմեն մեղմում է բացասականությունը՝ վերլուծելով հայեցողականության սևեռուն գաղափարը կառուցող նշանակիչ լաբիրինթոսը, ապա Լոտրեամոնը բացահայտ կերպով բողոքում է մետալեզվի մեջ սուբյեկտի փսիխոտիկ ներփակման դեմ և վերջինիս (մետալեզվի-Մ․Կ․) մեջ հայտնաբերում կառուցվածքային հակասություններ, անմտություն և ծիծաղ» [23]։ Մեր է-ն այս ֆոնին կալանքի է նմանվում․․․

Բայցև ավելի հրապուրիչ ազատագրում է։ Բանաստեղծական լեզուն ամենից քիչ է ծանրաբեռնված առօրյայի «իմաստակիր» – հաղորդակցական – նպատակային ուղերձներով։ Նրա բացասականությունը (կիրառելով բառը Կրիստիևայի բնութագրած իմաստով) ամենից ավելի է տեղ ազատում լեզվի ինքնօրինակության, Դերիդայի բառերով ասած՝ «իր սեփական ուրիշի», անթարգմանելի կողմի դրսևորման համար։ Է-ն մետալեզվական կալանք թվալուց զատ ամենից սովորական ու մշտական թվացող, բայց իրականում ուրիշի, օտարի, եկվորի, չհասկացված տնեցու չափ խորհրդավոր ստորոգություններ է ակնարկում։ Ստորոգություն և ակնարկում․․․ Արդեն գրավիչ է։

Մինչև որտե՞ղ է տրոհում է-ն

Եվ այսպես, ի՞նչ որոշակի բան է նշանակում է-ն։ Գուցե սակայն հենց անորոշ մշակութայնությունը և պարզապես հավելյալությո՞ւնն են հարցը։ Գրական արևելահայերենի ձևավորման ընթացքում Է-ի օգտին է եղել գրաբարի և արևմտահայերենի հետ կապի պահպանման փաստարկը։ Ուրեմն՝ է-ի որոշակի նշանակություններից մեկը՝ լեզվի պատմության պահպանման հարցը։ Ժառանգության պահպանման հարցը։ Մեծ հաշվով՝ հայերենի պատմությունը՝ որպես մշտաներկա մետալեզու է-ն դիտարկելիս։ Առնվազն պատմության ամենուրեքությունն ու մշտաներկայությունը։ Մյուսը, որի մասին խոսեցինք, լեզվական ընտրության մշտական հարցը՝ որպես մետալեզու կամ դրա անհրաժեշտություն։ Խոսքի բազմաշերտության և հարստության նշան է, երբ տեքստը հուշում է/պարունակում է այն հնարավոր մետալեզուն, որը կարող է իրեն դիտարկել։ Երբ բովանդակության գոնե, պայմանականորեն ասած, մեկ շերտի վերաբերմամբ ինքն իր ընթերցման կոդն է կիրառում։ Կողմնակի հայացք է պարունակում ինքն իր նկատմամբ։ Է-ն, որ մեր շարադրանքում նաև որպես կողմնակի բան ասելու հնարավորություն ներկայացվեց, այս տեսակետից հրապուրիչ հեռանկարներ է ակնարկում։ Բայց է-ի փոխաբերական կոշտությունը վստահաբար նաև է-ի վերագրման գործնական կոշտություն է․․․

Մինչև ո՞ւր է տրոհում այս կոշտությունը։ Ինչպիսի՞ն է է-ի կիրառման ճանաչողական գործընթացը։ Ստորև՝ մի վարկած։

Հայդեգերի կատեգորիալ հայեցողությունը բնութագրելիս Ա․ Ոսկանյանը մեկնաբանում է․ «/․․․/ընկալման ակտի մեջ տրված բազմազան տարրերի միասնությունն ի հայտ է գալիս այն նույն մակարդակի վրա, որում մենք ընկալում ենք նրա բազմազանությունը, այսինքն՝ ընկալման ակտի միասնությունը չի հաստատվում հետին թվով՝ ավելի բարձր մակարդակի ակտի միջոցով» [24]։ Հայդեգերը դա հիմնավորում է դեղին աթոռի օրինակով, ըստ որի՝ դեղին աթոռ տեսնելիս մարդը գիտնականի կեցվածքով չի արձանագրում, որ աթոռը դեղին է։ Նա նկատի է ունենում, որ այստեղ դեղին աթոռ կա։ Պատկերը չի ստեղծվում առարկայի և նրա որոշակի հատկության՝ առանձին գոյություն ունեցող տարրերի սինթեզման արդյունքում․ «Միասնությունը նախասկզբնական է․ աթոռի գոյությունն ի սկզբանե դեղին աթոռի գոյություն է, հատկությունների անջատումն արդեն երկրորդ կարգի ակտ է» [25]։ «/․․․/ակնհայտությունը նրա մոտ աղերսվում է ոչ թե ընկալման մեջ տրված առարկայի հատկությունների իմացությանը, այլ դրանց գոյությանն ինքնին, որովհետև իմացությունն ու գոյությունը համընկնում են միևնույն ակտի շրջանակներում» [26]։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ խոսքը ձևակերպում – հոդավորում է անմիջական ընկալումը։ Ի՞նչ դեր կարող է ունենալ լեզվի առանձնահատկությունը կամ կարո՞ղ է արդյոք որևէ դեր ունենալ։

«Ի՜նչ սիրուն, դեղին աթոռ է» ասույթում է-ն գործաբանական տեսակետից երեք վիճակ ունի՝ անշուշտ, պարզեցված և ընդհանրացված։ Կոշտություն-լարվածությունն ավելի բնորոշ է երկրորդ՝ միջին վիճակին, երբ առկա է լեզվի ընտրության հարցը՝ պայմանավորված լեզուն կիրառողի կրթական համեմատաբար բարձր մակարդակով և քերականական գրագիտությամբ։ Առաջին վիճակում է-ն պակաս կոշտ է։ Այստեղ հնարավոր է երկու ենթավիճակ՝ բնականություն, որ բարբառային կիրառության վիճակն է, և անանդրադարձ կրկնության (օրինակ՝ գրականության դասագրքում [27])։ Երրորդ վիճակում է-ի կիրառումը գիտակցված և կամային է․ այն նաև այդ կոշտության կիրառում է։ Երկրորդ և երրորդ վիճակներն է-ի հստակ տրոհման, դրա հետևանքով՝ կատեգորիալ հայեցողության տրոհման դեպքեր են՝ երկրորդում չգիտակցված, երրորդում՝ գիտակցված։

Ինչպե՞ս։

Ստորոգման գործողության ընդգծումը հավելյալ ուշադրություն է բևեռում ստորոգելիի և ստորոգման գործողության վրա։ Է-ի միջոցով ստորոգման գործողությունը միշտ իմաստաբանորեն ընդգծված է։ Է-ն հազվադեպ է իմաստաբանական տեսակետից պասիվ։ Եթե իմ այս դատողությունները դեռ վստահ վերագրություններ չեն է-ին, մասնավորապես կատեգորիալ հայեցողությունը տրոհելու առումով, եթե է-ն չի տրոհում կատեգորիալ հայեցողությունը, ապա առնվազն դրա բաղադրյալության ակնարկ է, որ մշտաներկա է առնվազն որպես ոճական հարց՝ Է-ո՞վ ասել, թե՞ ա-ով։ Է-ի կողմնակիությունը և կոշտությունը միշտ տրոհման թեկուզ ինտուիտիվ զգացողություն են ծնում։

Ավելին՝ «է» հանգույցի տրոհումն այնքան ուժգին է, որ կարծես տրոհում է նաև բուն ստորոգելիի հատկությունները (լրացումները), վերլուծական դարձնում դրանք, առանձնացնում, ընդգծում դրանց որոշակիությունը։ Սա է-ի գործաբանության հանգամանքների ազդեցությամբ է լինում, է-ի կիրառման ամենանգամյա հարցերի ազդեցությամբ, որ Է-ի միջոցով իմաստաբանական արժեք են ստանում։

Ասվածը մղում է Հայդեգերի նման ասելու, որ թեպետ աշխարհը մոռացել է գոյությունը, բայց գոյությունը շարունակում է ապրել մշակույթի ամենանվիրական տեղում՝ լեզվում։ Բայց նաև գայթակղություն է առաջանում ավելի հեռուն գնալ՝ գոյության տեսանելի, ինքն իրեն հայտնող բնույթը տեսնելու մեր է-ի մեջ՝ որպես ավելի հստակ և ավելի ուժեղ նշանի՝ քերականական-իմաստաբանական կառավարման ավելի մեծ ներուժով, ունակ ամեն անգամ տրոհելու ինքն իրեն և դրանով՝ նաև բոլոր վերագրությունները։

Իմ տեքստում Է-ի դիտարկումը որոշ չափով ներկայացավ նաև որպես գոյության և լեզվի հարաբերության հարց։ Լեզվի պայմանականությունը մասնավորացավ մինչև առանձին քերականական ձևի թելադրանք՝ գրական արևելահայերենում բայի սահմանական եղանակի ներկայի ժամանակաձևերի եզակի երրորդ դեմքի և բաղադրյալ ստորոգյալի եզակի երրորդ դեմքի կազմության բաղադրիչ է օժանդակ բայը։ Մտքումս, ուրեմն, միայն է-ի դեպքն է, բայց է-ի դեպքին ընդհանուր տեսակային անուն տվեցի՝ բնորոշելով որպես քերականական առանձնահատկության թելադրանք ճանաչողության գործընթացում։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք էլ երևան եկավ․ գործաբանական տեսակետից է-ն սերտորեն կապված է ոճի հետ, ոճական հարց է, և հենց ոճի միջնորդությամբ է քերականական «անմեղ» ձևը ճանաչողության եղանակ պայմանավորող արժեք ստանում։ Թե՞ է-ի դեպքը կարող էր առանձին քննարկվել՝ զանց առնելով ընդհանուր տեսակային պատճառի գոյության հարցը (գուցե որպես բացառիկ, գուցե պարզապես որպես էմպիրիկ փաստ՝ նախքան հնարավոր ընդհանրացումն ու համատեքստայնացումը)։ Մասամբ առկախեցի այս հարցը՝ չանելով վստահ և սպառիչ վերլուծություններ, բայց քննելով խնդիրն ըստ շարադրանքիս զարգացման թելադրանքների։ Տարբեր, հաճախ հակադիր և միմյանց քննադատող տեսությունների օգնությանը դիմեցի՝ փորձելով խնդիրս տարբեր կողմերից դիտել, իմացություններիս և կռահումներիս չափով որսալ հակասությունները և նկատել տալ դրանք։ Որևէ լեզվի առանձնահատկություններից մեկնարկող փիլիսոփայությունները նոր չեն մասնավորապես 20-րդ դարի կեսերից տեղի ունեցած լեզվական շրջադարձից ի վեր։ Ուրեմն՝ կիրառել հայերենի հերմենևտիկական պոտենցիալը, ինչպես շատ փիլիսոփաներ իրենց լեզուների հետ են վարվել։

Հղումներ և ծանոթագրություններ

  1. Տե՛ս Մ․ Կարապետյան, Հարցեր հայերենի մասին՝ տեղեկատվական առիթով (hetq.am) (11.01.21):
  2. Նույն տեղում։ 
  3. Տե՛ս նաև Մ․ Կարապետյան, Մշակույթ և մերձավորություն։ Մշակութային իրազեկվածությունը մեդիա-փորձի համատեքստում, ՎԷՄ համահայկական հանդես, 2016, Ը (ԺԴ) տարի, 2, 138-153 էջեր, Փնտրել հայերենը. «փողկապավո՞ր», թե՞ ավելի մարդկային լեզու – YouTube (06․02․21)։
  4. Վ․ Դեյքի բնութագրմամբ՝ մակրոկառուցվածքները բնորոշում են դիսկուրսն ամբողջությամբ կամ դրա մեծ հատվածներ։ Հասկացությունը ներմուծվել է, որպեսզի տրվի «դիսկուրսի գլոբալ բովանդակության և հետևաբար գլոբալ կապակցվածության վերացական իմաստաբանական նշանակությունը» (Տե՛ս Т. А. Ван Дейк, Язык. Познание. Коммуникация, М., Прогресс, 1989, с. 41)։
  5. Տե՛ս Т. А. Ван Дейк, указ. соч., с. 47.
  6. Т.А. ван Дейк, указ. соч., с. 14.
  7. Х. Г. Гадамер, Истина и метод, М., Прогресс, 1988, с. 510.
  8. Նույն տեղում։
  9. История философии: Запад-Россия-Восток, Книга четвертая: Философия XX века, Под ред. проф. Н. В. Мотрошиловой и проф. А. М. Руткевича, Греко-латинский кабинет Ю. А. Шичаляна, Москва 2000, с. 50.
  10. R. Mugerauer, Heidegger and Homecoming: The Leitmotif in the Later Writings, University of Toronto Press, 2008, p. 421.
  11. Ibidem.
  12. M. Heidegger, Gesamtausgabe, Band 13, Aus der Erfahrung des Denkens, Vittorio Klostermann, Frankfurt am Main, 1983,s. 146.
  13. Տե՛ս R. Mugerauer, Op. cit., p․ 446․
  14. Ibid, p. 447.
  15. Տե՛ս Ռ․ Իշխանյան, Թումանյանի լեզվի զարգացման ուղին, http://www.ysu.am/files/03R_Ishkhanyan.pdf (18․08․2020)։
  16. Տե՛ս Մ․ Կարապետյան, Երբ բարին ավելի բարի չէ, չարը՝ վերացական. մեդիալեզու և փորձ (hetq.am) (06.02.21):
  17. Տե՛ս Հ․ Բայադյան, Հարմարվողականության լեզուն (hetq.am) (30․01․21)։
  18. Տե՛ս В. А. Васильев, Лингвистический поворот в философии (cyberleninka.ru) (02.02.2021).
  19. М. В. Козлова, КОНЦЕПЦИЯ ПОЭТИЧЕСКОГО ЯЗЫКА В ГЕРМЕНЕВТИКЕ X.-Г. ГАДАМЕРА: ЯЗЫК КАК ОПЫТ МИРА (gramota.net) (07.02.21).
  20. Տե՛ս Х. Г. Гадамер, Истина и метод, с. 511.
  21. Հ. Թումանյան, Երկերի ժողովածու, հատ. IV, Էջ 419։
  22. Տե՛ս Д. А. Ольшанский, Собственный язык (в) философии Деррида | Anthropology
  23. И. Ильин, Постструктурализм, деконструктивизм, постмодернизм, Москва, Интрада, 1996, с.139.
  24. Ա․ Ոսկանյան, ՀԱՍԿԱՑՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ/ Դրվագներ փիլիսոփայական հերմենևտիտայի և կազմաքանդման պատմությունից, Եր․, ԵՊՀ հրատ․, 2015, Էջ 151։
  25. Նույն տեղում։
  26. Նույն տեղում։
  27. Ընդհանրապես գիտական տեքստում է-ն հաճախ սովորութացված է, պակաս կոշտ ու զատվող, ավելի ճիշտ՝ գործառական ոճերից գիտական ոճի բաղադրիչ է, ինչպես, ասենք, կանոնավոր շարադասությունը և հստակ կառույցը։ Է-ն այսինքն այս դեպքում կանոնավորության նշան և պայման է ի թիվս այլ պայմանների, որոնցից քիչ է զատվում:
Please follow and like us: