Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ90/Վեզիրովի եւ Գիդանի հանդիպումը/ Անահիտ Հայրապետյան

-Ա, չէ, Աբո, հինչ ըս ասում, է,- հակաճառում է մայրս հորս,- մեր շենումն էլ ըն էշերին անըմը Վեզիրով տիրալ, մի հետ էլ Արեգա մաքուրեն Վեզիրովը մեր Անուշեն աչքեն ա քացավ տվալ, մինչև մհենգ նալին տըղերը ըրվամ ա։ Անուշը խոխա ա լալ։ Բուժքույր Ռայան կյամ ա լալ վիրակապը փոխում, տըսնա աչքը պենվում ա, թա վնասալ ա։
-Բայց Վեզիրովը ութսունութից էր քարտուղար,- փորձում է մորս գրական հայերենով համոզել հայրս։ 
Եթե հայրս բարբառից գրական անցումներով է խոսում, ապա մայրս հիմնականում բարբառով է խոսում, ինչի համար ես չգիտես ինչի շատ տարիներ առաջ երբեմն ամաչում էի, երբ մորս ու Նաիրա տոտայի հետ գնում էի շուկա, նրանց խոսքից բոլորն անմիջապես գլխի էին ընկնում, որ ղարաբաղցի ենք։ Չնայած հիմա անչափ շնորհակալ եմ, որ հերիք չի տանը, էնպես էլ շենքում (հարեւանների մեծամասնությունը ղարաբաղի տարբեր շրջաններից էին) շփման հիմնական լեզուն բարբառն էր։
– Դե մեննըս չի, բայց էդ, վեր շենումը էշեր ըն լալ Վեզիրով ընումավ, էդ հաստատ, մինակ շարժման տարիներան չի, -պնդում է մայրս։
Լսում եմ հորս հեռացող ձայնը։
-Ըհըն, քեցցալ ա Ալիսին անա հըրցընե,- հինչը ինում ա՝ Ալիսա, Ալիսա։ Էն մին դոնումն էլ տըսնամ ասում ա դոբրոե ուտրո Ալիսա, վեր հարցը ձեւակերպի, ասում ըմ՝ Աբո, ախըրը վեր դոբրոյե ուտրոդ էլ ասիս վեչ, ամալ չի կիլական, հարցեդ պատասխանը Ալիսադ տըլան չի՞,- բողոքում է մայրս հորիցս՝ ակնհայտորեն խանդելով, որ հայրս իրեն ստուգելու համար հարցն ուղղում է Ալիսային։
Ես՝ այգու ճանապարհին բարձր-բարձր հռհռալով քայլում եմ, առավոտը շուտ զանգել էի ճշտելու, թե ով ա դրել մեր էշի անունը Վեզիրով ու ինչի հենց Վեզիրով, հերթական կորոնաֆուտբոլային պասիս համար ինֆորմացիոն պաշարով զինվելու համար։ Մի երկու օր առաջ էլ աղջկաս հետ ցուցահանդես գնացինք, որտեղ նմանատիպ մի գործ էր ներկայացված։ Մեկը վիրտուալ կապով միացել էր մի քանի մարդկանց ու մարդիկ Ամազոնի վիրտուալ Ալեքսային իրենց հարցերն ու մտահոգություններն ուղղելու փոխարեն դիմում էին իրական իրեն, ինչպես հայրս՝ Ալիսային։ Հերոսները պատից կախված վիդեոյի միջից պատմում էին իրենց տպավորությունները իրական մարդու ներկայությունն իրենց կյանքում լինելու մասին։
Գուգլում եմ, Վեզիրովը ծնվել է 1930 – ին, մայիսի 26-ին, թարսի պես հենց իմ ծննդյան օրը։ Հազար ու մի պաշտոնի է եղել ու ինչպես ճիշտ նկատել է մայրս իր մանկության տարիներից մինչեւ շարժման տարիները հաջողացրել է բարձր ու պատասխանատու պաշտոններ ստանձնել, այսպիսով վաստակելով հայկական գյուղերում բնակիչների էշերի անունն ունենալու պատվին։ Ենթադրում եմ՝ հակահայկական քաղաքական գործիչ է եղել։ Թող ներեն ինձ ադրբեջանցի ընթերցողները, եթե կլինեն էդպիսիք, բայց ես ընդամենը դեպքերի փաստագրմամբ եմ տարված էս նեղ մաջալին։
Մեր գյուղում մեր տան բոլոր կենդանիներն անուններ ունեն։ Խինան, որ կաթը թափելով էր տուն բարձրանում, ու կաթի հետքով կարող էիր մեր տնից մինչեւ գյուղի ծայրը գնալ, Խանգյուլը, որին չէի սիրում, մի անգամ հաջողացրել է ինձ պոզերին առած թոնրի համար կուտակած ճախերի վրա գցել, պոզերի հետքերը փորիս որոշ ժամանակ մնացել էին։ Վեզիրովը՝ պապիս էշը, որի անունը հարցուփորձի արդյունքում պարզվեց դրել էր հորեղբայրս՝ շարժման տարիներին, Գիդանը՝ մեր հայտնի այծը, որը ձիերի հետ մեծացավ, նախրի հետ էր միայն արածելու գնում, կովերի տերերը բողոքում էին, քանի որ իրենց կովերը մեր Գիդանի խելքին ընկնելով քերծերն էին բարձրանում ու արնալվիկ ոտքերով տուն գալիս։ Գիդանին սկսեցինք ձիերի հետ հանդ ղրկել, մի քանի անգամ գայլի ձեռն ընկնելուց հետո մի օր վերջնական գայլի փայ դարձավ, Գուրանը՝ մեր չքնաղ ձին, որ գալիս էր տուն ու ոտքով հարվածում տան դիմացի քարերին՝ սպասելով իր կտոր շաքարին։ Հերս ու հորեղբայրս իզուր փորձեցին էդ անդաստիարակին հեծնել, չստացվեց։ 
Հիշում եմ՝ հորեղբորս հարսանիքն էր, Թամամի բալկոնում էինք նշում, մեկ էլ կտկտոց լսվեց, պատվավոր կերպով վերեւ էր բարձրացել Գիդանը, հյուրերը խառնվել էին իրար՝ ուլը բարձրացել է բալկոն, բայց մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դե մենք սովոր էինք Գիդանի ներկայությանը մեր կենցաղում։ 
-Պա ստի պեն կինի՞, հուվ ա տըսալ հոլը տանը շոռ կյա,- բողոքում էր հյուրերից մեկն, ում դուր չէր եկել այդ փաստը։
Բայց մեզ միեւնույն էր, մենք շվացնում էինք, Գիդանը շան պես վազելով գալիս էր, մեկ էլ տանիքներով զբոսնել էր սիրում Գիդանը։ Գիդանը տարվա երկրորդ ծին էր, ոչ ոք չէր էլ սպասում, որ պիտի ծնվի, մի օր նախրապանը ոտքերից բռնած սեւ ուլ բերեց հետը տուն։ Ցուրտ էր, բերում էինք տուն՝ կրակի մոտ տաքացնելու, էդպես էլ հետներս խաղալով մեծացավ։
Սարղըզը, այդ շեկլիկ կովը, որին թուրքական գյուղից էին բերել, ցածրահասակ էր ու երկարուկ, հավանաբար ինչ-որ ցեղատեսակի էր պատկանում, յուղոտ կաթ էր տալիս, բայց էդպես էլ չհարմարվեց մերոնց, հին տերերին էր կարոտում, էսպիսով նրա համար մի տխուր երեկո ճանապարհվեց մսագործների հետ մեքենայի թափքում։ Ես անչափ հարգում էի Սարղըզին, որ էդպես էլ թույլ չտվեց հայերին իրեն կթել, ում համար չսիրելի մնաց Ղարաբաղի բարբառը, ով նախրում էնքան էր պատերազմել հայ կովերի հետ, որ կորցրել էր իր գեղեցիկ ու մյուսներից տարբերվող պոզերից մեկը։
Հիշում եք, չէ՞, Էդիկ դայուն, մի անգամ Էդիկ դային իր ձիով թուրքի գյուղով անցնելիս, տեսնում է՝ թութը լավ հասել է, կանգնում է մի ծառի տակ, սկսում ուտել։ Կողքով անցնող ադրբեջանցին Էդիկ դայուն ասել է՝ երի բուրդան, այսինքն գնա էստեղից, ինչը ղարաբաղի բարբառում հնչում է ինչպես եր իլ, այսինքն բարձրացիր։ Էդիկ դային հանգիստ տոնով պատասխանում է՝ եր ըմ ինում հինչ անիմ, էն ա տական օտում ըմ լի։ 
Մեկը տեսնելով, որ Էդիկը հանդում է, գոռում է՝ Էդիկ, հե, Էդիկ։ Հե՜՝ չի ուշանում նրա պատասխանում։ Տըս մեր դանան տըղ ա՞։ Ծը՝ քթի տակ պատասխանում է Էդիկ դային ու շարունակում ճամփեն։ 
Պապիս հետ խոտհարքի եմ։ Պապս կոլխոզի խոտհնձան տրակտորն է քշում։ Ընդմիջում է։ Ես վազվզում եմ խոտերի մեջ՝ կլինեմ մի քանի տարեկան։ Կողքը ադրբեջանցիներն են(Պավլուշա դայու պնդմամբ’ քրդեր են, ում ազգանունները հետագայում փոխել ու ադրբեջանական անձնագրեր են տվել) ՝ իրենց խփած վրաններում։ Ինձ առաջարկում են ձմերուկ ուտել իրենց հետ։ Ես չգիտեմ, թե ոնց, բայց ես հասկանում էի նրանց ասածները, պիտի որ շատ պարզ լեզու լինի։ Հրաժարվում եմ։ Հարցնում են՝ ինչու։ Պապիս ասում եմ՝ պապի, բայց իրենք թուրք են, թուրքերը լավը չեն։ Թուրքը պապիս խնդրում է թարգմանել, խոստանալով, որ չի նեղանալու։ Պապս թարգմանում է։ Լուռ լսում է ու հանկարծ սկսում ծիծաղել՝ ոչինչ, ոչինչ, ասա ես եմ թուրքը, հո ձմերուկը թուրք չի՞։ Դրանից հետո հաճախ էի խաղում նրանց երեխաների հետ, իրար չէինք հասկանում, բայց հասկանում էինք։ Հետո եկավ պատերազմը։
Բայց քանի ամեն ինչ խաղաղ է՝ ուզում եմ հիշել Խորիին, մի Խծաբերդ, մի Խորի։ Խորին ու իր էշն անբաժան էին։ Էն որ ասում էիր Խորի՝ էշն էլ հետն էր։ Խորուն մի քանի անգամ փորձել են ամուսնացել։ Ապարդյուն։ Ամեն անգամ մի պատմության մեջ է ընկել։ Մի անգամ Խորին աղջկա տան սեղանից մրգերն է լցրել գրպանը՝ մոր ու հոր համար գյուղ բերելու համար։ Երբ ոտքը սեղանի տակ ընդունված տարբերակով տրորել են, որ նման բան չանի, Խորին բացականչել ա՝ թո-քը՜շ, այ էշ։
Անա, Անա, – Էշս, է, էշս ստակից,- գյուղ հասնելուս պես մի անգամ գուժեց Խորին։ Մեկ ուրիշ անգամ հերթական գյուղայցիս ականջիս շշնջաց՝ Անա, Բորիկն ա մըռալ, իմ Բորիկը։ Իսկ վերջին անգամ Խորին անդադար կրկնում էր՝ Անա, պա գիդացեր՝ կըռեվ ա լալ, կըռեվ։ Անա, մինակ թա խաղաղություն ինի, Անա, կըռեվ չինի, խաղաղություն ինի։ Անան ա, է, Աբոյեն աղջիկը, պարիկամս ա։ Կըռեվ ա լալ, կըռեվ։ 
Հիմա ես գրում եմ Խորիի մասին ու սարսափով մտածում, որ մի օր այս լուրերը ոչ ոքի հետաքրքիր չեն թվալու։ Էս կորոնաժամանակն անտանելի կերպով խտացնում է զգացմունքներս, արյունս թանձրացել է մարմնումս, ժամանակը մեկ քառատրոփ սլանում է անդունդով, մեկ կանգ է առնում, ինչպես հիմա, երբ գնդակն օդում է, դարպասապահն էլ վերեւ ցատկելու փոխարեն հայացքով ուղեկցում է այն։ 
Միայն թե խաղաղություն լինի։ Համաձայնում եմ ես Խորիի հետ՝ անխոս կանգնած հարազատ գյուղի Ներքե թաղում, որտեղ հավանաբար օրերից մի օր կվերադառնամ ապրելու, եթե գյուղը սպասելիս լինի։

Please follow and like us: