ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ73/ Ապացուցեք, որ ուղտ չեք/Մարինա Գևորգյան

Այն օրից,երբ իմ պասով մտա դաշտ,անցել է քառասունյոթ պաս, էդ ընթացքում «մեկուսացիա» սերիալի երկու սեզոն նայեցինք, երրորդն էլ ընթացքի մեջ է՝ բազմաթիվ կորոնադիտողների խնդրանքով, նույնիսկ պնդմամբ։Նավսացիայի ազգային պառվադեպարտամենտը արձանագրեց նույնիսկ առողջապահության նախարարի ինքնամեկուսացման փաստը՝ ապացուցելով այն հակագիտական պնդումը, թե սխտորի տնական թու-թու-թուն ու քյավառա օրաղով թրջած աչքի ուլունքը պաշտպանիչ մեխանիզմ չեն։ Գերագույն գլխավորի լայվերի տեղատարափը համեմվեց, ըստ էության, հպարտ քաղքացիների հարցերին բադասխան տալու դե ֆակտո գործընթացով։
Էդ օրը ես ընձի համար գլուխս կախ մեր մուտքի աստիճանների բազրիքները ժավելով կմաշեցնեի Ալենի ֆիզկուլտուրայի համազգեստի հին շապիկով, Վարդիշաղ տատը դուռը բացեց․
– Օղորմի կորոնից անցավորներին, այ բալամ, մե արի տես՝ կոմպս ընչի՞ չի միանա, վարչապետը լեվի պտի մտնի, աշեմ հլը էսօր ինչ պտի գա գլխներիս։
– Տատ, լայվ է, լեվի չէ, սադրում ես տատ,- ծիծաղեց տատի թոռը։
– Ես գիտեմ՝ ինչ կըսեմ,այ անչափահաս, ճամփեդ չալե,- ջղայնացավ տատը,- թազա հավ են էղե, թազա հավկիթ կաձեն, մնաց որ Վերին թաղի Վեներիկի հանձնաժողովին դիմեմ, բանաձևըմ գտնիմ, քեզի ղրկեմ խնամի Վալոդենց տուն, սոցիալական հեռավորություն պահե ներվերիցս, ինչքա՞ն ըսեմ քեզի։ Թե էն անտեր հավկըթի գինն ընչի՞ էլի թանկըցավ․․․
Տատը որ ասաց հավկիթ, հիշեցի մեր հարևանի տղուն, որ ձվածեղ ուտելու սաղ ռեկորդները ծալել, ջեբն էր դրել՝ ձվածեղի ամեն արարողությանը զոհելով հյուսիստիզբոներենի գյումրվա խոսվածքով՝ յաչեյկա ու կես հավկիթ։ Ուրեմն էս տղեն, որին Արջուկ էին ասում, շատ չարաճճի էր, ես ու քույրիկս իրանց հետ չէինք խաղա, որովհետև չէին խաղցընե (հըբը, էս հո կորոնաֆուտբոլ չէր, որ հավասարություն էղներ բոլոր ցանկացողների համար, ոչ էլ Նոր Հայաստանն էր, որ ով ուզեր, ամբիոնի «դոստուպ» ունենար)։ Մի օր էլ քույրիկս կերթա, ժեշտե ցանկապատի ծակից կուզենա նայե, թե ինչ կխաղան, էս արջուկը ուղտի պես թքեգը քրոջս աչքին։ Էս հիշեցրեց ֆուտբոլային մի դրվագ, երբ որ Շտեֆան Կիսլինգ անունով ոմնը, որ ըստ մեկնաբանի՝ սահմանափակ գործողությունների տեր հարձակվող է, բայց ֆանտաստիկ գոլեր կհորինե, խաղերից մեկի ժամանակ գոլ կզարկե, բայց կպարզվի, որ ցանցը պատռված էր, ու գնդակն էդ անցքից միամիտ էր հայտնվել դարպասում (ինչպես որ որոշ կոստյումավորներ մեր երկիրը ղեկավարող կառույցներում):
Ուղտ ըսեցի, Վարչապետի լայվը մեր թիմի անհավանական գոլերի պես աչքիս դեմով անցավ։ Մարդը սկզբում սկսեց հերքել հերքողներին, շղթայական ապացուցեց, որ հերքած ունի հերքել պահանջողներին և, ըստ էության, նարկոտիկի հետ կապը ևս, հողեր ծախելը առավել ևս, մանավանդ որ ինքը «մարդ ա ուտում», ազգային կերակուր խորովածի խնդիրը համառոտագրեց, պայմանն ու պահանջը բացատրեց, մեջից հում, դրսից վառածի փաստն էլ արձանագրեց, վերջն էլ, էն անեկդոտի նման, փաթթած ունեցավ, կներեք, հերքումների աջաբսանդալը, ու էկրանից այն կողմ մի հուժկու տշոցով սաղին փռեց ալկոգելված մեկուսարանների կաֆելներին, թե հըբը՝ դե հերիք է, էլի՝ հերքեք էս, հերքեք էն, ապացուցեք, որ ուղտ չեք․․․
Ես երկար կմտածեի՝ ինչպես ապացուցել, եթե տատը կոֆեի ջազվայի պոչը պլաստմասսայից սարքողին չհիշեր ու վերհիշեր՝ ասելով, որ վերևում Աստված կա։
Ու նորից միտս ընկավ, թե Արջուկի՝ քրոջս աչքին խփած «գոլի» պատասխանն ինչ եղավ։ Եղավ էն, որ էդ թվերին, երբ որ լույս չկար, պապաս ակումուլյատորը կհաներ, փոքր հեռուստացույցը կմիացներ, հարևանները կհավաքվեին մեր տանը՝ «Դիկայա ռոզա» սերիալը նայելու։ Մենք էլ պապայի հետ ձկի երթալու հոբբի ունեինք, հատկապես խեցգետին բռնելու, դրանք ինքնաշեն ակվարիումում պահելու համար խելքներս մերը չէր։ Էդ իրիկունն էլ, թարսի պես, լամպի նավթը պրծել էր (բացօթյա հանրային վայրերում դիմակով երևանյան շոգին շնչահեղձ էղնողի համբերութ յան պես), մնացել էինք մոմի հույսին (ինչպես որ հիմա չվարակվելու մասով ամենքս՝ մեր անհատական պատասխանատվությանը)։ Արջուկի մամա Անո տոտան եկավ կինո նայելու։ Ինքը խո չգիտեր, որ իրա գալը ինքին կինո պտի դառնա (հայոց ազգային ժողովի արտահերթները վկա), որովհետև հենց որ Անո տոտայի 38 համարի ոտը մեր խոհանոցի անլիս աշխարհը մտավ, Սպիլբերգի ֆիլմերում վճարովի ճվացողներին Անո տոտայի գոռոցը տվեց անցավ, վասնզի մեր անպատասխանատու խեցգետինը խախտել էր ինքնաշեն ակվարիումի սահմանները ու բռնել էր Անո տոտայի ոտքը։
-Թաղեմ քեզի, ռակ անտեր, շաքարս ելավ,- եղավ տուժածի որոշումը, և հաջորդ օրը խեցգետինը կարմրեց, մեր կարճ խելքով՝ ամոթից, ու գետինը մտավ ընկերովի՝ դափնու տերևներով եռացող աղաջրի մեջ։ Տատիս ըսած՝ազգովի մե տնե չէինք, մե հալի էինք էդ թվերին։
– Իտալական սցենար կզարգանա մեր երկրում, ժողովուրդ, հասկացեք,- ասաց Վարչապետը։
– Պա՜հ,իտալական պիցցեքի հարցը փակվավ, սպագետին անկըջներիցս կախին պրծան, սաղ իտալական պարերը պարիք, մնաց իտալական սցենարը,- միջամտեց Վարդիշաղ տատը։
-Է հա, թաղման գնում եք ու ևս մի քանի հոգու մահվան ուղեգիր եք տալիս, դրանից մեր հարգելի հանգուցյալը վատ չի՞ զգում,- շարունակեց գերագույնը․․․
Ես չգիտեմ՝ վատ կզգա, թե չէ, կռացա՝ կոշիկիս կապը կապելու, որ դաշտում գնդակը պաս տալուց չընկնեմ, հիշեցի պահը, երբ տարիներ անց Արջուկը եկավ մեր տուն, ու քույրս ոչ դրեց, ոչ վերցրեց, հիշեցրեց աչքին թքելու պատմությունը։ Արջուկը էնքան վատ զգաց, ինչքան ըսենք թե կզգա կորոնավիրուսը, երբ որ կհանդիպի իմ ժավելաջրի ու Վարդիշաղ տատի հայացքի մոլեկուլյար լաբորատորիայում վակցինային բախվելով։ Չիմանալով՝ ինչ ասել, հարցրեց․
-Ո՞ր աչքիդ էի թքել, այ քու ցավդ տանիմ ես, այ մեռնիմ գլխուդ(չքաղաքականացնել, արջուկը պատգամավոր չէ, ոչ էլ ըստ ամենայնի պատրաստվում էր խփել):
-Աջ,- ասաց քույրիկս ու, տատիս ըսած, թևերը կանթեց։
Արջուկը ելավ տեղից, քրոջս աջ աչքը պաչեց, ու ըսիգ դառավ ավանդույթ։ Հմի էս տարի կորոնը սաղ ծրագրերը խառնեց։ Անարխիստ վիրուս դուրս եկար դու, կորոն տղա․․․
-Մամա, գիտե՞ս՝ ֆուտբոլային անարխիան ինչ է,- յութուբում ինչ-որ ֆուտբոլային մեկնաբանի լսելուց հետո շախմատի տախտակն ուղղելով՝ ասաց Ալենը,- հլը տես, ոմն Գանդուր Քամալ անունով մրցավար Մունդիալի խաղերից մեկի ընթացքում կորեացիների կողմից է խաղացել, շատ անարդար է եղել, էս մեկնաբանն էլ Վարչապետի պես ջղայնացել է, ասում է՝պլյուն վ գլազա, վսյո բոժյա ռասա, յա ատկազիվայուս գովոռիծ օբ էտըմ մատչե, վսյո, յա ատկլյուչայուս։

Please follow and like us: