Ֆուտբոլի կարոտից մարդը գժվում է: Եթե լոռեցի է, ընկնում է սարերը, եթե հայ է, ուրեմն լոռեցի է: Միամիտ ու անծով: Անծով-անպլյաժ: Անպլյաժ-անթրաշ…Մի քիչ գողական, ահագին փիլիսոփա, ծնողասեր, երեխասեր, եկեղեցասեր, դարդասեր, խաշասեր, ֆուտբոլասեր, բայց ոչ անսեր: Անսեր հայ չկա, ֆինլանդացի էլ չկա, ինկական արմատներով պերուացի էլ չկա, փամփուշտ ալ չկա… թուրք էլ չկա: Բայց սիրուն է՝ թուրք է՛լ չկա: Ֆուտբոլի դաշտում հաղթել ենք: Ամբողջ մարզադաշտը գոռում էր՝ Մուշ-Ալաշկերտ-Արդահան: Մենք ոգեւորված առաջ էինք գնում՝ վստահ, որ մեզ են քաջալերում: Նույն վստահությունը իրենք ունեին: Զիդանը մեր կողմից էր, Մատերացին՝ իրենց: Իրենք քֆուր տվողն են, մենք՝ գլխով խփողը: Ուր էր թե…
Մի խոսքով՝ ֆուտբոլի կարոտից մարդը գժվում է, ինչպես խաշի կարոտից՝ անհամբեր սպասելով, թե երբ է ամիսն ավարտվելու ր տառով, որ սխտորը մաքրի: Տեսնես՝ ի՞նչ կլինի, եթե խաղից առաջ ֆուտբոլիստները սխտոր ուտեն: Աշնանն ու ձմռանը՝ խաշի, գարնանը՝ կարմիր լոբով ջրիկ ճաշի հետ: Ինձ թվում է՝ կհաղթենք: Պինցետով ու արաղով: Հա՛մ ֆուտբոլի դաշտում, հա՛մ տնտեսական դաշտում, հա՛մ քաղաքական դաշտում, հա՛մ սոցիալական դաշտում, հա՛մ սիբեխի դաշտում, հա՛մ էլ Քանյե Ուեսթի գեները, ու մեր աղջիկ Քիմի էրեխեքը կմեծանան որպես իսկական, զտարյուն հայ:
Չէ բայց իսկապես, ֆուտբոլի կարոտից մարդը գժվում է: Էդ անտերն էլ գնդակի նման է: Համ կլոր է, համ էլ պաս են տալիս, մեկ-մեկ հարվածում էլ են, հարվածը որն է, տոպկում: Ձեւ չկա չմտնի քիթդ կամ բերանդ: Մեկի հետ նստած կոֆե ես խմում ու մեկ էլ ըհը, պասը տվեց, ինքը չէ, մատուցողը, իրեն էլ իր հարեւանն է տվել, հարեւանին էլ բարեկամը, բարեկամին էլ ջրի բաժակը, որից խմեց էն տղի հերը, երբ եկել էին աղջիկ տեսնելու: Տենաս ամուսնացա՞ն, հարսանիքին շա՞տ մարդ գնաց, էդ աղջիկը նորություն չունի՞, տղա ա, չէ՞…Էսքան տղով ի՞նչ ենք անելու տենաս, ում հետ ենք անելու: Ֆուտբոլ խաղալ էլ չգիտենք, մտնում ենք դաշտ ու գրում, մի քիչ էլ, որ անձրեւ է գալիս, ռոմանտիկ ենք գրում: Մարկեսը չամաչեց իր տարիքից ու Մերսեդեսից ու էն քյորփա էրեխուն պոռնիկ ասեց, մենք դեռ մտածում ենք, թե ո՞նց գրենք էն պահը, երբ ջահել-ուժեղ տղեն պատին դեմ տվեց ջահել-սիրուն աղջկան, ու չնայած պատը եկեղեցու պատ էր, բայց մեղք չկար, որովհետեւ ինքն է ասել՝ Սիրեցեք իրար: Էս հարցում Մարկեսը անպատկառ էր, դրա համար էլ Կոլումբիան ու Մեքսիկան ֆուտբոլ խաղում են, մենք՝ բզբզբում:
Ֆուտբոլի կարոտից մարդը գժվում է, որ գժվում է, գրում է՝ սյուժեով կամ առանց դրա: Ու քանի որ ես առանց սյուժե գրել չեմ սիրում, ասեմ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը որոշում են անցկացնել՝ էս ամեն ինչից հեռու՝ մի անմարդաբնակ տեղ, որտեղ միայն լայնարձակ դաշտեր են լինում, սուր-սուր ժայռեր ու քարանձավներ: Քարանձավներից մեկում մի սիրուն ու տկլոր աղջիկ է լինում եւ 1 միլիոն դոլար փող/գրանտ է ստացած լինում՝ որպես անմարդաբնակ վայրերում միայնակ ապրող խիզախ կին/: Էս աղջիկը տեսնում է, որ դաշտերում մայկա-տռուսիկով տղաներ են վազվզում ու որոշում է սիրել, թքած՝ խիզախության վրա: Մի օր դուրս է գալիս քարանձավից ու մտնում դաշտ: Սկսում վազել: Դե քանի որ ֆուտբոլի առաջնությանը վետերաններ չեն մասնակցում, տղաները բերանները բացում են ու մոռանում են գնդակը: Այդպես ծանոթանում են: Հերթով մտնում են քարանձավ, 10-21 րոպե մնում ու մարդը 10 հազար դոլարով դուրս գալիս: Ռեկորդը սահմանում է Պողոս Շմավոնյանը, որը հայտնի չէ, թե ինչպե՞ս է հայտնված լինում այդ կողմերում. 47 րոպե, 26 վայրկյան: Ֆուտբոլի առաջնությունն ավարտվում է, գավաթը հանձնում են, մեդալները՝ կախում, շամպայնը ու աշխարհի չարը տրաքացնում ու հեռանում: Պողոսն էլ է գնում. պարզվում է Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանում՝ կաֆել-մետլախի տարածաշրջանային չեմպիոնի տիտղոսը նվաճած մարդը հոլանդացիների մերսողն է լինում, ընդ որում դա անում է հատուկ յուղերով, որ թռնեն: Վերջը ինքն էլ հետներն է թռնում՝ վան Գոգի երկիր, քարանձավաբնակ աղջկա աղերսանքին անականջ:
Հետո էս աղջիկը գժվում է: Ֆուտբոլի կարոտը սարսափելի բան է: Միլիոն դոլարից էլ մնում է մեկ դոլարանոց՝ մի երեսին էլ մեսրոպատառ գրած․« Ես դեռ կվերադառնամ, քո Տերմինատոր»։