ԿՈՐՈՆԱՖՈՒԲՈԼ71/Դասական երաժշտություն լսող կովերի փափքը/ Անահիտ Հայրապետյան

(փափք` մերսումից փափկած մարմին՝ ըստ հեղինակի)

-Ուրեմն, էդ կովերը ծնված օրվանից դասական երաժշտություն են լսում, մենակ պոպոք են ուտում, գարեջուր են խմում ու ամեն օր մասաժ են ստանում։ 
-Ամա՜ն, – ասում եմ ես՝ լրիվ պատկերացնելով կովիկներին՝ մասաժ ստանալիս։ 
– Հենց հինգ տարեկանը լրանում ա, մորթում են։ 
-Ինչի՞ հենց հինգ տարեկանում։ Մի քիչ մեծ, մի քիչ փոքր չի լինի՞։
-Չէ, հենց հինգ տարեկանը լրանում ա, հենց ծննդյան օրը, ոչ մի օր ավել, մորթում են։
– Ինչ դաժան են։ 
-Մսի միջի էս սպիտակ գծերը տեսնում ե՞ս, ճարպը հավասար-հավասար ա։ Որ բերանդ ես դնում, հալվում ա։ Հեսա կփորձես։
Հրավիրված ենք սթեյք ուտելու։ Ես բնությունից մսակեր չեմ։ Բայց սա պիտի համտեսվի։
-Մի կիլո միսը 400 եվրո արժե։ 
– 400 եվրո՜, դա ուտել կլինի՞։ Ինձ երկու հատ հասարակ նրբերշիկ, խնդրում եմ, ավելի լավ ա։ 
Ռեստորանում չորս-հինգ հարյուրանոց գինի, եթե ոչ ավելի թանկ խմել եմ, մի անգամ էլ շատ թանկանոց հարսանիք էի գնացել լուսանկարելու, աչքերս փակ մի երկու որդ կերա։ Էս անգամ էլ ես՝ ձեր համեստ ֆուտբոլագրողը, ավելի ճիշտ՝ կորոնաֆուտբոլագրողը՝ արյունից սարսափահար լինողս, կփորձեմ ձեզ համար ուտել այդ մասսաժ արած կովերի միսը։ 
Երեւի էդ գնանոց միսը սթեյք անելու համար մի քիչ խիզախություն էր պետք, ուստի խմեցինք մի քիչ, ոմանք՝ մի քիչ ավելի շատ, մի մասն էլ՝ իրենց կորցնելու աստիճանի չափ։
Ահա այսպիսի պասով թփի տոլմայից, ժանտախտից, գոմեշից հետո ծանրաքարշ կովերն առած ինձ գցում եմ խաղադաշտ, քանի շատ ուշ չի, քանի հերթն ինձ ա հասել, քանի ասելիք ունեմ, քանի չեմ սպառել կենսագրությանս մոտ լուսանկարիչ, պոետից հետո ստորակետով արձակագիր ավելացնելու երազանքս։ Իսկ երազանքներս հեշտ եմ սպառում, սպառողի դար ա, ես էլ հո այլ հեքիաթում չեմ ապրում, կախարդական փայտիկ էլ, ինչ է, չունեմ։ Չնայած էն ա Անահիտ Սահակյանի տղան՝ Ջիմը, սարքել ա, ֆեյսբուքում վաճառում ա։ Եղածն ի՞նչ ա՝ երեք հազար դրամ։ Դրանցից մի-մի հատ էլ էն մեր նախարարներին հանկարծ շեղակի գոլում եմ ես՝ թեթեւակի հարբածս՝ սպասելով բոլոր դարաշրջանների կլասիկների երաժշտությունը վայելած իմ բաժին սթեյքին։ Տեսնես ի՞նչ երազանք  ունեին մշտապես գարեջրից հարբած կովերը, որոնց ամեն օր մերսում էին մասնագետները, որոնք միայն դասական երաժշտություն էին լսում ու մեծանում։
– Ինձ էլ տենց պահեին, էդքան մասաժ անեին, պոպոք ուտեցնեին, ես էլ համով կլինեի,- վստահեցնում ա ընկերուհիս։ 
Չգիտեմ՝ ինչ համ կունենար ընկերուհիս, բայց վստահ ա ասում։
Մի անգամ էդ նույն ընկերուհուս հետ մտա էստեղի խանութներից մեկը՝ «Կարշտադթ», գինի գնելու։ Երեւի վաճառողին դուր էի եկել, գլուխներս երկար-բարակ տանելուց հետո մեզ ուղեկցեց մի փոքր սենյակ, որտեղ դնջնում էին աշխարհի թանկագույն գինիները՝ քեռուս ու Ռիտա տոտայի ականջից հեռու։ Բացեց դուռը բանալիով ու սկսեց պատմել գինիների մասին։ Փաստորեն հարուստները գնում ու առանձին էդ սրահիկից են իրենց գինիները գնում, մերը՝ հասարակ մահկանացուներինը, շարված են սովորական դարակներում։
– Իսկ ինչի՞, օրինակ, էս մի շիշը հազար եվրո արժե, իսկ էս մեկը՝ երկու հարյուր, ասենք։ 
– Դե, էս մի շիշ գինին ստանալու համար էդքան մակերեսին տնկել են մի թփուտ, հետո կտրտել են բոլոր ողկույզները, արեւի ողջ ուժն ու էներգիան գնացել ա միայն մի ողկույզին, որը ընտրյալն ա, էդ ընտրյալներից էլ քամել են արդեն քանակով քիչ գինին, դե բրենդինգ ու մնացած բաներն էլ հետը կազմում եմ գինը։
– Հը՜մ, մտքում մտածում եմ ես։
– Հը՜մ,- երեւի մտքում մտածում ա ընկերուհիս, – մինչ վաճառողը՝ ոչ սիմպատիչնի սովորական տղամարդ, իր վիզիտկան ա խցկում ձեռքիս մեջ։
Եկավ սպասված պահը։ Ութ հարյուր աստիճան տաքացվող վառարանի մեջ խնամքով շարվում ա սթեյքը, սպասում ենք։
Իմ բաժինն ինձ հասավ։ Իսկապե՜ս որ բերանում հալվում ա։ Իսկապե՜ս անմահական համ ունի։ Մենք՝ խորովածի վարպետներս, քյուֆթա ծեծողներս, թվում էր՝ զարմանալու տեղ չունենք, էդ մենք ենք բոլորին զարմացնում մեր խորովածով, բայց արի ու տես, որ ավելի համեղ բաներ էլ են լինում։
Բայց մի րոպե, սա մի՞ս է, թե՞ փչած բամբակ։ Ոչ մի պնդություն, ատամներով սեղմելն էլ պարտադիր չի, շաքարի պես հալվում է բերանում ։ Հը՜մ, չլինի՞ էս մեր Նիկոլն էլ ա էս մսի խորովածներից ուտում, դրա համար արդեն ասուլիսներին մեջը լավ եփած խորովածներից ա խոսում։ Ժողովուրդ, դու, որ սկի ո՜վ գիտի մսի գումար չունես, բայց մեկ ա, հենց ունենաս, խորովածն անելու ես։ 
Խորովածը շատ լավ բան է։ Վա՜յ դույ դույ, բույ բույ, վույ վույ, վա՜յ։
Ես, որ լուսանկարում էի մի ընտանիքի, որ շիշ հավաքելով էր գումար աշխատում, հրավիրված էի ծննդի։ Ասեցին՝ կգաս, խորոված ենք ուտելու։ Դե արդեն ասացի, որ բնությունից մսակեր չեմ, մենակ լահմաջոյի հանդեպ մի չնկարագրված թուլություն ունեմ, բայց գնացի, դե որ ծնունդ նկարեմ։ Հատիսի լանջերին, հավաբուն հիշեցնող տան մոտ խորոված են անում։ Հավի սառեցրած բդիկներ են, Նիկոլ ջան, ականջդ կանչի։ Դրա միջի լավ եփել-չեփելը որի՞ հետ ես։

Գնդակը շողշողում ա դաշտում։ Էս ինչ գույն գնդակ են էս անգամ խաղադաշտ բերել։ Սառա՜, Սառա ու՞ր ես, այ Սառա, է, սենց չեն խաղա, մեկ գալդ եղավ, մեկ գնալդ։ Իզա, Հովո, Մարինե, Գեւորգներ, Մարինա, ու՞մ մոռացա, Սաթիկն էլ ցեցը գցեց ջաններս Մեսրոպի ու Գիլանցի հետ, լրիվ ձախ քաշվեց։
Առավոտյան զանգ ընկերոջս, ով իրեն կորցնելու չափ խմածների շարքում էր։ Հարցնում է՝ արդյոք հավանեցի՞ միսը։ Ասում եմ՝ հա, շատ համեղ էր։
– Դե լավ ա՝ դու գոնե քո բաժինը մարսել ես։ Ես ի՜նչ ասեմ։
Հասկացաք արդեն մեր կովի ճակատագրի, վախճանի ու եզրափակչի պատմությունը։
Բա, ընկերներ, Էսպես էլ է լինում։

Please follow and like us: