Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ92/ Չենք ամուսնանալու/Դիանա Մելիք-Սարգսյան

Ազնիվ խոսք, էսպես որ գնա՝ ֆուտբլոտս ֆուտբոլ կդառնա։ Պասերից մեկը ինձ հիշեցրեց ՀամՓարց պապիին (ինձ համար՝ Հանկարծ) ՝ Սահականուշ տոտայի լրացում որպես ու իրենց հիշելուց էլ անհնար է չհիշել Մարոյին՝ նրանց աղջկան, որ կլիներ մոտ 40-45 տարեկան, երբ տեղափոխվեցին մեր գյուղ։ Մարոն ինչ-որ առանձնահատկություններ ուներ, դրա համար էի վախենում իր պասերն ընդունել, երբ դույլերը ձեռքին մտնում էր դաշտ։ 15 լիտրանոց դույլերն աղբյուրից ծայրեծայր լցնում ու տանկի պես` ձեռքերն անշարժ, դեմքն անհաղորդ շարժվում էր դեպի տուն։ Թե բարևեինք, լայն լուսնաձև ժպիտը դեմքը ողողում էր, բայց անձայն, գլխով բարևում ու շարունակում էր ճանապարհը մինչև փողոցի վերջում գտնվող դարպասը` առանց դույլերը մի վայրկյանով ցած դնելու ու մի կաթիլ ջուր թափելու։ Էնտեղ նրան սպասում էր Հանկարծ պապին ու ընդունում պասը։
Պատահում էր` Մարոն լուսամուտից մեզ տեսնում ու քիչ հետո մկանները տաքացրած դաշտ էր մտնում՝ արդեն մի տեսակ նյարդային։ Գալիս, կանգնում էր լուռ, գլուխը կախ, մատները կոտրատելով, Ջոքերի ժպիտը դեմքին։ Որ անդադար ժպտում էր, թուքը լցվում էր այտերի մեջ ու հոսում առաջ, ինքն էլ բալանսը պահելու համար խլշտոցով թուքը հավաքում ու կուլ էր տալիս։
-Հը, Մարո ջան, ո՞նց ես,- գնդակը սովորաբար գլորում էինք իր կողմ, թե մի բան էլ դու «ասա»:
Առաջին պասը բաց էր թողնում, իբր չէր լսում։ Ավելի դաստիարակված, սրամիտ մեկը հաջորդ` ապուշ հարցն էր տալիս․
-Մարո, բա ե՞րբ ես ամուսնանալու։
Խեղճացած իմ կողմն էր գալիս ու կիսաձայն ասում.
– Հի՞նչ ա ասում Վալոդի քածը, հը՞, հի՞նչ ա ասում, է՜։
Ինձ վատ են դաստիարակել։ Ինձ , կարելի է ասել, չեն դաստիարակել, միայն ասել են, որ ես ոչ մեկից լավը չեմ։ Էսօր էլ ես իմ երկու անդաստիարակներն ունեմ։
Ես՝ աշխարհի ամենախեղճս (էն ժամանակ, իհարկե), Մարոյի թևն եմ մտնում ու տանում մեր տուն։ Սուրճին հավասար բան չկա Մարոյի համար, ֆուտբոլը մղում ենք երկրորդ պլան։ Մարոն մորս տեսնում ու երեխայի պես սկսում է պատմել, թե ինչ վատն են Խորենի քածը (աղջիկը իմաստով), Վալոդի ու մնացած հարևանների քածերը։
-Քուքուշ, հե Քուքուշ, – ասում է արագ-արագ, առանց շնչելու,- էն քածը ինձ ասում ա՝ հե՞փ ես փսակվում։ Պա տա ասելու պյան ա՞, հը՞ Քուքուշ..
Չէ, հեչ ասելու բան չի, եկեք խոստովանենք։ Ա՛յ, հիմա ո՞նց ենք թիմի կեսով հայտնվել պահեստայինների նստարանին։ Գոլ խփելը հեչ էլ պարտադիր չի, ոնց` ամուսնանալը։ Մանավանդ էս վերջերս ֆեյսբուքահայության «թույլ» սեռի կողմից կոչեր եմ նկատում, թե` ի՜նչ ամուսնանալ, ի՜նչ բան… Չե՛նք ամուսնանալու։ Մի ամուսնացեք, այ բալամ, բայց թողեք մենք մեր մահով մեռնենք․ նոր հեղափոխություն մի արեք։ Հիշում եմ՝ դասղեկս (տիկին Գալստյան, ականջդ կանչի) ասում էր՝ կնոջ գերագույն նպատակը ընտանիք ստեղծելն է։ Ո՜նց մտածում եմ, չեմ հիշում, որ ֆուտբոլի մասին մի բառ ասած լինի, բայց վստահ եմ՝ գոլ խփեմ, առաջին ծափահարողն ինքն է լինելու։
Մարոն էդպես էլ ընտանիք չունեցավ։ Պատմեցին, որ մի օր լուսամուտից իրեն ցած է նետել, ու էդ օրն ականջներումս անդադար հնչում էր «Քուքուշ, հե՜ Քուքուշ»-ը։ Էդ օրը քանի՜ հոգի կարմիր քարտ ստացան ու դուրս մնացին խաղից նրա համար, որ իրենց Մարոյից լավն էին կարծում։ Հիմա ես գնում եմ ու խելոք նստեմ էն տխրահռչակ պահեստայինների նստարանին, բայց սպասելու եմ, հա՜։ Ձեն կտաք;

Please follow and like us: