ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ83/Էծական կարանտին/ Սաթիկ Հարությունյան

Մինչև կորոնաֆուտբոլի դաշտի շուրջ, կդնես՝ չեմ դնի, կտաս՝ չեմ տա տրամաբանությամբ ու «դեմքի խելոք արտահայտությամբ» շարունակվում են վարակի լինել չլինելու, չիպերի ու 5G-երի մասին քննարկումները, Մեղրիում արդեն, բայց խի՞ մենակ Մեղրիում, ամենասովորական՝ ո՞նց ես հարցը հիմնականում ունի պապայիս մշտական՝ հալա հայտնի չի, պատասխանը: Ու եթե առաջ իմ էդ պատասխանի վրա ծիծաղում կամ զարմանում էին, հիմա վախենում ու զգուշանում են:
Ու մինչև մեր 19 հոգանոց թիմը, ոչ հայավարի 19 հոգով մի երգ ա երգում, 19 չագուճով մի մեխի ա խփում, դիմակներով ու ձեռնոցներով, ալկոգելով, գել ու գազանով, թուր ու թվանքով, զուռնա-դհոլով կորոնայի դարպասն ա գրոհում, կորոնան ոտը ոտին քցած, սիգարով ու շոկոլադով իրա սուրճն ա վայելում, քթներիս տակ քրքջում ու գոլեր ա որ խփում ա, էլ ծնունդ -կնունքով, էլ թաղում- քելեխով, էլ վերջին զանգի փարթիներով, շուտով՝ բանակի քեֆերով ու … էլ որն ասեմ, էլ որը…
Բոլորդ էլ ժամանակին փախել եք դասերից ու հետո հարցաքննվել: Ու էդ հարցաքննության հիմնական հարցը «ո՞վ էր կազմակերպել»-ն էր: Ուրիշների մոտ չգիտեմ, մեզ մոտ մի պատասխան կար, որից մենք էնքա՜ն գոհ էինք. բոլորը գնացին, ես էլ գնացի…
Նույն վիճակն ա, բան չի փոխվել, հերիք ա՝ գնում, շփվում, գրկվում, պաչվում ենք, մի հատ էլ՝ թեստի դրական արդյունքից հետո, պարտիզանի նման թաքցնում ենք, թե ուր ենք գնացել ու ում հետ շփվել, գրկվել, փաչվել, իբրթե վախենում ենք՝ թե մի դիմում էլ նա կգրի…
Ականջդ կանչի, Իշխա՜ն.
-Ոտքերը բռնել է Զավենը, մորթել է Պավլեն… Լուծով հիվանդացել է Ռևազը, շնորհակալություն ասել է Սաքոն, կուշտ կերել է Բարսեղը…
Հեհե՜յ..
Ու ամեն տեղ սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն ա ճռռում…
Մեկը պահանջում ա թեստ անեն, չնայած ոչ մի նշան ու շփան շրջանակ չունի, մյուսը դրանք ունի՝ խուսափում ա, մեկի թեստը դրական ա, ասում ա՝ ես վարակված չեմ, մեկը անկապ վախենում ա՝ թե հիվանդ ա…
Ու էս կաշ-կալամաշի մեջ, ամեն կողմից, մեկը մյուսին, էն մեկն էլ՝ մեկելի առաջ նենց պահանջներ են դնում, ոնց որ վանքեցի դասականը իրա էծի. «Այ էծ, վըր ծնալ ըս, վըր չես ծընալ, վըր էգ ըս ծնալ, վըր որձ ըս ծնալ, վըր սև ըս ծնալ, վըր սպիտակ ըս ծնալ, վըր ջուխտ ըս ծնալ, վըր կենտ ըս ծնալ՝ վիզդ կտրոլու ըմ»:
Հետո էս էծը մի ուրիշ էծի, սա էլ մի ուրիշի… ու սենց մինչև հաջորդ էծը՝ էն վանքեցուն ա էծի տեղ դնում…ու ստացվում ա, էլի դասական.
-Որեղի՞ց ես գալիս:
-Չուկոտկայից:
-Ո՞ւր ես գնում:
-Չուկոտկա…
Էսքանից հետո կհարցնեք գրողուցավի ցավի մասին. հա էդ ցավի իմ ցավը՝ կորոնաֆուտբոլացավն ա, ու լավ ա որ գոնե էս ցավը հաճելի ցավ ա ու էստեղ ոչ վանքեցի կա, ոչ էլ առավել ևս՝ էծ:

Please follow and like us: