Արարչություն և պոեզիա. Միլթոն և Բլեյք/Վարդան Ջալոյան

Ամեն անգամ երբ թռիչք է տեղի ունենում արհեստական բանականության, գենետիկայի կամ այլ ասպարեզում, նոր գյուտը համեմատում են աստվածային արարչագործության հետ։

Ավանդական պատկերացումը համարում է, որ արարչությունը Աստծո գործն է, իսկ մարդունը ստեղծումն է։ Այդպես է համարում, օրինակ, սուրբ Բարսեղ Կեսարացին, համադրելով արվեստը և արարչությունը։ Արարչության հայկական միջնադարյան պատկերացումը հիմնվում է հենց սուրբ Բարսեղ Կեսարացու «Վեցօրյայի» վրա։

Աշխարհի արարչագործության մասին եկեղեցու հայրերը հայտնել են  երկու տեսակետ.

– Աշխարհը ստեղծվել է Աստծո կողմից միանգամից՝ ոչնչից, իսկ «վեցօրյան» փոխաբերություն է։

– Ի սկզբանե ստեղծված աշխարհից, ինչպես ծառի սերմից, առաջանում է ողջ տիեզերքը: Բայց դա առաջանում է ոչ ինքնաբերաբար, այլ որպես Աստծո ստեղծագործ վեցօրյա աշխարհաստեղծում։

Փաստորեն, բուն Արարչությունը ոչնչից նախանյութի ստեղծումն է, երկրորդը՝ «վեցօրյան» Աստծո ստեղծագործական աշխատանքն է, որը օրինակ է մարդու վեցօրյա աշխատանքային շաբաթի համար։ Հենց այս՝ ստեղծագործական աշխատանքով է, որ մարդը նման է Աստծոն։

Բայց ի՞նչ է Արարչության «ոչինչը»։ Միստիկ մտածող Յակոբ Բեմեն (Jakob Böhme; 1575 ֊ 1624) մտցնում է Ungrund՝ անհատակ խավար հասկացությունը, որը բոլոր գոյության սահմաններից դուրս բացարձակն է, սկզբունք, որը նախորդում է հենց գոյությանը, որը նա արտադրում է բացառապես անհատույց և պատահական ձևով։ Ungrund նշանակում է աստվածության անիմանալի խավարը և բացարձակ դատարկությունը, որից բխում է արարչագործության լույսը: 

Ըստ ժամանակակից ֆիզիկայի՝ տիեզերական դատարկությունում պատահականորեն ծագում են վիրտուալ մասնիկներ և անհետանում, հավանաբար այն կարելի է անվանել Ungrund, և այդ տեսության միջոցով փորձ է արվում տալ արարչության գիտական բացատրություն։ 

Այսօր, միտքը փորձ է անում դուրս գալ միակ Տեզերքի կաղապարից, և  որոշ աստվածաբաններ համարում են, որ Աստված «ստեղծում է աշխարհներ և կործանում դրանք, իսկ հետո նրանց ավերակներից ստեղծում նորերը»։ 

Արարչությունը կարելի է համարել մի գաղտնիք, որ հուզում է մարդկային հոգին, այն դեռ մնում է բանաստեղծական և ստեղծագործական ներշնչանքի աղբյուր։ 

Վերածննդի հանճարները սկիզբ դրեցին այն պատկերացմանը, որ մարդու ստեղծագործական ուժը կարող է մրցել աստվածային արարչության հետ։

Բայց այն՝ աստվածային արարչությունը, նախ պետք է տեսնել և ներկայացնել՝ վիզուալացնել։ Այսօր արարչության պատկերը մեզ փոխանցում է Միքելանջելոյի «Աշխարհի արարչությունը»։ «Աշխարհի արարումը» Սիքստինյան կապելլայի առաստաղին Միքելանջելո Բուոնարոտիի կողմից նկարված վիթխարի որմնանկարի մի մասն է: Նկատենք, որ Միքելանջելոն՝ ոչ միայն քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ, այլև հիանալի բանաստեղծ էր, Աստվածաշնչի զգայուն ընթերցող, ինչ-որ իմաստով աստվածաբան։ «Աշխարհի արարումը»  Ծննդոց գրքի պաթոսը մարմնավորված է այնքան բնական, համոզիչ և ազատ, որ վեցօրյայի ցանկացած այլ մեկնաբանություն անհնար է թվում:

Արարչության համատեքստում հատկապես էական է Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտ» էպիկական պոեմը (1667)։ Պոեմը պատմում է Ծննդոց գրքում նկարագրված մարդկային մեղսագործության, աշխարհի արարման, անլույս խավարում գտնվող դժոխքի ձևավորման և Քաոսի մասին։ Բուն արարչությունը պատմվում է յոթերրորդ գլխում։ 

Պոեմի առանցքային հերոսը Լյուցիֆեր֊Սատանան է, ողբերգական կերպար, որ մարմնավորում է ըմբոստության ոգին և ազատության ձգտումը, բայց լինելով չարության խտացում։

Ուիլյամ Բլեյքը «Դրախտի և դժոխքի ամուսնություն» գրքում գրում է. «Ուշադրություն դարձրեք, որ  բանտված Միլթոնը գրեց Աստծո և հրեշտակների մասին, իսկ ազատ Միլթոնը՝ Սատանայի և գեհենի մասին, որովհետև բնատուր բանաստեղծ էր և, առանց իմանալու, սատանայի կողմնակից»։ Ժամանակակից գրականագետ Հարոլդ Բլումը գրում է․ «Միլթոնի Աստծո մասին հաստատ կարելի է միայն ասել, որ նա ամբարտավան է, համոզված իր ճշտի մեջ և ինքնահավան, մինչդեռ Միլթոնի Քրիստոսը, ինչպես ես մի անգամ նշել եմ, պարզապես տանկային հարձակման հրամանատար է, մի տեսակ դրախտային Ռոմել կամ Փաթոն»:

Ուիլյամ Բլեյքը՝ մեծ բանաստեղծ և արվեստագետ, նաև աստվածաբան էր, որը սեփական դիցաբանություն է ստեղծել։ Բլեյքի նպատակը արարչության առասպելի նորացումն էր, մարմնավորված խորհրդանիշների համակարգում, որոնք կոչված են տեսանելի ձև տալ խուսափողականին, անտրամաբանականին, տարերայինին: 

Ուիլյամ Բլեյքի վաղ ստեղծագործությունները տոգորված են խռովության և ապստամբության ոգով և բողոք են դոգմատիկ կրոնի դեմ: Այս միտումը ակնառու է հատկապես է «Դրախտի և դժոխքի ամուսնությունը» գրքում, որտեղ Սատանան ըստ էության հերոս է, որը պայքարում է ինքնահռչակ ավտորիտար աստվածության դեմ:

Ուշ աշխատանքներում, ինչպիսիք են «Միլթոնը» և «Երուսաղեմը», Բլեյքը ներկայացնում է մարդկության յուրահատուկ տեսլական՝ փրկագնված անձնազոհությամբ և ներողամտությամբ՝ միաժամանակ ցույց տալով իր զզվանքը քրիստոնեության և նրա ավանդույթների նկատմամբ:

Այս և մյուս օրինակները դրդում են պնդելու, որ ամեն մի ճշմարիտ պոեզիա իր մեջ կրում է թաքուն աստվածաբանություն։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ երկուսն էլ դնում են իմաստի և գոյության սահմանային հարցերը։ Պոեզիան դա անում է միայն իրեն  հատուկ ձևով՝ լեզվի միջոցներով նորոգում է արարչությունը։ Թե ինչպիսի՞ն է այդ թաքուն աստվածաբանությունը ժամանակակից հայ գրականության մեջ, դեռևս մնում է քիչ ուսումնասիրված։ Բայց այդպիսի փորձ կարելի է համարել իմ հոդվածը Սուսաննա Հարությունյանի գրականության մասին։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *