Բոլորը լուռ-լուռ են, ծպտուն չկա: Ես եմ, ձեռքերիս մեջ անհավասար իրար վրա դասդասած նշումներս, որ մի անկյունում երկար բռնելուց փոս են ընկել, ու ամբիոնը՝ մի քանի մետր էն կողմ: Դատարանի բոլոր լույսերը դահլիճի վերջից ամբողջ ուժով լուսարձակվում են դեմքիս, էնպես որ ոչ դատավորներին, ոչ էլ դահլիճի թամաշաչիներին չեմ տեսնում, մենակ ես եմ ու ես: Քայլում եմ, քայլում դեպի ամբիոն, ու մտածում եմ՝ էս ա, էլի էն պահերից ա … Հատակն էլ ճըռ՛ հա ճըռ: Մեր ուսանողական թատերական դահլիճի հատակն էլ էր սենց անդուր ճռճռում:
– Հայաստանի կառավարությունը Ձեզ մեղադրում է…, – ըհըմ, հազ-հազ…-համավարակի դեմ պայքարում ներդրում չունենալու մեջ, – հայտարարում է մթությունը:
Ծանոթ ե՞ք էսպիսի երազների: Էն որ ինչ-որ քննվելու, գնահատվելու հետ կապված ապրումներ անընդհատ կրկնվում են՝ քննություն, թեզ, զեկույց, ելույթ … Էս մի երազիս մեջ էդ բոլորը միավորվել էին ուսանողական ներկայացումների ու ինչ-որ յութուբ-վիդեոների հետ:
Քնից արթնանում եմ թե չէ, ձայնագրում եմ, որ մանրամասները չմոռանամ: Էդ գիշեր մեկ էլ քամին բաց պատուհանս մի պահ նենց տարավ բերեց ու դըդը՜խկ… Պատուհանի վերևից թելով մի նուռ ունեի կախած, Հայաստանից էի նվեր ստացել, առավոտը տեսնեմ՝ էլ էդ նուռս չկա, մենակ թելն ա պոչը թեթև-թեթև էսկոմ-էնկոմ տարուբերում: Էս մեր շենքի նկուղային հարկում էլ մի իտալական ռեստորան ա աշխատում: Էդ ռեստորանի՝ սանրած մազերով ու կոճկած վերնաշապիկներով, բանկի աշխատող հյուրերի դարպաս էստեղ ապրած տարիների ընթացքում ինչով ասես, գոլ չենք արել մեր պատուհաններից՝ էլ գիրք ու մատիտ, էլ ծաղկաման, էլ կախիչի վրա չորացող շոր կախիչի հետ միասին … Ռեստորանատերն էլ … Բայց լավ, սա մի ուրիշ անգամ:
… Շը՜վվ, գնդակն ընկնում ա մեզ մոտ՝ պահեստայինների նստարանից ոչ հեռու: Էս Հովի՞կն ինչի գնդակն առավ ջինսով մխրճվեց խաղադաշտ… Հա, մի քանի րոպեից էլ Սաթիկի խոստացած երաժշտական ընդմիջումն ենք ունենալու՝ լարային գործիքների մի քառյակ ա հյուր գալիս:
Վերջին անկյունայինից հետո Արփին ոնց որ ջոկել ա, որ շաբաթական մի անգամ յոգայի սիրողական խմբակ այցելելուց ավել մարզական փորձառություն չունեմ… Բայց մի րոպե, ո՞նց թե չունեմ:
Լսեք, ուրեմն էս վերջերս խոհանոցն եմ փոշեկուլ անում: Մեկ էլ պատուհանագոգի թավաներից ամենամեծի՝ մոտ 30սմ տրամագծով, պոչը անհաջող կպնում ա փոշեկուլի խողովակին ու թավան ուղղություն ա վերցնում դեպի հատակ: Դե ես էլ բնազդաբար փորձում եմ օդում բռնեմ, ու քանի որ ձեռքերս զբաղված են, ոտքս, լավ էլ հասցնում եմ, ընթացքից պարզում եմ ընկնող թավայի տակ: Էն զռլամա թավաներից … Էս աջ ոտնաթաթիցս որ ասում էի է՝ զգույշ …
Ու, առհասարակ, կարող ա ես եմ ու բնատուր տաղանդ ունեմ ֆուտբոլ խաղալու…
Ո՞նց ա՝ հիմա բոլորս վարակաբան ենք դարձել, գիտության ու գիտնականների վրա էլ մատ ենք թափ տալիս, թե՝ լավ չեք աշխատուում, լավ չեք աշխատում: Ա՞յ՝ սխտոր, լիմոն-իմբիրով չայ, ուլտրամանուշակագույն ճառագայթներ, ժավելի սպիրտ, դավադրությունների տեսություններ…
– Մեկ րոպե, աղջիկ ջան, ինչո՞վ եք հիմնավորում Ձեր այն պնդումը, թե դավադրությունները գիտականորեն կեղծ են,- ընդհատում են զեկույցս դահլիճից, ըստ երևույթին դատավորներից մեկը:
– Դե քանի որ հերքելի չեն: Անհերքելի ենթադրությունների վրա չի կարելի գիտելիք…
– … էս ինչ ա ասում, երևի կտրենք Ձեզ, աղջիկ ջան, – դահլիճում մի խուլ փսփսոցի ալիք ա բարձրանում:
– Ուզում եք այլախոհներին խոսքի ազատությունից զրկե՞ք,- ընդհատողները բոլորը տղամարդիկ են:
– Իհարկե ոչ, դա նկատի չունեի: Ներողություն, եթե միտքս հստակ չէր, ուղղակի …
Մի ժըխոռ, մի սուլոց, էլ՝ հեռացի՛ր, էլ՝ թողեք տեսնենք՝ ինչ ա ուզում ասի, մեկը չգիտես ինչի՝ գերմաներեն գոռում ա՝ ֆղէսըը~, ձա՛յնդ, մեկը գոչում ա՝ ճի՛շտ ա ասում:
«Չիպս վ ստուձիյու», հռհռում ա մեկն էլ: «Չի՞պս, ի՞նչ չիպս», – նայում եմ շուրջբոլորս: «Չիպս, չիպս», – խաղաղ ձայն հետևիցս: Պտտվում եմ, անկյունում մի խուճուճ մազերով, սև աբադոկով տղա ա նստած, ոտքերը թափ տալով արևածաղիկ ա չրթում: Ահ, ճանաչեցի, նախորդ օրը յութուբով Ղափանի բարբառ էր սովորացնում: «…ում դատարանը մեղավոր ա ճանաչում Քովիդի դեմ պայքարին չաջակցելու մեջ, նրա ուղեղում չիպս են տեղադրում»: Ո՛նց թե, չիպ էլ չէ՝ չիպս: Այ քեզ բա~ն: Ի՞նչ անեմ, ոտանավոր ասե՞մ:
– Ի՞նչ ոտանավոր, դրանով ինչպե՞ս կօգնեք կանխել համավարակի տարածումը, – էլի մի տղամարդկային ձայն: Մեկ էլ չգիտես որտեղից Լաուրա Հայկովնան, ընկեր Շեխոյանը՝ Իրանի գրականության դասախոսս ա հասնում ինձ օգնության, թե՝ ժողովրդական հավատալիքներում մարդիկ չար ուժերին սիրուն անուններով, ոտանավորներով սիրաշահում էին, որպեսզի իրենց չվնասեն … Հավաքում եմ ինձ ու ինչ-որ արձակ տեքստ եմ ասում՝ երևի ազդված նախորդ օրը մինչև ուշ լսածս Radiohead-ի երաժշտությունից.
«Առաջ, երբ էստեղ էիր, հայացքդ երկար չէի ձգում:
Հոնքերդ՝ ծանրումեծ մեկուկես գույնանի աչքերիդ վրա կես լայնությամբ կախ … »:
– Ի՞նչ ասել ա՝ մեկուկես գույնանի աչքեր, աղջիկ ջան:
– Վոլանդը՝ «Վարպետն ու Մարգարիտայի» սատանան, տարբեր գույնի աչքեր ուներ,- բացատրում եմ ես…
Էս էր ու էս, սա էլ որ ասում եմ, լրիվ վերջնականապես խառնվում ա իրար … «Սատանա կա քաղաքում», մեկն իմ կողմից ա, մեկն իմ դեմ: Չէ, չէ, ժողովուրդ, սատանան փոխաբերություն ա, արվեստ … Հանկարծ չգիտես որտեղից մի հայելի ա գլորվելով գալիս, ոմանք վազում են հետևից: (Թե բա՝ Քովիդը հասարակության հայելին ա …) Մեկը վազելուց հետ-հետ նայելով էլի ինձ ասում ա՝ ֆղեսըը, ձա՛յնդ, սատանի՛ստ:
«Ա խաքյանդազավ տամ, կլոխդ պե՛ց անիմ», – հետևից ինձ ա պաշտպանում ղափանցին՝ արևածաղիկի կճեպները գետնից ավլելով: Հետո չգիտես որտեղից մի թավջութակ ա հանում, որ նվագի: Ուշքի եմ գալիս, նայում եմ շուրջս՝ էլի խաղադաշտում եմ, բոլոր խաղացողները հավաքվել են պահեստայինների նստարանի մոտ, դասական քառյակի համերգը սկսվում ա: Ան, այ Ան, էս թավջութակահարը ո՞ւմ գլուխն էր ուզում, է՞, տա սավոկով բացի, բզում եմ խաղադաշտից հետ եկած Անահիտին: Սը՜սսս, յա՛, ասինք՝ համերգը սկսվում ա:
Վերջում երկնքից երեք նուռ ա ընկնում. մեկը մեր իտալացի ռեստորանատիրոջ գլխին, երկրորդը՝ Կորոնաֆուտբոլի խաղադաշտ, երրորդն էլ գլորվում հասնում ա բոլոր վարակվածներին ու նրանց հարազատներին… Պի՛նդ կացեք …
When you were here before, couldn’t look you in the eye …
Կորոնաֆուտբոլ82/ Չիպ վ ստուձիյու/Հասմիկ Սարգսյան
Please follow and like us: