Մինչ ես պատրաստվում եմ հերթական պասին, նամակ եմ ստանում առ այն, որ Ֆրանկֆուրտը վերադառնում է մինչկորոնաժամանակային կյանքին։ Երեխաները դպրոց կգնան ամենօրյա ռեժիմով, կբացվեն մանկապարտեզները, կյանքը կընթանա սովորական հունով, ես հավանաբար կկարոտեմ այս գերլարված ժամանակահատվածը, երբ նախաճաշից ու ճաշից հետո ընթրիքի ենք անցնում, մի սենյակում աղջիկս է օնլայն դաս անում, մյուսում՝ տղաս կիթառ նվագում, երրորդում ամուսինս մի քոլից մյուսին անցնում։ Ընկերուհիս զուգահեռ չատում գրում է’ Շվեյցարիան ամսի տասնմեկից բացվում է, սահմանն էլ Գերմանիայի հետ փակ չի մնա, կբացեն շուտով։ Մյուս ընկերուհիս ուղարկում է հոդվածի լինկն ու ասում’ հարեւանիդ աչքը լույս, լողավազանները կբացվեն վաղվանից։ Ես էլ Նազիկին եմ գրում` մի ամսից, ուրեմն, ամենաշատը մի ամսից Հայաստանը կվերադառնա իր նախկին ընթացքին։ Էստեղ չեմ մոռանում հիշել այն բոլոր էգոիստներին, թող ներեն ինձ իմ կարծիքի համար, ովքեր առավել վտանգավոր երկրներից պատասխանատու պահին հետ փախան Հայաստան, երբ Հայաստանում դեռ ամեն ինչ մաքուր էր, լավ էր, կառավարությունն էլ պատվով մեկուսացնում էր կասկածյալներին շքեղագույն հյուրանոցներում։
-Զանգ տվեցեք, ըսեցեք Անահիտին խոնցը յոր անե, կյա շենը, է՜, Գերմանիա վիճակը վեր տի փիս ա։
– Չէ, վեչ ես կիկյամ, վեչ էլ կթողիք օրիշնեն կյան, վիրուսը պիրին շենը,- հակադարձել էի ես կորոնային առաջին օրերին։
Խծաբերդի մեր խմբում էլ փոստել էի, միգուցե անցակետեր դնենք մի հատ խութում, մի հատ շենին կլխեն, որ մարդ չմտնի, դուրս չգա գյուղից։
-Չէ,Անահիտ, պեն չի իննական, էն ա էն օրեն մին վաճառական ա եկալ Գորիսա, գյուղապետը ետ ա տվալ, թողալ չի սկի ապրանքը տուս անե,- անչափ լարված օրերին հանգստացնում էր ինձ Մելինեն՝ հորեղբորս աղջիկը։
Բայց Խծաբերդը գյուղ է, որի տեղն անգամ վիրուսը չգիտի։ Ու սա էն հատուկենտ դեպքերից է, որ ես երջանիկ եմ դրա համար։ Ու մինչ գիրս կհասնի Արփիին, մայրս գուժում է, որ Հադրութում մի քանի գյուղ արդեն փակել են։
Շուտով Հայաստանն էլ դուրս կգա էս վիճակից, բայց թե քաղաքական վիրուսից ոնց է ազատվելու, էդ մեկը չգիտեմ, բարդ հարց է։ Հիմա էլ բաժանվել են երկու խմբերի՝ նիկոլական ու հականիկոլական, ինչպես ժամանակին էր՝ լեւոնական, հակալեւոնական։ Ասես չի կարող լինել միջին՝ մեկ այլ տարբերակ, որին պատկանում եմ ես։ Որ ոչ նիկոլական եմ, ոչ էլ հակա եմ, էն եմ, ինչ կամ։ Մի բան դուրս չի գալիս, ստատուս եմ գրում, գալիս ա, էլի եմ գրում, մնացած դեպքերում անտարբեր լռում եմ։ Ի վերջո հո երդում չեմ տվել, որ գլխումս եղածը ամեն աստծո առավոտ պիտի շարեմ ֆեյսբուքում, հատկապես, որ չգիտեմ էլ էդ երկու հազար հինգ հարյուր ընկերներս ովքեր են։ Նրանցից մի հարյուր-հարյուր հիսունը անձնական նկարներ ա միայն լայքում, մի քսան-երեսունը թեթեւ պատմություններ, մի տասը ինչ-որ մտքեր, մի հինգն էլ բանաստեղծություններ։ Շատերն ուղիղ կապի մեջ չեն ինձ հետ, գրածներս կարդում են ու տարբեր խողովակներով կարծիքներն ինձ հասցնում։ Սա գրեցի, հիշեցի, որ հեռու բարեկամս զանգել էր ավելի մոտ բարեկամի՝ ճշտելու արդյո՞ք հավատացյալ եմ, որ չորրորդին եմ ունենում։ Խնդրեցի մեկմեկու փոխանցելով ասեն, որ Գերմանիայում ասոցիալներն ու հարուստներն են շատ երեխա ունենում, ու որ ես հարուստն եմ։
Բայց լավ, սա էստեղ թողնեմ ու գնամ պոլիտեխնիկ, բան չեմ պատմել, չէ՞ իմ ուսանողական տարիներից։ Ուրեմն, կենդանաբանական այգի ենք ուզում գնալ կուրսով, կարծեմ վերջը իսկի չգնացինք, կամ էլ տղաները թաքուն գնացել են, ես խաբար չեմ, քանի որ խմբում երկու աղջիկ կար, մեկն էլ հետները չէր շփվում, միայնակ էի, հաճախ ինձնից թաքուն էին գնում։ էդպես շատ բաներ պարզեցի, երբ ավարտելուց հետո ֆեյսբուքում տեսա նրանց լուսանկարները էս ու էն եկեղեցու ֆոնին ընկեր Բարսեղյանի հետ միասին։ Այսպիսով, մեր խմբում էր սովորում Գերմանիայում մեծացած, անչափ համակրելի մի տղա, ազնիվ ու պարկեշտ մարդ։ Մեր կուրսի տղաները նրան ասում են, որ հետը ուսանողական վերցնի, գնում ենք գազանանոց, իբր գազանանոցի մուտքն անվճար ա ուսանողական տոմսով։ Ուր ա, թե ճիշտ լիներ։ Գերմանիայում ուսանողների համար թանգարանները ու մշակութային օբյեկտները, ինչպես նաեւ այգիները, տրանսպորտը հատուկ զեղչով են։ Մի խոսքով, ասում են, որ կենդանաբանական այգի չեբուրաշկա են բերել, պիտի գնանք տեսնենք։ Էն ժամանակ դեռ չեբուրաշկան քաղաքական իմաստ ձեռք չէր բերել, սովետական մուլտի սիրելի հերոս էր։ Հետո կարծեմ նրա հայրն էր եկել տղաների հետ դաստիարակչական աշխատանք տանելու, երբ վերջինս տանը փնտրել էր իր ուսանողականը։ Հայրը Չեբուրաշկայից հասկացել էր, որ Գերմանիայում մեծացած իր երեխայի վրա Հայաստանում մեծացած խորամանկները տժժում են։ Բայց ժամանակն անցնում է, նմանատիպ պատմությունները թողնելով հետևում։
Հինգերորդ մասնաշենքի նկուղային հարկում դասի ենք, տղաները չեն նստել, ինչպես սովորաբար էր լինում, միայն ես ու ընկերուհիս ենք դասի նստած։ Դասախոսն ալարում ա երկուսիս համար կարդալ դասախոսությունը, սովետից ժառանգություն ստացած, գեղեցիկ ձեռագրով տետրը դնում է մեր դիմաց, ասում, որ արտագրենք մինչեւ էսինչ էջը։ Իսկ ինքը գնում, փոքրիկ պլիտայի վրա կարտոֆիլի ժարիտ է անում։ Չպատմեմ, թե ինչ սիմֆոնիա էր նվագում իմ սոված ստամոքսը, երբ միկրոսխեմաների ու պայալնիկի հոտերին խառնվում է նաեւ ժարիտի հոտը։ էսպես էլ ավարտեցի պոլիտեխի լավագույն համարվող ֆակուլտետը նկուղային հարկերում տարիներ գլորելուց հետո։ Իսկ թե ինչի մասնագետ դառնալուց հետո լուսանկարիչ ու գրող դարձա, պարզից էլ պարզ է։
Բոլոր համալսարաններում այդ տարիներին պեռաշկին հիսուն դրամ արժեր, միայն պոլիտեխնիկում էր, որ այն երեսուն դրամ արժեր, ուղղակի մի փոքր ավելի ձեթոտ էր։ Շատ անեկդոտներ կան պոլիտեխնիկի մասին։ Մեկն էլ այն էր, թե ինչի է 5րդ մասնաշենքը մի քիչ թեք դեպի ժողինստիտուտի շենքը։ Պատասխանը՝ ժողն էնտեղից պերաշկի է ցույց տվել։ Բայց ես իսկապես գոհ եմ պոլիտեխից, որովհետև միայն այնտեղ էր ֆիզիկա դասախոսում ընկեր Միտոյանցը, ով մատը տնկելով դասը խանգարող ուսանողների կողմը՝ ասում էր.
– Մարդս, մարդս պիտի մարդ լինի։
Նա անսխալ տարբերում էր քաղաքի ուսանողներին շրջանի ուսանողներից։ Ասում են՝ Միտոյանցը դեռ ուսանող տարիներին դասավանդել է երեկոյան խմբում, որտեղ մի անգամ մեկը նրան հարցրել է, թե ում աղջիկն է, ինքն էլ լացելով դուրս է եկել լսարանից։
Հերթական քննությունն է ՀՏ եւ ԻՄՀ առարկայի քննությունից։ Դասախոսը՝ Չուստը, որի անունը կնքել էին առ այն, որ մի անգամ առավոտ կանուխ տնային հողաթափերով էր դասի եկել, բաժանում է հարցաթերթիկները։ Բանաձեւը չեմ հիշում։ Ստիպված եմ դուրս բերել։ Կես էջանոց լուծումը դառնում է երեք էջ, վերջում ստանում եմ վեցանիշ մի թիվ։ Սպասում եմ գնահատականիս՝ թերահավատ, որ հաշվարկիս մեջ սխալ արած չեմ լինի։ Գնահատականս ոչ պակաս երկար էր լուծումիցս՝ «Ամեն դեպքում ելք կա, կեցցես»,- գրել էր նա գնահատականի փոխարեն։
Նույնը ուզում եմ ասել ես խաղի դիրիժոր Արփիին, դաշնակահար Մարինեին, թարգմանիչ Քրիստինեին, լրագրող Սառային, շախմատի վարպետ Մարինային, նույն վարժարանում սովորած համաքաղաքացի Հովիկին, ԳԳԳԳԳրիգորին, դասախոսներ Սաթիկին ու համբերատար Մեսրոպին, խաղաչատը լքած Արփիին ու Գիլանցին, ուսուցիչ Ժաննային ու Դիանային, լեզվաբան Հասմիկին, Իզայիին, Ամիին ու Բյուրակնին Դանիայից, խաղադաշտը լքած Գևորգին, մեր բոլորի գրվածքներում հայտնված մարդկանց ու հատկապես Ջալոյանին, բոլոր խաղացողներին ու խաղողուհիներին, անգամ այս՝ Հայաստանի համար ծանր իրավիճակում ուզում եմ ասել․ «Ամեն դեպքում ելք կա, կեցցենք»։
ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ95/ Ամեն դեպքում ելք կա/Անահիտ Հայրապետյան
Please follow and like us: