Համալսարանական իմ կյանքի ակտիվությունը ուղիղ համեմատական էր տրամադրությանս անկումներին ու վերելքներին, եղանակի տեսությանը, պայմանավորված գիշերը՝ ծղրիդների, իսկ առավոտյան ճնճղուկների երգի նոտաներով, նաև սուրճի քաղցրությամբ կամ դառնությամբ, բայց երբեք՝ ոչ նրա հանդեպ պարտավորությամբ: Բանն այն էր, որ իմ գլխում հաճախ էին մտքեր պտտվում, ու ես, էսպես ասած, գտնվում էի մի շրջադարձային փուլում, երբ սկսել էի հարցականի տակ դնել ամենը, ինչ նախկինում լցրել էին մեջս, փորձում էի նորովի ճանաչել աշխարհը, բաց աչքերով:
Ես մի պատանի էի, ում գլուխը լի էր բանաստեղծություններով ու երգերով, անունս՝ Ռոբերտ, որը բավական հարմար անուն էր գոյություն ունենալու համար, մազերս մի թեթև երկար էին ու խառը, բավական հարմար մազեր՝ ուսանող լինելու համար, ու խառն էր գլուխս, ինչպես ասացի, ու դա էնքան էլ հարմար չէր լավ ուսանող լինելու համար. թեպետ ես կարծում եմ, որ դա ընտիր բան էր իսկական ուսանող լինելու համար, որովհետև ես ավելի շատ սովորում էի համալսարանի պատերից դուրս, քան ներս, ու հաճախ հարցական նշան էի դնում էն տեղերում, որտեղ դա արգելված էր, ու դրա համար հաճախ պատմությունների մեջ էի ընկնում: Բայց էն պատմությունը, որի մեջ ընկա էս անգամ, երևի թե ամենաթեթևն էր, բայց և միաժամանակ ամենամեծը, ամենատխուրն ու հուսահատականը:
Այսպիսով, գիշերը ծղրիդներն ուրախ երազներ շշնջացին ականջիս, առավոտյան տաք քամի էր, ու ճնճղուկներն արթնացրին ինձ, ու մինչ ես մաքուր օդին պղտոր սուրճ էի խմում, հասկացա, որ սա հիանալի եղանակ է ուսանող լինելու համար: Երբ հասկացա դա, անմիջապես կոշիկներս հագա, հետո լվացվեցի, հետո մի գրիչ վերցրի ու մի տետր, որը կլորացնելով խոթեցի տաբատիս հետևի գրպանը ու գնացի համալսարան:
Ժամը տասնմեկն անց կես էր, ու ես ուշացել էի, բայց դասախոսը, որը Երևանից էր ու նոր մեթոդներով էր առաջնորդվում, թույլ տվեց, որ նստեմ դասին առանց երկար- բարակ հարցուփորձի: (Հասկանո՞ւմ եք, երբ սկսում են հարցուփորձ անել, մի քիչ դժվար է տակից դուրս գալը, որովհետև մենք չենք կարող վերելակի մեջ մնալ, ու ոչ էլ տրանսպորտը կարող է ուշանալ, որովհետև էստեղ ոչ վերելակ կա, ոչ էլ տրանսպորտ: Ուստի միանգամից ասում են, որ պետք էր շուտ քնել):
Պետք է մի երկու բառ ասեմ նրա մասին, որովհետև նա է էս պատմության հերոսն ու զոհը: Ուրեմն, նա մոտ քառասունհինգ տարեկան, մի քիչ գիրուկ, պատշաճ տեսքով ու սափրված մի մարդ է: Նա մեզ ֆինանսների կառավարում է դասավանդում, սակայն դա նրա երկրորդ գործն է: Նրա առաջին գործը բանկերից մեկի գլխավոր մասնաշենքում էր՝ ինչ-որ մի բաժնի պետ: Բոլորն ասում էին, որ դա լուրջ պաշտոն է, ես էլ էի հասկանում, որ դա լուրջ պաշտոն է, որովհետև հաճախ, երբ նա զբաղված էր լինում կամ հոգնած էր լինում, իր օգնականներին էր ուղարկում համալսարան՝ իրեն փոխարինելու: Էսպես, նա թեթև բնավորությամբ, կատակներով լի ուրախ մարդ էր, սակայն ես փորձում էի, մինչ էդ օրը, ես փորձում էի չխաբնվել դրան: Նա ինձ պատկերանում էր որպես մի խոշոր գիշատիչ ձուկ, համակարգի կարկառուն դեմքերից մեկը, իսկ էդ կատակները, որ անում էր նա, ընդամենը մեթոդ էր, ոչ ավելին: Մի խոսքով ես նրան չէի սիրում, որովհետև չէի սիրում ֆինանսական աշխարհը բանկային համակարգով, իսկ նա էդ համակարգի կարևոր դեմքերից էր:
Դե հա, ամեն ինչ էդպես էր թվում, մինչ էդ օրը, երբ տեղի ունեցավ հետևյալը: Նա որոշեց մի խնդիր առաջադրել մեզ. ենթադրենք էսինչը տասնհինգ տարով վարկ է վերցրել անշարժ գույք գնելու նպատակով, տոկոսադրույքը տարեկան տասնչորս տոկոս է… Նա փորձում էր բացատրել, բայց մենք չէինք հասկանում խնդրի էությունը: Նա մի քանի անգամ էլ փորձեց բացատրել, բայց մենք էլի չէինք հասկանում խնդրի էությունը, ինչ մնաց, թե խնդիրը լուծեինք: Էդտեղ նա մի փոքր կորցրեց համբերությունը, թեպետ հիանալի տիրապետում էր իրեն, ու անհամբերությամբ հետևյալն ասաց.Լավ, իմ օրինակն եմ բերում: Ենթադրենք ես քսան տարով վարկ եմ վերցրել Երևանում հինգ սենյականոց բնակարան գնելու համար…
Այ էդտեղ էր, որ ես շշմեցի:
Կներեք,- ասում եմ:
Հա, Ռոբերտ,- ասում է նա:
Դա ընդամենը օրինակ եք բերում, չէ՞: Դուք նման վարկ չեք վերցրել, չէ՞,- հարցնում եմ:
Նա մի պահ լռում է, սևեռուն նայում է ինձ, ու դա էն ուրախ, կատակասեր մարդը չէր, որին սովորաբար տեսնում էինք, ապա ասում է, որ այո, վերցրել է էդ վարկը, ապա դառնում է մնացած ուսանողներին ու հանձնարարում է որ գտնեն ամսական ու տարեկան տոկոսները ու էլի բաներ: Ու մինչ կուրսընկերներս փորձում էին լուծել նրա տված խնդիրը, ես փորձում եմ լուծել նրա խնդիրը: Աստված իմ, ուրեմն նա ամենևին էլ խոշոր ձուկ չէր, ինչպես ես էի ենթադրում: Ուրեմն նա դասախոս է աշխատում ոչ թե հաճույքի կամ սեփական գերազանցությունը մյուս դասախոսներին ցույց տալու համար, այլ որովհետև նրան լրացուցիչ փող է պետք, ցանկացած լրացուցիչ փող, որը կօգնի փակել վարկը ու այլ ծախսեր կատարել, որովհետև ինչպես հաշվեցին իմ կուրսընկերները, էդ գրողի տարած վարկը տանում էր նրա ամսական եկամտի 60 %-ը: Էդ խոշոր գիշատիչ ձուկը անմիջապես փոքրացավ, դարձավ փոքր անմեղ ձուկ, ով ընկել էր վարկափողային համակարգի կարթը: Նա ինձ պատկերացավ որպես մեզնից մեկը, ու ես սկսեցի ցավ զգալ նրա համար:
– Կներեք, ընկեր Հունանյան,- ասում եմ նորից:
– Ասա, Ռոբերտ:
– Բա որ հանկարծ մի օր զարթնեք ու հասկանաք, որ զզվել եք էս ամենից, նայեք Ձեր շուրջն ու Ձեզ թվա, որ ամեն ինչ կեղծ է, որ ճնճղուկներն էլ չեն երգում, ու էս բանկերը, էս փողերը, որ սա ընդամենը մի հիմար շրջապտույտ է, և հասկանաք, որ էլ չեք կարող աշխատել մի վայրում, որին չեք հավատում, էդ դեպքում Ձեր վարկը ո՞վ է փակելու:
– Դե, քանի որ վարկ ունեմ, ուրեմն ստիպված կլինեմ մինչև վերջ աշխատել, եթե նույնիսկ զզվեմ կեսից,- ասում է նա ուրախ տոնով,- և որտեղի՞ց քեզ էդքան նեգատիվ մտքեր, հը՞, իմ մասին խի՞ ես վատ կանխագուշակություններ անում,- ասում է նա կատակի տալով:
Բայց ես էլ կատակի հավես չունեի, տրամադրությունս ընկել էր, աստված իմ, նա դատապարտված է մինչև կյանքի վերջ աշխատել, էն էլ բանկում, ու անընդհատ պետք է ձգտի առաջ գնալ, պետք է ժպտա պաշտոնական հանդիպումներում, աստված իմ, նա իրավունք չունի զզվել, հոգնել, նա իրավունք չունի իսկական լինել, ու եթե մի օր նրա փոքր երեխան կամ թոռը հարցնի նրան ֆինանսական համակարգի տեսական էության ու գործնական դրսևորումների մասին, ապա նա չի կարողանա ասել ողջ ճշմարտությունը, որովհետև երբ ասի, էդ ամենը դուրս կգա նրա գիտակցություն, ու հաջորդ առավոտյան նա էնքան ուժ չի ունենա, որ կարողանա աշխատանքի գնալ: Իսկ դասախոսի աշխատավարձը չի հերիքի, որ նա փակի իր վարկերը: Չէ, պետք է աշխատի, փողերը տա վարկին, մնացած փողին համոզիչ կոստյումներ առնի, որ կարողանա հաջող գործարքներ առնել, հետո ավելի համոզիչ կոստյումներ… չէ, չէ, չէ: Թույլտվություն եմ վերցնում ու դուրս եմ գալիս լսարանից, էլ ի վիճակի չէի նստել: Գլխիս ամեն մի հատիկ մազը բողոքում էր էդ փաստի դեմ: Դուրս եմ գալիս համալսարանի շենքից, գնում եմ դեպի համալսարանի այգին, որ մաքուր օդ շնչեմ, բայց էդտեղ էլ երկար չեմ կարողանում մնալ: Նորից շենք եմ մտնում, բայց չեմ գնում մեր լսարան: Փոխարենը գնում եմ փնտրելու ընկեր Հովսեփյանին, որը մի տարի առաջ մեզ փիլիսոփայություն էր պարապում: Նայում եմ դասացուցակները, ու ոնց տեսնում եմ՝ էս ժամը ազատ է: Ուրեմն պետք է ամբիոնում լինի: Ի վերջո գտնում եմ նրան ու մոռանալով անգամ ողջունել, միանգամից հարցնում եմ՝ մարդը ռացիոնա՞լ կենդանի է, թե՞ իռացիոնալ:
– Դե, ընդհանրապես,- ասում է նա,- կախված իրավիճակից…
Ասում եմ, որ գիտեմ իրավիճակային վարքագծի մասին, բայց հիմա ինձ դա չէ, որ պետք է: Մարդը իր ամբողջության մեջ, որին դիտարկում ենք էս աշխարհում՝ նույնպես իր ամբողջության մեջ, ըստ Ձեզ, ընկեր Հովսեփյան, ռացիոնա՞լ է, թե՞ իռացիոնալ:
Նա մտածում է, երկար է մտածում, մտածում է ու մտածում, ու ի վերջո ասում է.
– Դե, եթե պետք է ընտրություն կատարեմ միայն էդ երկու տարբերակների մեջ ու եթե չեմ կարող հարցը դիտարկել առանձին պայմաններում, ուրեմն որոշ վերապահումներով, բայց կասեմ, որ մարդը իռացիոնալ արարած է:
Ըհմ: Նրան խորին շնորհակալություն եմ հայտնում ու դուրս գալիս: Մի պահ ուզում եմ վերադառնալ մեր լսարան ու ասել ընկեր Հունանյանին, որ մարդը իռացիոնալ արարած է, որովհետև մտածում եմ, որ գուցե նա չգիտի դա, քանի որ տնտեսագիտության մեջ ռացիոնալ վարքագծի տեսություն կա ու գուցե նա հավատում է դրան, բայց հետո փոշմանում եմ, մտածելով, որ արդեն անիմաստ է, ու որ էդպես ես միայն ավելի կմոտեցնեմ էն ժամանակը, երբ ճնճղուկներն այլևս կդադարեն երգել նրա համար: Չէ: Գնում եմ տնօրենի մոտ:
Ուզում եմ ներս մտնել, բայց գործավարուհին կանխում է ինձ: Զանգում է տնօրենին, ու վերջինս ասում է, որ միայն մի ժամից կարող է ընդունել ինձ: Չէ, ես մի ժամ չեմ կարող սպասել: Արագ իջնում եմ համալսարանի սրճարան ու էնտեղից երկու սպիտակ թուղթ եմ առնում A4 ֆորմատի, ու սկսում եմ հեռացման դիմում գրել: Դա փորձված բան է, նախկին տնօրենի հետ ստացվել է: Ուրեմն, գրում եմ հեռացման դիմումս ու տանում եմ ուսումնամեթոդական վարչություն: Հետո գալիս եմ կամրջի մոտ, որը համալսարանի դիմացն էր ընկնում, մի ծխախոտ եմ վառում ու նայում եմ գետի ալիքներին: Դեռ չէի էլ հասցրել ծխել մինչև վերջ, երբ հեռախոսիս զանգ եմ ստանում ու լսում, որ տնօրենը շտապ կանչում է ինձ: Էս անգամ էլ աշխատեց, մեր փոքր համալսարանը չի սիրում ուսանողներ կորցնել: Ուրեմն, շտապ գնում եմ տնօրենի մոտ: Նա հրավիրում է նստելու: Նստում եմ: Նա պատրաստվում է մի ամբողջ բարոյահոգեբանական ճառ թափել գլխիս այն մասին, թե որքան կարևոր է ուսումը: Ես իհարկե կլսեի դա ու կհակաճառեի, որ պետք է տարբերել ուսումն ու ակադեմիական կրթությունը, բայց հավես չունեի, տրամադրությունս էլ ընկել էր, էնպես որ առանց ժամանակ կորցնելու ասում եմ, որ էդ դիմումը կարող է չստորագրել, որովհետև ես չեմ ուզում դուրս գալ համալսարանից, և որ էդ քայլին եմ դիմել, որովհետև ավելի կարևոր բան ունեմ խոսելու նրա հետ:
Նա ականջները սրում է՝ սպասելով, թե ինչ եմ ասելու, ու ես առանց երկար բարակ մտածելու սկսում եմ:
– Պարոն տնօրեն,- ասում եմ,- մեր դասախոս ընկեր Հունանյանը քսան տարով վարկ է վերցրել…
– Եվ ի՞նչ,- ընդհատում է նա ինձ սառը, պաշտոնական տոնով:
– Եվ էն, որ նա դեռ քսան տարի պարտավոր է աշխատել բանկում, բայց նա մարդ է, իսկ մարդը իռացիոնալ արարած է: Իսկ եթե հանկարծ մի օր նա արթնանա ու հասկանա, որ հոգնել է էդ ամենից, եթե ցանկանա հեռանալ ամենից ու ուղղակի զբոսնել մեր անտառներում, եթե մի օր արթնանա ու զգա, որ էն ամենը, ինչ շրջապատում է իրեն, շունչ չունի, ու ցանկանա գտնել մի բան, որի մեջ հոգի կա, պարոն տնօրեն, նրա վարկը ո՞վ է փակելու:
– Լավ, լավ, լավ, ես հասկացա,- ասում է տնօրենը կեղծ, բարի ընմբռնողական ժպիտով,- ես ամեն ինչ հասկացա, բայց դու հաշվի չես առնում էն հանգամանքը, որ նա իր կամքով է արել դա, ու նա դա արել է հենց իր համար, իր կնոջ, իր երեխաների ապագայի համար, ու հասկանո՞ւմ ես, էդ ամենը նրան ուժ է տալիս, որ առավոտյան արթնանա ու գնա աշխատելու:
– Հասկանում եմ, հասկանում եմ, պարոն տնօրեն,- ասում եմ ես առանց ժպտալու, իսկ նա զայրանում է, որ ընդհատում եմ իրեն, բայց մեկ է, ես շարունակում եմ,- էդ ամենը հասկանում եմ: Ես նկատի ունեմ, որ եթե մի օր նա ոչ թե վեր կենա, ոչ թե պարզապես աչքերը բացի, այլ արթնանա, իսկապես արթնանա ու տեսնի, որ ամեն ինչ այլ է:
– Այո, բայց երեխաները…
– Այո, հենց երեխաները. նա զոհաբերում է իրեն հանուն երեխաների՝ չիմանալով, թե նրանք ինչպես կարձագանքեն: Իսկ գուցե դրա փոխարեն նրանք կուզեին ճամփորդել կամ արտասահմանում սովորել: Հասկանո՞ւմ եք, եթե նա ձախողվի, ողբերգություն է լինելու, իսկ եթե հաջողի՝ նա կարող է դառնալ փնթփնթան ծերուկ, ով իր զավակներին կասի՝ ա՜յ անշնորհակալներ, ես ձեր համար էսքան բան եմ արել, իսկ դուք… Իսկ զավակները կասեն՝ պապ, քեզ ոչ մեկը չէր խնդրել էսքան բան անել:
Ու որպես տնտեսագետ նա պետք է իմանա առաջարկի ու պահանջարկի քմահաճ կողմը կամ թե Աբիլինի պարադոքսը: Պարոն տնօրեն, բա հիմա ի՞նչ պետք է անենք:
Նա ոչինչ չի ասում, մտածում է, նորից է մտածում, անգամ ձեռքը դնում է դնչի տակ, ինչը նշանակում էր, որ նա լուրջ մտածում է, բայց մեկ էլ հանկարծ, ոչ իմ բախտից, հիշում է, որ ինքը կարևոր գործեր ուներ, ու որ ես խաբեությամբ իրենից ժամանակ կորզեցի: Նա դառնում է ինձ ու ասում, որ եթե մի անգամ էլ նման բան անեմ, ինքն առանց հապաղելու կստորագրի դիմումս:
Ես դուրս եմ գալիս, բայց չգիտեմ ինչ անել: Տնօրենի խոսքերը, թե «ոչինչ, նորմալ է, դա հասուն կյանքն է, դա կոչվում է պատասխանատվություն և այլն», ինձ էնքան էլ չէին համոզում:
Հա, դա էդպե՛ս է, դա ճշմարտություն է, բայց էդ ճշմարտությունը այլ խորություններ էլ ունի, որին տնօրենը չէր ուզում նայել: Ի՞նչ անեմ, մի անգա՞մ էլ գնամ: Գնամ ու էս անգամ ստիպեմ, որ նայի դրան: Չէ, մտածում եմ, որ օգուտ չունի: Ու մտածում եմ ինչ անել: Էլի գնում եմ կամրջի մոտ, ծխում եմ ընդհատված ծխախոտս ու նայում ալիքներին: Ոչ մի բան: Ոչինչ չեմ կարողանում մտածել:
Քիչ հետո դասամիջոցի զանգն է տալիս: Հայացքս բնազդաբար կտրում եմ գետից ու նայում համալսարանի մուտքին: Ուսանողները դուրս են հորդում մեկը մյուսի հետևից, մի մասը նստում են այգում, մյուսները գնում են համալսարանի սրճարան: Սրճարանի ճամփին մեր կուրսից մի քանի հոգի նկատում են ինձ ու մոտենում: Մեկը Հայկն էր, նաև Արիաննան ու Թերեզը: Հարցնում են, թե ինչու էի դուրս եկել դասից, հարցնում են, թե ինչ եմ անում կամրջին, Հայկը կատակում է, թե կարո՞ղ է մտածում եմ նետվել: Չէ, Հայկ ջան, չեմ մտածում, որովհետև եթե էս կամրջից նետվեմ էդ ծանծաղ գետի մեջ, լավագույն դեպքում ոտքս կկոտրեմ, վատագույն դեպքում՝ մեջքս:
– Ու ի՞նչ ես անում էստեղ,- էլի հարցնում են նրանք:
Ի՞նչ ասեմ, նրանք ներկա էին դասին, ու Թերեզն առաջինն էր, ով կարողացավ հաշվել բոլոր վճարումները: Ասում եմ էն, ինչ ասել էի տնօրենին: Թերեզը վշտացավ, կամ ավելի ճիշտ կարեկցեց, իսկ Հայկն ու Արիաննան ծիծաղում էին: Մի խոսքով, նույն բանը՝ գլուխներս կոխում ենք ավազի մեջ, հայացքներս փախցնում ենք մոտեցող վտանգից ու կարծում ենք, թե այն դադարում է մոտենալ: Երևի վերջում էլ պետք է փակենք Հարրի Փոթերի քարտեզն ու ասենք՝ «ինքնախաբեությունը հաջողվեց»:
Նրանք առաջարկում են իրենց հետ սրճարան գնալ: Չեմ մերժում: Միասին քայլում ենք դեպի այդ կողմն ու ներս ենք մտնում: Նրանք զրուցում են, բայց ես դժվարանում եմ հիշել, թե ինչ էին խոսում: Մտքերով էի: Չէ, ինձ իրոք դուր չէր գալիս էս ամենը: Բայց ես հասկանում եմ նաև, որ ոչինչ եմ ու ոչինչ չեմ կարող անել: Մտածում եմ հանձնվել: Ուզում եմ միանալ խոսակցությանը, բայց ոչինչ չէի լսել, ուստի և չէր ստացվում իմ զրույցը նրանց հետ: Ձանձրույթից նայում եմ շուրջս ու տեսնում եմ մեր հայոց լեզվի ու գրականության ամբիոնի դասախոսներից մեկին՝ ընկեր Վարայանին: Որոշում եմ մոտենալ նրան: Չէ, ես հանձնվել էի ու պետք է ընդունեի, որ չկարողացա լուծել Հունանյանի տված խնդիրը, բայց չեմ ուզում ես էլ գլուխս ավազի մեջ կոխել: Իսկ այ ընկեր Վարայանը իսկական տղամարդ էր, ոչ տնօրենի պես էր, ոչ էլ Հայկի: Նա զգացմունքներ ուներ աշխարհի ու մարդկանց հանդեպ ու կարողանում էր խոսել դրանց մասին, կարողանում էր դրանք կենդանի պահել: Մոտեցա ու պատմեցի նրան ամենի մասին, ու մենք մի մի քիչ խոսեցինք, ավելի շատ լռեցինք, հետո գետի մոտ նայեցինք ալիքներին: Հայոց լեզվի ու գրականության էդ դասախոսը, պարզվեց, իրականում ավելի շատ լեզուներ գիտեր, որովհետև երբ նա գնաց, ես դեռ նայում էի գետին, ու թվում էր, թե հասկանում եմ նրան: Նա խոսում էր ինձ հետ ու պատմում պատմություններ ուրախ ու տխուր և պատմություններ, որ դուրս էին դրանց սահմաններից, ու մի պահ տեսա, թե ինչպես էր ամենը լուծվում Աղստևի ալիքների մեջ՝ Հունանյանն ու իր վարկը, նրա զարթոնքն ու քնելը, տնօրենը, կուրսընկերներս, ես ինքս, անգամ Վարայանը: Հետո ես վերջապես տուն եմ գնում՝ տխուր ու խաղաղված, ու քնում մի երկու ամիս:
