Կորոնաֆուտբոլ81/ Մանուկների տոնն ու մոլորված մոլորակը/ Մարինե Մարգարյան

– Լսե՜ք, թոռնիկներս, ժամանակների մասին եմ ձեզ պատմում, երբ տատիկը ձեր փոքր էր, շա՜տ փոքր, ա՜յ, քեզանից էլ փոքր, Ալֆա65 ջան, մոտավորապես քո տարիքին, Ինստազումի՛կ, և մեր հեռավար զրույցից կրկին ուշացած Սկայպիկի չափ… մի րոպե, կոդը հավաքեմ, միանա մեզ… ահա՛. անկարգ բալա՛, ու՞ր էիր։ 7G-ն չի կախում, էլ մի՛ հորինի։ Դե լա՜վ, լա՜վ, խելոք նստիր, հանգիստ թող միկրոֆոնդ և էկրանից դուրս մի՛ արի, մռութդ տեսնեմ, տատիկը հեքիաթ է պատմում։ Ուրեմն լսեք. վաղու՜ց-վաղու՜ց, երբ մարդիկ փողոց էին դուրս գալիս, գնում մի շենքից մյուսը՝ դրանցից մեկը կոչելով տուն, մյուսը՝ աշխատատեղ, կային սրահներ, որ խանութ էին կոչվում, որտեղ կարելի էր ոչ միայն տեսնել աշխարհի բոլո՜ր ապրանքները, այլև, չե՛ք հավատա, ձեռք տալ դրանց և հոտ քաշել։ Մարդիկ երեկոները նստում էին իրար կողք-կողքի սրճարան կոչվող նեղ ու մութ սրահներում և տարբեր բաներ դնում բերանը, ծամում ու կուլ տալիս, երբ դեռ չէին գտել կյանքը պահպանելու ամենահեշտ ձևը՝ հաբերով։ Կամ հավաքվում էին ահռելի բարձր առաստաղներով շենքերում, որտեղ նրանցից ոմանք երգում ու նվագում էին, պարում, մյուսները՝ լսում, իսկ հավանությունն արտահայտում էին լայքաբութիկների փոխարեն սեփական ձեռքի ափերն աղմուկով իրար խփելով։ Չէ՛, չէր ցավում։
Ուրեմն, այդ ժամանակներում տարվա մեջ մի օր կար, որն անվանել էին մանուկների պաշտպանության օր՝ հունիսի մեկը։ Ինչպե՞ս, այո՛, դուք պատմություն լավ գիտեք, բայց դա ոչ մի կապ չունի մեծն Քայլասեր Մերժարարի ծննդյան հետ, որն աշխարհում նշել սկսեցին միայն Թագա-չիպա-վակցինացիայի ութերորդ համաժողովից հետո, Covid58-ի դեմ հայերի տարած փայլուն հաղթանակից հետո, երբ լույս տեսավ դեռ Նիկոլի թվերից բերնեբերան փոխանցվող «100 և մեկ փաստ ժահրի հետ մղած մեն-մենամարտից» աշխատությունը… Գուգլի՛կ, այսօր քեզ նման չես, չլինի՞ նորից վիրտու-կլոնդ ես դրել էկրանի առաջ, ինքդ փախել՝ կորոնաֆուտբոլ նայելու…
Ուրեմն,  հունիսի 1-ը նշում էին… Վա՜յ, նորից այն սարսափելի ձայնը… երեխանե՛ր, արագ անջատում ենք բոլոր չիպաորսիչները, հագնում դիմակները, այլմոլորակայինների շրջայցի ժամն է, լսու՞մ եք…
– Հարգելի՜ ՀՀ հպարտ քաղաքացինե՛ր, հայտնում ենք, որ հանրապետությունում արտակարգ իրավիճակի բերումով արգելվում է առանց դիմակների և ձեռնոցների…

Սառը քրտինքի մեջ աչքերս բացում եմ՝ ամեն առավոտ պարտաճանաչ զարթուցիչի պես ինձ արթնացնող այս սահմռկեցուցիչ ձայնից, որն ինձ սիրող պետությունս «քաղաքացիների պատշաճ իրազեկում» է կոչում։ Ասեմ, առաջին անգամն է, որ նույնիսկ շնորհակալ եմ ֆանտաստիկ կինոյից ելած մեքենային, որի ասած բառերից, անկեղծ ասած, ոչ մեկը չեմ հասկանում, բայց սակայն ի՞նչ տարբերություն, կասեր մեր Գրիգորը։ Կարևորը, այն հարազատ է ու այս՝ մեր մոլորակում, մեր տանը, ոչ թե երազիս պես… Հապա տեսնե՞մ, էկրաննե՞ր, թոռնե՞ր… չէ՛, չկա՛ն, փա՛ռք Աստծո։
Հունիսի մեկն է։ Փոքրուց միշտ էլ մի փոքր անհասկանալի բան կար ինձ համար այս տոնի մեջ, պարզ չէր՝ ինչս, ումից և ով պետք է պաշտպանի, բայց ուրախ էի լինում, համենայն դեպս։ Հաճելի է պաշտպանված լինելն այս անպաշտպան դարում։
Հիմա էլի մեր հարազատ դաշտում եմ։ Մեկ էլ գլխիս վրայով մի մոլորված գնդակ պտտվու՜մ, պտտվու՜մ, տարօրինակ հետագծով, որ կախարդանքի է նման, հայտնվում է մեր թիմի դարպասում։ Մեկնաբանը հուսահատ գոչում է. ինչպե՞ս կարելի է անպաշտպան թողնել դարպասը, ինչպիսի՜ բացթողում։ Փաստորեն դարպասը՝ մե՛ր դարպասը, որ նույնպես պաշտպանության կարիք ունի այս անպաշտպան դարում, թողել, ընկել եմ երազների գիրկը, բա ես կենտրոնական պաշտպան կոչվելու իրավունք ունե՞մ…
Ո՞վ հարվածեց, տեսնես, Զիդա՞նն էր, նման պտտած հարվածներն իր մակարդակի բան են, բայց մեր կազմում պիտի լիներ ախր, չէ՞, կարծեմ… (Ժաննային որ հանդիպեմ, անպայման հիշեմ, հարցնեմ)… Մեծն Զիդանը՝ լեգենդ, որը ևս անպաշտպան գտնվեց սեփական էգոյի և նրան հասցված վիրավորանքի առջև, երբ իր կարիերայի  եզրափակիչ հարվածն էր կատարում գլխով՝ ոչ թե դարպասին, այլ մրցակցի փորին…
Ասում եմ, տեսնես բա մեր մոլորա՞կն ով այդպես վարպետորեն ուղարկեց տիեզերք՝ պտտվելու, և ի՞նչ ուժ է, որ հիմա ընկել է հետևից ու ուզում է դարպասը նետած լինել…
«Աշխա՜րհ, կանգնի՛, իշշնո՜ղ կա», – երթուղայինի մեջ «քոքած» կլկլոցի տակ հազիվ լսվեց սև շորերի մեջ սեփական մարմինն ու ներսը թաքցրած երիտասարդի ձայնը։ Նրա հումորն այդպես էլ աննկատ մնաց, կամ, գուցե, ամենևին էլ հումոր չէ՞ր… «Ախպե՜րս, Կոմիտաս ե՞ս իշնում», «Բա էլ ու՜ր»։
Շա՜տ քիչ ենք մենք պաշտպանված, չէ՛, թուրքական էս կլկլոցներից, մեր ազգային մեծ ֆուտբոլադաշտի  պաշտպանին էլ՝ Կոմիտասին, դարձրել ենք փողոց… ու էդքան բան…
– Երկիրը պտտվում է սեփական առանցքի և արեգակի շուրջը, բալես, հասկացա՞ր, իսկ մենք՝ մոլորակի վրա ու իր հետ միասին, — հերթական զումադասից առաջ տղայիս հետ շրջակայի դասն ենք կրկնում։
– Ինչպես կարուսելի վրա նստա՞ծ, – ծիծաղում է, – կամ ինչպես ֆուտբոլիստի գնդա՞կը։ Բայց կարգին էլ հոգնած կլինի, չէ՞, մոլորակը՝ էդքան պտտվելուց հետո։
«Երևի, չգիտեմ… գուցե և իսկապես հոգնել է…», – մտածում եմ։
Դաշտով շարունակում եմ քայլել, մի տեսակ խաղալու տրամադրություն չկա էս տոնական օրով, չգիտեմ ինչու։ Ինչքա՜ն ձգվեց էս խաղը։ Չէ՜, մենք չենք բողոքում, խաղացողներիս հաճելի է։ Բայց հաղթանակին, ավելի շուտ՝ մրցակցի պարտությանը սպասողների համբերությունն է սպառվելու վրա։ Քի՛չ մնաց, մոլորակ ջան, ի՜նչ անհամբերը դուրս եկար… Մի մանուկ էլ դու ես, գիտե՞ս։ Քանի մեզ պես հինավու՜րց ու անվախ ազգ կա շալակիդ, ինչի՞ց ես վախենում։ Չես լսե՞լ, որ հային «չոռ էլ չի կպնում», մեր կապը վերևների հետ ուրիշ մակարդակի է. էն, որ ասում են՝ «լեվլ Գադ», այ հե՜նց այդքան ու ոչ պակաս։ Քանի հետդ ենք, հանգիստ եղիր։ Էն անեկդոտի պես, հիշու՞մ ես… ո՞չ, դե, լսի՛ր։ Ուրեմն, Ավարայրի ճակատամարտի նախօրեն է լինում, Աստված վերևից նայում է, տեսնում՝ պարսիկները նախապատրաստությունների մեջ են. զենքն են յուղում, սրում, կռում, փղերին արբեցնում։ Շրջվում է հայերի կողմը, ի՞նչ տեսնի՝ քե՜ֆ, ուրախություն, խորոված, երգ ու պար։ Հոգոց է հանում՝ չէի՜ էլ կասկածում. էս ազգն էլի հույսն ինձ վրա է դրել։

Վա՜յ, էս ո՞վ է տեսնես. դաշտի անկյունում գլխիկոր ու սևազգեստ մի մարդ կա նստած՝ ծանո՜թ, ծանո՜թ ու տխուր դիմագծերով։ Ո՞վ ես, նոր խաղացո՞ղ, ինչու՞ ես նստել, դու է՞լ խաղալու տրամադրություն չունես։ Լսեմ՝ քթի տակ ինչ-որ բան է երգում. «Դլե յամա՜ն, մեր տու՜ն, ձեր տու՜-ու-ու՜ն…»։
Կոմիտաս, դու՞ ես… չէ՛, արևը գլխիս է տվել, ամեն տեղ աչքիս վարդապետն է երևում։ Նեղ դրության մեջ հայը մեկ բարձրյալի, մեկ էլ քեզ վրա է հույսը դնում, վարպե՛տ, եթե քեզ էլ են ուղարկել էս դաշտը, ուրեմն պահն եկել է, ուրեմն էլ ի՞նչ ունենք մտածելու։
Պաշտպանվի՜ր, պուճուր թշնամի, քեզ տոնն էլ չի փրկի, մենք եկա՜նք։

Please follow and like us: