Համբարձում Համբարձումյան/Սերժիկ, հեռացիր

Քայլում էր Սերժիկը «Լինսի հիմնադրամի» փողերով սալիկապատված Մաշտոցի պողոտայով ու սիրտը ափսոսանքից ճմլվում էր, որ այդքան կարճ ժամանակում սալիկները փչացել են, ինչը նշանակում էր, որ ցեմանտի փողը լափել են, անորակ գործ են արել, և որովհետև հայրենի իշխանավորներից ուրիշ բան չէր էլ սպասում, մտքում մեղադրում էր ազգային հերոս Քըրք Քըրքորյանին, որ փողը տվել է ու ձեռները լվացել, իշխանության գլխին կանգնած ավազակներին գործ է վստահել, չի հսկել ու վերահսկել։ Մեղադրում էր, բայց և գիտակցում, որ Ամերիկայից էստեղ այդ «մասնագետ» խաբեբաներին վերահսկելը պետք է որ դժվար լիներ, ու վերահսկելու գործը այստեղի բնակչությունը պետք է կատարեր, նրանց թվում և ինքը։ «Ուրեմ էդ մարդը համ փողը տա, համ էլ գա մեր գործն անի՞, սրանց ախորժակի հե՞տ կռիվ տա»,- մեղավորության ծանր զգացումով սրտնեղում էր Սերժիկը ու ամեն քայլափոխի, ամեն փշրված սալիկի հետ մեղքի զգացումը ավելի ու ավելի էր ծանրանում։

Մաշտոցի պողոտայով քայլում էր Սերժիկը, նայում իր մտածմունքներին անհաղորդ մարդկանց դեմքերին, այլանդակված շենքերի տձև ցուցափեղկերին, և օտարության զգացողությունը համակում էր նրան, բայց դա այն նույն զգացողությունը չէր, որ համակել էր նրան հինգ տարի առաջ Վիեննայում որդու մոտ հյուրնկալվելիս։ Այն ժամանակ նա օտար քաղաքում օտար էր զգում իրեն, բայց սիրտը չէր ճմլվում ափսոսանքից, և միայն տխրում էր, որ իր հարազատ քաղաքը այդքան խնամված ու պահպանված չի, իսկ հիմա, երբ արդեն հարազատ հողի ու քաղաքի օտարությունն էր զգում, նրա հոգին տակնուվրա էր լինում։ Սերժիկը զգում էր, որ որդու՝ իր մոտ տեղափոխվելու պարտադրանքը արդեն հայրենիքը լքելու ցանկության է վերածվում, և ամաչում էր այդ զգացողության համար։

Յուրաքանչուր հանրահավաքից առաջ համացանցում մարտի 1-ի դեպքերը և ոստիկանների մյուս վայրագությունները տեսած որդին Վիեննայից զանգահարում ու Սերժիկին խնդրում, հորդորում էր չգնալ հանրահավաքի: Արդեն քանի ամիս է՝ նա հորը կանչում էր Ավստրիա մշտական բնակության, բայց Սերժիկը ամեն անգամ մի պատճառ էր գտնում Հայաստանից մեկնելը հետաձգելու համար: Սերժիկի համար դժվար էր որդուն մերժելը, որովհետև կարոտել էր նրան, որովհեև նրա ուղարկած փողով էր ապրում: Մոտ հինգ տարի առաջ Սերժիկը ազատվեց աշխատանքից, որովհետև, ինչպես ինքն էր ասում՝ բութ ու շատակեր չէր։ Եվ հիմա, երբ տղան զանգում ու ասում էր, որ Հայաստանը ապրելու տեղ չի, Սերժիկը պատասխանում էր, որ շուտով իրավիճակ է փոխվելու, որ այլասերված համկարգն ու մթնոլորտը ջարդվելու է, բայց դրանք աննյութ բառեր էին Հայաստանից հեռացած որդու համար, իսկ գործնականում մթերքներների ու ծառայությունների գնաճը Սերժիկին ստիպում էր ավելի ու ավելի շատ ուզել, և եթե առաջ որդին ամսեկան հարյուր եվրո էր ուղարկում, հիմա երկու հարյուրն էլ չէր բավարարում իրեն ու կնոջը:

Մտամոլոր ու շփոթված՝ քայլում էր Սերժիկը, երբ նկատեց, որ Արամի փողոցին է հասնում և արագացրեց քայլերը, որ չտեսնի ավերված գեղեցիկ ճակատներով տների տեղում վեր բարձրացված անճաշակ բարձրահարկերը։ Բայց հնարավոր չէր մոռանալ դրանց կառուցման համար քանդված տների պատճառած խորը ափսոսանքը։ Սերժիկը քֆուրչի մարդ չէր, բայց չկարողացավ զսպել իրեն ու հավեսով քթի տակ հայհոյեց ՀՀ երկրորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին հին Երևանի ավերման հիմնական մեղավորն էր համարում։

Հեռախոսազանգի ձայն լսվեց: Սերժիկը մեքենայորեն ձեռքը գրպանը տարավ ու անմիջապես էլ հիշեց, որ որդու հետ ունեցած ծանր հեռախոսազրույցից հետո անջատել է հեռախոսը:
-Հա, տղա ջան: Հա, ստացա, մի րոպե առաջ եմ բանկից դուրս եկել:

Հեռախոսազանգին պատասխանող, մոտավորապես Սերժիկի տարիքի տղամարդը շտապ-շտապ քայլում էր առաջ՝ հետևում թողնելով նրան: Դրսից ուղարկած փողերով ապրող իր նման մեկին տեսնելով՝ Սերժիկը ջերմությամբ լցվեց ու հարազատություն զգաց այդ մարդու հանդեպ, որին առաջին անգամ էր տեսնում ¨ չէր ճանաչում, բայց շուտով հուսախաբ եղավ, որովհետև տղամարդը Պուշկինի խաչմերուկից ձախ թեքվեց, նշանակում է հանրահավաքի չէր գնում, նշանակում է հաշտվել էր իր ստորացված վիճակի հետ։

Նախքան հանրահավաքը շատ էին խոսում, որ վերջին ժամանակների ամենաբազմամարդ ու հզոր հանրահավաքն է լինելու, և Սերժիկը հանրահավքին այն հույսով էր գնում, որ ինչ-որ բան կփոխվի, ինչ-որ կտրուկ գործողություններ կարվեն, բայց հիմա տեսնում էր, որ պողոտայով ավելի շատ ներքև իջնող կար, քան թե դեպի Մատենադարան բարձրացող։ Մարդիկ, կանգառում հանգիստ կանգնած, տրանսպորտի էին սպասում։ Իրենց ապագայի հանդեպ անտարբեր մի քանի ջահել հռհռալով դեպի Սերժիկն էին քայլում։ Քաղաքի այդ հանգստությունը անհանգստացնում էր Սերժիկին։ «Ի՞նչ են մտածում էս լակոտները, ո՞ւր են սենց անհոգ քայլում։ Վաղը հերթը սրանց ա հասնելու, թողնելու են ու փախնեն, հետ էլ չեն նայելու»,-մտածում էր Սերժիկը և հանրահավաքի մասնակիցների քանակը շուտ տեսնելու մղումով ակամա արագացնում քայլերը։

Ազատության հրապարակը շրջապատված էր ոստիկաններով ու հատուկ ջոկատայիններով։ Սերժիկը նայում էր իշխանության սարքած այդ տունտունիկին և չգիտեր՝ լար, թե խնդար։ Սովորական, ոչ հանրահավաքային օրերին Սերժիկը հաճախ փողոցում մարդկանց էր տեսնում և փորձում կռահել՝ այդ մարդը հանրահավաքներին մասնակցող է, թե ոչ։ Գրեթե միշտ ճիշտ էր դուրս գալիս, որովհետև նրանց հետո տեսնում էր հանրահվաքներում, կամ Սարյանի արձանի մոտ։ Հանրահավաքներին մասնակցող մարդկանց աչքերը պարզ էին, հայացքները շիտակ, դեմքներին մտահոգություն կար, և հիմա էլ իր կողքով քայլող երիտասարդ կնոջն ու տղամարդուն տեսնելով՝ Սերժիկն անմիջապես նկատեց, որ հանրահավաքի են գնում։
-Բանից բեխաբար մի զբոսաշրջիկ տեսնի,-ասաց Սերժիկը,- կմտածի՝ հայերը դասական երաժշտության մեծ սիրահար են, օպերայի դռները ջարդում են, դրանց էլ շարել են, որ մոլի արվեստասեր հասարակությանը զսպեն։

Կինը ծիծաղեց, տղամարդը ջերմորեն ժպտաց։ Արդեն երևում էր Մատենադարանի մոտ հավաքված բազմությունը, որ ձգվում էր մինչև Համալսարանի հյուրատուն։ Սերժիկի անհանգստությունը անցավ, բայց շատ ավելի մեծ բազմություն էր այդ օրը սպասում տեսնել։

-Քիչ ենք,-ասաց։

-Հայրիկ ջան, մինչև պոնչիկանոց մարդ կա կանգնած, հլա մի բան էլ էս կողմ,- հակադարձեց երիտասարդ կինը։

-Էդ ի՞նչ ա, պետք ա հիմա մի միլիոն մարդ լիներ փողոցում։

Հանրահավաքի ժողովրդին կարոտել էր Սերժիկը։ Արևախանձ դեմքերով գյուղացիներ, անկաշառ ու ազնիվ մարդիկ, ոգևորված, պայծառ աչքերով ջահելներ, որոնցով հիանում էր, և՝ շարժման շնորհիվ երիտասարդացած ծերեր, որ ոչ միայն հանրահավաքներին են գալիս-կանգնում այլ նաև աշխուժորեն երթերին են մասնակցում։ Հնարավոր է, որ դա իր վերջին հանրահավաքն էր, և Սրժիկը հազիվ էր զսպում իրեն շրջապատող մարդկանց գրկելու ցանկությունը։ Եթե գնար, նրանց էր թողնելու իր անցյալն ու ապագան և նրանց ուսերին էր ծանրացնելու իր բաժին պայքարը։ Գնալը դավճանություն էր թվում Սերժիկին, բայց ոչ թե Հայաստանի կամ հայրենիքի հանդեպ կատարած դավաճանություն, այլ այն մարդկանց հանդեպ, որոնք մնալու են ու շարունակելու են պայքարել ավելի ազնիվ հասարակություն ու ավելի լավ պետություն ունենալու համար։

Շարժման առաջնորդները արդեն իրենց ասելիքը ասեցին, պահանջներ դրեցին իշխանության առաջ ու ժամանակ տվեցին դրանց կատարման համար, բայց Սերժիկը չուներ այդ ժամանակը։ Սերժիկը արյուն չէր ուզում և չէր ուզում, որ արյան գնով իշխանության եկած իշխանավորները արյան գնով էլ հեռանան։ Ի տրբերություն կտրուկ գործողություններ պահնջող իր հանրահավաքային որոշ ընկերների՝ Սերժիկը միշտ խաղաղ գործընթացների կողմակիցն էր եղել, բայց հիմա այդ գործընթացը նշանակում էր, որ ինքը դուրս է լինելու դրանից։ Այ եթե մի միլիոն մարդ դուրս գար փողոց, այդ ժամանակ թալանչի ու հանցագործ իշխանավորները սուսուփուս փախչելու էին, բայց չկար այդ մի միլիոն մարդը։

Հանրահավաքից հետո երթ եղավ։ Սերժիկի համար երթը միշտ ավելի կարևոր էր եղել, քան բուն հանրահավաքը, որովհետև եթե հանրահավաքի ժամանակ շարժման առաջնորդներն են խոսում, ապա երթի մեջ ժողովուրդն է խոսում։ Քայլող ոտքերի ձայնը, ինքնաբուխ վանկարկումները, շարժվող մարդկային զանգվածի անկոտրում թափը, որ արտահայտում է ժողովրդի՝ փոփոխությունների ցանկությունը այդ փոփոխություններին հասնելու կամքը, այն գիտակցումը, որ ինքը այդ զանգվածի բջիջներից մեկն է, միշտ ոգևորել էին Սերժիկին ու Հայաստանում մնալու, ապելու ու պայքարելու համար նոր լիցքեր էին տվել, բայց այդ օրը տխուր էր Սերժիկը։ Ոչ վանկարկումները, ոչ թմբուկների զարկը, ոչ երիտասարդների գլխավերևում թափահարվող եռագույնը չէին ուրախացնում նրա սիրտը։ Իր մտքում Սերժիկն արդեն կայացրել էր Վիեննա գնալու որոշումը։

«Սերժիկ մարդասպան, Սերժիկ Պզո» վանկարկում էին երթի մասնակցները, և Սերժիկին թվում էր, որ հիմա երթի մասնակիցները կթողնեն Սերժ Սարգսյանին ու կանցնեն իրեն՝ «Սերժիկ դավաճան, Սեր-ժիկ դա-վա-ճան»։ «Սերժիկ մարդասպան, Սերժիկ Պզո» վանկարկում էր ժողովուրդը, իսկ Սերժիկի կողքով քայլող ակտիվիստ կինը տարբեր վարիացիաներ էր անում՝ «Սերժիկ՝ Պզո, Սերժիկ՝ կազինո», և Սերժիկը սպասում էր, որ հիմա «Սերժիկ դավաճան, Սերժիկ նարկամանն» էլ կասի։ «Սերժիկ հեռացիր» գոռաց մի երիտասարդ, և երթի մասնակիցները սկսեցին «Սերժիկ հեռացիր» վանկարկել։ «Սերժիկ, հեռացիր, Հայաստանը մոռացիր»,¬ անմիջապես իր տարբերակը առաջարկեց Սերժիկի կողքով քայլող կինը։ Թվաց այդ խոսքերը հենց իրեն են ուղղված։ Տխուր ու մեղավոր՝ Սերժիկը նայեց այդ կնոջը։ Կինը ժպտում էր իր հանգավորած կատակի վրա, և նրա հայացքում հանդիմանանք չկար։

Սերժիկի առաջ տասերեք-տասչորս տարեկան երկու պատանի էին քայլում՝ իրար հրմշտելով, մրցելով, թե ով ավելի բարձր կգոռա։ Նրանցից մեկի հեռախոսին զանգ եկավ։ Նայեց հեռախոսի էկրանին ու շփոթված կողքինին ասեց.

-Վայ, մորս արև, հերս ա։ Իմացավ միտինգի եմ, գլուխս կջարդի։

Չորս կողմից «Սերժիկ, հեռացիր» էին գոռում, և որպեսզի հայրը չլսի երթի մասնակիցների ձայները, պատանին բաճկոնը քաշեց գլխին, կորավ բաճկոնի մեջ ու սկսեց հոր հետ խոսել։ Սերժիկի աչքերը հոզմունքից թրջվեցին. «Ուրեմն էս լակոտը հորից թաքուն հանրահավաքի ա եկել, ուրեմն հաստավիզ ու գոնչագլուխ անասունները դեռ լրիվ չեն փչացրել մեր երեխեքին, ուրեմն ես երկիրը դեռ ապագա ունի» ։ Ջահելը հորը խաբեց, պրծավ և ուրախ միացավ վանկարկողներին՝«Սերժիկ, հեռացիր, Սերժիկ, հեռացիր»։ «Սերժիկ, հեռացիր»,¬ շատ բարձր, պատանեկան խանդավառությամբ գոռաց ու պատանիների հետ մրցման մեջ մտավ Սերժիկը։ Ջահելները շրջվեցին, նայեցին Սերժիկին ու, մարտահրավերը ընդունելով, սկսեցին ավելի ու ավելի բարձր գոռալ։

«Սերժիկ, հեռացիր, Սերժիկ, հեռացիր»,¬ վանկարկում ու պահանջում էր Սերժիկը, որովհետև եթե նա չգնար, ինքն էր ստիպված լինելու գնալ, որովհետև նրա գնալը իր մնալու պայմանն էր։

Please follow and like us: