Սիրելի քաղաքացիներ, խոսում է «Գրողուցավը», Հայաստանի Հանրապետությունում «Կորոնաֆուտբոլի» համաճարակ է․․․
Երիցս ճիշտ էր մեր վետերան ռմբարկուն՝ Գիլանցը, երբ ասում էր․ «Ես գիտեմ, վերջում ամբողջ ստադիոնը դաշտ է լցվելու, գնդակ տշի»։ Ահա, ինը նոր խաղացող սպասում է դաշտ մտնելու իմ թույլտվությանը, երբ խաղի ավարտին երկու րոպե է մնում (մի երկուսն էլ գուցե ավելացնեմ, բայց դա չի փրկի)։ Ի՞նչ անել։
-Խաղը հանել միջազգային ասպարեզ,- պահանջում է «Կորոնաֆոտբոլի» գիտակ ու երկրպագու Վարդան Ջալոյանը։ Երեւի նկատի ունի թեմաները։ Բայց հիմա ամբողջ աշխարհը մի պստիկ գնդակ է դարձել, թեմաներն ամենուր նույնն են՝ վիրուս, հոգեխանգարմունք, բողոքի ցույցեր, ճնշումներ, դավադրապաշտական տեսությոններ, դիմակ կրել-չկրելու բազառներ։ Ժիժեկն ու Ագամբենն էլ ոնց որ համապատասխանաբար «Հայկական ժամանակ» ու «Ազգ» օրաթերթերի սյունակագիրներ լինեն՝ համարյա հայ գրող, հրապաակախոս ու մեծ հայրենասեր։ Այսպես ինձ ընկերաբար ծաղրում էր, իդեպ, Մհեր Դավոյանը, որի մասին ես էլ Սառայի պես զվարճալի հուշեր ունեմ պատմելու, սակայն չշեղվենք խաղի մարտավարության մշակման պատասխանատու գործից։
-Դու պիտի օտարազգի ֆուտբոլիստ հրավիրես,- պարզաբանում է Ջալոյանը, թե ինչ նկատի ունի միջազգային մակարդակ ասելով,- իսկական ֆուտբոլիստ։ Ահա, թե ինչ։ Ես մի Մարադոնա գիտեմ, մի Ռոնալդինյո, մեկ էլ դե «Կորոնաֆուտբոլի» շնորհիվ Ն’Գոլո Կանտեին իմացա։ Ն’Գոլոն իսկը կլիներ, համ էլ ժեսթ կդառնար, որով կմիանայինք ռասիզմի դեմ պայքարին, թե չէ էդ մի թեման տեղայնացնել չի ստացվում։ Հետո Ն’Գոլոյին կհանդիպեցնեի Ջալոյանի, կաելի է նաեւ Օ՜Ջալոյանցի հետ, որի հետ Ջալոյանը տարիներ առաջ վարում էր «Դիվադադադարը»՝ դիվադադար անելով հումորի զգացումից զուրկ մարդկանց։ Այդ հաղորդման մեջ էր, որ Ջալոյանն առաջին անգամ կարդաց Խաչատուր Աբովյանի մասին իր նշանային, դարակազմիկ եւ ցավոք ըստ արժանվույն չգնահատված պատմվածքը, որ մեր դասականի ճակատագրի՝ անհետացումից հետո սկսվող հատվածի մասին ուշագրավ տեղեկություններ էր պարունակում։ Այդ պատմվածքի հրապարակումից երեսուն տարի անց էլ դեռ կան հայ գրականության նվիրյալ ուսուցչուհիներ, որ իրենց աշակերտներին պատմում են, թե Աբովյանը հայտնվել է Լատինական Ամերիկայում եւ դարձել Մարկեսի ուսուցիչը, սովորեցրել նրան հայերեն, եւ հայերեն գրած իր վերջին ձեռագրերը կտակել նրան, ու որ Մարկեսը ցանկացել է դրանք փոխանցել հայ ժողովրդին, բայց կոմկուսի ղեկավարները իրենց արժանավայել չեն դրսեւորել եւ այլն (Տես Ջալոյանի համապատասխան պատմվածքը)։ Եվ ինչո՞ւ միայն ոսուցիչները, գիտությունների դոկտոր իմ դասախոսը՝ Հայաստանի ամենաէրուդիտ ու ամենահավասարակշիռ մարդկանցից մեկը, որ սակայն ունակ չէր տարբերելու պատմվածքն ու հոդվածը, կատաղեց, երբ տվեցի Ջալոյանի անունը։ Պարզվեց՝ մի քանի ամիս հետազոտություններ է արել, մինչեւ պատահաբար նկատել է, որ ծննդյան թվերի բերումով Մարկեսն ու Աբովյանը չէին կարող հանդիպել։
Հեռավոր իննսնականներինէր դա, «Ար» հեռուստաընկերությամբ, որի տնօրեն Մերուժան Տեր-Գուլանյանը՝ ինքն էլ մի գրող, հրապարակախոս ու մեծ հայրենասեր, հեռուստատեսություն էր տեղափոխել ոչ միայն իր խմբագրած «Գարունի» թիմը, այլեւ այնտեղի ալկոհոլային ավանդույթները։ Մի օր Ջալոյանի աշխատավարձը կամ ուշացնում է, կամ կրճատում, կամ ընդհանրապես չի տալիս, եւ Վարդանը հարբած փղերով այնպիսի մի Ավարայր է անում տեղում, որ անվտանգության աշխատակիցները նրան դուրս են շպրտում փողոց։
Վարդանը կատաղած ուղեւորվում է «Պապլավոկ»՝ նշան բռնած այն սեղանին, որի շուրջը ժողովված էին իր ընկեր գրող-հրապարակախոս-հայրենասերները։ Երեւի ցանկանում էր պատմել, թե ինչ վատ են վարվել իր հետ, բայց ընդունած ալկոհոլի չափաբաժինը թույլ չի տալիս մյուսներին նրա խոսքում այլ բառեր լսել անհասցե հայհոյանքներից բացի, որոնցից Աշոտ Խաչատրյանի ասպետական ոգին արթնանում ու քացով հեռացնում է Վարդանին «Պապլավոկի» սահմաններից։
Ջալոյանը անցնում է մայթն ու նստում Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի աստիճաններին (խորհրդանշական)՝ փորձելով օյաղանալ ու վերագտնել հոդաբաշխ խոսելու կարողությունը։ Ու հանկարծ տեսադաշտում երկու սեւամորթ է նշմարում, որ իրար հետ խոսելով, գալիս են դեպի իրեն։ Անհայտ է, թե ինչ գործով էին նրանք Հայաստանում, կարող էին, իհարկե, աֆրիկյան մի աղքատ երկրից լինել, բայց նույն (եթե ոչ՝ առավել) հաջողությամբ կարող էին որեւէ գերտերության քաղաքացի լինել եւ որեւէ միջազգային կազմակերպության աշխատող, որտեղ աշխատավարձը հազարներով էին ստանում, իսկ մենք էդ թվերին ամիսը քսան դոլարով էինք ապրում։ Բայց Վարդան Ջալոյանը, տուրք տալով ռասիստական կարծրատիպերին, որ հիմա, հենց այս օրերին քանդուքարափ են անում նաեւ Ամերիկան, մոտենում է այս սեւամորթներին եւ վերջապես հասկացված լինելու մղումով ասում․
– Իմ նեգր եղբայրներ, ինձ էլ չեն հասկանում, ինձ էլ են ստորացնում, ոնց որ ձեզ, ես էլ եմ ձեզ պես մի նեգր։
Սկի հայ եղբայրները էդ խոսքից ոչինչ չէին հասկացել, նեգր եղբայրները ի՞նչ պիտի հասկանային, տեսնում են կատաղած մարդու, որը մի քանի անգամ կրկնում է «նեգր» բառը ու տեղում Ջալոյանին մի քանի մուշտի են տալիս։
Ահա թե ուր բերեց մեզ Ն’Գոլո Կանտեն։ Այ Վարդան, ախր մենք ֆուտբոլի միջազգային աստղ հրավիրելու հնարավորություն ունե՞նք։ Մենք սկի «Կորոնաֆուտբոլը» գրքով հրատարակելու փող չունենք։ «Գրքի փողն ի՞նչ մի մեծ բան ա,- կասի Ջալոյանը,- ստից բան»։ Ու ես անմիջապես մի այլ դրվագ կհիշեմ նրա կյանքից, երբ նկարիչ Ժոռի հետ, դատարկած շշերի պարունակությունը արյան մեջ, փողոցը անթույլատրելի հատվածում անցնելիս են եղել, ու մի սեւ «Ջիփ» եկել, ճռռալով կանգնել է նրանց քթի տակ, որ ճանապահ տա։ Երկուսն էլ շնորհակալություն են հայտնել, բայց Ջալոյանի ներսում «Ջիփի» տեսքից արթնացել է դասակարգային պայքարի ոգին, կանգնել ու թքել է Ջիփի մգացված դիմապակուն։ Բացվել են Ջիփի բոլոր չորս դռները ու մեջից, ինչպես կինոներում է լինում, միաժամանակ չորս «գառդիրռոբ» է դուս եկել, ամեն մեկի վիզը՝ «Ջիփի» «պակռիշկի» հաստության։ Ժոռն իր մարմնով փակել է Ջալոյանին ու փրկություն աղերսող ձայնով ասել․ «Տղերք ջան, ներող եղեք, հոգեկան հիվանդ ա»։ Ու երբ տղերքը, չանսալով Ժոռի թախանձանքներին, շարժվել են նրանց ուղղությամբ, Ջալոյանը Ժոռի թեւատակից հանել է գլուխն ու հետաքրքրվել․
– Իսկ դուք իմ գիրքը կհովանավորե՞ք։
Ժոռը պատմում է, որ «գառդիռոբները» նայել են իրար ու սուսուփուս նստել ավտոն, գնացել։
Ահա, այսպես, Վարդան Ջալոյանն էլ միացավ մեր խաղին, հույս ունեմ ինձից չի նեղանա իր մասին զվարճալի պատմություններ պատմելու եւ հատկապես ոչ այնքան լավ պատմելու համար։ Ի վերջո, ինքն էլ կարող է իմ մասին պատմել։ Տեսնելով, թե ինչ հետաքրքությամբ է հետեւում մեր խաղին, մի քանի անգամ հրավիրել եմ դաշտ, բայց ամեն անգամ ասել է․ «Խաղը պիտի հանդիսատես ու երկրպագու ունենա, բոլորն ուզում են խաղալ, թող ես լինեմ դիտողը»։ Եվ, անկեղծ ասած, նայելով դաշտի մուտքի մոտ հավաքված ու իրենց մուտքի թույլտվությանը սպասող նորանոր կորոնաֆուտբոլիստներին, ես ինչ-որ առումով նույնիսկ շնորհակալ եմ Վարդան Ջալոյանին, որ մնաց տրիբունայում՝ երկրպագուի իր տեղում։
Մյուս կողմից՝ ինձ անասելի երջանկացնում է, որ «Կորոնաֆուտբոլը» էքսպոնենցիալ աճ է արձանագրում, եւ մեզ միանալ ցանկացողների թիվն այնքան է մեծանում, որ «Գրողուցավ» կայքի ռեսուրսները հնարավորություն չեն տալիս բոլոր այդ խաղացողներին ու խաղողուհիներին խաղացնել մեզ հետ։ Սակայն ի՞նչն է մեզ խանգարում խաղադաշտ դարձնել սոցիալական ցանցերը եւ «Կորոնաֆուտբոլը» հայտարարել համահայկական խաղ։ Չէ՞ որ ինչքան շատ պաս, այնքան մեծանում է ոսկե գոլի հավանականությունը։ Եվ եթե կա «Կորոնաֆուտբոլը» միջազգային դարձնելու ճանապարհ, ապա դա նախ համահայկական դարձնելն է։ Ըստ այդմ ես որոշեցի հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ․
– Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում «Կորոնաֆուտբոլի» համաճարակ է։ Այսօր մենք գրանցել ենք վարակվածների ռեկորդային թիվ։ Հարկ է արձանագրել, որ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից։ «Գրողուցավ» կայքը կոլապսի չենթարկելու համար մենք որոշեցինք խաղադաշտ հայտարարել սոցիալական ցանցերը եւ թույլ տալ բոլոր ցանկացողներին խաղալ մեզ հետ, խաղալ անգամ խաղի ավարտից հետո՝ խաղը շարունակելով այնքան, մինչեւ կգրանցվի կատարյալ հաղթանակ կորոնավիրուսի նկատմամբ։ Դրա համար անհրաժեշտ է, որ դուք ձեր պասը հրապարակեք ձեր իսկ ֆեյսբուքյան էջին՝ չմոռանալով օգտագործել #կորոնաֆուբոլ, #գրողուցավ հեշթեգները։ Կարող եք նաեւ ձեր պասի հղումը հրապարակել «Գրողուցավի» ֆեյսբուքյան էջին։ Ծանրակշիռ եւ ծայրաստիճան ծանրակշիռ դեպքերը կտեղափոխվեն «Կորոնաֆուտբոլ․լավագույն գոլերն ու գոլային պահերը» գրքի մեջ, որը լույս կտեսնի կորոնավիրուսի դարպասը վերջնականապես ռմբահարելուց եւ հովանավոր ճարելուց հետո։ «Գրողուցավը» ներողություն եւ շնորհակալություն է հայտնում, ինչպեսեւ հավելում՝ խնդրեմ։
ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ88/ Հայտարարություն պայքարի նոր մարտավարության մասին/Արփի Ոսկանյան
Please follow and like us: