Ռուսական մի լավ ասացվածք կա՝ «на войне, так на войне», որի իմաստային հայերեն համարժեքը «տո դե արի ասե՛մ, արա՜»-ն է։ Էսօր էդ օրն էր։ Հայաստանը կորոնծայի (կառոնձյան էլ վրադիր) ոչ հավեսն ուներ, ոչ էլ տրամադրությունը, պատրաստվում էին կարանծյայի կամաց-կամաց թուլացման հետ սովորել ապրել էդ վհուկի հետ (առանց կենակցելու, թե չէ ստիպված կլինենք նոր ֆիլմ նկարահանել՝ «Իտալական սցենարի անհավանական արկածները Հայաստանում»): Դա նշանակում էր, որ հնարավոր է այստեղ ավելի թեժ ու ահասարսուռ բաներ տեղի ունենան, քան Վուհանում, համաճարակի բռնկման սկզբում։ Եվ կանխազգացումս արդարացավ…
Եվ այսպես, լուսավորյալները մեզ լուսավորեցին, որ արդեն երկու տարի, ինչ մեզ մոտ տերուտիրականը թավիշն է, այդ թավշի վրա ոչ միայն փոշի է հավաքվել, այլև ոսկի, և այդ ոսկին բաժանել է պետք անլույս մնացած և այդ պատճառով էլ արդեն ոչ այնքան հպարտ, բայց դեռևս երջանիկ քաղաքացիներին։ Կուտակված ոսկու պաշարի մասին ձենձնելն իհարկե դուր չեկավ թավշատիրոջն ու որոշեց պատժել սրանց։ Բայց ինչպես հայտնի է, թավշյաներին «պալոժ չի» շուն ունենալը, որ քսի տան (դա նախկիններին էր վայել, էլ «Դոգ», էլ Բուլդոգ… Անգամ ԷՇ ունեին, բայց մեր քայլականներն այս ոլորտում էլ առաջընթաց ունեն, ոչ թե քայլ են արել, այլ մի ամբողջ լոք. նրանք եղջերու են ձեռք բերել), ուստի քսի տվեցին ձեռքի տակ եղած այդ կենսատեսակին (բուն գրաբարով՝ алень), որը սկսեց ԱԺ միկրոֆոնի մոտ հայհոյանք հիշեցնող մնչոցներ հանել։ Ախր ասա դու հրապարակ ունես, ո՞ւր ես, քո հրապարակը թողած, եկել կանգնել էդ… Էստեղ, ինչպես ասում են, «գնաց կաշը»… «Հընե՜նց կաշ» գնաց, որ Նիկոլը հաստատ փոշմանել էր, որ էն 4300 խեղճուկրակների տեղակ ԱԺ-ն չեն հոսանքազրկել։ Բայց դա դեռ սկիզբն էր. հետո 700 ընտանիքի գազն անջատելու համար էլ փոշմանեց, որովհետև ԱԺ-ում լուսավորյալներն արդեն «պոլնի գազ» էին տվել ու ոտները գազից հանելու միտք չունեին։ Այստեղ թավշապարտեզի համբերությունը սպառվեց, քանի որ պարզ դարձավ, որ փողի գոյությունը հերքելու հետագա բոլոր քայլերն այլևս անխուսափելիորեն հանգեցնելու էին անիմաստ կռուտիտների (բառը բնօրինակով չեմ գրում, քանի որ մենք այս բառը բուն լեզվից հայավարի ենք փոխառել, ու ռուսները հաստատ չեն հասկանում, թե ինչ է դա նշանակում ճիշտ այնպես, ինչպես խադավիկը կամ ռազվալչիկը և կամ դուխովը, որի բացատրությունը լսելուց հետո ռուս համակուրսեցիներս երկար ծիծաղում էին)։ Էս ամեն ինչը ներքևներում լուրջ անդրադարձ չունենալ չէր կարող, և ցավոք ունեցավ… Ախր մեր թավշապարտեզի սաները համառորեն չեն ուզում հասկանալ, որ իշխանությունը level-ներով խաղ չի, որ չստացվի՝ նորից փորձեն, որ ձեռքներն առած ցանկացած զենք՝ հենց իրենց դեմ կարող է գործածվել (Աստված չանի, բայց պիտի իմանան, որ նման սուր, կտրող, ծակող բաները մի օր ձեռքներին է, մի օր էլ՝… Սերժի ձեռքից իրենք են վերցրել, գիտեն` ուր են մտցնում…), ներառյալ արտակարգ դրության ժամանակ պարետատունտունիկ խաղացողների «պապայի» բանավոր ցուցումով մարդուն բերման ենթարկելը։ Չեն գիտակցում, որ իրենք իրը չեն, որը ստվեր է գցում, այդ իրը երևույթն է, իսկ իրենք ստվերի այն մասն են, որը լույսի աղբյուրին ամենամոտն է, և որքան լույսից հեռանում ես, այնքան ստվերն ահագնանում է, մեծանում, սևանում և սուգ ու շիվան դառնում… Վկա Գավառի դեպքերը։ Բայց այս ամենի մեջ իրենք այնքան էլ մեղավոր չեն, հիշում ե՞ք Վիսոցկու երգը՝ «Жираф большой…»։ Հընե՜նց թութակի միս կուտեի…
Հա, ինչու այսքան շեղվեցի՞։ Նկարագրում էի, թե ինչ խուճապ ու խառնաշփոթ է տիրում հակառակորդի կիսադաշտում։ Էն էլ էս հալը հալին էլ Մեսրոպս ինքնամեկուսացավ, թե՝ թող Գրիգորն իմ տեղը խաղա, համ էլ զամեն ունենք։ Ասինք լավ, հլա թող մտնի՝ տեսնենք։ Բայց Մեր զամենն եկել-կանգնել է դաշտի եզրին ու մի հայիլ-մայիլ է լինո՜ւմ, մի ինքնազմայլվում է՜, իր գերկարևորագույն գերբեռնվածության լայնքն ու երկայնքն է ինքնաներկայացնում։ Մեկ քայլ է անում դեպի դաշտը, մեկ զադնի դնում էն հայտնի ռուսական երգի հերոսուհու նման՝ «ой не надо, я сама…»: Հետո էլ սկսեց ծլնգոց-մլնգոց ման գալ… Հիմի ի՞նչ անենք, որ պապերիդ մեջ Տեր Գաբրիել անունով ուսյալ հոգևորական է եղել, եղբա՛յր, ամեն տեղ ծլնգոց ու զանգակատո՞ւն ես ման գալու… Մնացածներս էլ կարող ենք Անտեր-ով գրվել, մենակ թե ժամանակ մի ձգի, մտել ես՝ խաղա։ Սա ֆուտբոլ է, ֆուտբոլ. կամ դու ես տշում, քամ քո ոտքին են տշում։ Էստեղ քո իմացած տեքստի միջի թվացյալ կյանքը չի, կյանքը տեքստի մեջ հենց այնպես չի հայտնվում, տեքստը թե կյանքից մի կենդանի բան վերցրեց, թե կարողացավ կենդանի մի բան իր մեջ փոխադրել, ապրում է, թե չէ՝ դառնում է նիշերի շարան, ո՛չ բառերի, ո՛չ տողերի, քանզի մեկ բառն ու մեկ տողն էլ կարող են նիշաշարին կենդանություն հաղորդել, այլ հենց նիշերի, որոնք իմաստային առումով գուցե շատ էլ զիլ թվան, բայց կենսական ոչ մի բեռ չկրեն, անկյանք լինեն։ Էնպես որ, այ Գևորգ ջան, մտի՝ մարդավարի խաղանք, պաս տանք, պաս առնենք։ Սրանց էս խառը վիճակում գոլ խփելու իսկը ժամանակն է, իսկ մենք, ամբողջ թիմով կանգնած, նայում ենք, թե ոնց ես տռտոզտում (ծլը՜նգ), ու ոչ էն է՝ դաշտ ես մտնում, ոչ էն է՝ տրիբունա ես հեռանում, կանգել ես եզրագծի մոտ ու գրպանի բիլիարդ ես խաղում։ Ա՛յ հոգուդ մատաղ, մեր պատմությունները որ նորմալ քոփիփեյստ արած լինեիր (առավել ևս՝ տառաչափն ու միջտողայինը դզած լինեիր), կիմանայիր, որ մեր թիմի կազմը շատ-շատ մարդաշատ է, ու թեև մեծ մասը չի երևում, բայց դեռ խաղի մեջ են Մեսրոպի կողմից խաղադաշտ մտցրած ուչեբկի մայորը, առյուծի ալկոգել խմած Մարինայի հարևան, տասնչորսհարկանի անեծքաքֆուրների հեղինակ Վարդիշաղ տատը, Գրիգորի թիմակից, ԷՇեմիկ հիվանդությամբ տառապող անբախտ Փանոսը, Սաթիկի` Արարատի գագաթից թքող դասախոսը… Բոլորը, բոլորն են խաղի մեջ, մինչև անգամ իմ թիֆլիսեցի տատը, որը կարողանում էր գրպանի բիլիարդի գնդակներով էլ ֆուտբոլ խաղալ, յուրահատուկ մեթոդ ուներ…
Համաձայն եմ, գուցե մի քիչ պինդ բշտեցի, ոնց որ լողալ իմացող, բայց ջրից վախեցողին հետևից զոռով բրթես, գցես ջուրը, որ վերջապես սառը ջրի հետ առաջին հպման վախը հաղթահարի։ Խաղադաշտ մտնելու էս դառը հրավերից հետո տեսնես Գևորգն ինչքա՞ն կատաղած կլինի… Ոչինչ, ես պոլիտկոռեկտության երդում չեմ տվել։ Բայց խաղից հետո բնության գրկում մի երկու բաժակ կգցենք, կանցնի, ոնց որ թե բնության հետ վատ չի, հասել է Ահնիձոր։ Դե էդքան զբաղվածության հետ որ ոտքի բութ մատին զոռ է տվել ու հասել է Լոռվա էդ գողտրիկ անկյունը, ուրեմն էդ թեմայով (Ահնիձորի ու զբաղվածության) մի բան էլ ես պատմեմ։
Որքան հիշում եմ՝ 2008-ին էր կամ 2009-ին, Երևանից գրողների մի մեծ խմբի հետ Ահնիձոր էինք գնում` Հրանտ Մաթևոսյանի հայրենի գյուղում Գրականության պուրակ հիմնելու։ Վանաձորից Լոռվա գրողներն էլ պիտի միանային։ Երբ արդեն Վանաձորից էլ պոկվեցինք ու մտանք ձորը, երջանկահիշատակ Սարուխանը թե՝ «Արա՜, մեր ХХХ-ին մոռացանք, կանգնենք, մինչև տաքսով գա հասնի մեզ» (եթե հիմա ողջ լինեին, երջանկահիշատակ Ռուբեն Հովսեփյանը, Ֆելիքս Մելոյանը, Հրաչյա Սարուխանը կամ էլ Լևոն Խեչոյանը այդ մարդու անունը կտայի, իսկ այսպես կոռեկտ չեմ համարում, քանի որ հենց նրանք էին ավտոբուսի ետնամասում տեղավորված)։ Էստեղ Ռուբեն Գեորգիչն ասաց. «Ոչինչ, ոչինչ, գնացինք, ճամփեքին ջուր շատ կա»… Լևոնը փռթկաց, իսկ Ռուբեն Գեորգիչը շարունակեց. «Այ Հրաչ ջան, ХХХ-ը երկու տարի գլուխս տարավ, թե՝ տես ի՜նչ հոդված եմ գրում քո գրականության մասին։ Վարջապես երբ հոդվածը լույս տեսավ, կարդացի ու չհասկացա, թե ես հիմա լա՞վ գրող եմ, թե՞ վատ։ Միակ բանը, որ էդ հոդվածից հասկացա, էն էր, որ ես դաշնակ եմ։ Է՜, բոլորն էլ գիտեն, որ դաշնակ եմ, բա արժե՞ր դրա համար երկու տարի սպասացնել ու էդքան ջուր ծեծել»։ Ահագին ծիծաղեցինք, բայց պատմությունն այդքանով չավարտվեց: ХХХ-ը տաքսով գլխապատառ եկավ մինչև Ահնիձոր (էդ էր պակաս, որ նման եզակի հնարավորությունը բաց թողներ…)։ Հասավ թե չէ, սկսեց պարապ ականջ ման գալ, որ արդարանա, թե այսինչի մասին նյութն էր խմբագրում, այնինչն էլ էր հոդված ուզում, չգիտեմ ինչի վերջնաժամկետն էր, էն ֆլանն ու ֆստանն էլ ականջին թթվել են… Իսկ Ահնիձորում ինչն է շատ՝ ճանճը, մարդկանց ձեռքերը զբաղված էին (դե ծառ էին տնկում), գլխով էին ճանճ քշում, իսկ ճանճն անըդհատ զահլա էր տանում՝ «ֆլանը, ֆստանը…»։
P.S
Քիչ մնաց մոռանամ. Մեսրոպի տարածած գրառման մեջ Գևորգը կարծիք էր հայտնել, թե մեր խաղացածն էլ է «կոռոնամյուրոն», բայց իմ ճշտող հարցերին չէր պատասխանել։ Հիմա արդեն մեր դաշտում հարցնեմ. Գևորգ ջան, վեպի մեծագույն տեսաբաններից մեկի՝ Մ. Բախտինի հետ հո խնդիր չունե՞ս։ Մասնավորապես «Ժամանակի և քրոնոտոպի ձևերը վեպում» աշխատության հետ։ Չեմ կարծում, թե ունենաս։ Հիմա միայն մի ուրիշ հարց տամ. համաձա՞յն ես, որ Բոկաչչոյի Դեկամերոնը` իբրև գաղափար և իբրև գեղարվեստական ստեղծագործություն, գրականության լեգենդ է։ Այս հարցերի պատասխաններից հետո կասեմ, թե ինչու մեր արածը «կոռոնամյուրոն» չէ։
P.P.S.
Արսեն Թորոսյան ջան, էն հոգուդ մատաղ, կյանքդ շատ չուտեմ, բայց ծխողների քիչ վարակվելու վերաբերյալ հիմի էլ ֆրանսիացիք են հետազոտություն արել ու հանգել ճիշտ նույն եզրակացությանը, ինչին հանգել էին չինացի ուսումնասիրողները (վարակվածների մեջ ծխողները կազմել են ընդամենը 1.4%)։ Մի ամիս առաջ այս թեման փորձեց սաստելով փակել, հիմա արդեն պաշտոնապես կորոնավիրուսի մամուլի քարտուղար համարվող ԱՀԿ-ն, որն ի դեպ համատեղության կարգով նաև Ապոկալիպսիսի մամուլի խոսնակն է, արդեն հայտարարել է, որ կորոնայից հետո լինելու է նաև ջրհեղեղ, երաշտ և սով, բայց դե ֆրանսաիցիները ոչ միայն տվյալների հետ էին աշխատել, ինչպես չինացիք, այլև ուսումնասիրություններ էին իրականացնել։ Այնպես որ, ինչպես սիրում է ասել հայտնի ցինիկ Նևզորովը. «Курим, ругаемся матом» (ծխում ենք, քֆուր ենք անում):