Արփի Ոսկանյան

fbt

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ45/ Չարտոնված խաղողի թուփ ֆուտբոլի դաշտում/ Անահիտ Հայրապետյան

Ես էլ եկա։ Խոր ձորերի քարափից, ձեռքս դրած ճակատիս՝ եկա։ Եկա՝ բռնեմ ձեր բոլոր պաս չտված գնդակները, դարպասին խփված-չխփված գոլերը, եկա շատ հեռվից, դանդաղ կարդալով եկա, չորս երեխեքիս դասերը հատ-հատ անելով, էս մեկի դասատուի հետ խոսա, էն մեկի սկայպ զանգը նախապատրաստի, էս մեկին կերակրի, էն մեկին քնացրու, մարդս էլ առավոտից երեկո վերջին սենյակում՝ զանգը՝ զանգի հետեւից, անգլերենից՝ գերմաներեն, գերմաներենից՝ անգլերեն։

Էս ձմեռ, մինչեւ մորս վերջնական տեղափոխվելը, ինձ համար հերթական թփերի շշերը ճամպրուկիս մեջ դրեց, մեկ էլ մեղավոր ձայնով ասաց՝ Անահիտ, բալես, մի շիշը շատ մանր թփեր են, բայց մոռացել եմ վրան նշում անեմ, աչքիս քո ճամպրուկի մեջ դրեցի։ Դե ես մինչ էդ մի քանի անգամ կարմիր քարտ էի ցույց տվել, որ ինձ համար մանր թփեր էլ չդնի, էդքան երեխեքի հետ մնում ա մատնաչափ տոլմաներ փաթաթելը։ Էն որ ինքը փաթաթում ու զմայլվում էր՝ բա տես, ի՜նչ մանր են, ի՜նչ բարակ են, սենց բռնես, մածնի մեջ թաթախես, ուտես։ Ես էլ միշտ գլուխս էի տմբտմբացնում, որ, հա, ճի՜շտ ա, մինչեւ էն պահը, երբ ինքս պիտի էդ մատնաչափերին փաթաթեի։ Խստիվ արգելեցի ինձ համար մանրաչափ թփեր ղրկելը, միայն մեծ ու միջին, էն որ կես ժամում, շըփ-թըփ փաթաթեմ, վերջացնեմ։ Հիմա՝ էս նեղ մաջալին, որ լիքը կիսատ գործեր ինձ են սպասում, դանակով կտրում եմ պլաստիկ կոկա-կոլայի շշի փորը ու ի՜նչ, իմ աղավնյակ, մեջը լիքը մանր թփեր։ Երեխեքը գնացին-եկան, ծիծաղեցին փոքր տոլմաների վրա։ Գիշերվա հազարը դարձավ, ես դեռ տոմլա եմ փաթաթում։ Մի խոսքով, փաթաթեցի, վերջացրի։ էս պատմության մեջ լավն էն ա, որ հաստատ գիտեմ, էլ մանր թուփ տանը չունեմ, թե չէ ամեն անգամ սրտի թրթիռով էի բացում շիշը՝ բա որ հանկարծ էն մանրը լինի։ Հիմա էլ չգիտեմ՝ որ թուփը վերջանա, ով ա ինձ թուփ տալու, որ հետս բերեմ իմ չոլերը։ Չոլերն էլ էս դալար, սիրուն, ուժեղ քաղաքն ա, էլի, որին դեռ Կառլ Մեծն անվանեց Ֆրանկերի ծանծաղ, մարգագետնանման տարածք։ Էդ էլ պատմեմ, իմանաք, էլի։

Էս Կարլը հա փորձում ա սաքսոններին կրոնափոխ անել, հեթանոսներին դարձնել քրիստոնյա, հա չի ստացվում։ Հերթական անգամ հարձակվում ա, տապալում հարձակումը, էն ա հա գերի էր ընկնում, մեկ էլ մեգումշուշ ա կապում։ Մեծն Կարլն էլ տեսնում ա, որ գետի վրայով եղջերուներ են (պիտի որ եղջերու լինեին) քայլում, հասկանում ա, որ ծանծաղուտ ա, փրկված զորքի հետ անցնում ա, թաքնվում։ Հետո արդեն հիմնում ա Ֆրանկերի Ֆուրտը, դե էս քաղաքը։ Մինչեւ հիմա էլ Մայնի մյուս ափը կոչվում է Զաքսենհաուզեն, զաքսեններ-սաքսոնների տներն են։ Տունն էլ, որտեղ նստած գրում եմ, հիմ քաղաքի պարսպի ճիշտ կողքն էր։ Հիմա էդ պարիսպն էլ չկա, այգի է անցնում դրա տեղով, իսկ պարսպից դուրս հին հրեական թաղն էր՝ իր երեք փողոցներով։ Եվրոպայում առաջին գետտոն։ Երեւում ա, չէ՞, որ ինտեգրացիոն կուրսն անցել եմ։ Էդ թաղը երկու մուտք ուներ, որը կապում էր քաղաքին, երեք փողոց, մի պարի դպրոց, մի բաղնիք, մի սենագոգ։ Հիմա էլ, հենց շենքից դուրս եմ գալիս, հատակին դրոշմված են զոհերի անունները։

Էս ուր գնացի հասա, հետ գամ մեր ֆուտբոլին։ Ճիշտն ասած, արդեն խառնել եմ խաղացողների քանակը, գոլերի քանակը, հարձակումների քանակը, քարտերի քանակը, անկյունային եղել ա, չի եղել, չեմ հիշում։ Դե ոնց հիշեմ, եթե խաղի ամբողջ քառասունհինգ րոպեների ընթացքում միայն կչկչում եմ, հիմնականում կչկչում եմ։ Հանդիսատեսի նստարանին, սոցիալական հեռավորություն պահելով, տեղում ուրախությունից ծափ եմ տալիս, գոլերով ուրախանում կամ տխրում, գոռում, սուլում, դե սովորական հանդիսատես, էլի։

Բայց դե ինձնից ի՞նչ սովորական հանդիսատես։ Էն շուտ ոգեւորվող տեսակից եմ, որ մտածում ա՝ այ որ ես մարզադաշտում լինեի, արագ կվազեի, սաղին կչլեի, գոլ կխփեի, Սուրեն Բաղդասարյանն էլ կգոռար՝ գոոոոլ։ Վերջապես մեր կորոնաֆուտբոլն էլ կզարգանար, կդառնայինք դեմք ֆուտբոլ խաղացող։ Էս ֆուտբոլից ինչքան բան կա գրելու, խառն ա սաղ։ Բայց ստեղ բռնվեցի, քանի որ Սուրենի վախտերից հետո ֆուտբոլ չեմ նայում, դե ժամանակ չունեմ։ Երբ երեխա էի, չէի հասկանում, թե մամաս ինչն ա նայում էս խաղի։ Մի օր մեզ բացատրեց անկյունայինի ու մնացածի տարբերությունը, ու մերս ու մենք՝ քույրերով, սկսեցինք մոլի ֆուտբոլ երկրպագել։ Նենց բարձր էինք «գոլ» գոռում, որ մեր հանրակացարանի բոլոր հարեւանները իմանում էին՝ ֆուտբոլ ենք նայում։

Մի անգամ էլ հորս հորեղբոր տղան եկավ մեզ հյուր (հորս հորեղբայրը հաճախ կաթ էր ուղարկում մեզ համար), եկավ էն ժամանակ, երբ մենք ֆուտբոլ էինք նայում, նստեց, զարմացած վրներս նայեց, ստիպված ինքն էլ սկսեց մեզ հետ բալետ անել, մինչեւ խաղը վերջանա։ «Ա՜յ քեզ բան, առաջին անգամ եմ տեսնում՝ աղջիկը ֆուտբոլ նայի»։

Ասեմ, որ հերս լուրջ ֆուտբոլ խաղացող էր, ինքն էլ՝ հարձակվող։ Խծաբերդի հավաքականում ա խաղացել, հետո՝  Հադրութի դպրոցի հավաքականում, հետո՝ «Չափիչ» գործարանի հավաքականում, ֆուտբոլիստի կոշիկներն էլ շատ ուշ դեն նետեցինք։ Հերս ասում ա (սա գրելու համար մի փոքր էլ հարցակոխ եմ արել), որ Աբովյանի «Գարուն» հանրախանութից ա առել, քսանհինգ ռուբլով, որ լավ խաղա։ Ասում ա, որ մինչեւ «Չափիչի» հավաքականում խաղալը նորմալ ֆուտբոլի կոշիկ չի ունեցել։ Բայց որ առած եկել ա, մաման համապատասխան վերաբերմունք ա ցուցաբերել պապայի նախասիրությանն ու կոշիկներին։ Դե, չորս երեխա, երեկոյան ուսում, գործարանի աշխատանք։ Մի խոսքով՝ դասական, սովետական պատմություն։

Մնացածը՝ հաջորդիվ։ Հիմա մենակ եկա ասեմ, որ եկել եմ, ու ինչպես անեկդոտում ա ասվում՝ եկա ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք, լցվել եմ, չաղ կնիկ եմ, վազելուց շունչս ա կտրվում, ոտքերս են ցավում։ Թույլ տվեք զգուշացնել, տիկնայք ու պարոնայք, հիմա արդեն ֆոտոլրագրող կա խաղադաշտում։ Ամեն ինչ ֆիքսելու եմ։ Վերջում ցուցահանդեսից-բանից կանենք։ Կամերայիս փոշիները մաքրել եմ, օպտիկաս դասավորել եմ։ Հա, տոլման էլ փաթաթած ա, եթե ախորժակ ունեք։ Չէ, հյուր ընդունել չեմ կարող։

Please follow and like us: