ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ87/Շնորհակալություն/ Գրիգոր Գրիգորյան

Ֆուտբոլային խաղադաշտերում խաղի վերջին րոպեներին բազմաթիվ զավեշտալի դեպքեր են տեղի ունենում։ Ֆուտբոլիստները հոգնում են, մաշվում, քամվում թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես, իսկ այսպիսի մարդիկ՝ լինեն ֆուտբոլիստ թե քաղաքական գործիչ, շատ ծիծաղելի են ու անկանխատեսելի, իսկ նրանց գործողությունները տրամաբանության ոչ այդքան լայն սահմաններից դուրս են մղվում։ Հանդիսատեսը հենց այս րոպեների համար է սիրում ֆուտբոլը, քանի որ ոչ մի տրամաբանական բան այնքան հետաքրքիր ու զվարճալի չէ մեր կյանքում, որքան ոչ բանական վայրիվերումները։

Այդպիսի մի զավեշտալի դեպք պատահեց 1999 թվականի մայիսի 26-ին՝ ՈՒԵՖԱ-ի նախագահ Լեննարտ Յոհանսոնի հետ, ավելի շուտ՝ շվեդ պաշտոնյան ֆուտբոլային անկանխատեսելիության զոհ դարձավ։ Եվրոպայի ամենամեծ մարզադաշտում՝ Նոու Կամպում, տեղի էր ունենում Չեմպիոնների Լիգայի եզրափակաիչ հանդիպումը՝ Մանչեսթեր Յունայթեդ-Բավարիա։ Այնքան ձանձրալի ու տաղտկալի խաղ էր, ինչպես հաճախ է պատահում եզրափակիչներում, որ մարզադաշտի կառավարական օթյակում նստած ՈՒԵՖԱ-ի նախագահի աչքերը ժամանակ առ ժամանակ փակվում էին։ Գերմանացիներն իրենց գոլը խփել էին և «սառացնում էին» խաղը, փորձելով հաղթական ավարտին հասցնել հանդիպումը։ Խաղի 90-րդ րոպեին Յոհանսոնին խնդրեցին իջնել խաղադաշտ` մարզադաշտի ներսի հատվածով, որպեսզի հաղթող թիմին հանձնի չեմպիոնական գավաթը, որի վրա պետք է դաջեին նոր չեմպիոն թիմի անունը՝ անմիջապես խաղի ավարտից հետո։ Մինչ հոգնած Յոհանսոնը մտավ զուգարան, թեթևացավ, թարմացավ և Նոու Կամպի անհամար քարե աստիճաններով իջավ խաղադաշտ՝ Մանչեսթեր Յունայթեդը, որն ամբողջ խաղի ընթացքում ոչնչով աչքի չէր ընկել, ավելացված 3 րոպեների ընթացքում անկյունային խաղարկումներից երկու գնդակ կարողացավ ուղարկել Բավարիայի դարպասապահ Օլիվեր Կահնի դարպասը և նվաճել բաղձալի տիտղոսը։ «Բանից բեխաբար» Յոհանսոնը գավաթը ձեռքին մի քանի րոպե պապանձված կանգնել էր, այդպես էլ չհասկանալով՝ ինչո՞ւ են Բավարիայի ֆուտբոլիստներն աղիողորմ լաց լինում ու կատալոնյան խաղադաշտում թավալ տալով` կռծում խոտածածկը, և ինչո՞ւ է չեմպիոնական գավաթի վրա դաջված՝ 1999 – Մանչեսթեր Յունայթեդ։

Հիմա իմն է, ամբողջ կորոնաֆուտբոլի ընթացքում փորձել եմ կենտրոնանալ բուն խաղի վրա, չշեղվել կարևորից, իսկ այժմ՝ ուղղակի անզոր եմ։ Խաղադաշտի հայտնի գարԱԺում այն երեք անմեղսունակները շարունակում են իրենց պաղատագին աղոթքը, որն արդեն վաղուց վերածվել է նամազի։ Հարավային տրիբունայում կարմիր տռուսիկավորն իտալական «կուխնու մեբել» է տեղադրել, իր համար տաղավար-ստուդիա է սարքել ու պարբերաբար տեսանյութեր է անում «ճիշտ ու սխալի» մասին։ Փաստորեն, արջից պրծել է, անտե՛րը(դե, էլ տեր չունի), չնայած, դատելով սրտիկներով տռուսիկի քրքրվածությունից ու ծակ-ծակ տեղերից, ինչպես նաև ձայնի աննախադեպ բարակացումից՝ արջն այդքան էլ ձեռնունայն չի հեռացել նրանց կարոտախեղդ հանդիպումից։ Ինչպես ասում են՝ փեսեն էլ առաջվանը չէ։ Տռուսիկավորի հենց քիպ կողքին, շատ-շատ մոտ, ընդամենը մի չափալախ հեռավորության վրա միկրոֆոն է տեղադրված, որին ամեն օր նույն ժամին դիմակավոր վարչապետը մոտենում է տարբեր մարդկանց հետ ու պարետառազբոռկայի արդյունքներն է ներկայացնում։ Իսկ ահա Արևմտյան տրիբունայում ինչ-որ տարօրինակ պաստառներ ու բարձրախոսներ են բաժանում, օրեր կան՝ պիցցա են տալիս, օրեր էլ կան՝ քեշ գումար, մի խոսքով, հանրապետությունում ինչքան «բոսյակ» ու «լընգուլավազ» կա, այստեղ է հավաքվում։ Ախր, ա՛յ Գրիգոր տղա, դու պրոֆեսիոնալ ֆուտոլիստ ու սիրողական արձակագիր(փառք տիրոջը), Էրիկ Կանտոնան լիներ կամ Հենրի Միլլերը՝ ուրիշ, բայց դու ի՞նչ ես «գյոզալական» խաղը թողել ու ընկել տրիբունաների հետևից։ Էլի չէի ընկնի, եթե պիցցայակեր հասարակության կողքին չտեսնեի այն ստվար զանգվածին, որոնց ձեռքերում ծածանվում էր չարաբաստիկ մի պաստառ․ «Վերացնե՛լ 5G-երին, դրանք տարածում են վարակն ու չիպավորում հասարակությանը։ Վառե՛լ, վառե՛լ, վառե՛լ»։

Հիշեցի շենքի վերելակում տեղի ունեցած դեպքի մասին։ Մեր հարկում բացի մերինից երեք բնակարան կա։ Այս երեք հարևաններս մի հետաքրքիր ընդհանրություն ունեն։ Ձախ հարևանս, որ ամեն աստծու օր ավտոմեքենա է լվանում՝ անկախ տարվա եղանակից, երկու գեղեցիկ աղջիկ ունի։ Աջ հարևանս՝ չորս աղջիկ։ Դիմացի բնակարանում ապրում են միանգամից երկու երիտասարդ ընտանիք, եղբայրներ են, և նրանցից յուրաքանչյուրն էլ ունի երկուական փոքրիկ աղջիկ։ Միայն մենք ենք, որ ունենք երեք տղա՝ Գևորգը, Գաբրիելը և Գոռը։ Վերելակի դեպքի ժամանակ Գոռը դեռ ծնված չէր։ Եվ այսպես այդ օրը ես, Գևորգը, Գաբրիելն ու Գոռով հղի Գայանեն մտանք մեր շենքի բեռնատար վերելակը և արդեն պատրաստվում էինք իջնել առաջին հարկ, երբ երեք հարևաններիս բնակարանների դռները հերթականությամբ բացվեցին։ Եվ քանի որ այդ օրը շենքում աշխատում էր մեծ վերելակը, ապա բոլորս էլ տեղավորվեցինք այդ անշունչ տուփի մեջ։ Սոցիալական հեռավորություն բառակապակցությունն ու երևույթը դեռ ոչ մեկիս ծանոթ չէր, և մենք այնքան քիպ էին կանգնել, որ կարելի էր հասկանալ, թե ամեն մեկն ինչ է կերել նախաճաշի ժամանակ։ Հարևաններիս հայացքները մեր 4․5G ընտանիքի վրա էր գամված։ Բոլորին ընդամենը մեկ հարց էր հետաքրքրում, դա կարելի էր կարդալ նրանցից յուրաքանչյուրի աղերսագին աչքերի մեջ։ Հինգերորդ-չորրորդ հարկերի արանքում դիմացիս հարևանի հարսը համարձակություն դրսևորեց, ում հարցը ուղղված էր «տո լի» կնոջս, «տո լի» ինձ․ «Աղջի՞կ ա»։ Դեռ երեք-չորս հարկ կար իջնելու, այնպես որ պատասխանից խուսափել հնարավոր չէր, մանավանդ բազում աչքեր հետևում էին և սրտատրոփ սպասում անկեղծ խոստովանության։ Գայանեն փոքր-ինչ կարմրեց, դադար վերցրեց, և, որպես կատարվածի մեղավոր կողմերից մեկը, ամբողջ պատասխանատվությունն ու հարվածը ես արդարացիորեն վերցրի ինձ վրա․ «Չէ, տղա՛ ա»։ «Մեր դարդերը քիչ էին, հարևանն էլ երրորդ տղեն ա ունենում» հայացքով նրանք զիջեցին մեզ, որպեսզի առաջինը մենք դուրս գանք վերելակից։ Անշո՛ւշտ, ծանր վայրկյաններ էին, բայց իրականությունից փախչել հնարավոր չէր։

Ինչպես վերելակում, Գրողուցավում նույնպես բացառիկ համարձակություն դրսևորեցի ու մարզիչ Արփիին անկեղծացա, որ այդ «Վերացնե՛լ 5G-երին․․․» պաստառն ինձ շեղում է, և ես այլևս խաղադաշտում օգտակար լինել չեմ կարող: Համատեղ կարճ, բայց շատ արդյունավետ քննարկումից հետո, համարյա պարետառազբոռկաների նման, ես հայտնվեցի պահեստայինների նստարանին։ Մի հրաշք տեղ, մի հրաշք միջավայր․ Մեսրոպը, Գիլանցըն ու Հովիկն առոք-փառոք փաթաթվել էին տաք ադեալների մեջ և թեյ էին խմում, որոշները՝ նաև գարեջուր։ «Բա որ ասում էի՝ ֆուտբոլում մեկ գոլն ա կայֆ, մեկ էլ պահեստայինների նստարանը, հո կատակ չէ՞ի անում»,- ասաց Հովիկն ու մի ադեալ էլ ինձ տվեց։ Ես էլ փաթաթվեցի դրա մեջ, ու տղերքով սկսեցինք նայել աղջիկների խաղը։ Հետևում էի մեր մարզիչ Արփիի խանդավառությանը և ներքուստ ուրախանում, որ այս ծանր պայմաններում դեռ շարունակում է հավատալ մեր հաղթանակին, որ օր օրի ավելի վախեցնող վիճակագրությունը չի ընկճում նրան և նա շարունակում է նույն փութաջանությամբ ոգևորել բոլորիս, որպեսզի խաղը շարունակվի, որպեսզի խաղը երբեք կանգ չառնի։ Պտտվեց իմ կողմ, ժպտաց, բութ մատը վեր պարզեց, «դուխ տվեց» ինձ, ես էլ ի պատասխան իմ բութը վեր տնկեցի, դժվարությամբ ժպտացի։ Իրականությունը սարսափոցնող էր, ավելին անել չէի կարող․ թվերը մարդիկ են, ժպիտս՝ շինծու։ Պտտվեցի տղերքի կողմը, Հովիկը «Պատերազմ և խաղաղության» 3-րդ հատորին էր հասել։ Հայացքը գրքից չկտրելով՝ ինչ-որ թուղթ ու գրիչ տվեց։ Թուղթը նամակ էր՝ մարզիչին, վերևում գրված ընդամենը մեկ բառ՝ «Ներողություն»։ Տակից ավելացրեցի՝ «Շնորհակալություն»։

Please follow and like us: