Մարիամ Կարապետյան/Պատերազմի օրերին եւ հետո

***

Աշունն առաջ չի գնում,
որքան էլ հին պատերազմը մաշվում է․․․
Ոչ մի պատկերացում նրանց գնալու և գալու մասին․․․
Ինչ որ ճանապարհի մասին վարորդները գիտեն,
հանգստություն չի բերում․․․
Այս օրերը մինչև վերջ են տևում․․․
․․․
Ամեն ինչ իրիկուններին հավելեցինք․
մարդկանց պատմություններին՝ գայլերը․․․

Հարսնյակը

Ավելի հավաստի է իրիկունը․
առավոտից իրար շուրջ ենք․
պատերազմի մարդիկ, խաղաղ օրերի մարդիկ…
Երկար եմ մեր տանը քայլում։
Շոկոլադ ես բերել մեր տուն՝ բոժոժ ինձ համար՝
բացարձակապես անպետք
պատերազմի օրերին․․․

Նպաստավոր բնագիծ

Անհարմար բառեր բերեց պատերազմը․
ինքնաթիռների ձայնը բարձր է, երբ գալիս են։
Ի՞նչ կգրեն այս մարդիկ իրենց էջերում,
երբ առանձին-առանձին տառապեն։
Իսկ ո՞վ կարթնացնի քնածներին,
որ պատերազմից են հեռու։
Ոչինչ չեն իմանա պատերազմի մասին,
եթե չասեն․․․

***

Լույսը մոտ է ողջ գիշեր արթուններին
և լուրերով է գալիս․
ցածր տների Բեթղեհեմը․․․
Ոմանք պատմում են, թե ինչ է լինում,
բոլոր տների կողմն են տանում․․․
Հեռվից եկողների ասածը՝
հնարավոր վայրերի մասին և պատճառների․․․
Մարդիկ՝ մինչև վերջին գիշերը մտերիմ,
և նրանք հերիք չեն լինի․․․

***

Համր եմ։
Ծառերի մասին չեմ խոսում, ոչ մի սրբի ծառի։
Հերթով հասնում եմ բոլոր դատարկ տեղերը,
որտեղ որ հասնելով եմ երերում․․․
Ես քիչ-քիչ պատերազմից եմ հեռանում․․․

***

Վե՛ր առ
այս դատարկ տեղերը՝
պատշաճ և տեղավորված
բազմոցից բազմոց։
Ողջից ողջ են անցնում
դատարկ տեղերը։
Բացմոցից բազմոց․․․

Մենք, որ հաղթելու էինք

Պատրաստ տեղ հասանք
և մինչև վերջին պարզ գիշերը
նահանջեցինք։
Երերում եմ, ինչպես իմ ծանոթները․
ով որ շնորհակալ է,
արագ է առաջ ընկնում․․․
Այնպես բա՜րձր էինք իրար փառավորում․․․
Հնարավոր մարդիկ՝ թանձր,
ինչպես հետ եկածները,
շնորհակալ, ինչպես ես․․․

Քարվաճառի տունը

-Ո՞ր կողմից ես, դիրքապա՛հ, արագ սառչում են քո կողմերը,-
ձայն եմ տալիս։ Մի մարդ է կռվից դառնում, և նրան չեն պակասում
ծանոթները։ Երբ ճանաչում եմ, ձայն եմ տալիս․․․
Այսօր հեշտ եմ հասնում մարդկանց․ բոլորի գալուստները պատրաստել եմ։
Իրար դանդաղ ենք որսում, իրար զրկում ենք զվարճությունից․․
Դանդաղ տեսնողներին տարբերում եմ. նրանք լավ են պատմում․
համախոհներ՝ ազատ խոսում ենք կեսից․․․
Հեշտ, անուններն առաջ՝ մեր տեսածները, որ արդեն հնացել են․․․
Միայն մի քանի եթե՝ ինչպես նախորդ օրը, դատարկ ․․․
Ընդհանուր բաները վրա-վրա ասում է․ դեռ ինչքա՜ն է պատմելու
մենակ․․․
Լավ է երկինք հասնում, իսկ հետ դառնալիս տեսնում է ճանապարհը․
(ինչպե՜ս է կեսից մեզ դուր գալիս)․․․
Հարց չենք տալիս, չենք հանում հարցերը․․․ Թելը չի կտրվում․․․
Մանր-մանր վերադառնում է։ Իր տունը բաց է թողնում ․․․

Please follow and like us: