ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ89/ Բարով տեսանք/ Ժաննա Հայրապետյան

Բրիտանացի գիտնականները հավաքվել են իրար գլխի, փորձել են թարգմանել բարով տեսանք հայերեն բառակապակցությունը:
Ինձ ներսի մարդ է ասել, ճիշտ է` իրենցից մեկը չի, բայց իրենց շատ մոտ է կանգնած:
Հարյուրավոր ապարդյուն փորձեր են արել, բայց պարզվում է, որ չէ՛ ու չէ՛: Իրենց գտած համարժեքները ճիշտ չեն արտահայտում մեր բարով տեսանք-ի լեզվական ու ոճական առանձնահատկությունները, և գիտնականներից ամենագիտունը վերջնական եզրակացության է եկել, որոշել, որ այս արտահայտությունն անթարգմանելի է ու հենց այդպես էլ պիտի մնա.
-Բարով տեսանք, հարգելի ֆուտբոլասերներ:
Կորոնավիրուսն ինչքան կատաղում է ու ընդլայնում սահմաննները, Կորոնաֆուտբոլն աշխատում է հետ չմնալ նրանից, հասնում է ու նույնիսկ առաջ է անցնում:
Կորոնավիրուսից ոչ պակաս տարածվում է ու դառնում անվերահսկելի:
Ինչպես մեր մարզիչ Արփին առավոտյան հայտարարեց, այն դառնում է համահայկական խաղ:
Հանկարծ չասեք` մենք ֆուտբոլ խաղալ չգիտենք: Ես էլ չգիտեի: Չգիտեք` կսովորեք, յա՛:
Աշխարհը սովորովի է, տատս չի ասել այս իմաստուն բառակապակցությունը, բայց սրան համարժեք հո շա՜տ իմաստություններ է ասել:
Աշխարհը սուդ է ու խաբուսիգ է, սա էլ հազիվ թե տատս ասած լիներ, բայց եկեք չշեղվենք ու չմոռանանք` ինչի համար ենք հավաքվել:
Մեր թաղի Սնայպերն էլ Աստծո անունն ու տեղը չգիտեր, բայց մի՛ ալարեք, դիմակները դրե՛ք, պատշաճ հեռավորությունը պահած` գնացե՛ք մեր թաղի եկեղեցին ու ձեր աչքերով կտեսնեք, թե ոնց է Տեր Սնայպերը գրաբարախառը Շահումյան-Թթաստանի խոսվածքով եկեղեցական արարողություններ անում ու հոգեթով շարականներ երգում:
Ճի՛շտ է` շարականների երաժշտական հնչողությանը դույզն-ինչ հարեմահառաչ կլկլոցներ են խառնվել, բայց դուք աշխատե՛ք ոչ թե երաժշտությունը թարգմանել ձեր սրտի լեզվով, այլ հրաշքը տեսնել:
Մի՞թե հրաշք չէ Սնայպերի նման թունդ աշխարհիկ մարդու ներկայությունը եկեղեցում, այն էլ հոգևոր առաջնորդի հագուստով:
Այնպես որ հրաշքների ակնկալիքով մտնում ենք դաշտ:
Հուսով եմ ու խիստ հավատացած, որ այս նամակս ձեզ կհասնի:
Մեր գյուղացի մի կնոջ նամակի օրը չի ընկնի: Ախր խեղճ կինը ամեն ինչ ճիշտ էր արել: Նամակը գրել էր, տողերի տակուգլուխն էր խառնել, բայց էդ հե՛չ: Ճիշտ ծալել էր, ծրարել , ուղղակի հասցեն էսպես էր շարադրել` Կիրովական, Հացի փուռը, ով ստանա, թող տա մեր Պայծառին:
Դրա համար էլ նամակը ճանապարհվել էր ոչ թե դբա Լոռի ու դբա լավը, այլ հանգիստ հանգրվանել էր մեր գյուղի փոստի աղբարկղում: էնտեղ երկար չէր դիմացել, դարձել էր թևավոր պատմություն ու դեռ թևածում է մեր գյուղի հումորային պատումների լուրթ երկնակամարում:
Ու մինչ աշխարհը տակնուվրա վրա եղած եփում է, փոթորկվում կորոնաչարիքի ճիրաններում, Ամերիկան քանդուքարափ են անում սևամորթների ջերմ պաշտպաններն ու ռասիզմի վնասակարությունը հասկացած մարդիկ, մեր բարեկամ Մարուս տոտան իր ուտել չսիրող թոռների համար դեռ ճաշ է լցնում ու աշխարհի անցուդարձից բեխաբար` սպառնում.
-Եթե չուտեք, նեգր կդառնաք:
Ու թեպետ աշխարհը խառնվել է իրար, մոլորակը դիմակ է դրել ու հիվանդ պառկել իրենց տանը, քանի որ հիվանդանոցներում տեղ չկա, նույնիսկ վերևներում է երևի մեր Տերը վախից դիմակ դրել, որ հանկարծ չվարակվի, բայց մենք դեռ շարունակում ենք մնալ դաշտում ու Կորոնաֆուտբոլ ենք խաղում:
-Թու՛, թու՛, թու՛…
Խաղում ենք ու չենք թուլացնում հումորը, որովհետև էս նոր չիպավորումների շնորհիվ ջնջվել են ժամանակի ու տարածքային սահմանները, բրիտանացի գիտնականներին են միացել մեր գյուղի զիլ նամակագիրներն ու մեր բարեկամ Մարուս տոտան ու էս բոլորով միահամուռ եկել են մի եզրակացության.
-Հումորն է ամենափրկիչը բոլոր բարդ ու դժվար ժամանակներում:
Ինչպես ասել է վերջին ժամանակների համաճարակաբան, լրագրող, բարով տեսանք, հուսով եմ` լավ եք, ասֆալտաշինարար, գողտու լուսանկարիչ, Ամենայն հայոց փրկիչ ու ռամիկ, ամեն ինչից գլուխ հանող դասականը.
Մեր կամքը ամուր է քարից էլ,
Մեր ոգին հանձնվել չգիտի…

Ու մի՛ նայեք իմ տեսքին, որին երևի Ուրբաթն էլ կնախանձեր, ես էլ բոլորիդ նման չորսամսյա կորոնակարանտինի մեջ էի, մի՛ նայեք իմ գզգզված հոնքերին ու մազերին, դեղնած մաշկին, դուք նայե՛ք մեր կոկիկ դասավորված խաղին ու դեռ գույնը վառ պահող մեր պայծառ հոգիներին. եկե՛ք խաղանք:
-Դե՛ սպասում ենք ձեզ…

Հասցեն` Կորոնաֆուտբոլ, ով ստանա, թող տա մեր Արփիին…

Please follow and like us: