Բա՜րև, ֆուտբոլակարդացյալ մարդիկ։ Իհարկե, իմ գնդակ վարելը մի քիչ երկար տևեց, բայց ես էլ բոլորի պես մարդ եմ,չէ, ինտերնետի զոհերից եմ էլի, կուզեմ ըսեմ։Բանն այն է,որ երբ ես այս տողերը մտքիս մեջ շարել էի ու սկսել էի բառերս դասավորել՝ դաշտի կենտրոնից պասը բռնելով առաջ գնալու հիմնավոր նպատակով, մեկ էլ պատահաբար իմանում եմ, որ էս տնաշենի «Յանդեքսը» խաղ է մտածել՝ոչ ավել-ոչ պակաս «kill the corona virus» անունով։ Ասում եմ՝ էս հո լրիվ կորոնահալածյալ, բռնի, ոչ թավշյա կորոնի ձեռով մեկուսացյալներիս սրտով են գնացել,զբաղմունք են մտածել։Մեկ էլ զարմանում եմ, թե մեր մամուլագետ, ալամ աշխարհի ԶԼՄ-ները պրպտած Գրիգորը ինչպե՞ս է այս սենսացիան բաց թողել։ Հարգելի քաղաքացի, չլինի՞՝ դիտմամբ ես էս կարգին լուրը թաքցրել, հը՞։ Մեկ էլ կողքից թիմակիցները, թե․
-Մարինա աղջիկ, էս եկել,կռի՞վ ես սերմանում մեր շարքերում։ Էս ի՜նչ դավադրության տեսություններ ես մեյդան գցում։
– Ըհը, ես սուս եմ, ըշտը բան էր, ըսի,- ասացի ու մտածեցի, չնայած՝ այս մարդը հո պարա՞պ չէ, համ էլ պարտավոր չէ ամեն անգամ Բի-Բի-Սի-ի «Հըբը չեք իմացե՞լ» հրատապ լրահոսից ծաղկաքաղ անի ու ամենքիս գրողուցավը այդպես փարատի։
Այսպիսով, Գրիգորի հաջորդ գրքի կազմի գույնի գուշակման փորձերս սպասման ռեժիմում թողնելով՝ կենտրոնացա խաղի վրա, սեղմեցի խաղի կոճակն ու բացվեց այլայլված, լպրծուն կորոնագնդերի մի տարածք, ուր գնդակները պտտվում են անկանոն,տակն էլ կարմիր հեղուկով ներարկիչներ են շարվեշարան, պետք է դրանցով կրակել գնդերին ու հիրուսի վերը անիծել (Ալեն տղուկն այստեղ կասի՝ մայրիկ, փոխատեղում արա տառերը)։ Ասում եմ՝տերդ մեռնի գիտություն, էս հո մեր գենետիկագետ, վիրուսահանճար, տնայնաշեն լաբորատորիաների դոցենտապնդիչ չելենջահայության համար իսկական անվճար պրակտիկա է։ Հեռախոսի էկրանը ալկոգելեցի ու ընկա մեյդան, ասի՝ դե հիմա տեսեք՝ ինչ եմ անում։ Բա Սաթիկ Հարությունյանի ասածը պիտի թագավորցընե՞մ, թե՞ չէ, ու մի էնպիսի «փոթորիկ եմ անում, կորոնը շշկռվում ա»․
․․․Ես չէի կտրվի էս խաղից ամենևին, մանավանդ որ վիրուսի մի քանի շտամ (Մախսուդյան ջան, ականջդ կանչի, ռեսպերատորը չեմ մոռացել դնեմ), տիկին Սաթիկի բարդ մաթեմատիկական բանաձևերը հիշելով, հասցրել էի ասեղահոսանքահարել ու «հողը դնել»,մեկ էլ զանգում է գազի կնիկը (ալամ աշխարհ ջրի մարդ ու լույսի մարդ է, մերը՝ գազի կնիկ), ափսոս անեկդոտ պատմելու ժամանակ չկա, էդ էլ թողնեմ սպասման ռեժիմում, և պապիս ասած՝ լավ բան էղներ, ըդպես շուտ չէինք իմանա։ Ըշտը ի՞նչ ըսե, որ լավ էղնի․ ուրեմն էս մեր պարետատունը վայթե պարապությունից պարեցնելու մուղամ է դրել ու դրա ներքո ակամաբար հանել է կոմունալների «ֆորս մաժորը», բայց ինչպես գազատեր ռուսը կասեր՝ խատելի կակ լուչշե, պոլուչիլոս կակ վսեգդա․․․Մուննաթի մի ահագին չափաբաժին ականջներիցս կախելով՝ գազի կնիկը ահաբեկչական ակտ իրականացրեց նաև լույսի մարդու անունից (էստեղ էլ նորից հայատառ ռուսերենով հիշատակեմ՝գդե լոգիկա,նիգդե,լոգիկա կակ էլեկտրիչեստվո կոնչիլոս,կինա նիբուդետ), ասել է թե՝«ֆորս մաժորի ֆորս մինոր իրավիճակ»։ Ասում եմ՝ հայ-հա՜յ, մենք էնտեղ թիմով կորոնաֆուտբոլ ենք խաղում, համավարակը հոսանքահարում ենք, սրանք զանգել,հոսանքազրկման բայաթի կկարդան։ Համբերությանս տեղաշարժի թերթիկը լրացրած՝ գրական հայերեն, տեղ-տեղ էլ գրաբար զայրույթով լսեցի՝ երեք անգամ հիշելով կյանքի իմաստություններից մեկը՝ սաղ լոտոյով ավտո կշահեն, մենք՝ նեռվի դեղ։ Ասում եմ՝ կարճ կապի, գնդակ եմ վարում, էս էլ թե՝ չես կարող, իրավունք չունես վառես, համ էլ մեզ սաղիս չիպավորելու են, էնպես որ չես կարող ոչինչ թաքցնել։ Ասում եմ՝չեմ վառում, վարում եմ, բայց տիկինն ամենայն հավանականությամբ քիչ մը ուշ կհասկընար, ուստի անջատեց, որ չբացահայտեմ էդ փաստը։ Էս լարված իրավիճակը մեջիցս գնդակով հանելու համար սկսեցի կորոնաֆուտբոլի դաշտի էս անկյունից էն անկյունը վազել, մինչև թիմը հավաքվի,որովհետև կարևոր հարց կար քննարկելու։ Վերջը թիմը հավաքվեց, պատմեցի, որ էս յանդեքսի խաղի մեջ ներարկիչներում ինչ-որ կարմիր նյութ է, քննարկենք, հասկանանք՝ ինչով են սպանում վիրուսին։ Կարող է պատահի՝ խաղաստեղծողներն են ուզում մի բան հուշել,մենք էլ թիմով բացահայտենք, փրկենք, էլի, իրավիճակը։ Ու հանկարծ մեր աղմկոտ քննարկումը կտրեց հարևանը, հեռվից հեռու Ամի ջանը, թե՝դուք չե՞ք հոգնում էդ գնդակից, դաշտը ցեխոտ, խոտը թաց էս անձրևներից, գնացեք տուն, էլի՜․․․
-Սպակոյստվիե,տոլկո սպակոյստվիե,հարևան ջան,-ասացի ես,-մի հատ իմանանք՝ ինչը ինչոց է, հետո կորոշենք։
-Եթե կարմիր է, ուրեմն Մեղրիի նռան գինի է։
-Եթե կարմիր է, հաստատ թղթի տպագրական ներկ է։
-Դե որ կարմիր է,արյուն է, էլի, հակամարմիններով արյուն։
-Էդ հաստատ ոստիկանների գրած ակտի գրիչի թանաքն է։
-Չէ, ես կարծում եմ՝էդ էն բանաձևերի գրելուց մնացած կարմիր կավիճի փոշին է։
-Էդ հաստատ մեր GPS-ները թարմացնելու կարմիր շանս է։
Հարևան ջանը նայեց,նայեց ու հիշեց, որ կարմիր վարդի թեյը սառել է, սերիալն էլ կես ընկել,պատուհանը փակեց։
Իսկ մենք դեռ ընդհանուր պասահայտարարի չէինք եկել էս հարցի շուրջ,երբ երկինքը նորից մռայլվեց,պարետատան թեժ գծից մարտադաշտի բարձրախոսներով հո չեն գոռում,հո չեն գոռում,«նոր որոշում՝այսպիսով, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը»:Մեր Ոսկանյանն այնպես ուրախացավ, որ երկու թերթիկ գրեց իր ամուսնու՝ Համբարձում Համբարձումյանի համար՝գործուղելով նրան քաղաքաից դուրս ինքնամեկուսացման մեջ վեպ գրելու։
«Էդ կարմիրը հաստատ մշակաբույսերի սերմեր են,որ պիտի վեպ գրելու ընդմիջումներին ցանի Համբարձումը»,-ասում եմ ես մտքիս մեջ ու ուրախանում, որ գուցե կյանքը սկսում է վերադառնալ նախկին վիճակին։ Ամեն դեպքում, ասում եմ՝մենք կորոնաֆուտբոլի թեստավորումն անցել,թիմով պատվաստված ենք, դեռ մեր պասավակցինան էլ անկառավարելի շրջանակներով տարածվում է՝սոցիալական հեռավորություն-բան հաշվի չառնելով․․․Այնպես որ, չի բացառվում,որ մեր էս կորոնաֆուտբոլը վերցնենք ու դնենք ԱԺ արտահերթ նիստի՝ որպես Հայաստանում կորոնավիրուսի տարածման հակազդման ծրագիրը,հըբը․․․
ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ40/Կորոնահակազդման ծրագիր / Մարինա Գևորգյան
Please follow and like us: