ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 46/ Պիտ խփենք գնդակը / Գրիգոր Գրիգորյան

Պիտ խփենք գնդակը
ինչքան ուժ ունենք,
որ ջարդենք թագն ու
Կորոնին վառենք․․․
մեր խաղաղ խաղը
անկորոն վարենք․․․

Մեր թիմի «դվիժոկ»-ի՝ Գևորգյան Մարինայի «պաս»-երից մեկի ժամանակ առաջ քաշած հիմնի տարբերակը շուրթերիս խաղացնելով՝ արագացումներ եմ անում հակառակորդի խաղահրապարակի կողմերում, ազատ տարածություններ եմ փնտրում նրա պաշտպանական գոտում, մեկ էլ մի հեռահար փոխանցում եմ նկատում։ Չեմ հասկանում՝ որտեղից ծնվեց էդ «պաս»-ն ու ով էր դրա հեղինակը, բայց գլխիկոր շտապում եմ դեպի գնդակը, մեկ էլ դիմացս մի գարԱԺ է հայտնվում։ Այ մարդ, էս ֆուտբոլի դաշտում գարԱԺը որ մեղքս էր, մի պահ նույնիսկ աչքերիս չեմ հավատում, ձեռքով ուզում եմ շոշափել քարե անհոգի էդ կառույցը։ Ձեռքս տանելն ու ներսում հայտնվելը մեկ է լինում։
– Ոտքերդ լաթի վրա սրբի, նոր անցի առաջ։
– Ի՞նչ։
– Դե, էդ անտեր փալասի վրա սրբի՝ նոր մտի։
Սրբում եմ, ներս եմ մտնում, դիմացս երեք հոգի չոքած «տօ լի» աղոթք են անում, «տո լի»՝ մեղքերի թողություն, չեմ հակսանում։ Մի փոքր մոտ եմ գնում, էն ձախի չոքածի ձենն ականջիս է հասնում․ «Օօօ՜, աստվածնե՛ր ամենազոր ու ամենակարող, ժողովո՛ւրդ, հեղափոխությո՛ւն ու գովասա՛նք․ ինչ ինձնից գալիս է՝ անում եմ, աքլորի պես կռիվ եմ տալիս, տղա-աղջիկ չեմ տարբերում, աջ ու ձախ, առիթ-անառիթ քիթս խոթում եմ ամեն տեղ, էս վերջերս էլ Զիդանի գլխով «պրյոմ»-ը փորձեցի, վատ չէր, ժողովրդի դուրը եկավ։ Ու հիմա ուզում եմ արժանանալ մեծ պատվի, հռչակ եմ ուզում, փառք եմ տենչում, օգնիր վերջապես դառնալ Կորոնաթիմի խաղացող, շատ եմ խնդրում․․․»։ Մեկ էլ սրա կողքի չոքած քաչալը լսում է փառքի մասին, միանգամից բարձր-բարձր սկսում է․ «Օօօ՜, վատիկանյա՛ն դու սուրբ փոշի, ո՛ճ ու ձև, սո՛ւտ կարեկցանք, տիրո՛ջ փեսա ու հաստ աղիք․ ինչ անում եմ՝ սխալ ա դուրս գալիս, թարս ա բուսնում, ինչ առաջարկում եմ՝ գլխիս ա գալիս, կյանքն անարդար ա իմ նկատմամբ, ես դասական ոճի սիրահար, բայց միշտ մոդեռնիստաական գռեհկության եմ արժանանում։ Խնդրում եմ, օգնի՛ր, իշխանություն եմ ուզում, փող եմ ուզում, շաաաաատ փող․․․»։ Փողի անուն լսելով էն երրորդը ոգևորվում է․ «Օօօ՜, ջունգլիների ի՛մ թագավոր, վայրի՛ գազան, խո՛ւլ մռնչյուն, առյուծապա՛շտ մեր տիրակալ, գառնուկների՛ս դու աստված․ որպես քո հավատարիմ շուն, հաֆ-հաֆ-հաֆ, ավել ոչինչ չեմ ուզում, սենց էլ մնա՝ լավ ա։ Մենակ խնդրում եմ, ցեմենտի գինը թող միշտ բարձր լինի, ինձ էլ մի հատ Նիվա, հաֆ-հաֆ-հաֆ․․․»։ Էդ պահին վերևից մեկը՝ սպիտակ «պռոստին»-ը վրան գցած, խորդրդավոր մոտենում է չոքածներին․ «Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ․․․»։ Ես արագ թեքվում եմ, որ հեռանամ, քանի չի խոնարհվել իմ առաջ, մեկ էլ կրկին էն բամբ ձայնը․
– Փալասը․․․ Չմոռանա՛ս, ոտքերդ սրբի, էստեղի կեղտը դուրս մի տար։
Գժանո՞ց էր։ Խենթանո՞ց էր։ Կարո՞ղ է՝ միրԱԺ էր՝ աչքիս թվաց, կամ հոտած մսի պասԱԺ։ Էդ պահին գնդակն ուղիղ հայտնվեց դիմացս, ուզեցի արագ ընդունել այն ու գրավել դարպասը, մեկ էլ լսվում է մրցավարի սուլիչը․ «խաղից դուրս» էի։ Ուզում էի այն երեքի մոտ գնալ ու ասել՝ տղե՛րք, ձեր երազանքներն ու ցանկությունները երբեք էլ չեն կատարվելու, դուք արդեն շուտվանից «խաղից դուրս» եք»։ Մեկ էլ հիշեցի՝ փալաս-մալաս, սիրել-խոնարհվել, ու էլ հավես չարի վերադառնալ։ Բայց ո՞վ էր «պաս» տվողը, ընդհանրապես էս «պաս»-ը Տեր ունե՞ր, թե Անտեր «պաս» էր։ Էսպես տվայտվելով լքեցի «խաղից դուրս»-ը՝ դիմացս հայտնվեց Գայանեն՝ կինս։
– Ա՛յ տղա, էս ո՞ւր էիր։
– Տո ես շատ գիտեմ, սև Գրողուցավ-ում էի։
– Գրողուցավ-ում ի՞նչ էիր անում։
– «Խաղից դուրս» էի, բան էլ չհասցրի անել։
– Էդ «խաղից դուրս»-ը ո՞րն էր վերջը, է։
– Էդ էն ա, որ խաղընկերոջ փոխանցման պահին հարձակվողի դիմաց նվազագույնը պետք է 2 խաղացող լինի։ Պա՞րզ ա։
– Չէ՛։ Իսկ դուք ո՞ր գույնն եք։
– Կարմիրները։
-Տռուսիկնե՞րը։
Մի պահ չհասկացա հարցը։ Բայց հետո երբ հասկացա, որ Գայանեն շորտերի գույնի հետ էր, ու էդ պահին հստակ գիտակցեցի, որ վերջին 2 րոպեները, թերևս, կյանքիս անցկացրած ամենաանբովանդակալից րոպեներն էին, դա հարված էր գոտկից ներքև։ «Խաղից դուրս» և «գոտկից ներքև»․․․ Ինչ ծանոթ է այս ամենը․․․ Ո՞վ էր սա հորինել․․․ Ինչպե՞ս դրա մեջ ես հայտնվեցի։ Ժպտացի Գայանեին, համբուրեցի ու շտապեցի Գրողուցավ, ուր թիմս անզիջում պայքար էր մղում և պետք էր անպայման «քյոմակ» կանգնել։ Դրա համար, մեր թիմի «տուռբին»-ի՝ Գևորգյան Մարինայի հիմնը փորձեցի ավարտել ու երգել շատ բարձր ձայնով, այնքան բարձր, որ աշխարհի ամենախուլ կետում էլ լսվի։

Պիտ խփենք գնդակը
ինչքան ուժ ունենք,
որ ջարդենք թագն ու
Կորոնին վառենք․․․
մեր խաղաղ խաղը
անկորոն վարենք․․․
Ու լսվեց ձայնը մեր հարվածի
Որին ոչ մի վարակ չի դիմակայի
Գլուխդ բարձր, մա՛րդ, դու մի ամաչի
Թագավարակը, ոչ մեկի տանձին չի։ (էս տողը մենակ Մեսրոպն ա ասում)

Պիտ երգենք մեր երգը
քանի ուժ ունենք
Պիտ պարենք պարը
որքան որ ուզենք․․․
Ոտատակներիս տակ
ըսոր կոխկրտենք․․․

Եվ լսվեց ձայնը մեր երաժշտության
Ու երգվեց երգը խինդ-ուրախության
Գլուխդ բարձր, մա՛րդ, դու մի ամաչի
Թագավարակը, ոչ մեկի տանձին չի։ (էս տողը մենակ Մեսրոպն ա ասում)

Please follow and like us: