ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ52/Կարանտին՝ ժանտախտից հետո/ Անահիտ Հայրապետյան

Քանի մկաններս տաքացել են, լուրջ հարձակումներ չկան, դարպասը լա՜վ պաշտպանված է, վնասվածք չունեմ դեռ, փա՜ռք ֆուտբոլի դարպասներին, կանաչ խոտին, հագիս կորոնաշապիկին, արդեն իսկ սառը զենք դարձած տոլմայի թավային, անցնեմ եզրային գրոհի։ Քանի պարետն իր տեղում է՝ պատվավոր տրիբունայում, հասցնեմ մի երկու տող էլ տշել։ Էս գնդակը ժամանակի մեջ հետուառաջ անելու խասյաթ ունի, ոնց տշում ես, հասնում ես անցյալ, որում դու չես եղել ու հետ գնում ապագա, որում դու չես լինելու։ Ու քանի որ մերս քրերիս ուսերին աղի արցունք ա թափել, որ հա հորս գյուղն եմ մեյդան գցում, որոշել եմ մի քիչ էլ իր գյուղից պատմել։ Դանդաղ փոխանցում առաջ, ոչինչ, կհասցնեմ մի շնչով պատմել։ Ուրեմն, շատ տարիներ առաջ, հեռավոր 1930-ին, Արցախի Հադրութի շրջանի Բլութան գյուղում ժանտախտն էր բույն դրել։ Ըստ տատիս քրոջ թոռան՝ աղվեսի կաշվից էր, ըստ տատիս՝ խոզի կաշուց կարած տրեխներից էր, ըստ սովետական սերիալի՝ առնետից էր։ Սերիալի մեջ մի քանի ֆանտաստիկ սիրուն դրվագ նկարել են մորս գյուղում, թարսի պես հենց էն ժամանակ, երբ մերս, բարեհաջող ավարտելով Հադրութի ինտերնատը, տատիս հետ գնացել էր Ստեփանակերտ՝ ընդունելության քննություններ հանձնելու։ Երբ հետ եկան, գյուղն արդեն նույն գյուղը չէր, աստղայինը տարել էր. Լենինգրադից գյուղ էր ժամանել նկարահանող մի մեծ խումբ, գյուղը մի քանի օրով դարձել էր նկարահանման հրապարակ։ Քեռիս նկարվել էր Բավական հաքուրաց հըյաթեն (Բավական հորքուրենց բակի) մասսովկում՝ դրա համար ստանալով երեք ռուբլի հոնարար։ Ֆիլմի էդ հատվածի սաունդթրեքը տատիս Արեգա քրոջ կոծն է, ըստ արցախյան բարբառի՝ սոքյը։ Էսպես, ուրեմն, Արեգան՝ սեւավորված, լացող կանանց շարքերում սավանների մեջ տարվող դիակների հետեւից ծնկները ծեծելով հեծեծում ա։ Տխուր պատմություն ա, չէ՞։ Արեգա մորքուրը ինչքան արցունք ունի, թափում ա, արտասվում, մեկ էլ աչքն ընկնում ա, տեսնում ա՝ սավանի մեջ իր հարազատ եղբորն են տանում՝ Վազգենին։ Դուք չե՜ք ճանաչում Արեգա մորքուրին, բայց ճանաչողները կարող են պատկերացնել, թե ո՜նց ա լացը քառապատկվել, ոնց ա Արեգան ծնկները ծեծել՝ աղեկտուր արտասվելով՝ ադա, Վազգեն, լհա տու բիդի ինի՞ր պրաստինին մաչեն, լհա քեզ բեդի տընի՞ն (հենց դու՞ պիտի լինեիր սավանի մեջ, հենց քե՞զ պիտի տանեին)։ Ասում են՝ Արեգա մորքուրը պիտի գնար Լենինգրադ, այնտեղ եւս պիտի նկարահանումներ լինեին։ Չի գնացել, ասել են՝ նախագահի կինն ես, չի կարելի։ Էստեղ ավարտվել ա մորքուրիս դերասանական կարիերան, բայց ես վստահ եմ, եթե գնար, անպայման աստղ էր դառնալու։ Առանց գնալու էլ աստղ էր՝ միայն նա կարող էր ձեռքերը Ստեփանակերտի ուղղությամբ տարածելով՝ գոռալ՝ նա մեզ հի՞նչ վարչապետ, նա ասալ ա՝ Բլութանը էլ շեն չի, վերացալ ա։ Հետո ինձ հետեւից գցած տանել գյուղի խորդուբորդ փողոցներից մեկը՝ ցույց տալու գտած ապացույցը, որ իրենցից առաջ էլ էս գյուղը գյուղատեղի ա եղել, քանի որ հերթական ուժեղ սելավը նորածնի՝ քարերով պատված գերեզման էր բացել։ Արեգա մորքուրը ընկերուհու հետ նորածնի գերեզմանին հող էր լցրել, ծածկել։ 

Հիմա դանդաղ ավարտվում ա կարանտինը, չնայած իմ ջոկելով էս վիճակը մեզ հետեւից դեռ քարշ ա տալու։ Դու ասա առողջ, պինդ ու փորձառու դուրս գանք էս վիճակից, ունակ էլի  մարդկանց գրկելու, ունակ էլի ձեռքսեղմելու, ունակ էլի իրար սիրելու։ Երբեմն տեղից վեր եմ թռնում՝ իսկ եթե աշխարհը, որում ապրում եմ ես, փոխվի, էլ չլինի առաջվանը։ Բա մեր դիսկոները, որտեղ մի կետից մյուսն անցնելու համար շնչում էիր բոլորի մարմինների հոտերը, բա մեր սրճարանները, որտեղ մի սեղանից մյուսին հասնելու համար վախեցած առաջ էիր շարժում չափերն անցած մարմինդ՝ հանկարծ մյուսի սուրճի բաժակը չգցես, էլ չասեմ, որ ասոցիալ համարվողս, որ ոչինչ հաշվի չառնելով՝ շարունակում էր երեխաներին քարշ տալ մի կաֆեից մյուսը՝ աղմկելով, սաստելով, բայց երեխաներիս էդ կյանքին վարժեցնելով։ Գերմանիայում մի արտահայտություն կա, որն ամենաշատը չեմ սիրում։ Ա-սո-ցիալ։ Էդ բառն ում կպցնում են՝ վերջ, էդ քֆուրից վատ ա։ Առաջին անգամ, երբ ինձ ասացին, որ երկուսից ավել երեխա ունենալն ասոցիալ ա, մի ահագին հարցուփորձ արեցի հասկանալու համար, թե էդ ի՞նչ են հասկանում ասոցիալ ասելով։ Դե հայերիս համար չկա նման հասկացողություն։ Եթե անգամ շատ էլ ուզենք, չենք կարող քթներս չխոթել մեր հարեւանների, ընկերների զարմիկների, զարմիկների խնամիների կյանքի մեջ։ Նրանց տեսնելուց կասկածամիտ չժպտալ ու ավելին՝ չբարեւել։ Ժամերով պարապ-սարապ չթափառել սրա նրա պատերի վրայով, հաջողացնելով չլայքել ու չքոմենթել։ Կարդալ կորոնաֆուտբոլն ու մասնակից չդառնալ։ Մենք մյուսների կյանքից երբեմն այնպիսի մանրամասներ ենք իմանում, որ ախպերն ախպորը չէր ասի, բայց մենք իմանում ենք։ 

Մանկության տարիներին բարակ-մարակ երեխեք էինք, Աբովյանի մարզադաշտի ցանկապատի երկաթե ճաղերի արանքներից անցնում էինք, դաշտում տեղի ունեցողն առանց հասկանալու նայում։ Տեղն էլ գիտեինք, թե որ ճաղերն են իրարից մի փոքր ավելի հեռու։ Էդ պահերին գեր տղամարդիկ նախանձից պայթում էին։ Ա-սո-ցիալ։ Ինձնից ի՞նչ ասոցիալ։ Դե ես իմ երեխեքին առած կգամ, կնստեմ, կվայելենք մեր կապուչինո-պաղպաղակները, դուք էլ դուք եք իմանում, մյուս անգամ պոզուպոչ կպցնելուց կհիշեք ինձ, որ չորսին պոչիցս քարշ տալով ամեն ինչ հասցնում եմ՝ խանութից՝ երգի դաս, երգի դասից՝  կինո, կինոյից՝ թանգարան։ Բայց սա ի՞նչ կապ ունի մեր ֆուտբոլի հետ, կհարցնեք դուք։ Իսկապես, ոչ մի կապ չունի, հետն էլ աչքիս դարդերս եմ սկսել շաղ տալ դաշտով մեկ, այնինչ դաշտում ուրախ քլնգոց ու երգ-երգոց ա։ Դեռ ժամանակ կա խաղի ավարտին, բայց արդեն պարզ է, որ Կորոնաֆուտբոլը  թեթեւությամբ հաղթահարեց բոլոր արգելքներն ու առաջին անգամ պայքարելու է աշխարհի առաջնության եզրափակչում։ Հերթական գնդակը պաս եմ տալիս կողքովս արագ սլացողին՝ «ով որ հաջորդն ա լինելու, Արփ», ու ավարտեմ պատմությունս։ Արեգա մորքուրը զանգում ա հորս գյուղ, էն պտտովի հեռախոսներից ա, որ պտտում ես, նայած քանի անգամ ես պտտում, դրանից կախված ա, թե ում տուն ես զանգում։ Չորս զանգ, մերն ա։ Վերցնում եմ։ Հեռախոսի մեջ մեզնից բացի հավանաբար էլի այլ մարդիկ, մեկ էլ՝ Աննահի՜տ (իմ անունը հատուկ շեշտադրություն ունի բարբառում, դառնում ա երկու ն), հիբ ըս կյաս Բլութան, էդ եկալ ըս խալխեն տանը էդքան նստալ, հինչ տը՞ռնա (Անահիտ, երբ ես Բլութան գալիս, եկել ես, օտարի տանը էդքան նստել, ի՞նչ դառնա)։ Խալխն էլ հորական տատս էր էլի։

Էստեղ հանկարծ նկատում եմ, որ գնդակը սիրու՜ն գլորվում ա դեպի դարպաս։ Անզուգական գո՞լ։ Օ՜, ոչ, դարպասներ։ Կներեք ընկերներ, մի հատ չըխկացնում եմ, ու հետո խոտերի վրա սահելով մեծ մարմինս գլորում գնդակի տակ։ Տեսնես կբռնե՞մ։

Please follow and like us: