Էս քանի օր ա՝ հա պասի եմ սպասում։ Ձեն-ձուն չկա։ Երեւում ա՝ ստեղ էլ են մտածում՝ սրանից գոլ խփող դուրս չի գալու, հազիվ ա կաղալով քայլում։ Բայց լավ ա՝ Մարինեն եկել ա ինձ հետ ապացուցելու, որ ոչ երեխաների քանակը, ոչ ահասարսուռ բզկտիչ կենցաղը մեզ վախեցնողը չեն։ Վազելու՛ ենք։
Արենն ասում ա.
-Մամա, կարա՞մ մուլտիկ նայեմ։
Ասում եմ՝ գնա հորդ հարցրու, մուլտիկի շեֆն ինքն ա։ Ասում ա՝ շեֆ բոլորն են, խի՞ ա պետք մեկը շեֆ լինի։ Վա՜յ, մեռնեմ ես քո սրտին, Արեն ջան։
-Մամա, բայց սրտին ո՞նց են մեռնում, ամեն օր ասում ես մեռնեմ, մեռնեմ ու չես մեռնում։
-Արեն, մեծանաս, ինձ շան տեղ չես դնելու,- ամեն օր ասում ա քույրս։
-Ես քեզ միշտ էլ շան տեղ եմ դնելու, Արմինե։
Մեր թաղերում կաֆե-մաֆեները մանրից բացվում են։ Այգին, որտեղ ամեն օր շարանս հավաքում, գնում եմ, փորձում են գողանալ կողքի սրճարանի աշխատողները. սիրուն սեղան- աթոռները բերել, այգու մի հատվածում շարել են, գնալով տարածվում են։ Բայց քանի իմ բաժին ծառին չեն հասել, ձայնս կտրած ինձ արևին եմ տալիս։ Էն հայավարի աջս քաշած վիճակն ա։
Մի ականջս Նիկոլի լայվին, մյուսը՝ ձենի, կաթսան՝ մի ձեռքիս, բլինչիկը՝ մյուս, երեխեն՝ մի ձեռիս, թեյնիկը՝ մյուս, մի ոտքով լվացքն եմ մեքենայի մեջ տշում, մի ոտքս ցավում ա, մի աչքս ֆեյսբուքի ստատուսներին, մեկ էլ՝ ըհըն, զում քոլ։ Եթե նախկինում պիտի երեխուն առնեի, դեսպանատուն, տոմս, օդանավ, ավտոբուս, որ հասնեի ինչ-որ խմբագրի դասի, հիմա էն ա ձեռքի թեթեւ շարժումով մատս կտացնում եմ ու զումի սենյակում եմ։ Մարդ չկա։ Չեմ հասկանում՝ դեռ մարդ չկա՞, թե՞ արդեն մարդ չկա։ Սպասելու փոխարեն վաննան լա՜վ փրփրաջուր եմ անում, երեխուն առնում ու գցվում ալիքների մեջ։ Երազանքների ալիքներն ինձ տանում-բերում են, էլ սիլիկոնյան հովիտ, էլ նոբելյան մրցանակ, էլ խաղաղություն, էլ չարի վերջը, մի խոսքով, երեխու տոտոշիկներով խաղալով, ծիկ-միկ անելով երազանքներս փրփրաջրում եմ, մեկ էլ հոպ՝ քույրս զանգեց։ Հեռախոսս ասում ա՝ դուք մասնակցում եք զում քոլի։ Ի՞նչ զում քոլ, այ մարդ։ Դու մի ասա՝ էդ ամբողջ ընթացքում մի ահագին մարդու հետ լռված եմ քոլում։ Տերդ մեռնի գիտություն։
Մինչ պաղպաղակը գյուղ հասավ, որ տատս իմանա դրա համը, զում քոլը վրա հասավ։ Դե արի բացատրի, թե էդ ինչ ա։ Չնայած սկայպով հետս խոսում ա։ Գալիս, դանդաղ նստում ա էկրանի դիմաց, սկսում դժգոհել՝ թա հինչ օնիս, է, էդ նեմեցնուն վըղում, մեկ էլ աղջիկս ա գալիս.
-Տատի, բարև։
-Բարեւ , մա՜տաղ ինիմ, հունց ը՞ս։
-Լավ եմ, տատի։ Հավիկները ո՞նց են։
-Հավիկները լափ լավ են։
Էս ընթացքում մարզիչը մի քանի նոր խաղացող ա բերում, գնդակը հայտնվում ա տուգանային հրապարակում, հասնում եմ մյուսներին, արագ պատ շարում։ Լավ ա, էժան պրծանք։ Ու քանի ամեն ինչ խաղաղ ա, էս մի պատմությունն էլ պատմեմ։
Խծաբերդի կոլխոզը մի որձ գոմեշ ուներ։ Մարդ վախենում էր ահազդու տեսքից։ Հորքուրիս ամուսինն էլ Խանձաձորից իրենց էգ գոմեշը հարս էր բերել Խծաբերդ, որ սերունդ տա։ Գոմեշին մենակ ինքն էր կթել, իսկ հիմա հազար տարի իսկի կով չկթած հորքուրիս վրա էր ընկել էդ հույժ կարեւոր պարտականությունը։ Արարատ ձաձան դպրոցի տնօրենն էր, չէր կարող դասերից ընկնել, Խծաբերդում լռվել։ Ոնց ա լինում, գործի բերումով մի օր ոտն ընկնում ա Հադրութ։ Մտածում ա՝ լավ ա, մի հատ էլ փոստ մտնի, հորքուրիս զանգի, գոմեշից հարցուփորձ անի։ Հասնում ա Հադրութի կենտրոնական փոստ, իսկ էստեղ անհողդողդ ու երկար մի հերթ։ Բայց դե ծանոթ բարեկամը էստեղ էլ իր մեծ դերն ա խաղում։ Հադրութի էլեկտրացանցի տնօրենը, ում հերթում կանգնածները բոլորը ճանաչում են, միջնորդում ա, մարդկանց բարձրաձայն բացատրելով, որ Արարատը հեռավոր գյուղում կարևոր, շտապ ու անհետաձգելի գործ ունի, րոպե առաջ պիտի զանգի Խծաբերդ։ Հերթը զիջում են։ Արարատ ձաձաս զանգում ա գյուղ, Ռիմա տոտուց ու Էդիկ դայուց տուն։ էն ժամանակ գյուղում գյուղապետի, մեկ էլ Ռիմա տոտուց տանը հեռախոս կար, դրանից հետո միայն գյուղը չորս հեռախոս ուներ, միմյանց հաջորդական եղանակով միացած, կապ չունի զանգն ում գար, մի քանի հոգու շնչառություն լսվում էր գծերի մեջ։ Հորքուրս շնչակտուր հասնում ա հարեւանի տուն, վերցնում խոսափողը։
-Ժուլյա՜, Ժուլյա՜, – առանց բարեւ բարլուսի հեռախոսի գծերով զրնգուն տարածվում ա Արարատ ձաձայի կենսուրախ ձայնը։
Հորքուրս՝ ծորացող ձայնով.
– Հա՜, Արարատ։
-Կյումաշը թողում ա՞ կթիս։
-Հա, Արարատ, թողում ա։
-Յանի կըրես ը՞ս կթիս,- չի հավատում հորաքրոջս ամուսինը։
-Կարում ըմ։
– Էդ ըմ օզալ լհա հըրցնիմ։
Առանց որևէ այլ բան ավելացնելու անջատում է հեռախոսը հորաքրոջս ամուսինն ու ավարտվում է հույժ կարեւոր խոսակցությունը Հադրութ-Խծաբերդ հեռախոսալարերով տարածվող։
Պատկերացնու՞մ եք միջնորդի ու սպասող մարդկանց դեմքերը զանգից հետո։ Ես հո լավ պատկերացնում եմ, չէ՞ որ սա Հադրութն է, բարեկա՛մ։ Ասում են՝ դրանից հետո ով միջնորդին տեսնում էր, հարցնում էր, թե ինչ լուր կա գոմեշից, արդյոք հղիացա՞վ, արդյոք կարողանու՞մ են կթել։
Էստեղ հեռահար փոխանցմանը զուգընթաց լսվում է Նիկոլի իմիջիայլոց խոսքը՝ ես ուզում եմ, հայ ժողովուրդը գոհ լինի, հագենա, բավարարված լինի արդյունքներից։
Բա գիտես մենք չե՞նք ուզում։
Հարձակում աջից, ընտիր փոխանցում է, ամբողջ կոկորդով գոռում է հաղորդավարը։ Մինչ ես ուշքի եմ գալիս, գնդակը, ավա՜ղ, հայտնվում է դարպասում։ Դե իսկ հարսնացու գոմեշին վերջին անգամ տեսան Արաքսը հատելիս։ Արցախյան պատերազմի տարիներին ադրբեջանաբնակ գյուղերից Խանձաձոր հասած գոմեշը վերադարձավ հայրենիք։