Պատրա՞ստ եք։ Ի՞նչ։ Արդեն եթերու՞մ եմ։ Լավ, ուրեմն սկսեցինք։ Ըհըմ, Ըհըմ։ Չէ, չէ, լավ եմ, ինձ արտակարգ․․․ չէ, չէ, իրավիճակը նկատի չունեմ, այլ զգացողողությունս, ռեժիսորին հետ կանչեք, էս օպերատորը ու՞ր գնաց, մեծ պլանով խնդրում եմ։ Ես ինձ իրոք հիանալի եմ զգում, ողղակի ձայնս էի ստուգում։ Հա՜, հասկանալի է։ Դե, սկսեցինք։
Բարի երեկո, սիրելի կորոնաֆուտբոլասերներ։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ շարունակում եք հետևել խաղին, շարունակում եք ձեր ներկայությամբ ոգևորել խաղադաշտում և դրանից դուրս գտնվողներին և որ պարզապես որ մեր կողքին եք։ Սակայն մեկ րոպե, ինձ հուշում են, որ կողքին լինել կնշանակի մոտիկ լինել, ինչն էլ կնշանակի սոցիալական հեռավորություն չպահպանել, դա էլ իր հերթին` համաճարակի տարածման պատճառ լինել, իսկ դա էլ, ի վերջո, լավ բանի չի կարող հանգեցնել։ Չեղավ, էդպես չեղավ։ Բա ինչպե՞ս։ Եղբայր, մի մոտիկացիր, կարող է ես վարակված լինեմ, քեզ վարակեմ, դու՝ հայրիկին, հայրիկը՝ տատիկին, տատիկը՝ պապիկին, պապիկը՝․․․մկնիկին։ Չնայած, վերջինիս ավելորդ նշեցի․ թավշապատումից հետո այդ տեսակը, կարծես թե անհետացել է։
Նորի՞ց սկսեմ, անվանակա՞ն։ Լավ էլի, դե հերիք է, ինչքա՞ն կարելի է նույնի մասին։ Մենք ախր այստեղ ենք խաղալու համար, քիչ ժամանակ է մնացել խաղի ավարտին, իսկ մեզ պետք է կենտրոնանալ, ավելի կոնկրետ՝ կենտրոնանալ հակառակորդի տուգանային հրապարակում, որպեսզի վերջապես խփենք այն հաղթական գոլը, որն իսպառ կոչնչացնի մեր թագաժահր կոչեցյալ, ինքնաթագադրված, մանրամարմին ախոյանին։ Եթե շատ եք ցանկանում հեքիաթի անվանական տարբերակը լսել, խնդրեմ, մեր Ժաննան արդեն որոշ անձանց պարզ և հայերեն լեզվով բացատրել է, որ քաղաքականը ձախից վերջին դաշտն է։ Ձեզ տեղափոխեք այդ դաշտ, միացեք «Աժ» կոչվող մանկաթավշապատանեկան թիմի մայիսի 27-ի խաղին և դիտեք թիմի թիվ մեկ խաղացողի ելույթը կամ կարդացեք ելույթի համառոտ տարբերակը՝ ստատուս են ասում։
Իդեպ, Ժաննա ջան, դու ճիշտ ես։ Տես է՜, մեր բարիներից՝ իմացաք ում, մեր Ոսկեբերանին էդպես էլ լսող չեղավ։ Ասում էր չէ՞։ Սակայն ԱԺ-ի ամբիոնը, է՜հ, ինչ եմ ասում, դաշտը, այդպես էլ շարունակվում է քաղաքականացվել։ Ինչևիցե, վերդառնանք մեր խաղադաշտ և ես փորձեմ նախ արագ ամփոփել վերջին իրադարձությունները, նաև հասցնել մեջբերել որոշ վիճակագրական տեղեկություններ, հատկապես նրանց համար, ովքեր նոր են միացել մեզ։ Կորոնաֆուտբոլում իրադարձությունները սկսել են այնպիսի սրընթաց ծավալով զարգանալ, որ երկրաչափական պրոգրեսիան է նախանձում հաշվարկեր անել, էլ չասեմ СNN-ի և BBC-ի լրագրողներն ինչպիսի նախանձով են սպասում կորոնապաս մեկնաբանելու թույլտվություն ստանալուն։ Այդ մասին են վկայում նրանց կողմից «Գրողուցավի» հետ համագործակցության եզրեր փնտրելու աշխատանքները։ Տարվում են բանակցություններ նրանց և միջազգային մի շարք հեղինակավոր պարբերականների (օրինակ High One) կողմից գլխավոր մրցանակների արժանացած, կորոնաթիմի միջազգային մամլո պատասխանատու Գրիգորի միջև։ Սա սպասելի էր, քանի որ Գրիգորի «Կորոնաասուլիսով» արդեն իսկ պաշտոնապես արձանագրվել էր, որ «Կորոնաֆուտբոլը» այլևս լոկ իրականություն չէ, այն իրականությունից այն կողմ է։ Ուստի աշխարհի ողջ ԶԼՄ-ների ուշադրությունը սևեռված է «Կորոնաֆուտբոլին», բացառություն են կազմում միայն ամերիկյան ոչ այնքան հայտնիներից (օրինակ ABC News) որոշների համառոտ անդրադարձերը SpaceX Falcon 9-ի տիեզերական ճամփորդությանը։ Ուղղակի անհավանական է տեսնել, թե ինչպես է փոքրամասշտաբ, բայց մեծ պրոֆեսիոնալիզմով և պոտենցիալով խաղը սկսած տեղական թիմը, երկրորդ խաղակեսի միջնամասում անհաղթահարելի հեռավորությամբ առաջ անցնելով մնացած թիմերից, վերածվել միջազգային գիգանտի։ Ֆոտբոլի կանոններից լինելով, այն է՝ Respect մրցակցի հանդեպ (միայն ոչ վերը նշված մրցակցի), այստեղ ես զերծ կմնամ վիճակագրական տվյալներ ներկայացնելուց։ Իսկ ի՞նչ է կատարվում կորոնաթիմում։ Ինչպես նկատել եք, թիմի ամենայն գլխավոր մարզիչը՝ չսպասելով ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուն, բացել է Կորոնադաշտի մուտքի դուռը (իհարկե պարետատան որոշումներին և կանոններին համապատասխան) և մեծաթիվ տաղանդաշատ խաղացողներին դաշտ մտնելու կանաչ ճանապարհ ցույց տվել՝ անկախ դիմակի գույնից։ Այո, այո, մեծաթիվ, քանի որ կորոնաֆուտբոլով վարակվածների թիվը կայծակնային արագությամբ այնպես է աճել, որ արդեն վերահսկողության սահմաններից դուրս է։ Տեղին կլինի ասել, որ մրցակցի դեմ Արփին դաշտ է դուրս բերել ոչ թե ծանր հրետանի, այլ տարբեր տրամաչափի մարտական, հարձակողական, ռազմական կարողություններով, հմտություններով, մոտիվացված, գերսպառազինված մի ամբողջական բանակ, որին Պենտագոնն էլ նույնիսկ կնախանձի։ Խաղի տեմպը գնալով սաստկանում է։ Իրենց ոճով տարբերվող գեղեցիկ գոլերը, էլ կենդանական աշխարհից գոմեշներով, կովիկներով, ալբինոսներով, էլ երաժշտական մոտիվներով, էլ երեկոյան Երևանի մասին մտախորհուրդ, էլ ավտոմեքենայով, էլ հարցախեղդ անող հերքել-չհերքելով, դնել-չդնելով, լինել-չլինելով, իրար հաջորդելով մխրճվում են մրցակցի դարպասը։ Սակայն, վերջինս դեռ համառորեն դիմադրում է։ Պահեստայիններին նստած մնացել էին միայն թիմի երկու ականավոր վետերանները, ովքեր աչալուրջ հետևում են խաղին և օգնում մարզչին, բայց այս պահին նրանց է միանում նաև Հովիկ Աֆյանը՝ ներողամիտ հայացքով, որն արագ թաքցնում է դիմակի տակ։Կռահում եմ, նա պահեստայինների նստարանը ժամանակավոր կզբաղեցնի և շուտով դաշտ կնետվի։ Ըստ իտալական ֆուտբոլին մոտիկ կանգնած աղբյուրների, լուրեր են պտտվում, որ կորոնաթիմում խաղալու ցանկություն է հայտնել նաև Հենրիկ Մխիթարյանը։ Ասում են, նրան տեսել են կորոնաթիմի կարմիր գույնի մարզաշապիկով։ Լուրերի հաստատվելու դեպքում մնում է սպասել, թե ինչ որոշում կկայացնի մարզիչը։ Մխիթարյանի մասին խոսելիս անհնար է չուրախանալ, երբ միջազգային ֆուտբոլում «յան» մասնիկով վերջացող ազգանուն է հնչում։ Ճիշտ է՝ գերմանացիների մոտ փոքր-ինչ դժվարությամբ էր ստացվում, բայց հո մենակ իրենցով չի։ Ա՜խ այդ ազգանունները։ Ֆուտբոլիստներ կան, որոնց ազգանունները ուղիղ համեմատական տրամաբանությամբ հուշում են նրանց ազգային պատկանելիությունը, անկախ ազգանվան վերջավորությունից։ 2010 թվականի աշխարհի եզրափակիչ խաղին, լսելով Անդրես Ինիեստայի ազգանունը, նույնիսկ ֆուտբոլից կիլոմետրերով հեռու մարդը կկռահեր, որ խոսքը իսպանացու՝ արդեն չեմպիոն դարձած իսպանացու մասին է։ Ֆիեստա, սիեստա, Ինիեստա, համաձայնեք՝ տրամաբանական է։ Միայն թե պետք չէ շփոթել այդ հիանալի ֆուտբոլիստի ազգանունը իսպաներեն մյուս երկու բառերի հետ, հատկապես իսպանացիների ներկայությամբ։ 2016թ Եվրոպայի առաջնության ժամանակ, հետևելով այն խաղերին, որտեղ հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականը, ժամանակ առ ժամանակ հնչում էր Օլեգ Շատովի ազգանունը։ Այստեղ հաշվի առեք, որ բանալի-բառը Ռուսաստանն է, ոչ թե ազգանվան «ով» վերջավորությունը։ Մարդը հստակ ցույց է տալիս, որ ինքն ամենամեծ երկրից է, որ իրենք շատով են։ Ասենք թե։ Ի՞նչ, հետո ի՞նչ։ Մենք էլ քիչ ենք, բայց հո գիտենք, մեզ հայ են ասում։ Վերջիվերջո Մխիթարյան ունենք։ Իսկ 2018 թվականին ․․․մեկ րոպե, վայ կներեք։ Ինձ հուշում են, որ շեղվել եմ խաղից։ Լավ, լավ, ազգանունների հետ կապված սա էլ պատմեմ ու արագ անցնեմ խաղին։ Իսկ ի՞նչ կասեք, երբ լսում եք Անդրե Գոմեշի կամ Մարիո Գոմեսի ազգանունները։ Օրինակ հայրս ոչ մի կերպ չի համակերպվում։ Ամեն անգամ, երբ ֆուտբոլային խաղին լսում է Գոմեշ կամ Գոմես ազգանունը, հիշում է, որ ինչ որ ժամանակ այդպիսի ազգանունով խաղացող են հրավիրել Հայաստանում հանդես գալու։ Անունը չգիտեմ, բայց եղել է մի դժգոհ մեկնաբան, թե լրագրող, ով հանրային հայտարարություն է արել․ «Մեր էշերը քիչ էին, այդ գոմեշին էլ բերեցին»։
Դե ինչ, կորոնաֆուտբոլը շարունակվում է։ Մտածում եմ, քանի դեռ պարետատունը չի մտափոխվել, նոր որոշումներ դեռ չկան, քանի Արփին մուտքի դուռը չի փակել, դիմակս դնեմ, արագ մեկնաբանելու հմտությունս օգտագործեմ ու ինձ իրավունք վերպահելով արագ մի գոլ էլ ես ձևակերպեմ։ Վստահ եմ, կարող եմ, որովհետև խոսքի արագությունից բացի ունեմ նաև վազելու արագություն։ Չեք հավատու՞մ։ Իզուր։
Ուրեմն, տասներորդ դասարանում էի սովորում, ողջ Հայաստանում հայտարարված էր սպորտի օր, դաս չկար։ Բոլորս՝ աշակերտ, թե ուսուցիչ, մարզահագուստով, կազմ պատրաստ, մեր դպրոցին պատկանող բավականին մեծ խաղադաշտում էինք։ Տարբեր սպորտային մրցույթներ էին կազմակերպված, այդ թվում նաև հինգ հարյուր մետր մրցավազք դպրոցի տասներորդ դասարանցի աղջիկների միջև։ Հը՞, կռահեցի՞ք՝ ով հաղթեց։ Դե, իհարկե ես։ Համեստության տիպար եմ։ Բայց հիշվողը վազքս չէր։ Վազելը միշտ էլ ինձ մոտ լավ է ստացվել․ վազքով մեկուկես տարեկանից մանկապարտեզ, հինգուկեսից՝ դպրոց, տասնվեցում՝ ինստիտուտ, քսանմեկից՝ աշխատանքի։ Մնում էր տղա ծնվեի կամ Իսրայելում, հաստատ վազքով բանակ էլ կգնայի։ Հա, այդ օրը հաղթանակիցս բացի, հիշում եմ մեր տնօրենի դիտարկումը, երբ ինձ շնորհավորեց․
– Գիտե՞ս, քանի որ դու փոքրամարմին ես, քաշով թեթև, քամին քեզ օգնում էր, որ արագ վազես, ըստ ֆիզիկայի օրենքի։
Ի՞նչ ասեմ, կար ժամանակ, որ քաշս բոյիցս ավել չէր, ինչպես հիմա է։ Այդ ժամանակ քաշս հազիվ 44-45 կիլոգրամ էր․․․
Դե ինչ, եւս մեկ անգամ շնորհակալություն եւ առողջություն։