Գրիգոր Գրիգորյան
Ես Գրիգորն եմ։ Ես Կորոնաթիմի խաղացող եմ։ Ես սիրում եմ այս խաղը։ Սիրում եմ, որովհետև այստեղ կարող են ավելի շատ տալ, քան՝ վերցնել, մաշված կյանքի տաղտուկից մի պահ կտրվել, ուրիշների համար նոր, անապակ, ավելի առողջ մի աշխարհ ստեղծել։ Այստեղ ամենուր ժպիտներ են, այստեղ ամենուր հաղթանակներ են․․․ Ես սիրում եմ այս խաղը։ Ես Կորոնաթիմի խաղացող եմ։ Ես Գրիգորն եմ։
Սաթիկ Հարությունյան
Ես Սաթիկն եմ, կարող էի ուրիշ անուն ունենալ (սա լրիվ այլ պատմություն է, որ ուրիշ անգամ կգրեմ կամ…չեմ գրի), բայց մամաս կանխել էր դա: Դուք չգիտեմ ոնց, ես գոհ եմ:
Ասեմ, որ ամբողջ կյանքում շատ ամաչկոտ եմ եղել, կարծում եմ հենց էդ ա եղել պատճառը, որ երկար տարիներ մտքում եմ գրել (պարելու մասին էլ չասեմ) … Հա, բայց ամենից շատ ամաչել եմ ամաչելուց, ու հենց դրա համար փորձել եմ դա քողարկել տարբեր բաներով. անկարգություն, ակտիվություն, շատախոսություն, միննաթ և իհարկե ամենափրկիչ հումոր…
Կորոնաֆուտբոլի դաշտ էլ եմ ամաչելով, կուչ ու ձիգ գալով մտել, դա էլ փորձել եմ քողարկել եմ ինձ հետ դաշտ բերելով Հաթամի ազգ ու տակին, ընկեր-ծանոթներին և իհարկե մեղրեցի դասականներին ու բոլորին կապել ներկա իրավիճակների հետ:
Եվ ուրեմն, աչքի տակով հետևելով իրավիճակի դերակատարներին, մեղրեցի դասականներից մեկը կասեր՝ գյորմամիշը դադամիշ ա եկել, մյուսն էլ թե՝ ոխկուզակերի սերունդ ա, իսկ լեհվազեցի դասականը իրա նշաբանով վերջակետ կդներ.
Հարգիլ իս՝ հարգիլ իմ, հարգիլ չիս՝ քիվիթ:
Կարծում եմ, ես իմ գործն արեցի, ուրեմն «Սաթանի» մակագրությամբ մարզաշապիկս արխային հանեմ ու գնամ էլի մտքումս դինջ լռվեմ՝ մինչև, օֆ աման չգիտեմ երբ …
Ամի Չիչակյան
Վիճակագրության մասը չդառնալու լավագույն տարբերակը տնից դուրս չգալն է, և թողնել, որ տունը տեղաշարժվի ու ապրի իր կյանքով։ Ինչպես չեմ զգում, թե երկրագունդը ինչպես է պտտվում իր առանցքի շուրջ, նույն հաջողությամբ չեմ զգում, թե ինչպես է մեր տունը պտտվում երկրգնդի շուրջ։ Ես գոհ եմ մեր տան ճաշակից, օրվա առաջին կեսին ծովափնյա քաղաքում ենք․ ճիշտ է, ծովը մեր պատուհանից չի երևում, բայց մեր դիմացի շենքերի վրայի ամպերը ու մեղմ բրիզը վկայում են այն մասին, որ ոչ հեռու ծովն է։ Դե ծովը ո՞ւր պետք է փախչի, մի քիչ հովը կընկնի, դուրս կգամ։ Իսկ երբ արդեն հովն է ընկնում, ու մթնում է, մեր տունը աղմկոտ մեգապոլիսում է, շուրջ բոլորը լույս ու աղմուկ է։ Նույնիսկ մտքովս էլ չի անցնում տնից դուրս գալ, ու ժամերով փողոցները չափչփել։ Իսկ դե առավոտյան ամեն առավոտ արթնանում եմ նույն քաղաքում՝ նույն «սաունդթրեքի» տակ՝ «Ս՜ԻԳ, ԹԱՐՄ ՍԻԳ, 7 հատը 1000 դրամ»։
Երբ փոքր էի, պապաս ամեն շաբաթ-կիրակի ինձ տանում էր ֆուտբոլի դաշտ՝ վազելու։ Ինքն իր համար վազում էր, իսկ խեղճ երեխան, այսինքն՝ ես, շնչակտուր երազում էր, թե երբ է վերջապես ավագը հոգնելու, որ ինքը մի քիչ շունչ քաշի, հանգստանա։ Մինչ ֆուտբոլային թիմը մարզվում էր, պապաս հասցնում էր մի քանի շրջան վազել, մինչդեռ ես հազիվ հասնում էի կեսին։ Այդտեղ ես կնքվեցի որպես «անկյալ» և ատելով ատեցի ֆուտբոլը, դաշտը ու այն ամենը ինչ կապված է ֆիզիկական ակտիվության հետ։
Բարև Ձեզ, ես Անին չեմ, ոչ էլ Արմին եմ, բայց կարող եք նույնիսկ Արմինե կանչել, միայն թե նախապես տեղեկացրեք, որ արձագանքեմ։ Ես Մեսրոպի վկա եմ (այդպես են իրենք իրենց ու իրար կատակով անվանում այն ուսանողները, ում Մեսրոպը դաս է տվել։ Մեր առաջնորդը հենց ինքը՝ Մեսրոպն է, բայց ոչ թե հացեկացցին, այլ փըշկյագեցին։ Ուղիղ վեց տարվա ընթացքում կամա, թե ակամա, փաստորեն, նաև կորոնաֆուտբոլին էր պատրաստում։ Ու երբ ժամանակը եկավ, սենսեյի օրհնությամբ մտա դաշտ, լավ է, այստեղ վազել ու այլ ֆիզիկական ակտիվություն չեն պահանջում, գոնե ինձ նման «անկյալն» էլ կարողացավ խաղալ։
Քրիստինե Սողիկյան
Բոլոր պարերը պարել էի, նույնիսկ սարի սմբուլը, բայց այ կորոնաֆուտբոլ խաղացած չկայի։ Հա, ես եմ, Սողիկյանը, էն որ շատերը անունը լսել ու սահմռկել են, բայց աչքով տեսած էլ չեն։ Եկել եմ ասեմ՝ շատ սիրել եմ ձեզ։ Լինու՞մ է էդպես, որ կյանքում ոչ մի անգամ չհանդիպած մարդկանց հետ էնպիսի հոգևոր հարազատություն զգաս, որ օրդ պատմես, վախերդ կիսես, կարոտե՞ս։ Իհարկե՛, լինու՛մ է։ Ու լինում է հենց Կորոնաֆուտբոլի դաշտում։ Ափսոս, վերջին անգամ ենք այս խաղում մոտենում գնդակին։ Սրանով մենք գրավում ենք կորոնայի դարպասը ու ձեր սրտերը, որ ընդմիշտ հիշեք այն ոգևորությունն ու ոգեղենությունը, որ ձեզ հետ էին արտակարգ դրության օրերին։ Տղաս ասում է՝ ի՞նչ եք բողոքում, արտակարգ դրություն նշանակում ա՝ ամեն ինչ շատ լավ ա, այսինքն՝ արտակարգ լավ։ Եվ իսկապես, ամեն ինչ իսկապես արտակարգ լավ է ու ավելի լավ է լինելու։ Որովհետև քանի դեռ լավ չէ, ուրեմն՝ դեռևս վերջը չէ։ Ասում են՝ էս դևը բռնում ա հային, ռուսին ու վրացուն, տեսնում ա՝ առանց դիմակի են։ Էս երկուսին ուտում ա, հային էլ նկարում ա, ուղարկում Նիկոլին։