Այս հետաքրքիր վերնագրով գիրքը (որ մանկական խաղի անուն է) հեղինակել է Զինե Մամոյանը։ Ազգությամբ եզդի, Փարիզում բնակվող եւ հայերեն գրող հեղինակի առաջին գիրքն է։ Արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը գրքում զետեղված իր խոսքում ասում է.
«Զինեն քրդական բանավոր ավանդույթի հարազատ կրողն է, բայց պատմում է «շատ սիրուն և բարի» հայերենով, երբեմն հեգնելով հայերենը եզդիական ոճավորումով: Վեպում տեսանելի ներկա է ֆրանսիականը: Այս երեք մշակույթները խառնուրդ են կազմում, որը վեպին տալիս է դիալոգային և կառնավալային բնույթ»։
«․․․«Հեկե Դուկե» վեպը հայկական վեպ չէ, եզդիական-քրդական վեպ չէ, ֆրանսիական վեպ է, որովհետև Ֆրանսիայում ապրող կնոջ մասին է: Այն մշակութային թարգմանություն է, որի բնագիր լեզուն և մշակույթը չենք գտնի: Երեքն էլ հեղինակի համար հարազատ են»:
Գիրքը հիշողությունների խճանկար է, և Զինեն կարողացել է փոխանցել այդ թանկագին հիշողությունների արժեքը: Նա ուրախանում և տխրում է, զվարճանում և զայրանում, կորցնում և վերագտնում»:
Գիրքը լույս է ընծայել «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը։ Խմբագիրը բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է։