ծաղրանկար

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 41/Հաջողությունը ժպտում է ուժեղին/ Գրիգոր Գրիգորյան

Տարօրինակ խաղաղություն է իջել երկրագնդի վրա։ Վտանգավոր հակառակորդը չի հանդարտվում, տարբեր ուղղություններով խոցոտում է, բզկտում, հարձակվում, բայց համընդհանուր հանգստություն է տիրում էս կլոր գնդի վրա։ Սովորել ենք, ընտելացել ու հարմարվել իրավիճակին։ Նույն ու նույն լուրերն առաջ ցավով էինք տանում, ներսով անցկացնում, գիտակցության բջիջներին անհանգստացնում, տրամադրություն գցում, վախ ապրում, զգուշանում, իսկ հիմա կարդում ենք անտարբեր և սառը աչքերով, ճմրթած ականջի պոչով լսում ու էդ ընդունում «կակ բիլոյե»։ «Պրինցիպի» վատ չի, բայց լավ բան էլ չեմ տեսնում։ Ավելորդ հանգստությունը մարդկանց զգոնությունը թուլացրել է, որը մեր հակառակորդ-թշնամու օդն է, թթվածինը, գոյատևման ու իր ներկայությունը մարդկանց մեջ ավելի երկարաժամկետ ապահովելու միակ միջոցը, ինքը հենց սրանով է սնվում, սնվում և ուժեղանում։ Դե, կորոնաթի՛մ ջան, արի ու օրեցօր ահագնացող էս հակառակորդի հախից արի։
Էն խեղճուԿՐԱԿը դաշտի մի ծայրից մյուսն է վազում, խելակորույս վարում է անուշաբույր խոտածածկը, ամբողջ Գրողուցավը ոտատակ է տվել։ Մեկ տեսնում ես հակառակորդի տուգանայինում է, մեկ՝ մեր դարպասապահի դիրքում է, մեկ էլ՝ եզրային մրցավար-լուսաջրի մարդու հետ չանա-չանա է անում։ Իսկը մեր Նգոլո Կանտեն է՝ Գյումրիից(մենակ թե համացանցից ըսոր նկարը չտեսնի, էս համեմատության համար ես կորած եմ)։ Մախսուդյանն ամեն ինչ թողել, քթերի ու դրանց ճիշտ գործածության մասին ռեֆերատներ է գրում Եվրոպայի սրտում, փորձում է էդ տեսական գիտելիքները դաշտում կյանքի կոչել։ Սաթիկը ձեռը տանում և գլխից պոկում է էսքան տարի չասված մտքերն ու Զևսի պես շանթահարում է Կորոնին մեկ աջից, մեկ ձախից։ Մեսն ու Գիլանցը մի քիչ «ուշլի վ սեբյա», բայց իրենց անգնահետելի փորձի շնորհիվ սարսափ են տարածում հարձակման գծում։ Նոր համալրումներ ենք ունենում, հարևաններ են գալիս, «պադդեռժկա» են անում, թև ու թիկունք կանգնում, բայց մեկ է, էս մեր շնից ծնվածը, ավելի շուտ՝ չղջիկից, չի հանձնվում ու չի հանձնվում։ Եվ հենց էստեղ էր, որ մեր մրցավար-կազմակերպիչ-մարզիչ Արփին՝ Ոսկանյանը, հասկանալով պահի լրջությունը՝ մեզանից պահանջելով սրություն ու ագրեսիվություն՝ մտավ խաղադաշտ։
Էդ ակնթարթը պետք էր տեսնել․ Արփի՛ն, էս փուջ աշխարհի անարդարությունների վրա չարացած, վառվող աչքերով շտապում է դեպի իրեն չհասցեագրված փոխանցումը և սլացիկ ցատկով փորձում կասեցնել օդում ընթացող անկասելի գնդակը։ Այ էստեղ ուզում եմ ասել՝ ակնթարթ, չկանգնե՛ս, պարզապես դանդաղիր, դանդաղիր այնքան, որ բոլորս վայելենք Ոսկանյան Արփիի սլացիկ ցատկը, գնդակին հասնելու և առաջին հպումն անելու անչափ կարևոր իրադարձությունը։ Որքան կարևոր են մեր կյանքում այդ «առաջին հպում»-ները ու դիմացս տպվում են քառասուն տարիների ընթացքում բոլոր կարևոր «առաջին հպում»-ներս։ Ֆուտբոլի հետ առաջին անգամ հարաբերվեցի հեռավոր 1986-ին, երբ ընտանիքով հանգստանում էինք Պիցունդայում, և Վլադ պապաս, երբ բոլորս մուշ-մուշ քնում էինք, գիշերները հետևում էր Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Գիշերներից մեկում, ավելի շուտ արդեն արևածագին, ես արթնացա պապայի ջղային ու բորբոքված բառերից, որը հասցեագրված էր Բելգիա-Սովետական Միություն խաղի մրցավարին, ով ակնհայտ «զասուդիտ» էր արել Սովետի համար այդքան կարևոր խաղը, և մերոնք պարտվել էին 3-4 հաշվով։
Հետո եղավ 1988-ի իմ առաջին ֆուտբոլային հիասթափությունը, երբ Վան Բաստենը Եվրոպայի առաջնության եզրափակիչում Դասաևի դարպասը խփեց, թերևս, դարի լավագույն գոլը։ Բայց հիասթափություններն ավելի ամրապնդեցին իմ սերը դեպի ֆուտբոլը, ու այն ժամանակ, երբ բոլորը խաչբառեր էին լուծում, ես ֆուտբոլի փոքրիկ դարպաս էի պատրաստում ծառի փոքր ճյուղերից, սպիտակ մառլյայով ցանց սոսնձում դրա վրա ու տարբեր խաղային դրվագներ իրագործում սեղանին պատրաստված իմ ֆուտբոլային դաշտում։ Դարպասապահս մանկապարտեզից թռցրած, ականջը կռծած մի փոքրիկ Միկի Մաուս էր, իսկ գնդակս դպրոցական պիջակիս մոխրագույն կոճակն էր, որն իմ միջնամատի հարվածներից հաճախ հայտնվում էր Միկի Մաուս-Վան Գոգի դարպասում։ Տարօրինակ է, բայց հենց սրանք են իմ ֆուտբոլային «առաջին հպում»-ները, առանց որոնց հաջող շարունակություն դժվար թե լիներ։ Նույնպիսի զգացողություն ունեցա, երբ ամառային օրերից մի օր Իտալիայի այգում մոտեցա սրճարանի կողքին գտնվող գրապահարանին՝ գիրք գնելու հաստատ մտադրությամբ։ Եվ այդ դիպվածը հանդիսացավ իմ «առաջին հպում»-ը գրականություն աշխարհում, բայց սրա մասին չեմ պատմի, գուցե, հետագայում մեկ ուրիշը պատմի կամ այդպես էլ չի պատմի (դասականին ցիտելով)։
Սիրտս տեղը ընկավ, երբ Արփիի առաջին հպումը հաջող ստացվեց, էս հարցում միայն վարպետությունը քիչ է, մարդ պետք է փոքր-ինչ բախտավոր լինի։ Մի ֆուտբոլիստ ունեինք Կիրովականից, շատ անբախտ էր էդ տղեն, Փանոս էինք ասում։ Լավ ֆուտբոլիստ էր, տաղանդով, լավ տվյալներով, բայց էդպես էլ բախտը չժպտաց Փանոսին։ Տարօրինակ վնասվածքները, արտասովոր պատմություններն էդպես էլ չթողեցին նրան մեծ ֆուտբոլիստ դառնալ։ Մի քիչ էլ «շաշ» էր Փանոսը, ԷՇեմիկ հիվանդությամբ էր տառապում, ու էդ անբախտությունը իրենից էլ էր գալիս։ Ասում են, երևանյան տրամվայների երանելի ժամանակներում, Փանոսս իր 06-ով տրամվայի հետևից «դալնի-բլիժնի» է արել, իբր աջ քաշի՝ անցնեմ, բայց տրամվայի խեղճ վարորդն էդպես էլ չի հասկացել նրա մտադրությունը։ Ֆուտբոլից հետո էլ փորձանքն իր հետ էր, ինչ գործ բռնում էր՝ ձախողվում էր, և վերջապես որոշեց լքել երկիրը։ Հայտնվեց ԱՄՆ-ում, և օրինապաշտ ամերիկացի դառնալու համար քաղաքական հալածյալ ներկայացավ։ Այս հարցում չէր խաբում, ակտիվ ընդդիմադիր էր եղել, մասնակցել բոլոր հավաքներին, ցույցերին։ Բնականաբար հալածվել էր, ծեծ էր կերել, բա առանց դրա ոնց կլիներ։ Եվ քաղհալածյալ Փանոսի՝ ԱՄՆ քաղաքացի դառնալու վերջնական դրական որոշումը դատարանից ստանալու օրերին Փաշինյան Նիկոլը Գյումրիից սկսեց քայլել, ու ամերիկացի դատավորը, հոլիվուդյան ժպիտը դեմքին, Փանոսի գործն ուրախությամբ հետ տվեց նրան և անկեղծորեն շնորհավորելով՝ Հայաստանում իր կուսակիցների իշխանության գալու կապակցությամբ, նրան մեկ ամիս ժամանակ տվեց՝ ԱՄՆ-ն լքելու և Հայաստան վերադառնալու համար։
Հիմա մերն է, ինչքան էլ ճղվենք մեջտեղից՝ մի քիչ հաջողությունը հաստատ մեզ չէր խանգարի։ Չնայած, հաջողությունը ժպտում է ուժեղներին։ Ու այսպես իրարամերժ եզրույթներով խճճված շարունակում եմ վայելել ֆուտբոլը համաճարակի օրերին։ Ուր է, թե այն շուտ ավարտվի, որ հաճույքախեղդ չլինենք։

Please follow and like us: