Զրույց Թոնդրակի հետ․ԿՈՄԻՔՍՆ ԻԲՐԵՎ ՍՈՒԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԵՎ «ՇՈՇԱՓԵԼԻ» ՊԱՏՄԵԼՈՒ ԻՆՔՆՕՐԻՆԱԿ ԵՂԱՆԱԿ

Տիգրան Եկաւեան․ Կարո՞ղ եք մի քանի տող ներկայացնել մեր ընթերցողներին: Դուք պատմաբան եք, ինչպե՞ս դարձաք կոմիքսների սցենարիստ։ 

Թոնդրակ (Սմբատ Հովհաննիսյան)․ Իրականում պատմաբանից կոմիքսների հեղինակ անցումն այդքան էլ բարդ անցում չէր, մանավանդ որ այդ անցման միջակայքում կար նաև գրողը՝ բանաստեղծ-թարգմանիչը։ Իսկ եթե նկատի ունենանք նաև այն, որ իբրև պատմության տեսաբան՝ իմ ուշադրության կիզակետում է պատումի տեսությունը, ապա այդ անցումը բնավ զարմանալի չէ։ Բանն այն է, որ պատումի տեսությունը բավականին մերձ է կոմիքսների հղացքին, մանավանդ պատումի ռազմավարության դիտանկյունից։ Իսկ վերջին տարիներին կոմիքսների նկատմամբ աճող հետաքրքրությունը վկայում է արդեն պատմությունը «տեսնելու» նոր տեսողության մասին։ Կոմիքսն ինձ (և հավանաբար շատերի) համար պատմելու մեկ այլ ձև է և, ընդ որում, հաջողված ձև։ Իբրև պատմելու մեկ այլ եղանակ՝ կոմիքսները կարող են նպաստել պատմության բազմակողմանի, քննադատական ընբռնման զարգացմանը, քանի որ իրենց ուրիշությամբ արդեն իսկ ներմուծում են բազմաչափ մոտեցման գաղափարը․ գիրն ու պատկերը միասին ավելին են հաղորդում, քան պարզապես գիրը, տվյալ դեպքում՝ տեքստը։ 

Իսկ կոմիքսների սցենարիստ դառնալը երկու բանով է պատճառաբանվում։ Նախ՝ 7 տարի դասավանդելով դպրոցում՝ նկատել էի, որ այսօրվա աշակերտները պատմությունը (և այլ առարկաները ևս) սկսել են ավելի ու ավելի մտածել «նկարներով» և երկխոսություններով: Տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի հաղթարշավի համատեքստում ակնհայտ է, որ մեծ աճ են արձանագրում տեսողական գիտելիքները, ինչը հնարավոր է դարձրել խոսել ծանոթ հարցերի մասին շատ տարբեր ձևերով, ինչից շատ հեռու էին նախորդ սերունդները։ Հատկապես ուշագրավ էր այն, որ դասի տեսողականացման արդյունքում որոշ մանրամասներ, որոնք կարող էին դասագրքային տեքստային ամբողջից դուրս մնալ, պատկերավորման արդյունքում երբեմն ավելի ակնհայտ էին դառնում և պատմական իրադարձության մեկնաբանման համար նոր հնարավորություններ ուրվագծում։ Այդպես հնարավոր էր անգամ անցյալում կատարված որոշ իրադարձություններ շաղկապել, դիցուք, սոցիալական այնպիսի փոփոխությունների հետո, որոնք նկատվում են աշակերտների անձնական կյանքում, որն էլ իր հերթին աշակերտներին տալիս էր այսպես ասած կառուցվածքային զգացողություն, որը հաճախ և անպայման դուրս է մնում դասագրքերից: Սա առիթ դարձավ, որ պատմության դասավանդման տեսողականացման ուղղությամբ որոշ փորձ-հետազոտություններ անեմ, որոնց արդյունքների հիմնական ուղերձն այն էր, որ պատմությունը կարելի է հասկանալ և պատմել տարբեր ձևերով (արդյունքները հետագայում վերածեցի գիտական հոդվածի)։ Եվ այս ժամանակ էր, որ Նարեկ Աշուղ-Աթոյանն ինձ առաջարկեց գրել Հայկի և Բելի մասին կոմիքսի սցենարը, ինչին ես սիրով համաձայնեցի, քանի որ նման մի գաղափար ինձ մոտ էլ հասունացել էր։ Եվ այդպիսով գրեցի Հայկի և Բելի մասին կոմիքսների սցենարը։

Տիգրան Եկաւեան․ Ինչո՞ւ ընտրեցիք աշխատել Հայկի և Բելի պատմության վրա, հատկապես Հայաստանի ներկա համատեքստում: Ո՞րն էր Ձեր նպատակը։ 

Թոնդրակ (Սմբատ Հովհաննիսյան)․ Նախ ասեմ, որ Հայկի և Բելի թեմայի վրա սկսեցի աշխատել 2018 թվականի ամռանից, երբ եղավ առաջարկը, իսկ պատկերագիրքը լույս տեսավ 2021 թվականի նոյեմբերին, երբ տեղի էր ունեցել Արցախյան պատերազմը․․․ 

Հարցին պատասխանելու համար մի քիչ հեռվից պիտի գամ․ դեռ 1980-ականներից սկսել էին խոսել Մեծ պատումների (Grand récit) կամ մետապատումների նկատմամբ անվստահության մասին՝ իբրև հետարդիության (Լիոտար), որի ուշագրավ դրսևորումները վերջին շրջանում կարելի է տեսնել նաև Հայաստանում։ Բանն այն է, որ նման անվստահությունը Հայաստանում եթե սկզբում ձևակերպվեց ընդդեմ Խորհրդային կարգերի, ապա հաջորդիվ այդ անվստահության սլաքներն ուղղվեցին ազգայինի նկատմամբ։ Իբրև քննադատական վերաբերմունք՝ այդ արարքն ինչ-որ տեղ դրական հեռանկարներ էր ուրվագծում, բայց ոչինչ չառաջարկելու հետևանքով այդ անվստահությունը ձգվեց-հասավ մինչև ցինիզմ․․․ Մեծ արժեզրկումների արդյունքում դեն էին նետվում «մեծ հերոսները», «մեծ վտանգները», «մեծ նպատակները» և բազում այլ նման մեծ պատումներ։ Մի բան, որը դեռ մինչ օրս էլ ընթացքի մեջ է։ Ծաղրվում էին ծագման, ազգի, հայրենիքի, ազատության, հավատքի և բազմաթիվ այլ արժեքների մասին առկա պատումները, բայց դրանց փոխարեն մեծ մասամբ չէր առաջարկվում ոչինչ․ անգամ փոքր պատումներ չէին ձևավորվում, իսկ դրսից ներմուծված մեծ կամ փոքր պատումները (ժողովրդավարություն, ազատագրում և այլն) մնում էին հռետորության մակարդակին․․․ Երբ այլևս չկան միասնացնող այդ պատումները, չկան և ապագայի տեսլականները։ Հայաստանյան ցինիզմն, ըստ իս, մի կողմից՝ ներկայից հիասթափության արդյունք է, մյուս կողմից՝ ապագայազրկության։ Երկու դեպքում էլ արդյունքը լինում է ամուլ թերահավատությունը, անտարբերությունը․ սերունդն իր ուժն ու եռանդը, գիտելիքն ու հմտությունը նախընտրում է մսխել, քան թե ներդնել ապագայի կառուցման գործում։ Մարդիկ ոչ միայն ընդունակ չեն հավատալու որևէ բանի, այլև ընդհանրապես ունակ չեն հավատալու անգամ իրենք իրենց։ Հարկավ, նման վերաբերմունքը մեծ հաշվով ծնունդ էր իրարահաջորդ ձախողումների, կիսատ-պռատության և/կամ անհետևողական իրականացման․․․ Արդյունքում՝ հիասթափություն, հուսախաբություն․․․ ի վերջո՝ ցինիզմ․․․ Դիցուք՝ նախկինում չկար անկախություն, հիմա կա, նախկինում չկար ազատություն, հիմա կա, բայց եթե նախկինում հանուն ազատության և/կամ անկախության պայքարը բարձրագույն արժեք էր, ապա նույն այդ պայքարը կարող է արժեզուրկ թվալ․․․ 

Ահա, մոտավորապես այսպիսի մտորումներն էին, որ ինձ բերեցին կոմիքսների տիրույթ՝ որպես պատմությունը պատմելու ինքնօրինակ եղանակի, որոնցով ևս կարելի է թարմացնել, արդիականացնել և նորովի մեկնաբանել հին պատումները, ինչպես նաև ստեղծել նորերը։ Տվյալ դեպքում՝ Հայկի և Բելի թեման ես կարևորում եմ նախ և առաջ ինքնության դիտանկյունից, քանի որ կոմիքսների միջոցով Խորենացուց և ուրիշներից ավանդված առասպելն ինքնօրինակ մարտահրավերներ և հնարավորություններ է ստեղծում ինքնության վերարժևորման համար։ Բանն այն է, որ կոմիքսներն իրենց տեսողական-բանավոր բնույթի շնորհիվ կարողանում են «վավերագրական» և անգամ «գիտական» գաղափարը խնդրարկել այնպիսի միջոցներով, որոնք անհաղթահերելի են թե՛ արձակի և թե՛ վիզուալ արվեստների (art visuel) համար։ Այստեղ հատկապես կարևոր է այն, որ կոմիքսների միջոցով, այսպես ասած, ներաշխարհը դարձնում ենք անմիջական և պատկերավոր։ Այլ կերպ ասած՝ սուբյեկտիվությունը դառնում է ճանաչելի և «շոշափելի»։ Կոմիքսները նաև հակված են ավելի տեսանելի դարձնելու նախկինում անտեսանելին, մի բան, որը խիստ կարևոր է ինքնության վերարժևորման գործում։ Մյուս կողմից՝ կոմիքսների պատումների ոչ-գծային կառույցն է ինձ հետաքրքրում, որը երևակայությունը խթանելու հրաշալի միջոց է, մինչդեռ գծային մոդելը, եթե չի էլ վտանգում երևակայությունը, ապա չի էլ խթանում շրջահայացությունը, ինչը հնարավոր է ոչ գծայինի դեպքում։  

Մի խոսքով՝ այդպես որոշեցի գրել Հայկ և Բել պատկերագրքի սցենարը։ Թվում էր՝ կոմիքսների սցենար գրելը հեշտ գործ է, բայց հետո պարզվեց, որ աշխատատար գործ է։ Եվ ընդհանրապես, կոմիքսային աշխատանքը բավականին դժվար և համբերություն պահանջող աշխատանք է․ կարևոր են թե՛ թեմայի հետազոտումը և թե՛ հետազոտությունից վեր կանգնելը։ Հետազոտությունն այս դեպքում կարևոր էր մի կողմից պատմականությունն ապահովելու համար, մյուս կողմից՝ պատումային ավելի փոքր հատվածներ կառուցելու համար։ Ինձ համար կոմիքսները կարևոր են նաև մեկ այլ դիտանկյունից, այն է՝ կոմիքսների իբրև արվեստի ինքնօրինակ տեսակ: Կա պատմական սյուժեն, կա երկխոսությունը, և ահա դրանց ավելանում է նաև պատկերը, որը կարող է հասցվել անգամ արվեստի աստիճանի։ Ինձ համար մյուս դժվարությունը ծագեց արդեն աշխատանքն ի մի բերելու ժամանակ, երբ սցենարը պետք է համաձայնեցվեր նկարիչ-սցենարիստի՝ Տիգրան Մանգասարյանի, հետո նաև պատվիրատուի հետ։ Կոլեկտիվ աշխատանքը մի կողմից՝ օգտակար աշխատանք է, բայց և մյուս կողմից՝ բավականին դժվարին։ Չնայած այդ դժվարություններին՝ հնարավոր եղավ համաձայնության գալ, և Հայկ և Բել պատումագիրքը կյանքի կոչվեց (թեպետ սցենարի մեջ մի քանի շտկումներ կուզենայի անել)։ Այստեղ չեմ կարող չասել, որ գործընկերս՝ Տիգրան Մանգասարյանը, բավականին նուրբ և հետևողական աշխատանքի շնորհիվ պատկերները կարողացել է հասցնել արվեստի մակարդակի։ 

Տիգրան Եկաւեան․ Ինչպե՞ս են դասավանդում Հայաստանի պատմությունը դպրոցներում. Դուք տեսնու՞մ եք էվոլյուցիա, թե՞ մենք սովորում ենք ուշադիր՝ առանց քննադատական ​​մտորումների:

Թոնդրակ (Սմբատ Հովհաննիսյան) Պատմության դասավանդման խնդիրը դեռ հաղթահարված չէ։ Մանավանդ հաղթահարված չէ խորհրդային ավանդույթը, որին գումարվել է նաև դասագրքերի խնդիրը, որոնք չհիմնավորված չափով հագեցած են պատմական փաստերով ու տեղեկություններով և պատմություն առարկան դարձնում են անհետաքրքիր, անգամ անտանելի ու անպետք մի բան։ Պատմության մասին նման պատկերացումն արդեն իսկ բավական է, որ առարկայի դասավանդման և յուրացման նպատակը կա՛մ ոչնչանա, կա՛մ էլ աղավաղվի։ Մյուս խնդիրն այս հարցում այն է, որ միջառարկայական կապը գրեթե բացակայում է, մինչդեռ այն կարող էր նպաստել պատմություն (կամ մյուս) առարկայի ըմբռնման դյուրինացմանը, ավելի հետաքրքիր դառնալուն․ յուրաքանչյուր առարկայի դասագիրք կարծես գրված է առանձին ինչ-որ երկրի համար։ Մյուս դասագրքերի հետ կապերը գրեթե բացակայում են։ Խնդիրների շարքում ոչ պակաս կարևոր է և արդյունավետ ուսուցման ռազմավարությունների բացակայությունը․ ուսուցիչը գրեթե հնարավորություն չունի օգտվելու նման ռազմավարություններից։ Ստեղծագործ ուսուցիչն արդյունավետ ուսուցում ապահովելու համար պետք է կարողանա ընտրել տարբեր արդյունավետ ուսուցման ռազմավարություններ, իսկ դա կարևոր է այն առումով, որ թույլ կտա պատմության վերաբերյալ գիտելիքները կիրառել գործնականում։ Մտածելու և խնդիրներ լուծելու հմտությունը պետք է լինի լավ մշակված ուսուցման ռազմավարության և դրա արդյունավետության բաղադրիչը, հակառակ դեպքում անհասկանալի կմնան առարկայի կարևորությունն ու արդիականությունը: 

Լուրջ մտորելու տեղիք է տալիս և դպրոց-ծնողներ հարաբերությունների խնդիրը, հարաբերություններ, որոնք ո՛չ դպրոցի կողմից են պատշաճ վերաբերմունքի արժանանում, ո՛չ էլ ծնողների։ Իսկ եղած հարաբերություններն էլ ուղղակի կապ չունեն բուն ուսման նպատակի հետ։ Այս ամենը նշանակում է, որ արդյունավետ ուսուցումը միայն ուսուցչի բնածին հատկանիշների և կարողությունների կամ ծնողների պատշաճ հետևողականության արդյունք չէ, այլ նաև աջակցող և բարենպաստ հոգեմտավոր ու նաև ֆիզիկական միջավայրի: Մի խոսքով՝ թերությունների կամ բացթողումների պատճառները շատ են՝ սկսած առարկայի ոչ պատշաճ ներկայացումից, ուսուցման ոչ պատշաճ մեթոդներից մինչև ուսուցիչների պատշաճ բովանդակային գիտելիքների բացակայություն և շատ այլ բաներ: Բայց, արդարության դեմ չմեղանչելու համար, պետք է նաև ասեմ, որ հատկապաես վերջին 7-8 տարիների ընթացքում բավականին աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ, և որոշ հաջողություններ, այդուամենայնիվ, կան․ բազմաթիվ ծրագրերի, վերապատրաստական դասընթացների շնորհիվ բավականին բարեկարգվել է դասավանդման հարցը (իհարկե, աշխատանքներ դեռ շատ կան, նույնիսկ շատ-շատ, մանավանդ որ շատ ուսուցիչներ դեռ չեն կարողանում պատմությունը հետաքրքիր մատուցել, քանի որ ավանդույթի համաձայն դասավանդում են գերազնցապես տարեթվեր և չոր փաստեր)։

Վերջում նաև պետք է նշեմ համապատասխան հետազոտությունների, ժամանակակից չափանիշներին համապատասխան հայերեն գրքերի պակասությունը ևս։  Հետազոտություններ, որոնք վեր կհանեին թե՛ առկա խնդիրները, թե՛ կառաջարկեին լուծումներ և թե՛ կուրվագծեին հնարավորությունների և համագործակցությունների այլ հարթակներ։

Հարցազրույցը՝ Տիգրան Եկաւեանի: Պատմագետ Սմբատ Հովհաննիսյանի կամ նույն ինքը՝ բանաստեղծ Թոնդրակի հետ ներկայացվող հարցազրույցի համառոտ տարբերակը հրատարակվել է «Nouvelles d’Arménie» ամսագրի «Cahier littéraire» հավելվածում (№ 299 – Octobre 2022), էջ 9): Այստեղ հրապարակում ենք տեքստն ամբողջությամբ:

Please follow and like us: