(Հատված «Մեղրամիս» վեպից)
– Աշխարհը կլոր է,- լրջորեն առարկեց Սամուր-Օղլին,- այնպես որ աշխարհի
կենտրոնը հավատքի հարց է, իսկ ավելի ճիշտ՝ պայմանավորվածության։
Բարբարա Ֆրիշմուտ, «Հասունացման ժամանակը»
Ժամը երեքին հանդիպելու էինք Բարբարա Ֆրիշմուտին՝ ընթերցումից առաջ նախապես ծանոթանալու, զրուցելու, մտքեր փոխանակելու համար։ Մինչ այդ ունեինք մեկ-երկու ժամ։ Մի քիչ հանգստանալու պատրվակով Հերբերտից պոկվեցինք, գնացինք տուն՝ լվերի դեմ պայքարը շարունակելու համար։ Առավոտից լվերի կենցաղում ինչ-որ ակտիվություն էինք նկատել։ Մինչև ուշ կեսգիշեր տանը չէինք լինելու, հետևաբար տունը կարող էր հնարավորինս երկար մնալ թույնեի ազդեցության տակ։
Դիխլաֆոս փչելը արդեն կրոնական ծեսի պես մի բան էր դարձել, որը չկատարելու դեպքում ինչ-որ տարօրինակ անհարմարավետություն էինք զգում, ասես կատարած չլինեինք մեր պարտքը հայրենիքի առաջ։ Բոլոր այդ միջոցառումներում նույնիսկ ինչ-որ հաճելի բան կար՝ ոչ այն իմաստով, որ անցավ ձեր մտքով, մենք պարզապես պայքարում էինք և զգոն էինք ամեն վայրկյան, այսինքն՝ լավ մարտավիճակում էինք, իսկ դա միշտ ավելի լավ է, քան պայքարի թիրախ, պայքար և դիմադրողականություն չունենալը, ինչը հատկապես ակնհայտ է հիմա՝ սույն դեպքերից երեք տարի անց, երբ համաժողովրդական շարժումը, որի մասին գրել էի, իսպառ մարեց՝ տհաճ համ թողնելով պայքարող մարդկանց հոգիներում։ Իհարկե, այդ պայքարը հյուծում էր մեզ, բայց հաստատ ոչ ավելի, քան գիտակցությունը, թե հնարավոր է մեզ մեղադրեն մեր փոքրիկ հայրենիքից լվեր բերելու և եվրոպական աշխարահամասով տարածելու համար։ Այսինքն՝ մենք պատրաստ էինք թեկուզ ամեն վայրկյան շնչել միջատասպան նյութերի հոտը ու զգալ դրանց հետազդեցությունը միաժամանակ, միայն թե լվերը վերանային։ Գլխավոր խնդիրն այն էր, որ դրանք չէին վերանում։
Հերբերտն ու Բարբարան սպասում էին մեզ մի պստիկ ավստրիական պանդոկում, ուր մենք հասանք փոքր-ինչ ուշացումով, ոտքերը դժվարությամբ շարժելով՝ մի կողմից երկար քայլելւց, մյուս կողմից դիխլաֆոսային «լոմկաներից»։
Բարբարա Ֆրիշմուտը՝ ավստրիական գրականության կարկառուն վարպետը, մի երիտասարդ, խնամված տատիկ էր՝ շատ բարեկիրթ շարժուձևով, հագնված շատ զուսպ, առանց ավելորդությունների։ Ձեռքի տակ ունենալով Հերբերտին իբրև թարգմանիչ և անհոգ լինելով, թե թարգմանության ընթացքում մեր մտքերը մասամբ կարող են կորսվել, մենք գործնական եռանդով անցանք Հայաստանի ու հայ ժողովրդի մասին մեր ճանաչողական բնույթի պատմությանը, որը եկած օրից պատմում էինք հանդիպած մարդկանց և որը օրեցօր հագենում էր նորանոր դետալներով, գեղարվեստական երանգներով, պատկերավոր համեմատություններով, պարաբոլաներով և ձեռք էր բերում էպիկական երանգ։ Ըստ էության դա մի առանձին բանավոր պատմվածք էր՝ իմ ու Համբարձումի համատեղ հեղինակմամբ, որը ինչպես բանահյուսության ցանկացած դրսևորում զարգանում էր ու փոփոխվում՝ հարստանալով հայ ժողովրդին ու նրա պատմությանը անհայտ ենթադրություններով, վարկածներով, բացահայտումներով ու մեկնաբանություններով։ Բարբարա Ֆրիշմուտի դեմքին, սակայն, առանձնակի հետաքրքրվածություն չէինք նկատում. նա թուրքագետ է, 77 թվին եղել էր Հայաստանում, և ըստ ամենայնի համարում էր, որ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին գիտի ավելին, քան պետք է։ Բացի այդ, մեր էպիկական պատումը, որը զերծ չէր փառաբանական երանգներից, ակնհայտորեն հաճո չէր նրա՝ հին կայսրության ժառանգորդի ունկին։ Մասնավորապես, երբ մենք ներկայացնում էին Հայ Առաքելական եկեղեցու բացառիկությունը և պատմում, որ մեր եկեղեցու հայրերը մասնակցել են ընդամենը երեք տիեզերական ժողովի և ի տարբերություն շուրջ երկու տասնյակ տիեզերական ժողովներ տեսած կաթոլիկ եկեղեցու՝ հինգերորդ դարից այս կողմ մեր եկեղեցին դավանաբանական և ծիսակարգային առումներով փոփոխություն չի կրել ու ինչ-որ առումով թանգարանային նմուշ է՝ այդ փաստը ներկայացնելով որպես առավելություն, նա չդիմացավ և նրբանկատորեն եզրափակեց մեր զրույցը. «Կաթոլիկներն իրենք են տիեզերաժողովներ նախաձեռնում»։ Նա ավելի շատ ցանկանում էր ծանոթանալ մեզ հետ, քան մեր երկրի ու ժողովրդի, և մենք սահուն անցանք մեր ստեղծագործություններին ու ծրագրերին։ Ցավոք մենք այդ ժամանակ չէինք հաջողել գտնել նրա ստեղծագործությունները և ծանոթանալ դրանց, մեր պատկերացումները նրա անցած ուղու և ստեղծագործությունների մասին հանրագիտարանային էին՝ քաղված հիմնականում Վիքիպեդիայից։ Մենք գիտեինք, որ նրան հռչակ էր բերել «Սոֆի Զիլբերի միստիֆիկացիաները» վեպը, որը նա գրել էր յոթանասնականների վերջին և որի մասին առանձնահատուկ քնքշանքով էր խոսում։ Հետագայում ես կարդացի այդ հաքիաթային պատումը, որտեղ մարդկանց կենցաղով ապրող էլֆերի, փերիների և այլ զանազան հեքիաթային ու բանահյուսական կերպարների կողքին իր մարդկային տխրությամբ ու մենակությամբ լի կյանքն էր հանրագումարի բերում գավառական դերասանուհին։ Գրքի առթիվ գրված տարբեր գրախոսություններում նշված էր, որ վեպը երկխոսության մեջ է ավստրիական դասական գրականության ավանդույթի հետ, բայց ես քաջատեղյակ չէի այդ ավանդույթին և առանձնապես չտպավորվեցի գրքի գաղափարից, թեպետ կատարումը բավականին հաջող էր։ Էլֆերի, ջրային ոգիների ու փերիների կյանքի դրվագները «թռնելով» էի կարդում, իսկ Սոֆի Զիլբերի անձնական հուշերը՝ կապված իր նախկին սիրածների և մոր սիրեցյալի կամ ավելի ճիշտ՝ խորթ հոր հետ, կարդում էի հափշտակությամբ։ Որ Ֆրիշմուտը գրի վարպետ է, կարողանում է պահել անհրաժեշտ լարվածությունը ու ստիպել ընթերցողին գիրքը կարդալ մինչև վերջ, եթե նույնիսկ գիրքն առանձնապես ընթերցողի ճաշակով չէ, համոզվեցի, երբ կարդացի նրա՝ առավել հասուն տարիքում գրած «Հասունացման ժամանակ» վեպը։ Ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում գրված այդ ստեղծագործությունը կառուցված է կոդավորված և վեպի շրջանակներում այդպես էլ չվերծանված նամակագրության շուրջ։ Նամակագրություն, որ իբր գոյություն է ունեցել, և շատ հնարավոր է, որ ունեցել է 16-րդ դարի թուրք դերվիշ, միստիկ բանաստեղծ, հերետիկոս Նասիմիի և 13-րդ դարում ապրած, Ավստրիայում լեյսլինգյան մենաստանը հիմնած միանձնուհու՝ Վենդելգարդ ֆոն Լեյսլինգի միջև, որ նույնպես հայտնի էր իր կրոնական անջատողական հայացքներով։ Չնայած արտաքին լրջությանը, որով գրողը պատմում է տարբեր դարերում ապրած մարդկանց միջև նամակագրության հնարավորության մասին և նկարագրում դրանով հետաքրքրված գիտնականների փնտրտուքները, վեպում կա հազիվ նշմարվող իրոնիա, որի շնորհիվ այն ձեռք է բերում որոշ պարոդիականություն՝ պսևդո-ինտելեկտուալ դետեկտիվների նկատմամբ։ Սակայն Ֆրիշմուտն անում է դա պոստմոդեռնիստական նրբանկատությամբ՝ չխախտելով քաղաքավարության սահմանը, չվիրավորելով այսպես կոչված «մերձգրական» ժանրի ներկայացուցիչներին, երբեմն թվում է՝ պարզամտորեն, առանց որևէ հետին մտքի պարզապես սովորելով նրանցից։ Վեպը հագեցած է միստիկական նշաններով, խորհրդանիշներով, ժամանակակից բանահյուսության տարրերով, ինչպիսիք են, ասենք, նացիստական գանձերի որոնումները և այլն։ Ինձ համար այս վեպում ամենահետաքրքիրն այն էր, որ գրողը հանդես էր գալիս թուրքագետի դիրքերից՝ արտահայտելով իր սերը թուրք ժողովրդի, Թուրքիայի, թուրքական մշակույթի հանդեպ։ Եվ քանի որ սերը զրկում է մարդուն աշխարհը օբյեկտիվորեն ընկալելու հնարավորությունից, ստիպում սիրած էակին վերագրել հատկանիշներ, որոնցից նա զուրկ է, կամ նվաճումներ, որոնք նա իրականում չունի, Բարբարա Ֆրիշմուտը երբեմն չափն անցնում էր՝ ոչ շատ, իհարկե, մի թեթև, էլի չափի մեջ։ Նրա զանցանքներից է, օրինակ, հիրիկի հայկական էնդեմիկ տեսակ Iris elegantissima-ին կամ Նրբագեղ հիրիկին թուրքական ծագում վերագրելը։ Վեպի ամբողջ ընթացքում նա խոսում է հիրիկի այդ տեսակից, որը Վինդելգարդի խորհրդանիշն է։ Հավանաբար իր ուսանողական տարիների կարոտից, որ անցել էին Էրզրումում, նա պատվիրում է իր պարտեզի համար հիրիկի այս տեսակը և դրա առաքումը Թուրքիայից համընկնում է այդ նամակների ձեռքբերման հետ միանգամայն պատահական եղանակով։ Բարբարան նշում է, որ իրեն այդպես էլ բախտ չվիճակվեց հանդիպել Iris elegantissima-ին Թուրքիայում սովորելու և այնուհետև երկար շրջագայելու տարիներին։ Եվ դա զարմանալի չէ, եթե հավատանք հայկական ծաղկաբուծական գրականությանը, որ մեր տանը կա մեծ առատությամբ, քանի որ ծնողներս ագրոնոմներ են, իսկ մայրս նաև մեծ սեր ունի ծաղկաբուծության հանդեպ։ Այդ գրքերից մի քանիսում հատուկ նշված էր, որ հիրիկի սույն տեսակը Հայաստանից դուրս բնության մեջ չի հանդիպում։ Ակնհայտ է, որ Ֆրիշմուտը դա գիտի, ու էնքան մեծամիտ չէ, որ կարծի, թե մյուսները կարող է և չիմանան, ոչ էլ էնքան անազնիվ, որ մինչև վերջ պաշտպանի այս հիրիկի՝ թուրքակական բնաշխարհին պատակենլությունը։ Նա ապահովագրում է իրեն՝ վասն ճշմարտության մի տեղ նաեւ նշելով, որ այդ տեսակը հանդիպում է նաև Հայաստանում, բայց անմիջապես էլ ավելացնում է, թե նաև Հայաստան կատարած կարճատև ուղևորության ընթացքում իրեն չհաջողվեց գտնել այս ծաղիկը։ Դե ինչ, հավանաբար ուղևորությունն է շատ կարճ եղել ու հագեցած զանազան գրական-գեղարվեստական միջոցառումներով, որոնք ժամանակ չեն թողել հայկական սարերն ու ձորերը սանրելու համար։ Իսկ ավելի հավանական է, որ սա ընդամենը փոխաբերական ակնարկ էր, թե Արևելքի հարստության մասին չգիտեն իրենք՝ արևելքցիները, որ հնարավոր է նրանք չունեն էլ այդպիսի հարստություններ, և միայն Արևմուտքի մարդիկ են ունակ տեսնել դրանք, ուռճացնել, պետք եղած դեպքում հորինել, գնահատել ու փայփայել՝ իրենց թանկագին Ուրիշին՝ մեզ ուսումնասիրողները, մեզ ճանաչողաբար սիրողները։
Բարբարա Ֆրիշմուտի՝ մեծ պրոֆեսիոնալզմով գրված ինտելեկտուալ դետեկտիվը ստիպեց ինձ մի այլ հետաքննություն սկսել։ Բանն այն է, որ ռուսերեն թարգմանության մեջ դերվիշի անունը Նեզիմի էր, և ոչ ինտերնետի անսահման աշխարհում, ոչ հանրագիտարաններում չկարողացա գտնել այդ անունով մեկին, սակայն վստահ էի, որ խոսքը իրականում գոյություն ունեցած կերպարի մասին է։ Գուգլը իմ որոնումներին ի պատասխան համառորեն առաջարկում էր Նիզամիին՝ Նիզամի Գյանջևիին, որն ապրել է 12-րդ դարում։ Ռուսալեզու Վիքիպեդիայում, ինչպես նաև Հայաստանի Սովետական հանրագիտարանում նա նշված է որպես ադրբեջանցի բանաստեղծ, որը մեծապես ազդել է ադրբեջանական գրականության վրա։ Այսինքն Ադրբեջանը, որի մասին ըստ Զորի Բալայանի՝ Պուտինին հասցեագրված նամակի քսաներորդ դարի սկզբի հանրագիտարաններում չկար ոչ մի այլ տեղեկություն, բացի նրանից, որ այն Իրանի հյուսիսային շրջանն է, ունի առնվազն ինը դարի գիր ու գրականություն։ Պատճառն այն է, որ Նիզամին ծնվել է Գանձակում, որը մտնում էր Իրանի տարածքի մեջ։ Անգլիալեզու ռեսուրսներում նույնպես Նիզամին հիշատակվում էր որպես թուրք (ադրբեջանցի) բանաստեղծ, որը ստեղծագործել է թուրքերեն, պարսկերեն ու արաբերեն։ Հետագայում իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ այս հարցը քննարկելիս իմացա, որ Նիզամին թուրքերեն ոչ մի բառ չի գրել, դա ընդամենը թուրք-ադրբեջանական զեղծարարությունն է և կազմակերպված քարոզչություն՝ Նիզամիին սեփականացնելու։ «Ընդհանրապես թուրքագիտությունը այլ բան չէ, քան զեղծարարության գիտություն»,- ասաց Էմման։
Ի վերջո իմ պասիվ հիշողության մեջ առկայծող ինչ-որ բան, որ այնտեղ հայտնվել էր Գեղարվեստի Ակադեմիայում ստացած իսլամի մշակույթի կարճ դասընթացից, հուշեց ինձ, որ հարցը անվան սխալ թարգմանության մեջ է։ Ես գտա Նասիմիին՝ այն միստիկ դերվիշին, որի մասին գրել է Բարբարա Ֆրիշմուտը։ Անգլիալեզու ռեսուրսներում նա հիշատակվում է որպես թուրք բանաստեղծ՝ ծնված Բաղդադի մոտակայքում գտնվող Նեսիմ բնակավայրում և մաշկահանությամբ մահապատժի ենթարկված Հալեպում։ Մինչդեռ ռուսալեզու ռեսուրսներում՝ թե Վիքիպեդիաներում, թե Սովետական հանրագիտարանում նույն պատկերն էր, ինչ Նիզամիի դեպքում՝ սա էլ է համարվում ադրբեջանցի բանաստեղծ։ Նույնիսկ որպես ծննդյան վայր նշվել էր Ադրբեջանի տարածքում գտնվող Շամախին, մինչդեռ նույն Էմմա Բեգիջանյանի պնդմամբ ներկայիս Ադրբեջանի տարածքում Նասիմին երբեք չի ապրել, թեպետ ի տարբերություն Նիզամիի գրել է ոչ միայն պարսկերեն ու արաբերեն, այլ նաև ադրբեջաներեն։ «Բայց խոսքը վերաբերում է Իրանի տարածքում Թավրիզ կենտրոնով ձևավորված թուրքական Ակկակուանլու ցեղի ֆեոդալական փոքր իշխանություններին, որոնք էլ Իրանի Ադրբեջան նահանգին պարտադրեցին իրենց լեզուն»,- ասաց Էմման։ Սակայն ադրբեջանցիները հավանաբար խորհրդային իշխանության թույլտվությամբ շատ հեռու են գնացել այս հարցում դեռ խորհրդային տարիներին. ռեժիսոր Հասան Սեյդբեյլին ֆիլմ է նկարահանել նրա մասին, իսկ կոմկուսի առաջին քարտուղար Հեյդար Ալիևը 70-ականներին այցելել է Հալեպ՝ Նասիմիի գերեզմանին՝ որպես իրենց ազգային բանաստեղծի։ Բարբարա Ֆրիշմուտը անշուշտ այս պատմությունը գիտի ու նաև ակնարկել էր Նասիմիի ադրբեջանական ծագման վարկածի մասին։ Սակայն նրա խնդիրը թուրքագիտության՝ քարոզչական նպատակներով արվող զեղծարարությունները մերկացնելը չի, այլ եթե կուզեք՝ դրանք հաստատելը։ Նրա նպատակն էր ցույց տալ, որ թուրքը նույնքան մշակութային է, որքան եվրոպացին, որ թուրքը եվրոպացի է, որ Թուրքիան Արևմուտքին կապված է ամուր կապերով և վաղուցվանից՝ չնայած եվրոպական ու թուրքական ժամանակներում առկա անախրոնիզմին։ Որ այդ կապը ընդամենը գաղտնագրված է, ու պետք է այն վերծանել։
Նրա նպատակն էր ասել այն, ինչ նա ասում էր իր վեպում իր իսկ բերանով նամակագրության վերծանությամբ հետաքրքրված ավստրիացի գիտնականին, որը հանդգնել էր ոչ էնքան նրբանկատ արտահայտվել խնդրո առարկա Թուրքիայի հասցեին. «Ես հիշեցրի նրան, որ Թուրքիան երբեք չի եղել գաղութ, որ այն կոչվել է կայսրություն՝ Օսմանյան, և նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ նրան սպառնում էր տրոհումը մրցակից գերտերությունների կողմից, նա հաղթահարեց բոլոր փորձանքներն ու վշտերը և դարձավ անկախ պետություն՝ եվրոպական պետությունների նման»։
Բարբարա Ֆրիշմուտն, իհարկե, իր «Հասունացման ժամանակը» վեպում հարկ չէր համարել գոնե մի բառով հիշատակել, որ Թուրքան այդ ամենն արեց միլինոավոր հայերի արյան ու արցունքների գնով՝ զրկելով նրանց կամ կյանքից, կամ հայրենիքից, կամ ազգային ինքնությունից, և բնավ պարզ չէ, թե այդ զրկանքներից որն է ավելի սարսափելի։ Նա ոչ մի տեղ չէր հիշատակել, որ սույն դեպքերի ժամանակ Թուրքիայում թուրք բնակչությունը հինգ միլիոն էր, իսկ հայ բնակչությունը՝ երեք, որ հիմա թուրքերի քանակը առնվազն տասն անգամ աճել է, իսկ ամբողջ աշխարհի հայերինը՝ ոչ ավելի, քան երեք անգամ։ Այսինքն, Թուրքիան կայացել է որպես հարգանքի և հիացմունքի արժանի պետություն՝ ոչնչացնելով հայոց ցեղը ոչ միայն պատմական ներկայում, այլև ապագայում։ Որ ցեղասպանությունից հետո աշխարհով սփռված ինը միլիոն հայերից միայն երկու միլիոնն են ապրում Հայաստանում, և դրանից մի քիչ ավելին են, որ հաջողել են պահպանել ազգային ինքնությունը, լեզուն, և մեծ մասը ենթարկվել է անխուսափելի ուծացման։ Որ Թուրքիան ոչ միայն զրկել է մարդկանց իրենց հայրենիքից և ստիպել դեգերել աշխարհով մեկ, այլև այսօր էլ շարունակում է հայոց ցեղասպանությունը նոր մեթոդներով՝ չընդունելով ցեղասպանության փաստը, հայերին պահելով նոր բնաջնջման հավանականության սարսափի մեջ, իսկ Հայաստանը՝ շրջափակման մեջ՝ այդպիսով ազդելով նրա տնտեսության զարգացման, նրա վարած արտաքին քաղաքականության վրա, նրա՝ քաղաքական ուղենիշների ընտրության վրա և նպաստելով այդ ամենի հետևանքով առաջացած տնտեսական ու քաղաքական ճգնաժամին ու դրանով պայմանավորված արտագաղթի ահագնացող տեմպերին։ Թուրքիան ցեղասպանել է հայերին մի դար առաջ և այսօր չի թողնում նրանց ապրել, բայց նման բաներից խոսելը Բարբարա Ֆրիշմուտի խնդիրը չէ, որովհետև նա Նոբելյան մրցանակի հավակնող թուրք գրող չէ Օրհան Փամուկի նման։
Այստեղ է, որ առաջ է գալիս գրականության ու ճշմարտության բարդ փոխհարաբերությունների հարցը։ Ճմարտությունն ասելը իրավունքի հարց է։ Ամեն մեկը չէ, որ իրավունք ունի ասել ճշմարտությունը, և ամեն մեկի շուրթերից չէ, որ ճշմարտությունը կարող է համոզիչ և ճշմարտանման հնչել։ Ու խոսքը բնավ տաղանդին, մեծությանը կամ հեղնակությանը չի վերաբերում։ Այդ իրավունքն ըստ էության չի էլ վաստակվում, այլ տրված է այս կամ այն ազգությունը կամ քաղաքացիությունը ունենալու փաստով։ Փամուկի դեպքում միայն մեկ նախադասությունը՝ թե ո՞ւր են հազարավոր հայերը, որ ապրում էին Անատոլիայում, որակվեց որպես անօրինակ սխրանք և արժեցավ մի ամբողջ Նոբելյան։ Մի որևէ հայ գրողի դեպքում դա ամենևին սխրանք չի լինի, հակառակը՝ դա կտեղավորի նրան ազգայնական այն նույն դիրքերում, որոնցում գտնվում են Թուրքիայում ցեղասպանությունը հերքող մտավորականները։ Փամուկի սխրանքը կրկնելու նպատակով ի դեպ մի խումբ հայ գրողներ, որ ապրում են Հայաստանից դուրս և իրենց կոչում են վտարանդի, հայերին մեղադրում են ադրբեջանցիներին ցեղասպանելու համար, թեպետ բազմաթիվ վկայություններ կան, որ Խոջալուում մսխեթցի թուրքերին հայերի թողած մարդասիրական ուղու վրա գնդակահաել են հենց Ադրբեջանի իշխանությունները։ Պրիմիտիվ ժեստ՝ հասցեագրված գրականության ու ճշմարտության հարաբերակցության մասին կեղծ պատկերացումներով առաջնորդվող և այդ պատկերացումները հանրությանը պարտադրող Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեին։ Ընդհանրապես, լավ գրողը, ազնիվ գրողը, ճշմարտության դեմքին արիաբար նայող, ճշմարտության բազմաթիվ դիմակները պատռող գրողը Նոբելյան ստանալու գործ չունի, ինչպես չի կարող Նոբելյան ստանալ, ասենք, Միլան Կունդերան։ Բարբարա Ֆրիշմուտը նույպես Նոբելյանի հավակնորդ չէ, բայց ոչ այն պատճառով, որ քաջաբար նայում է ճշմարտության դեմքին ու ունակ է պատռել ինչ-որ դիմակներ։ Նա ոչ այնքան ազնիվ, որքան պարկեշտ ու համեստ է, իսկ սխրանք կատարելը՝ նույնիսկ կեղծ սխրանք, անհամեստության լուրջ քանակություն է պահանջում, էլ չասած, որ սխրանք կատարելու իր հնարավորությունները խիստ սահմանափակ են եվրոպացի գրող ու թուրքագետ լինելու հանգամանքով։ Թեկուզ ոչ թե իր, այլ իր զրուցակիցների անունից ցեղասպանության մասին խոսելը կլիներ դավաճանություն այն ժողովրդի հանդեպ, որին ինքը ճանաչողաբար սիրում է ու սիրով ճանաչում, բացի այդ կլիներ ոչ այնքան առաջադեմ գրողական դիրքորոշում, քանի որ հայոց ցեղասպանությունը Եվրոպան դարձրել է մտրակ Թուրքիայի նկատմամբ, որը գործածում է, երբ կարիք է լինում։ Բայց անպատասխան է մնում հարցը, թե ո՞ւր են այն ոչ թե հազարավոր, այլ երեք միլիոն հայերը, որ ապրում էին Թուրքիայում քսաներորդ դարասկզբին։ Կարևոր չէ, որ ճշմարտությունը անպաշտպան, հարաբերական ու վիճարկելի է։ Կարևորը մեր դիրքորոշումներն են։ Ճշմարտությունը հավատի, իսկ ավելի ճիշտ՝ պայմանավորվածության հարց է։