Բյուրակն Իշխանյան
Կանոններ, կանոններ, կանոններ։ Աշխատանքի, կինոթատրոն, լողավազան, սրճարան, սուպերմարկետ, պաղպաղականոց ու ընդհանրապես ամեն տեղ գնալիս պետք է ստուգես կայքը, մի քանի էջ կանոն սերտես, որ հանկարծ ոչ մեկը չխախտես։ Անգիր արա բոլոր այս կանոններն ու ենթարկվիր, որովհետև եթե համարձակվես որևէ կանոն խախտել, առաջինը քեզ են նկատողություն անելու քո մուգ շագանակագույն մազերի համար։
Կոպենհագենում արև է դուրս եկել, ամառ է։ Նշանակում է՝ բոլորս դուրս ենք լցվում, քանի արևը չի անհետացել։ Ու մենք մեր փափուկ ու հարմար տներից դուրս ենք գալիս, փռվում խոտերին ու վայելում մեր արտոնյալ կյանքը։ Մենք առանց դիմակի անհոգ կքայլենք Կոպենհագենի փողոցներով ու կժպտանք իրար, որովհետև կտեսնենք միմյանց դեմքերը։ Մեզ մոտ թվերը նվազում են։ Իսկ Հայաստանում՝ բոլորը դիմակավորված են, ու թվերն աճում են։ Մեր կյանքը վերադառնում է նոր նորմալին, իսկ Հայաստանում շարունակվում է նոր աննորմալը։ Մեզ մոտ 15 000 հոգով Black Lives Matter ցույց են անում, ու ոստիկանները ցույցը չեն ցրում, ընդամենը տասը հոգի է ցույցի մասնակիցներից կորոնավիրուսով վարակվում, իսկ Հայաստանում ցուցարարներին բերման են ենթարկում։ Մեզ մոտ պետությունը թոշակառուներին, գործազուրկներին ու ուսանողներին պաղպաղակի ու սրճարան գնալու փող է բաժանում, իսկ Հայաստանում անշարժ գույքի հարկ է բարձրացվում, որ թոշակառուների ու գործազուրկների ուսերին ծանրությունն էլ ավելանա, ու քաղաքից գնան։ Մեզ մոտ աջերը մեղադրում են կառավարությանը գարնանը կոշտ սահմանափակումներ անելու համար՝ պնդելով, թե կորոնայից մեռնողը մեկ է ուրիշ բանից կմեռներ, իսկ Հայաստանում այդ նույն խոսքերը հենց կառավարությունից է դուրս գալիս։
Ու փորձում եմ, շատ եմ փորձում ինձ համոզել, որ մի օր ամեն ինչ լավ կլինի, միայն թե չգիտեմ որտեղից ու ոնց։ Իսկ հիմա ուղղակի ծիրան եմ ուզում։
Գևորգ Գիլանց
Նորածին «կարանծյան» արդեն երեք օրական էր։ Հանրային առողջություն մեր երիտասարդ «առաջնածին մայրիկներն» իրար հերթ չտալով, գուրգուրանքով, լուրջ ու մտախոհ դեմքերով, իրենց անփորձ ծիծիկներն էին դեմ տալիս նորածին «կարանծյային», որն ինչպես հետո պիտի պարզվեր ինքն էլ պակաս ստնտու չէր։ Բայց մեր երիտասարդ ստնտուները ջանասիրաբար ընդօրինակում էին ավելի հեղինակավոր երկրների ավելի լուրջ ու չափազանց մտախոհ դեմքերով «mister-sir-senior-дядя»-ներին, մոռանալով, որ պետք չէ «ռոբոտանալ, սերժանտանալ ու դոդանալ», ինչպես նաև մոռանալով «Նույն այն Մյունհաուզենը» սովետական ֆիլմի հայտնի աֆորիզմը՝ «Խելացի դեմքը դեռևս խելքի առկայության նշան չէ, պարոնայք, աշխարհի բոլոր հիմարություններն արվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ»։
Հիմա էդ նորածին հրեշն արդեն մի քանի ամսական է, ու որ քիչ հեռվից ենք այս ամենին նայում, ապա սահմռկեցուցիչ մի տեսարան է բացվում. մեր նորածին հրեշիկը օրով չէ, վայրկյանով է մեծացել, ձգվել ու հարմարավետ տեղավորվել է աշխարհի բոլոր մայրցամաքների բոլոր «ստնտու մայրիկների» գրկում միաժամանակ, միաժամանակ բոլորի ծիծիկներից էլ սնվում է, և արդեն այնքան է մեծացել ու հասունացել, որ իր ստնտուների քանակով ծիծկներ է աճեցրել ու ինքն էլ իր ծիծիկներն է խոթել սեփական ստնտուների բերանը։ Ու սրանցից ոչ մեկը չի կշտանալու, քանի որ մեր հրեշիկի շոշափուկային վերջույթները, «վախ» կոչվող տեղային անզգայացմամբ արյուն ծծելու իրենց հատկությամբ, փաթաթվել են հրեշի ստնտուների ենթակայության տակ գտնվող մարդկանց մարմիններին ու ծծում են նրանց արյունը… Բայց արյունը հիմնական սնունդը չէ, այս հրեշի հիմնական սնունդը մեր վախն է։ Եվ եթե փորձես ուղիղ և վախվորած նայել այս նորահայտ գորգոնայի աչքերի մեջ՝ կքարացնի։ Ասեմ ավելին՝ ստնտուների մեծ մասը նայել է սրա աչքերի մեջ ու հիմա քարացած ակամա համ ծիծ է տալիս հրեշին, համ հրեշի ծիծն է ուտում…
Եվ ի՞նչ, կասեք դուք, ելք չկա՞։ Իհարկե կա՛։ Մենք այդ ելքն ակամա, առանց փնտրելու գտանք։ Դա նորահայտ այս գորգոնայի հայացքի դեմ հայելի պահելն է, որ ինքն իր հայացքից քարանա։ Սկզբում հայելու մի ծայրից Մեսրոպն էր պահում, մյուսից ես։ Հետո մեզ միացան մեր մյուս թիմակիցներն ու մասնակիցները, և մենք ոչ միայն ժամանակ ունեցանք հանգստանալու, այլև ծխելու, քֆուր անելու, ջրալի մրգերից չիր սարքելու, Վարդիշաղ տատի համար կոֆե դնելու, Մռմուռի հետ գարեջուր խմելու, Լուսնի սոնատ նվագելու (ամբողջն անհնար է վերհիշել), և իհարկե, տարբեր հուշերով ու պատմություններով մեզ ուշքի բերելու, ժպտալու ու ժպիտի միջոցով այս նորահրեշ-գորգոնային քարացնելու համար։
Մեր մեծագույն թշնամին մեր վախն է։ Անծայր կենդանի տիեզերքի առջև մեծագույն մեղքը վախն է։ Վախն է, որի համարժեքը ստրկությունն է, ու եթե չես ուզում կյանքդ շարունակել ստրուկի երակներում, ապա պիտի չվախենաս ո՛չ մեռնելուց, ո՛չ ապրելուց։
Այնպես որ՝ «Ժպտացեք, պարոնայք», հաճախ ժպտացեք։
Մեսրոպ Հարությունյան
Ի սկզբանէ էր «պասն», եւ «պասն» էր առ Գրողուցավ: Եվ եղավ, որ յերկրում մերոյ Թագավարակային կարանտին էր, ու «պասը» ֆուտբոլ դարձավ: Եվ եղավ, որ Արփին (որ է Ոսկանեան) նորան Կորոնաֆուտբոլ ասաց, ապա եւ առեց «պասն» ի Գրողուցավ եւ «պասեց» Մեսրոպին, Մեսրոպը՝ Գիլանցին, Գիլանցը՝ Գրիգորին, Գրիգորը՝ Մարինային, Մարինան՝ Արփիին (որ է Մախսուդեան), Արփին՝ Ամիին, Ամին՝ Սաթիկին, Սաթիկը՝ Անահիտին, Անահիտը՝ Իզային, Իզան՝ Հովիկին, Հովիկը՝ Սառային, Սառան՝ Ժաննային, Ժաննան՝ Քրիստինեին, Քրիստինեն այն մյուս Մարինեին (որ է Մարգարեան), սա էլ Բյուրակնին, հասավ՝ Դիանային, ապա եւ՝ Հասմիկին (որ է Հասմինե նաեւ): Եվ էլի ու էլի մարդիկ ուզեցան «տրուսիկ-մայկով» դաշտ մտնել… Եվ Նունե մի (որ է Հախվերդեան) կարդաց Կորոնաֆուտբոլն ու ասաց «բարի է»: Եվ ուրիշ Հասմիկ մի (որ է Հակոբեան) նոյնպես կարդաց միշտ Կորոնաֆուտբոլն ու ասելով ասաց՝ «բարի է, բարի է, բարի է»: Եվ բոլորը տեսան ու ասացին. «բարի է»: Եվ Թագը (որ ե՛ւ բուն գրաբարով, ե՛ւ հյուսիստիզբոներենով «Կորոնա» ասվի) այդպես էլ (բարեբախտաբար) ոչ մեկին չհասավ…
Պորսեմ Առաջին Ավագ
21-րդ դարի անհայտ գրիչ