ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ58/Կասանդրան քարանձավից՝ կորոֆուտբոլ/Անահիտ Հայրապետյան

 

Քանի կծիկը քանդվում ա, գցեմ հատակին, ծայրը անցկացնեմ թեյնիկի փորով, հանեմ քթով, ջուրը թեյնիկի մեջ լցնեմ, դնեմ կրակին ու երբ սկսի եռալ ու գոլորշի արձակել, թելի ծայրից սկսեմ նորից կծկել։ Այ հենց ճիշտ էսպես էինք մենք մի քանի անգամ գործած բլուզի թելը նորացնում, ուղղում։ Չգիտեմ, թե հարեւան Հասմիկ տոտան որտեղից է սովորել այս հնարքը, բայց ես իրենից եմ սովորել։ Ու քանի որ հարեւան Թագուշ տոտան մորս միջոցով պատգամ ա հղել, որ ես իրենց մասին էլ գրեմ, թե չէ միայն հորս գյուղն եմ հիշում, ուստի որոշեցի էդ խորհրդավոր կադրով նկարագրել էսօրվա տշոցին։

Ու քանի ես ինձ տրամադրում եմ խաղի նոր ռիթմին, մեկ էլ հոպ ու աստծո պարետից հաղորդագրություն եմ ստանում։ Astvac tesnum a vor du mi bani hamar tanjvum es ev asum a heriq a verj.
– Իյա, ասում եմ՝ էս աստված երբվանից սկսեց ինձ ֆոլոու անել։ Հա, սա երեւի էն հավելվածի միջոցով ա հսկում ինձ։
Orhnutyun a galis depi qez. Ete du havatum es astcun mi arhamarhir ays messenger ugharkir qo ynkernerin 20 ropeyva mej ev vaghy klini qo kyanqi amenalav ory.
Աման ամա՜ն։ Թափով նստում եմ էկրանիս դիմաց ու որոշում, հրես քսան րոպեում հասցնեմ գրել տեքստը, ուղարկել Արփիին, Արփին հասցնի խմբագրել տեքստը, ուղարկի Գրողուցավին, Գրողուցավը հասցնի տարածել տեքստը երեսուն մարդը կարդա, երեսուն մարդը հասցնի քսան րոպեի ընթացքում երեսուն մարդու հասցնել աստծո պարետի ղրկած պատգամը, որ ես վաղն ունենամ ամենալավ օրս։ Բայց քանի որ լավ օր ունենալն էսօր այնքան էլ հեշտ չի, համենայնդեպս ֆեյսբուքը դա թույլ չի տալիս, ուստի որոշեցի իրատեսորեն շարունակել վազքս դաշտեզրով, քանի մարզիչը չի փոշմանել ու ինձ այլ փոխարինող գտել։ Կնիկ եմ դե հիմա, խոհանոց եմ պահում։ Հետ փոխանցում Մարինային, որ դաշտում վազում ա խաղաղ՝ պաղպաղակի կոները ձեռքին, մազերը սիրուն ֆենած, իսկ ես վերջին անգամ չգիտեմ երբ եմ մազ ֆենել։ Մի հատ շունչս տեղը բերեմ, բան եմ հիշել, պատմեմ։ Ուրեմն, Կասանդրա հայտնի սերիալը հիշելիս կլինեք, Կասանդրան՝ գնչու գեղեցկուհին ու նրան սիրահարված Իգնասիոն։ Ուրեմն, մեր Խծաբերդում Երե թաղում կանայք հավաքվում էին Ռիմա տոտուց ու Էդիկ դայուց տոն՝ Կասանդրան դիտելու. Էդիկ դայուց տանը ալիքները լավ են բռնում, բայց չէ, մենակ էդ չի պատճառը, Էդիկ դային թերեւս միակ ռուսերեն հասկացողն էր, կարելի ա ասել՝ գյուղի սերիալների թարգմանիչը։ Էդիկ դայու շուրթերով էին Իգնասիոն ու Կասանդրան իրար սեր բացատրում, կռվում, բարիշում։ Հազիվ էր հասցնում Կասանդրան բերանը բացել ու Իգնասիոն չէր հասցնում Կասանդրայի խոսքը լսել, կանայք վրա էին բերում՝ Էդիկ, հինչ ա՞սից, հինչ ա՞սից, է՞, Էդիկ։ Էդիկ դային համբերատար թարգմանում ա։ Պատկերը տեսնել էր պետք, կանայք՝ իրենց գլխաշորերն ուղղելով՝ հավաքված հեռուստացույցի շուրջ, համբուրվելու դրվագները աչքի տակով էին նայում, հեռուստացույցը մերթընդմերթ խշշում էր, հեռուստացույցի գլխին հարված բռունցքով։ Հերթական «Էդիկ, հինչ ա՞սից, Էդիկին» հաջորդում է Էդիկ դայուն բարկացած՝ «ա, դե թողում ը՞ք սկանամ, վեր ասիմը», հետո կանանց՝ իրար մեղմիվ նկատողություն անելը, որ հա, սուս անենք, որ Էդիկը լսի։ Էդ նեղ մաջալին մեկ էլ բակից մի երեխա կանչում ա՝ Ռիմա տոտա, հե՜ Ռիմա տոտա, ծեր դանան, ծեր դանան է ծծից։ Երբեք, երբեք մեր գյուղի կանայք թույլ չէին տա իրենց կթելուց առաջ հորթերը ծծեն։ Ավելին ասեմ, եթե հերթական տավարածը աստված ոչ անի մի քիչ շուտ բերեր նախիրն արոտից, ամենամեծ հանցագործը կսարքեին, որ էն սիրուն սարինի, իսկական արածելու ժամին տավարը տուն ա բերել։ Մի քանի անգամ Ռիմա տոտային կանչելուց հետո ներսից լսվում է դժգոհ արձագանքը՝ ա դե ջհանդամը ծծում ա, ծծի, դըրբըզան պեց ըրա, նի քցի կյումը։ Վերջ, հերթական սերիան ավարտվում է։ Բոլորը քննադատելով Կասանդրային կամ Իգնասիոյին, գոհ չմնալով իրադարձությունների ընթացքից, ցրվում են գոմերով։
Տատս՝ կթելով․
-Անն-ահիտ, պա էն վեր Իգնասիոն եկավ, հինչ ա՞սից Կասանդրեն։
-Հիբի, է, տատի, վե՞ր մասում։
-Ա դե էն վեր Իգնասիոն պեն ըրավ, տատս ամաչում ա ասել, որ Իգնասիոն համբուրեց Կասանդրային, հինչ ըրա՞վ, է, տատի։
-Ա դե վեր պաչից լի։ Հա՜։
-Դե ստի ստի ասից լի։
-Հա՜։ Հասկանալով գլուխն ա շարժում տատս։
Հիմա արդեն տատս կովերին կթել ա, կաթը քամել, դուրս եկել գյուղամեջ։ Ներքեւի բակում դեռ կով կթող կա։
-Զառի, հե Զառի, պա տըսեր կինոն հիինիչ տըռավ։
Ներքեւից․
– Հինչ տը՞ռավ, է, Էմմա։
-Պա ասել չըս, ստի ստի պեներ։
Վերջին տարիներին ինտերնետը մտել ա գյուղ, գյուղում էլ գյուղամեջ դուրս չեն գալիս, հնդկական սերիալի հերթական սերիան նայելուց հետո մտնում են ֆեյսբուքի կամ ադնակլասնիկիի չատ՝ պա տըսե՞ր էն Իչան հինչ տըռավ։

Ներսից փոխանցում եզր՝ աղաղակում է պարետը։ Մինչ ես ուշքի եմ գալիս, որ ֆուտբոլի դաշտում եմ, ու որ պետք է վազեմ որքան հնարավոր է արագ, տեսնում եմ՝ դաշտի տղամարդիկ անկյունում հավաքվել, կանանց շատախոսությունից են բողոքում։ Համը չհանելու համար հավաքում եմ ինձ, քաշիս համապատաասխան ուդարավ թոփը թխում բիդի դարպասը։ Հատե տի։ Դե քեցցեք։

Please follow and like us: