ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ60/ Ակնոցավոր լեգենդը/ Գրիգոր Գրիգորյան

Լվաց, թաթիկները լվաց։ Չէ, ԵԶակի ցեղատեսակի առյուծի ալբինոս ձագուկների թաթիկների մասին չի խոսքը, դրանց թաթիկներն ու տուտուզիկները լվացողներ շատ կան։ Պարետոսը լվաց ձեռքերը։ Ավելի մեծ թյուրիմացություն չէր կարող լինել, քան հղում անել մարդկային ինքնագիտակցությանը և փորձել դրա վրա «անկեղծորեն» հենվել։ Պատմությունը նման հաջողված փորձեր գրեթե չի ունեցել, նույնիսկ ԵԶակի փորձեր։ Մենք «Գրողուցավում» մեզ ճղենք, անմնացորդ ու անզիջում պայքար մղենք, իսկ իրենք իրենց ջհանդամուգյոռներում խորհրդավոր ընթրիքներ կազմակերպեն ու անհեթեթ որոշումներ կայացնեն։ Դե, Կորոնաթի՛մ ջան, արի ու էս անգիտակից պայմաններում հաղթի «մարդկային ինքնագիտակցությունից» ժամ առ ժամ ուժեղացող ու մուտացվող էս գելուգազանին։

Ինչքան էլ զարմանալի է, բայց վերջին արտահայտություններն ինձ ստիպեցին Անդրեասյան Արկադիկին կրկին հիշել, իր մշտապես խոժոռ ու քննախույզ հայացքով։ Գեորգիչը, նույն ինքը Անդրեասյանը, հզոր ֆուտբոլիստ է եղել, դե մենակ էն փաստը, որ աշխարհի լավագույն խաղացող Կայզեր Ֆրանցի լուսավոր գլխի վրայից գոլ է խփել Հրազդան ստադիոնում, արդեն շատ բանի մասին է խոսում։ Պապայենց սերնդի մոտ մեծ հեղինակություն է վայելում, բայց մեր սերունդը Գեորգիչին շատ ինքնատիպ ձևով է «սիրում»։ Եթե պապայենք հավանում էին Անդրեասյանի թեթև եղնիկավազքը, ապա մենք «գժվում» էինք նրա ծանր բնավորության ձեռը, եթե պապայենք վայելում էին նրա խոյահարող ու ինտելետուալ փոխանցումները, ապա մենք տվայտվում էինք մենակ իրեն բնորոշ հումորի ձեռը։

Բազմաթիվ թիմային ժողովներից մեկի ժամանակ, Գեորգիչը «կիրովադցու» իր ակցենտով նախատում էր բոլորիս՝ արդեն որերորդ անընդմեջ անփառունակ խաղի համար։ Երեք ամիս աշխատավարձ չէինք ստացել, բայց գլուխներս կախ կուլ էինք տալիս երկարադունչ մաեստրոյի գոհարները։ Հայկական ֆուտբոլում նորմալ էր աշխատավարձների ուշացումը, չստանալը, նույնիսկ պատիվ եմ ունեցել աշխատավարձի փոխարեն մի 50 շիշ արաղ ստանալ կամ ասենք կգ-ներով ժավելի սպիրտ։ Իսկ մեր թիմի Աշոտը թիմից թիմ էր տեղափոխվել ընդամենը «մի մեշոկ կարտոլ»-ի տրանսֆերային արժեքով։ Բայց վերադառնալով Գեորգիչին՝ ասեմ, որ իր չսիրած թեման փողն էր․ ֆուտբոլիստը փողի մասին չպիտի մտածեր, ֆուտբոլիստը պիտի մենակ ֆուտբոլի մասին մտածեր։ Ոնց հասկացաք, գրողի նման «պռաֆեսիա» է էս ֆուտբոլիստ լինելը։

– Արյա՛ Ջոկ,- Մելոյան Արսենին էր դիմում Գեորգիչը,- արյա՛, պաչեմու վսյո վրեմյա նա գազոնե, ոնց որ լիժա քշելուց լինեիր, ոտերիդ մեջ ուժ չկա՞ր։
– Գեորգի՛չ ջան, ուժ կար, բուցի չունեմ, դրա համար էլ սղում էի։
– Չունես, գնա առ, արյա՛, ում ես սպասում։
– Ո՞նց առնեմ,- անմեղ գառնուկի աչքերով Գեորգիչին էր նայում Ջոկս։
– Դե, կարաս դոլարով առնես, կարաս՝ եվրոյով, դռամով տոժե վազմոժնո․․․ – ու մեծ ակնոցի տակից ինքն իր ասածի վրա խնդմնդում է լեգենդը։

Հիմա մերն է․ առանց պաշտպանության, «վռո մեջ»-ով մենք ո՞նց հաղթենք էս թագավարակին։ Պարետոսը ձեռքերը լվաց, ալբինոսը կաթիկը խմեց, գոնչոգլուխը դրա տուտուզը մաքրեց, իսկ մենք էս անտեր գելուգազանի դեմ մնացինք դեմուդեմ՝ քամակներս լրիվ բաց վիճակում։

Ու էստեղ դիմացս հայտնվեց փոքրիկ Գեորգիչը, իմ մեջի պստիկ Գեորգիչը։

– Արյա՛, ի՞նչ ես նվնվում,- դեմս թռվռում է ճստլիկ Անդրեասյանը, նենց խնդալու տեսք ուներ՝ փոքր մարմնով, բայց մեծ գլխով։
– Բա առանց պաշտպանություն, առանց վռատար ո՞նց հաղթենք։
– Ո՞նց ոնց, կակ բռազիլցի, «անի զաբվայուտ սկոլկո մոգուտ, ա մի՝ սկոլկո զախոտիմ»։ Ընենց որ՝ գոլ խփեք, շատ գոլեր խփեք,- ասեց ու ակնոցի տակից գողունի խնդմնդաց մեր պստլիկ լեգենդը։

Please follow and like us: