Գևորգ Տեր-Գաբրիելյան/Գեբռոսիայի մայրամուտը կամ անԲարև

Հատված «Անակնջոյի հոշոտակարանը» անտիպ վեպից (2017)

Ժանր. 18+. մակաբռ. նուառ

Վեպը ներկայացնում է Անակնջոյի՝ մի հոշոտող հրեշավոր մարդու անձնական գրառումները: Մասնակցելով մի շարք համաշխարհային պատերազմների (օրինակ՝ սևահերների և շիկահերների միջև), Անակնջոն ի վերջո իշխանության է գալիս մի հեռու երկրում, նպատակ ունենալով հիմնադրել վերջապես անվերջանալի համաշխարհային պատերազմ՝ այնպիսին, որը թույլ կտա մեկընդմիշտ լուծել պատերազմի պատրվակ հորինելու կամ հրահրելու կարիքը:

– Հայրդ չէր բարևում, – ասաց նա:
– Ինչպե՞ս թե չէր բարևում, – չհասկացա ես:
– Այդպես, – ասաց նա. – հիշում եմ՝ երբ մարդ էր իրեն մոտիկանում՝ նա ձեռքները ետևն էր ծալում՝ մեջքի ետևը, որպեսզի հանկարծ ձեռք պարզելու կարիք չլինի… և միանգամից անցնում էր գործի…
Ես շատ լավ պատկերացրեցի դա. մութ կերպարանք՝ որը ձեռները ետևն է պահում՝ երբ կողքով մարդ է անցնում, որովհետև չգիտի դեռ՝ հոշոտելու՞ է նրան, թե՞ միայն խեղդի: Կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն էր նստում:
– Բայց ինչու՞, – ասացի ես երազումս:
Եվ քաղցր Լուսածին մայրս պատասխանեց.
– Որովհետև ոչ ոք երբևէ չի կարող և չպիտի վստահ լինի, որ կանես այն՝ ինչ պատրաստվում ես:
– Իսկ ինչպիսի՞ն էր նա, ինչպիսի՞ն: Արդյո՞ք արջի էր նման, ինչպես պնդում են գեբռոսյան լեգենդները, թե՞ փղի, ինչպես ինձ է թվում:
Բայց նա այլևս չասաց և սկսեց հեռվանալ:
– Դու հիշի՜ր միայն, հիշի՜ր , – ասում էր նա արձագանք ծնող ձայնով. – հայրդ չէ՜ր բարևում:
Արթնացա քրտնքի մեջ կորած: Բարձը կրծեցի կատաղությունից. էլի՛ չիմացա ամենակարևորը: Եվ հանկարծ՝ ուղեղս փայլատակեց: Ինչպե՞ս թե չիմացա: Դա՛ է պատասխանը: Ողջ խնդիրը բարևն է: Դա՛ է, որ կործանում է պատերազմի գաղափարը, թույլ չի տալիս, որ մարդիկ մեռնեն լիաթոք:
Առավոտյան, հենց որ լույսը բացվեց, ես բարևելը վերացրի: Այդ օրից ամեն բան տեղն ընկավ. համաշխարհային պատերազմը միշտ կար, որովհետև կարելի էր պատերազմել բարևողների դեմ:
Իսկ դրանք շատ էին: Եվ ոչ միայն աշխարհով մեկ՝ որտեղ կարիք կար դեռ այդ կարգը տեղադրելու, այն զարգացնելու… Ես մի քանի մրցանակ սահմանեցի՝ բարևի վերացումը բացատրող լավագույն աշխատությունների համար: Չէ որ բարևի վերացումն անխափան և բազմակողմանիորեն շահավետ լուծում էր. նախ՝ դու պատերազմում էիր նրանց դեմ, ով համաձայն չէ բարևը վերացնել, կամ կասկածում է, թեկուզ, կամ չի էլ հասկանում, գուցե տեղյակ չէ, թե ինչու է պետք այն վերացնել: Հետո, երբ նրանք արդեն վերջապես հասկացել կամ վերացել էին, մյուսների մեջ էր սկսվում խաժամուժը. քանի որ եթե բարև չկար՝ ամեն ինչ հնարավոր էր, ամեն ինչ թույլատրելի. մեկը գնում էր փողոցով՝ ու նրա դեմ դուրս եկողը նրան թը՛խկ, թխկցնում էր:
Բանավեճ առաջացավ, թե ի վերջո ի՛նչն է արգելված իմ կողմից. մի խումբ ստահոդ հիմարներ, իբր բարձրագույն կրթությամբ, որոնց պաշտպանում էր խորամանկ թշնամին, ազդարարեցին, թե արգելված է միայն բառը, ոչ թե նրա նշանակությունը: Առաջարկում էին փոխարենն օգտագործել, օրինակ, այդ սրբապիղծ «ողջույն» բառը: Կամ՝ քթները միմյանց քսել: Նրանք օրինակ էին բերում «պլագիատ» հասկացության այն ձևակերպումը, ըստ որի կարելի է պլագիատ անել միայն տեքստը, այլ ոչ թե այդ տեքստի իմաստը կամ միտքը, քանի որ միտքը ոչ մեկին չի պատկանում, և, եթե այն այլ բառերով է արտահայտված, դա կա՛մ այլևս նույն միտքը չէ, կա՛մ էլ նույն միտքն է, սակայն թխած չի կարող համարվել: Նրանց ասելով, կարևորն էր բառն արգելելը, իսկ թե արդյոք բարևում են իրականում, օնթոլոգիապես մարդիկ միմյանց թե ոչ՝ հնարավոր չէ հետաքննել:
Ես այդ օպորտունիստ տիրացուներին հեշտությամբ տեղը դրեցի, գրելով մի տրակտատ. «Բառացիության մուրացիկ և դավաճանական բառադիությունը» վերնագրով: Այն հրապարակվեց երեք և կես տրինծիլյոն օրինակով, ես այդպիսի հաջողություն գրավոր խոսքից չէի սպասում, էլի կգրեի, եռագրություն կանեի, ափսոս ինձ օգնող քարտուղարիս վերացրել էի, թե չէ սկսել էր այս ու այն տեղ ասել, թե ինքն է գրել իմ փոխարեն:
Ժողովուրդն ամեն կերպ դիմադրում էր բարևի վերացմանը: Դա իր հերթին մեծ հաճույք էր՝ երբ դիմադրում էին, թե չէ ես հոգնել էի այդ հարմարվողական անդիմադիր, անդեմ ամբոխներից՝ դիմադրողականությունը կորցրած. ասում ես՝ շեկերն են թշնամի, շեկերին են կոտորում: Ասում ես՝ ձվակրունկները՝ ձվակրունկներին: Անլեզու հայվանները:
Իսկ այժմ՝ խնդրեմ. որքան ասում ես, թե բարևն արգելված է՝ էլի բարևում են միմյանց, այն էլ ինչպես՝ ինչպիսի՜ տարբերակներ մոգոնելով, որպեսզի արգելքն իբր հաղթահարեն:
Ռադիկալ էքստրեմիստ դիսիդենտների մի խումբ առաջացավ և իսկույն անցավ ընդհատակ. այնտեղից նրանք սկսեցին փաստացիորեն, իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելով, բարևել բոլորին: Է՛լ ավելի առաջ գնալով ժողովրդի բոլոր նախորդ թշնամիներից՝ նրանք ազդարարեցին, որ ամեն բառ իրականում նշանակում է «բարև», ուրեմն խոսելն արդեն բարևել է: Քանի որ ես այդ թեորիային դեմ էի, ես ստիպված էի ոչ միայն նրանց հետ հաշվեհարդար տեսնել, այլև բոլոր համրերի, քանի որ նրանց մեծ տոկոսը լռեց՝ ի նշան սոլիդարության այդ ստահակ դիսիդենտների հետ, այլ ո՛չ թե որովհետև իրենք իրականում չէին կարողանում խոսել, ինչը դեռ ստուգելու կարիք կար, իսկ ստուգելու համար, թե ո՛վ իրոք չի կարող, իսկ ո՛վ ձև է թափում՝ ժամանակ ես արդեն չունեի: Մուժիկի ժամանակն ինձ համար արդեն քի՛չ էր: Ես ընդամենը մի քանի փորձնական ստուգում կատարեցի, և իրոք, իմ պատահական ընտրանքի արդյունքում կտտանքների ենթարկված իբր բնածին խուլուհամրերի վաթսունյոթ և կես տոկոսը ո՛չ միայն պարզվեց, որ շատ էլ լավ կարող է խոսել, եթե ուզի ու ճիգ գործադրի, այլև՝ որ նույնիսկ լսե՛լ կարող է այն ամենը, ինչը որ պարտավոր է լսել:
Դրանով գիտությանը ևս մի քանի լավություն արվեց, նախ հաստատելով հին գեբռոսյան թեզը՝ կտտանքի միջոցով հանճար ստեղծելու վերաբերյալ. չէ՞ որ բնածին խուլուհամրին խոսող-լսող դարձնելը, – իսկ երբեմն նույնիսկ՝ ո՛չ թե միայն պարզապես խոսող-լսող, այլև ասող-խոսող ու նույնիսկ շատախոս, և ո՛չ թե պարզապես լսող, այլ լա՛վ, շատ խորապե՛ս լսող ու, կարելի է ասել, թավիշի պես հնազանդագույն, – նման էր սովորական մահկանացու մանկիկից հանճար կերտելուն, ես կասեի նույնիսկ՝ քերթելուն (թե՞ քեռթելուն, ես սրա ուղղագրությունն այդպես էլ չսովորեցի), այնքան շնորհակալ էին ինձ որոշ խուլուհամրեր այդ պրոցեդուրայից հետո, դրա արդյունքում իրենց մոտ ծաղկած այդ շնորհքի համար…
Երկրորդ՝ մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ մարդու կատարելագործմանը սահման չկա: Եվ երրորդ՝ ես ևս մեկ հայտնագործություն ռեգիստրացրի ու նույնիսկ այն պատենտավորեցի, որ գոսձեպները ձենները չգցեն, հեռու պահեն իրենց կեղտոտ անմազ թաթերն իմ գուրգուրելի բալիկից: Սա, փաստորեն, բազմակիրարկելի տեխնոլոգիա էր. այս միջոցով կարելի էր բուծել ցանկացած բան: Ի միջի այլոց, ես զարմանում էի, չէ որ իմ հին, դեռ Բեկաայի ժամանակների դասագիրքը՝ թխված գոսձեպցիների պրակտիկ մեթոդական ձեռնարկներից, ասում էր, որ կտտանքի արդյունքում հնարավոր չէ թաքցնել և ո՛չ մի գաղտնիք, ուրեմն կտտանքից խուսափելու համար, հենց որ բռնեցին՝ ամեն ինչ ասա, ասես քո տիրամորն ես ասում: Ես միշտ գրեթե այդպես էլ վարվում էի: Փաստորեն ամեն նորություն լավ մոռացված հնություն է: Կամ՝ լավ չհասկացված: Զարմանալի չէ, որ ցանկացած համր որոշակի կտտանքների արդյունքում ասում էր այն ամենը, ինչ սրտում կուտակվել է տարիների ընթացքում, և նա միշտ ուզել էր ասել՝ սակայն չէր կարողացել:
Բայց իմ հայտնագործությունն, իհարկե, շատ ավելի ամենածածկ էր. այն թույլ էր տալիս, օրինակ, բուծել թռչող մարդ. առանց որևէ հավելյալ թևերի կամ ինչի՝ բավական էր ճիշտ կիրառել կտտանքի տեխնոլոգիան՝ կտտելով նրան այնպես, որ չդիմանա կտտանքին, միևնույն ժամանակ չկորցնելով իր հիմնական կենսական կարողությունները՝ և մարդուց եթե պահանջվում էր թռչել՝ նա թևերը թափահարում և թռչում էր:
Այդ տեխնոլոգիայով մարդու վերջնական երազանքներն էին իրագործվում. կարելի էր բուծել անմահ. կարելի էր՝ անօդ տարածությունում ապրող. կարելի էր՝ ջրի տակ շնչող. կարելի էր՝ լույսի արագությունից ավելի արագ այլ մոլորակների ու աստղերի հասնող: Ես զարմանում էի. մարդկությունն այդքան տարի գոյություն է ունեցել, և այս պարզ միջոցը՝ ուղղահայաց պրոգրեսի, չի հայտնագործել…

Ես անկեղծորեն շնորհակալ էի խուլուհամրերին՝ ինձ այս հայտնությունը պարգևելու համար: Իհարկե, ամեն կիրարկում նախապատրաստական աշխատանք էր պահանջում՝ հատուկ հաշվարկներ, որպեսզի ճշգրիտ որոշվի կտտանքի չափսը՝ վերը նշված երկու փոփոխականների ուղիղ մեջտեղով այն ներդնելու համար. այդ սցիլլան և քարիբդան դեռ շատ ջուր կծծեին: Մենք ստեղծեցինք գիտահետազոտական ինստիտուտ, որն այդ էքսպերիմենտներով էր զբաղված: Պիտի ասեմ, որ լավ էին աշխատում, սակայն դանդաղ. օրինակ, փորձարկվողներից մեկն արդեն շատ լավ սովորել էր ապրել բացարձակապես առանց ուտելու՝ բայց հանկարծամահ եղավ, ստահակը, ինչպես ինձ զեկուցեցին, սրտի կաթվածից: Էդ բժիշկներն էլ միշտ էդպիսին են. մարդ մահանում է սրտի կաթվածից՝ զեկուցում են, թե իբր սովից մահացավ, կամ՝ հակառակը. կարծես մարդն անմահ է ու չի կարող մահանալ, եթե ուզենա, մի որևէ սրտի կաթվածից: Ես նրանց բոլորին, իհարկե, գնդակահարեցի:
Ես հետո շատ զարմացա, կամ, ավելի ճիշտ, բացարձակապես չզարմացա, նմանատիպ մի լեգենդ հայտնաբերելով իգիլթեփեների պանթեոնի մի աստվածության հետ կապված. իրոք, ո՛չ մի նոր բան չկա աշխարհում… Բայց ի՛նչ մոզգեր են եղել այդ անցյալում, ի՛նչ հզոր ուղեղաբլթակներ: Ամե՛ն ինչ կանխահայտնաբերել են:
Ցավալի էր միայն, որ երբ իմ հանդեպ, շատ վաղուց, երիտասարդ ժամանակս, «գունավոր երգող շատրվան» կիրառուկն էին գործածում՝ ես դա չգիտեի, թե չէ, առիթից օգտվելով, ի՜նչ մակարդակի ասես չէի կարողանալու ինքս ինձ հասցնել… Ասենք, ասեին՝ աշխարհը շուռ տուր՝ շուռ կտայի… Կամ՝ փոս փորիր և աշխարհի տակից դուրս արի… Իսկ իրենք՝ հիմարները, այդ անտաշ շիկահերները, այդպես էլ ո՛չ մի օգուտ, բացի իմ գունավոր բառաչոցներից և ցնցուղանման շատրվանումից, չստացան:
Իսկ գուցե իմ տաղանդի այս պոռթկումը հենց դրանո՛վ էր պայմանավորված. քանի որ ինձնից ոչինչ փաստորեն չէին պահանջել կտտելիս, բացի իմ մերձավորներին դավաճանելուց, այսինքն՝ ուզածները մանրուք էր, ինքնակատարելագործում չէին պահանջել՝ երևի իմ մարմինն ու էությունը հենց այսպե՛ս էին արձագանքել այդ փորձությանը, դարձնելով ինձ հանճար, աշխարհի տիրակալ… Այսինքն ես գեբռոսական ռեակցիա էի դրսևորել կտտանքի նկատմամբ: Ո՛վ կմտածեր:
Սակայն վերադառնանք իմ գլխավոր պայքարին. մի վտարանդի պրոֆեսոր նույնիսկ դիսերտացիա պաշտպանեց Գոսձեպիայում, որը գոսձեպները հաճույքով հրապարակեցին և սկսեցին պրոպագանդել, որում անիրավորեն պնդվում էր լեզվաբանական անալիզի հիման վրա, որ, իրոք, ցանկացած բառ իր «սեմանտիկ աուրայի» մեջ, հասկանում եք, արդեն պարունակում է բարևի սեմանտիկ ամպը, քանի որ, ցանկացած բառ ասելիս, ասողն արդեն դրանով իսկ հաղորդում է, որ ինքը մարդ է, ուրեմն՝ նշան է տալիս լսողին այդ մասին: Եվ պարտադիր չէր, որ լսողն էլ լիներ մարդ. հերետիկոսն ազդարարում էր, որ լսել կարող են նաև կատուները, ծտերը, արջերը, վագրերը, կոկորդիլոսները, ծովահրեշները, ուտիճները, առնետները, ծառերն ու ծաղիկներն ու նույնիսկ, անպատկառը, քարը. միայն խլնքի մասին ոչինչ չէր ասում, մինչդեռ, հիշում եմ, իմ սիրելի Չուբայսիկն ինձ համոզում էր, որ իր խլնքիկները լսում են, թե նա ի՛նչ է իրենց ասում ամեն առավոտ՝ թրջելուց առաջ, որ չչորանան, և պարզապես ծաղկում նրա ձայնը լսելուն պես: Իսկ այդ նշանն իր մեջ արդեն պարունակում է բավականաչափ իշմար մարդկության հասկացության վերաբերյալ: Այդպիսով, ազդարարում էր թոկից փախած խուլիգանը, ասել բառ ու ազատ լինել «բարև» հասկացությունից և մարդկայնությունից՝ անհնարին է:
Նրա աշակերտներն է՛լ ավելի խորացան, ստեղծելով մի ամբողջ մարգինալ եղծաաղանդավորական ուսմունք, ըստ որի դրանից նաև հետևում է, որ ցանկացած բառից մակաբերելի է ողջ մարդկայնությունը, ուրեմն և՝ ողջ մարդկությունը, ուրեմն և՝ աշխարհը, այսինքն ամեն բառ ցանկացած լեզվով իր մեջ պարունակում է միանգամից այն ամենը, ինչ երբևէ մարդկությունը ստեղծել է, զգացել, ապրել, հիշել, մոռացել և այլն, ինչպես նաև տիեզերքի սկիզբն ու վերջը, և այդ ամենը ցանկացած բառից ի վերջո, փոքր-ինչ ճիգ գործադրելով, կարելի է ամբողջությամբ, թեկուզև փոքր-ինչ աղավաղված և ոչ ամեն մանրամասնում ճշգրտորեն, մակաբերել:
Այդ ռադիկալիզմը քոքահան անելու պետական անհրաժեշտություն իսկույն ծագեց, բնականաբար, քանի որ դա արդեն կիրառման դոմենի էքսպանսիա էր նախանշում և դրանից արդեն հստակորեն համաշխարհային դավադրության հոտ էր գալիս, ինչպես ինձ զեկուցեց իմ ազգային անվտանգության կուռուլտայը: Եթե այդպես թողնեի, կստացվեր, որ իմ յուրաքանչյուր հանճարեղ հայտնագործություն ծնում է իր հակառակը՝ նախապաշարումներ ու մթությունն ամրապնդող ճյուղավոր ու բարդ տեսություններ, և, փոխանակ քայլի դեպի լուսավոր ապագան, մարդկությունն ավելի ու ավելի է ընկղմվում մթագնած ուրվականների հորձանուտի ճահիճը: Ստացվում էր, որ ես օգնում եմ հենց նրան, ինչի դեմ երդվել եմ պայքարել:
Բայց ես տակից դուրս եկա, իհարկե: Այդ կապակցությամբ ես հորինեցի մի նոր դահիճային ծես. հենց որ բռնում էինք որևէ ռադիկալի՝ նրա լեզուն պոկում էինք և ստիպում, որ հենց ինքն էլ հում-հում այն ծամի և, կուլ տալով, ուտի: Բանալի բառը՝ «հում-հում»:
Դա նրանց մի քիչ տեղը նստեցրեց: Իհարկե, բավականաչափ դաժան չէր, և թվում է, թե կրկին նրանց ջրաղացին էր ջուր լցնում: Փաստորեն ուռոբոռոսային էր՝ ինքնակեր, ինքն իր իմաստը վերացնող: Թվում է, ես իմ սեփական աքիլլեսյան գարշապարներն էի սղոցում, նրանց գարշելի ճյուղի վրա նստած, քանի որ հումանիստական պատիժ էր (նույնիսկ շատ հումանիստներ դրան համաձայնեցին և գովեցին մեզ հումանիզմի համար):
Բայց ուրեմն էլի կար դրա մեջ մարդկայնություն և ուրեմն՝ ըստ այդ ստահակների տեսության՝ էլի բարև: Սակայն՝ ոչ: Եթե այդպես լիներ, ապա, եթե ես շարքայնորեն առօրյա սպանում էի որևէ մեկին մի որևէ պարզ ձևով ու պատճառով՝ դա էլ կարելի էր բարև անվանել: Եթե իրենք ճիշտ էին՝ ապա ցանկացած արարք էր բարև, ուղղված մի սուբյեկտի կողմից՝ մեկ այլ առարկայի: Իսկ չէ որ դա չէր կարող այդպես լինել:
Բայց ես այս մերկացումը թողեցի տեսական տեքստերի համար, հանձնարարելով իմ գաղափարակիցներին գրել սրա վերաբերյալ դիսերտացիոն և ագիտացիոն բրոշյուրներ, իսկ ինքս գործնական լուծում գտա հարցին, այսինքն ադեն նախօրոք, այս պատիժը հղանալիս, ունեցել էի:
Իրականում իմ մտահղացումը շատ ավելի խորն էր. չէ որ, լեզվից զրկվելով, նրանք փաստորեն դառնում էին համր, իսկ համրերն արդեն նախապես ընդհանրական «ուկազովս» դատապարտված էին դահճակալման՝ անհապաղ ոչնչացման միջոցով: Իսկ, ուրեմն, քանի որ նախորդ պատիժը մեղմ էր՝ այն ստացածներին այս հաջորդ պատժին ենթարկելն արդեն ոչ մեկի բողոքը չէր արթնեցնում, քանի որ սա լավ հայտնի և արդեն ավանդական դարձած հաշվեհարդարի մեթոդ էր ներքին թշնամու դեմ: Իհարկե, եթե համրը խոսեր՝ նա ներում կստանար, սակայն, եթե բնածին համրերի, ինչպես ասացի, վաթսունյոթ թե քանի տոկոսը խոսում էր ի վերջո՝ ապա լեզուն արհեստականորեն կերցվածների՝ միայն քսանյոթ տոկոսը, և այդպիսով նրանց մեծամասնությունն իրենց արդար պատիժը ստանում էին՝ ի վերջո, այնուամենայնիվ:
Իսկ ընդհանուր առմամբ ես, ինչպես ասացի, գուհունակությամբ ձեռներս էի շփում, հաճույքով ընկղմվելով այդ հարցի մեջ, որի վերաբերյալ շուտով դարձա վարպետ և մասնագետ, մանավանդ որ և՛ գործունեության ծավալուն ասպարեզ էր բացվում առջևս, իմ մայրամուտի տարիների ձանձրույթս փարատելով, և՛ ուրախալի երևույթներ էլ սկսեցին տեղի ունենալ ավելի ու ավելի հաճախ:
Ուրախալի լուրն այն էր, որ սպանությունների քանակը վերջապես սկսեց ավելանալ. սկզբում՝ ընդհակառակը, ընկավ, քանի որ մարդիկ պապանձվել էին իմ օրենքից և չէին կարողանում կողմնորոշվել, չէին համարձակվում, ռիսկ չէին անում բացված առիթից օգտվել: Սակայն կամաց-կամաց նորմալ քաղքենի մահկանացուների շրջանում սպանությունները սկսեցին վերջապես առատանալ, իրենց տեղն ընկնել. այժմ արդեն, ասենք, եթե նույնիսկ դու թաքուն մի հինգ անգամ նախապես բարև էիր ասել՝ այդ հինգ հանդիպման դեպքերը վերջանալուց հետո՝ հանկարծ հասկանում էիր, որ էլ ո՛չ մի զսպում չկա, որ հանգիստ կարելի է դիմացինիդ սպանել կամ գոնե ասպատակել (մանավանդ՝ որ հանկարծ ի՛նքը քեզ չվառի, որ դու բարևել ես), և հանգիստ խղճով գործի էիր անցնում: Մանավանդ որ, տեսնելով, որ դիմացինդ չի բարևում՝ դու հասկանում էիր, որ եթե դու առաջինը չխփես՝ շատ հավանական է, որ նա՛ քեզ խփի, և այդպիսով մեկը մյուսից առաջ էր ընկնում՝ խփելու իր պատրաստակամության մեջ, իսկ երբեմն էլ ամենագեղեցիկն էր լինում՝ սիմետրիկը. երբ միաժամանակ էին միմյանց զարկում:
Ողջ գործընթացն իմ տոնն էր, բալասանը, բենզինը. փախչողներին կարելի էր հետապնդել և պատժել, իսկ ով որ ենթարկվում էր՝ ինքն էր ճամփա բացում ինքնախարազանման և ինքնասպանդի համար: Սպանությունը վերջապես դադարեց լինել առանձին դեպք, այլ դարձավ մասսայական, սոցիալական, քաղաքակրթական ինքնասպանություն. այժմ արդեն միմյանց սպանում էին ոչ թե առանձին մարդիկ՝ այլ մարդկությու՛նն էր ինքն իրեն սպանում:
Ու՛ֆ: Վերջապես լուծեցի ես կյանքիս այդ խնդիրը, իմ կանչը, իմ առաքելությունը: Ես գտա՛ կյանքի գանգի այն կետը, որին եթե սեպը դնես և խփես՝ ամենահեշտը կբացի: Ով որ փնտրում է՝ կգտնի, եթե գլխի սաղ խելքը դեռ չի տվել շեկերի հետ սեքսին, իսկ սրտում՝ կա Մատոռչիկ:
Թե ուզում ես տունըդ քանդել՝ պետք է հիմնասյու՛նը խորտակել, ո՛չ թե ընկնել այգուդ ծառերի ճյուղերի ետևից, նստոտել ճյուղերի վրա և դրանք սղոցել: Ես երկար, շոշափելով, խարխափելով էի որսում այդ խաբուսիկ չարաբաստիկ հիմնասյունը: Վերջապես, հորըս խորախորհուրդ պատգամի շնորհիվ, գտա: Ոչի՛նչ չի մնացել: Փայլակ, կայծակ, հուր, երկաթ, թող դավ դնե թշնամին, թող դարդ անի ձվակրունկը, ես վերացրի եկեղեցին, դատարանը, բայց ինչ-որ բան մատներիս արանքով սպրդում էր էլի… Մտածում էի՝ ծննդաբերությունն արգիլեմ, բայց դե դա ո՞նց կարգիլես: Չէր օգնի: Կապստամբեին: Ընդհակառակը, պետք է աբորտներն արգիլել՝ որ շատանան: Ու հիմա, երբ վերջապես կարծես շոշափեցի կեցության հիմնական կուրծը, միակ չապականվածը՝ բարև-ը, երբ սուրըս բարձրացրել եմ, որ այն վերջնականապես թլփա-թրատեմ՝ հիմա արդյո՞ք ինձ վրա չի բարկանա Մեծն Հրեշը: Ես լինեի՝ կբարկանայի: Ես քո խաղը բացահայատեցի՛, Հրե՛շ: Արի՛ իմ ետևից: Փորձի՛ր բռնցնել: Դու միայն մե՛կ փաստարկ էիր թողել անհաղթահարելի՝ բարև-ի, իբր, մարդկութենակերտությունը, – և ես նրա հախի՛ցը եկա: Խա՛, խա՛, խա՛, խա՛, խա: Հիմա՞ ինչ ես անելու: Ես բռնեցի քո կնճիթի՛ց, հրե՛շ: Ես խաղու՛մ եմ քեզ հետ: Արի՛ պարե՛նք:
Տարօրինակաբար, պարզվեց, որ գեբռոսներն իրենց հայտնագործության նախնական տարբերակը՝ հանճար բուծելու եղանակը, չէին էլ պատենտավորել երբևէ, երևի, լայաղ չէին արել, որովհետև, իրոք, իրենց ինչին էր պետք պատենտավորել. եթե իրենք կրկին որոշեին, այն կիրառելով, երեխաներից հանճարներ բուծել, ապա հո ես չէի՞ ելնելու իրենց դեմ դատարան, թե՝ իմ պատենտը խախտում եք: Մանավանդ՝ մեր դատարանը վերացված էր, իսկ Ստռասսբուռգում հայտնի չէր, հաշվի առնելով այնտեղ արմատացած գեբռոսների ուժեղ դիրքերը, թե ինչպե՛ս բախտս կպտտվեր: Այդպես ուժը միշտ ուժեղի ձեռքին է, անկախ նրանից, պատենտավորել ես դու քեզ, թե ոչ: Գեբռոսիայի մայրամուտը դեռ հեռու էր:

Please follow and like us: