Կորոնաֆուտբոլ

Կորոնաֆուտբոլ100/ Ահա և վերջ․․․/ Քրիստինե Սողիկյան

Հարգելի կորոնոաֆուտբոլասերներ, վայրկյանաչափի սլաքը շարունակում է իր սահուն ու անկասելի ընթացքը նույն շրջանաձև ուղեծրով, իսկ մեր ժամանակը գծային է և, ցավոք, մոտեցել է ավարտին։ Ահա և կորոնաֆուտբոլային խաղի վերջին րոպեն։ Միայն վաթսուն վայրկյան՝ ամփոփելու այն, ինչ տեղի էր ունենում արդեն երեք ամիս, ինչպես նաև հետևելու դաշտում այս պահին տեղի ունեցողին։
Երբ դեռ մարտի սկզբին, իրեն վստահած քաղաքացիների գիտակցությանն ապավինելով, վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում կա կորոնովիրուսային վարակի դեպք, մեզ համար այդ կորոնան, կամ ինչպես մեր Մարինան է ասում ՝ կորոնը ոչ դեմք ուներ, ոչ էլ անուն։ Ու ժամանակի հետ այդ կորոնը, ԱՀԿ-ի թեթև ձեռքով, մերթ վտանգավոր էր, մերթ՝ ոչ այնքան։ Մեր ներքին լավատեսությունը փշուր-փշուր էր լինում գիտական շրջանակներից եկող հոռետեսական կանխատեսումներին բախվելիս։
Ու մինչ անուղղելի լավատեսների ու անուղղելի հոռետեսների արանքում իրատեսները տառապում էին, կորոնի օղակը սեղմվում էր։ Կորոնն սկսեց դեմքեր ու անուններ ձեռք բերել, դիմակի տակից անատամ ժպտալ, խարանել, խտրականության ենթարկել, կորոնը սկսեց մերժվել ու, միշտ սկվազնյակի տակ ընկածի տեսքով, ծպտյալ, թևածել ու ինքնամեկուսանալ Գյումրվա շատրվանների տակ կամ Քանաքեռի գերեզմանոցում։ Նյու Յորքում կորոնան «Նյու Յորք Թայմզի» մի ամբողջ համար էր, մեզ մոտ՝ ինտերակտիվ քարտեզի վրա մի մեծ կարմիր կետ, մի մեծ ու սպառանալի կորոն։
Ետնաբեմում այս ողջ ընթացքում ալեկոծվում էին դավադրությունների տեսությունները՝ հսկայական բազմազանությամբ, քաղաքական ու խոհանոցային խորհրդածությունները, կանաչ մարգագետիններում դիմակավոր հայտարարություններն ու առյուծ կտրածները։ Վեթթինգը շատ քրքրվածը դուրս եկավ, փաթաթվեց թավշյա պատմուճանում, իսկ պատմուճանավորը սիրեցին գրավը, միլիարդով՝ զույգ միլիարդով։ Ու մի հարցնող լինի՝ էլ ինչու՞ էիք պոչ խաղացնում, մեկ է՝ թավշյա է մեր արդարադատությունը։
Ու կորոնայից համուհոտի զգացողությունը կորցրածներիս ու շնչահեղձներիս է հղվում հռետորական «Ի՞նչն ենք սխալ անում» հարցը։ Իրականում սխալները մատնանշողները շատ են, բայց մենք զերծ ենք «իզմ»-երից, ու ներսից ենք փչացած, ուստի՝ փրկությունն ու ճիշտը ներսից պիտի գան։ Դեռ անցյալ դարասկզին ամենայն հայոցն է ասել։ Բայց ինչպես Մովսեսի առաջնորդած ժողովուրդը՝ առնվազն մի քառասուն տարի ունենք անապատում դեգերելու ու ներսից մաքրվելու համար, նախորդ հազարամյակներին չխաբվենք․․․
Այ այսպիսի խտապատկերի ուղիղ կենտրոնում, կարմիր ազդագրով, սակայն կանաչ վերբալ ձվածրի սահմաններում մեր կորոնաֆուտբոլիստները խաղացին, երգեցին, նվագեցին, պարեցին, հիշեցին, հիշեցրին, ուրախացան ու լաց եղան, հպարտացան ու գլխիկոր ծիծաղեցին սեփական ապաշնորհության վրա։ Եկան ու գնացին, գրեցին ու ջնջեցին, քննադատեցին ու քննադատվեցին, բայց սիրեցին ու սիրվեցին․ ամեն մեկն իր քաղաքում, իր անկյունում, ու կորոնաֆուտբոլի փոխանցումներն անցան Երևանից ու Մեղրիից Մասիս, Գերմանիայից Դանիա, բայց դե իհարկե՝ չերեզ Աշատարակ։
Կորոնան էլ եկավ ու մնաց մեզ հետ, ու ամեն օր նոր անուններ է ստանում, մեզ մոտ ու ծանոթ մարդկանց տանում է իր հետ։ Սրա հետ փոխվում է խաղը, փոխվում է խաղի տեմպն ու որակը, փոխվում է ընդհանուր տոնն ու եղանակավորումը, տխրում է խաղը, կառչում է հիշողություններից՝ ուրախ, որ ոգևորում են, տխուր, որ հիշեցնում են, որ կարող ենք սա էլ հաղթահարել, ինչպես այ այն անգամվա երկրաշարժը կամ պատերազմը․․․
Խաղացին ֆուտբոլիստներն ու ընտիր խաղացին։ Ինչպիսի՜ նկարագրությունների ականատես եղանք, ինչպիսի՜ անձնական և անանձնական հիշողությունների, ինչպիսի՜ հարավալբիոներեն՝ flashback-երի, ինչպիսի՜ փոխանցումներ էին՝ նույն պատկերներով, մեկը մյուսից բանահյուսական նույն միջոցների փոխառմամբ՝ էլ բարբառաբանություն, էլ խոսակցական ու ժարգոնային շերտ, էլ մաքրամաքուր, ոսկեղենիկ հայերեն, հյուսիստիզբոներեն, գերմաներեն, և վերջապես՝ չինարեն։ Անհերքելի է մեր ֆուտբոլիստների լեզվական կոմպետենցիան, նրանց արտասանական, թե՞ գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ տպագրական ապարատի արագավազությունն ու սահունությունը։ Մի շարք խաղացողներ, չնայած վնասվածքներին և ծ-ի կորուստներին, համառորեն պայքարում էին խաղադաշտում և հանդերձարանում՝ մեզ նվիրելով բյուրեղի պես խիտ ու ամուր հայրաքաղաքային կոլորիտը։
Բայց առանձնակի ուշադրության արժանի է ֆրոյդյան տեսանկյունից խիստ հետաքրքրական մի երևույթ՝ շարադրանքում պարբերաբար ի հայտ եկող երազի մոտիվը։ Հետաքրքրական է, որ երազի մոտիվը՝ տարբեր դրսևորումներով՝ ծիծաղաշարժ, հեքիաթանման, մղձավանջային, նոստալգիկ, ի հայտ եկավ հատկապես վերջին խաղակեսում, երբ հակառակորդը, հարավալբիոներեն lockdown-ից հետո մոլեգնում էր դաշտում։
Ֆուտբոլիստները մշտապես նույն գծի մեջ էին։ Հենակետային կիսապաշտպանները պարբերաբար կազմակերպում էին խաղը՝ տալով նոր գրոհի և փոխանցումների հաջորդականության ուրվագծային մոտիվը։ Գրական տարբեր տեքստերին հղումները հետաքրքրական էին՝ հայ ժողովրդական հեքիաթներին արվող շարունակական անդրադարձներով։ Բայց արի ու տես, որ այս ողջ խաղը նաև հագեցած էր օրախնդիր խաբսերով՝ Ազգային ժողովից ու պարետատնից գարաժ ու փողոց, բաղնիքից համալսարան, Մեղրիում Մեսրոպենց թաղից Եվրոպայի անծայրածիր թաղերն ու տրամվայները։
Խաղը զերծ չէր նաև նուրբ և զգացմունքային նկարագրությունից և խոհագրությունից։ Ընդհանուր քաղաքական սուր սատիրայով և անձնական փորձառությամբ համեմված այս գիրն առանձնանում էր աղջիկների վիրտուոզ խաղով, որը փոթորկում էր դաշտի կենտրոնում, դարպասից դարպաս։ Տղաներն ավելի կայուն ու ծանր էին, հատկապես երկրորդ խաղակեսին կարծես եզրով էին խաղում, սակայն հանդերձարանում, ասում են, բավականին ակտիվ են։ Հարկ է հատկապես նշել բազմափորձ մարզչի դերակատարությունը խաղի ընթացքի հավասարակշռությունը պահպանելու ու ծաղրանկարելու հարցում։
Հաշված րոպեներ են մնացել այս խաղին, բայց խաղող-խաղողուհիներն ամենևին չեն հանձնվում, անցյալի ու ներկայի ամեն անկյունից ու շերտից հորդում է հումորը, սենիտմենտը, մղումը, ի հակադրություն դրսում դեռ փոթորկող ժահրի, որը ոչ մի կերպ չի թուլանում։ Իսկ դաշտը դեռ լցվում է նորանոր պատկերներով ու ասելիքով։ Ահա և լսվում է մրցավարի սուլիչը։
Հարգելի ֆուտբոլասերներ, խաղն ավարտված է։

Please follow and like us: