Պատեհապաշտ  Մահարիապաշտություն

Անկախ Հայաստանում  ծնված-մեծացած եւ Սովետը  չտեսած սերնդի համար դժվար է պատկերացում կազմել Գուլագների, այլախոհական  գրականության,  Սիբիր աքսորված  գրողների ճակատագրերի մասին, եթե այդ ամենի մասին չեն կարդում հուշագրություններ,  չեն  դիտում  կենդանի պատմություններ արտացոլող ֆիլմեր: 

1936թ. օգոստոսի 9-ին անհիմն մեղադրանքով  հայ գրող  Գուրգեն Մահարին դատապարտվել է տասնմեկ տարվա բանտարկության եւ հայտնվել  հեռավոր Սիբիրի կալանավայրերում: Առաջին բանտային աքսորից Մահարին վերադարձել է 1947թ., երբ արդեն մահացել էր նրա մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից: Բանտային աքսորից վերադառնալուց  ուղիղ 444 օր հետւո`1949թ., նա կրկին աքսորվել է Սիբիր, բայց այս անգամ` իբրեւ ազատ աքսորյալ, եւ նրան թույլ են տվել կարդալ ու գրել:

Գուրգեն Մահարին այլախոհ չէր այդ հասկացողության այն օրերի իմաստով: Նա հեռու էր  ԽՍՀՄ- ի փլուզման մասին որոշ գրողների երգիծական  պատկերացումներից, սակայն անառողջ  հասարակարգում ստեղծագործող  ճշմարիտ գրողի գրական ժառանգությունը չի կարող այլախոհական  չլինել: 

«Անտարես» հրատարակչության լույս ընծայած  Գուրգեն Մահարու տասնյոթ հատորներն ընդգրկում են գրողի գրած բոլոր ստեղծագործությունները, որոնք ուղեկցվում են անհրաժեշտ մեկնաբանություններով ու ծանոթագրություններով: Այդ հատորներում Մահարու բազմաթիվ գործեր ընթերցողին ներկայացվել են առաջին անգամ: 

Գրքի փառատոնի շրջանակներում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպիսի տանջալից ու մանրակրկիտ աշխատանքի արդյունքում են լույս աշխարհ եկել Գուրգեն Մահարու հատորները, որքան բազմազան ու բազմաբնույթ  գործեր են ընդգրկված այնտեղ եւ ինչպես են նրանք լույս սփռում ինչպես Մահարու, այնպես էլ մեր այլ գրողների անձնական կյանքի, կապերի, տարբեր փոխհարաբերությունների վրա, որոնք արտացոլում են տվյալ ժամանակաշրջանն ու բարքերը: 

Գրականագետը հիշեց ու պատմեց, թե ինչ հալածանքների է ենթարկվել Մահարին, ինչպես են նրա գիրքն այրել իր տան առաջ: Արքմենիկը հիշեց մեկ այլ գրականագետի` Սեյրան Գրիգորյանի խոսքերը Գուրգեն Մահարու մասին, որն է`«պատեհապաշտ Մահարիապաշտություն»: Ըստ նրա` անկախ Հայաստանում, երբ 1994թ. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արգելվում է  «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության գործունեությունը, և ազատազրկվում են ՀՅԴ-ի ղեկավար գործիչները, շատերը սկսում են սիրել ու կարդալ Գուրգեն Մահարուն, քանի որ նա  քննադատել էր Հայաստանի առաջին հանրապետության կարկառուն դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանին: Ավելի ուշ, սակայն, 1998թ., երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գալով  իշխանության,   ազատում է դաշնակցական գործիչներին բանտից եւ հնարավորություն տալիս, որ նրանք զբաղվեն քաղաքականությամբ, Մահարին դադարում է նախկին սերն ու հետաքրքրությունը վայելել:  Ասել է, թե` Մահարու նկատմամբ սերն ու ատելությունը պայմանավորված են եղել քաղաքական նպատակահարմարությամբ: Իսկ այդ ամենից  զերծ, զգացմունքային  ընկալումներով  չառաջնորդվող ընթերցողը Գուրգեն Մահարուն եւ իր ժամանակը ընկալելու, հասկանալու համար նրան կընթերցի եւ կվերընթերցի պարբերաբար:

Թագուհի Հակոբյան

Please follow and like us: