Ուրեմն, ինչ սկսվել է էս խաղը՝ արդեն ավելի քան մի ամիս, հա ուզում եմ ներխուժել ֆուտբոլի դաշտ ու համարժեք պատասխան տալ իմ հասցեին անընդհատ արվող զվարճալի մեկնաբանություններին՝ բնականաբար կարմիր կամ դեղին քարտի տեսքով։ Բայց էս կորոնաֆուտբոլիստները այնպիսի արագություն են բացել, որ մեկից մեկ է ոտի տակ ընկնելը։ Եվ ահա, նկատելով, որ խաղը դադարեցրել ու կուտակվել են իրար գլխի՝ ինչ-որ բան պարզելու, հասկացա, որ բախտս կարող է բացվել։ Սուլիչը բերանս դրած՝ մտնում եմ դաշտ ու մտածում՝ այ քեզ դարդ, ոչ գիտեմ՝ ում եմ քարտ ցույց տալու, ոչ էլ հիշում եմ՝ դեղին ու կրամիր քարտերից ո՞ր մեկն էր նշանակում նախազգուշացում, իսկ որը՝ վտարում խաղից։ Դե, արդեն հասկանում եք, որ սովորական, ոչ արտակարգ իրավիճակում ֆուտբոլն առհասարակ իմ տանձին չի (ինչպես ասել է կորոնաֆուտբոլի դասականը կորոնաֆուտբոլի՝ համընդհանուր հռչակագրով ընդունված օրհներգում)։ Անկեղծ լինեմ, մանկուց փորձում եմ հասկանալ ֆուտբոլասերների հաճույքի մեխանիզմը։ Պատկերացնում եմ, իհարկե, որ լավ էլ կայֆ կստանան ֆուտբոլ խաղացողները, բայց ինչ կայֆ հետեւելուց, թե ոնց են կայֆ ստանում ուրիշները՝ այ դա ինձ միշտ անհասկանալի է եղել։ Ես ոչ միայն ջանք չեմ խնայել դա հասկանալու համար, այլեւ անգամ ֆուտբոլի թեմայով մի հեքիաթ եմ գրել «Մարադոնան եւ Ռոնալդինյոն» վերնագրով։ Դա Ֆուտբոլստան անունով մի երկրի, նրա ֆուտբոլասեր իշխանությունների ու արքայադուստր Մարադոնայի մասին է, որին ծնողներն իրենց կուռքի անունն են տվել։ Մեծ հույսեր ունեի, որ կհաջողվի փող աշխատել ֆուտբոլասերների մոլուցքի վրա, էդ գործի մեջ ահագին ջանք էի ներդրել, գիտելիք ու հմտություն, սիրտ ու հոգի, անգամ՝ հորիցս ժառանգած, գրեթե թափ-թազա «Նիվան», բայց ֆուտբոլասերներին հարստահարել չհաջողվեց, ու ես ֆուտբոլն ապարդյուն սիրել փորձողների շարքերից տեղափոխվեցի ֆուտբոլից խորապես զզվողների շարքերը։
Եվ հիմա ֆուտբոլի հանդեպ էս վերաբերմունքով ինձ բաժին է հասել (ըստ երեւույթին՝ արդարացիորեն) դատավորի, թե մրցավարի դերը, որ ճիշտն ասած չգիտեմ էլ՝ նույն բանն է՞, թե՞ տարբեր մարդիկ են։ Ուղղակի հիշում եմ, որ խաղի ամենադրամատիկ պահերին միշտ մի մարդ սուլելով մտնում է դաշտ ու ինչ-որ մեկին անպայման քարտ ցույց տալիս՝ դեղին կամ կարմիր…. Այ էդ ոնց որ թե ես եմ։ Դեռ չգիտեմ ում կարելի է քարտ ցույց տալ եւ թե որ քարտն է նախընտրելի, մեկ էլ տեսնում եմ՝ Գրիգորը կոֆե-բրեյք է կազմակերպել ու սուրճ է խմում մամուլի հետ՝ հենց դաշտի կենտրոնում։ Ուրեմն, էս մարդը որոշել է բոլոր հնարավոր գույների կազմերով գրքեր տպել ու էդպես էլ վերնագրել՝ էս կամ էն գույնի կազմով գիրքը։ Ու քանի որ Կանաչ գույնի կազմով գիրքը կարդացել եմ, մտածում եմ՝ արի էս մարդուն կանաչ քարտ ցույց տամ՝ համ կգնահատի ակնարկը, համ էլ էդ դեղինի ու կարմիրի երկընտրանքից ազատված կլինեմ։ Գյուտիցս ոգեւորված՝ դիմակը քաշում եմ քիթուբերանիս ու վստահ քայլերով ճանապարհ ընկնում դեպի Գրիգորը, մեկ էլ դեմս կտրում է հայրենի ոստիկանությունը, թե՝ ձեր անձնագիրն ու տեղաշարժման թերթկը, խնդրեմ։
Էստեղ հիշում եմ իմ մարգարեական երազը, որ տեսել եմ արտակարգ դրության առաջին օրերին․ իբր իմ բոհեմական առօրյան եմ վայելում՝ շնորհանդեսի եմ ինչ-որ կամ ինչ-որ ցուցահանդեսի, մեկ էլ հիշում եմ, որ տեղաշարժման թերթիկ չունեմ, էդտեղ սիրտս սկսում է արագ խփել, քչփորում եմ պայուսակս, որ մի թուղթ գտնեմ ու մի գրիչ, արագ լրացնեմ էդ թերթիկը, չեմ գտնում թարսի պես ոչ թուղթ, ոչ գրիչ, սկսում եմ բոլոր ծանոթներիս ու ընկերներիս հարցուփորձ անել, ոչ մեկը գրիչ ու թուղթ չունի, բայց բոլորը թերթիկ ունեն ու ինձ ասում են՝ ո՞նց ես ռիսկ արել առանց թերթիկի դուրս գալ, ուրեմն՝ բոլորը հանգիստ իրենց գինին ու պանիրն են ըմբոշխնում, պաչվելով բարեւում իրար, երկար գրկախառնվում, բայց կարեւորը՝ թերթիկ ունեն։ Թե ինչպես ավարտվեց իմ երազը՝ չիմացա, որովհետեւ կեսից արթնացա սառը քրտինքը վրաս։ Ու հիմա, հենց էն պահին, երբ իմ մրցավարական բախտը բացվել է ու բացառիկ հնարավորություն եմ ստացել ֆուտբոլի դաշտում ինձ ցուցադրելու, իմ էդ սարսափ երազը իրականություն է դառնում ու շարունակվում ընդհատված տեղից։ Ես սկսում եմ էս ոստիկանների ականջներից արշտա, ավելուկ, սոխ-սխտոր ու չորանալու ենթակա այլ բաներ կախել, սրանք ինձ նրբորեն ձեռ են առնում, անթաքույց խնդմնդում վրաս ու քիթս մտնում։ Ես հետ քայլ եմ անում, նրանք առաջ են գալիս։ Աչքս ընկնում է կորոնաֆուտբոլիստների խմբին, տեսնում եմ՝ վեճը թեժացել է, Գիլանցը գոռում է «խաղից դուս վիճակ», Մեսրոպը՝ գոլ, աղջիկները փորձում են նրանց բաժանել, իսկ Գրիգորս բլից հարցազրնույցներ է տալիս միջազգային լրատվամիջոցներին։ Ո՞վ կմտածեր, որ իմ էս փայլուն բեմելը ոստիկանները սենց հարամելու են։ Արդեն պատրաստվում էի հարցնել՝ իսկ էն ֆուբտոլիստների տեղաշարժման թերթիկը ստուգել ե՞ք, ինչի՞ չեք գնում, ասում դրանց, որ իրար գլխի չհավաքվեն, էն մեկն առհասարակ բացեիբաց հայտարարում է, որ վիրուսն իր տանձին չի, դուք եկել, տեղաշարժման թերթիկ եք ուզում մի ամսում առաջին անգամ դուրս եկած, դիմակով ու ալկոգելով սպառազինված մարդուց, որ մարդ տեսնելիս քիչ է մնում փողոցը փոխի։ Բայց լավ է՝ միտս է գալիս տուգանքի չափը ու արցունքախառն ասում եմ, որ հիմա խաղը կվերսկսվի, ու կստացվի, որ իմ դուրս գալը անիմաստ էր, իզուր տեղը վտանգեցի իմ ու ո՞վ իմանա՝ գուցե նաեւ ձեր առողջությունը։ Այդ խոսքիս վրա ու դրան հետեւած բազմանշանակ լռության մեջ հազս գալիս է, բայց զսպում եմ, որ չափը չանցնեմ։ Ոստիկաններն էլ տեղի են տալիս՝ նախապես ստանալով խոստումս, որ ճանապարհին թերթիկը կլրացնեմ։ Շնորհակալ եմ, ոստիկաններ ջան, շնորհակալ եմ, Աստված ջան, ինչի՞, ինչի՞ է ախր միշտ օրենքը ոտի տակ ընկնում։ Մի օր էդ օրենքից մի խեր չտեսանք։ Չէ, ճիշտ չեմ ասում, մի անգամ․․․
Մի անգամ իր բախչում ընկած ու ոտքը ջարդած հարեւան տատիկի համար շտապօգնություն կանչեցի, ու ոստիկանը երկու ամիս շարունակ շաբաթը մի երկու անգամ գալիս էր մեր տուն, տեղավորվում պատշգամբում դրված մեր սեղանի մոտ ու սկսում ցուցմունք գրել, թե ոնց եղավ, որ լսեցինք տատիկի ձայնը, ո՞ր պատուհանի մոտ էինք, քանի՞ հոգով էինք տանը, ով էր քնած, ով արթուն եւ այլն, բայց ամեն անգամ ծուլանում էր էդ ամենը հերթականությամբ շարադրել, արագ անելու համար մի երկու դետալ փոխում էր իր երեւակայությամբ, ու երբ տանում էր ոստիկանություն, պարզվում էր, որ դեպքերն իրար չեն կպնում, սյուժեն կառուցելիս սխալներ է թույլ տվել, որովհետեւ, ասենք, ո՞նց կարող էի ես խանութ գնացած լինել, եթե քնած էի։ Ու ոստիկանն էլի վեր էր կենում, գալիս, տեղավորվում մեր պատշգամբի սեղանի մոտ, ժամերով նստում այդտեղ։ Գրչընկերոջս՝ Համբարձումի հետ, որ համատեղության կարգով նաեւ ամուսինս է, ոստիկանի տառապանքները տեսնելով, ասում էինք՝ տնաշենն էնքան ա տանջվում, ոնց որ գրող լինի։ Հարեւան տատիկի ոտքը վաղուց կպել էր, իր բախչեն կարգի էր բերում, իսկ ոստիկանը իր շարադրությունը չէր կարողանում ավարտել։ Մի օր առաջարկեցի, որ ես գրեմ, արտագրի, բայց չհամաձայնվեց, երեւի հիշեց դպրոցական փորձից, որ արտագրելն էլ մի ուրիշ տանջանք է։ Հիմա սրա խերը ո՞րն էր՝ կասեք։ Ո՞նց թե, բա խեր չէ՞ր, որ մեզ չդատեցին ու չնստացրեցին, կարող էր, չէ՞, էդպես էլ լինել։
Մինչեւ էս մտքերով տեղ հասա, խաղը վերսկսվել էր, ու ես ինձ լրիվ օրենքի պաշտպանի կարգավիճակում էի զգում՝ էն որ ստիպված է հաճախ հիմար օրենքներ պաշտպանել, որ ընդունում են հաճախ ոչ այնքան խելացի մարդիկ, եւ ինքն էլ հաճախ առանձնապես չի փայլում խելքով ու օրենքի հանդեպ մոտավորապես նույն վերաբերմունքն ունի, ինչ ես՝ ֆուտբոլի։ Դե, մի հարգելի պատճառ էլ երեւի ինքը կունենա։ Ի դեպ, տարիներ առաջ մի անգամ անունս համացանցում փնտրելիս մի տեղ ընկա, որտեղ մի ռուս ու մի ադրբեջանցի քննարկում էին «Մարադոնան եւ Ռոնալդինյոն»։ Ռուսն ասում էր՝ հայերը սենց-սենց հեքիաթ են գրել, վերջում Մարադոնան ու Ռոնայդինյոն ամուսնանում են, ադրբեջանցին էլ ասում էր՝ այ քեզ բան, չգիտեի, որ Հայաստանում արվամոլությունն էդքան տարածվել ա։
Սակայն վերադառնանք մեր կորոնաֆուտբոլիստներին։ Անկեղծ ասած՝ էնքան սիրուն են խաղում, որ ես սկսել եմ հասկանալ ուրիշի կայֆին հետեւելու հաճույքը։ Ֆուտբոլն ինձ համար այդպես էլ ձանձրալի մի բան կմնար, եթե պասերն ու գոլերը մի օր ինձ չներկայանային տեքստերի տեսքով։ Չգիտեմ՝ ինչու ենք մենք ազգովի երազում աշխարհի չեմպիոն դառնալ ֆուտբոլի գծով, երբ չեմպիոն եղել ենք, կանք ու կլինենք մեր գրականությամբ։ Կորոնաֆուտբոլիստ եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Գրիգորն, օրինակ, էդ բանը վաղուց է հասկացել, ֆուտբոլը թողել, զբաղվում է գրականությամբ։ Ես էլ վաղուց շատ չեմ հետեւում կորոնավիրուսի նորություններին, փոխարենը հետեւում եմ, թե քանի մարդ է հետեւում կորոնաֆուտբոլին, եւ պիտի ուրախալի լուր ասեմ, որ կորոնաֆուտբոլով վարակվածների թիվը դեռեւս գերազանցում է կորոնավիրուսով վարակվածների թվին։ Չեմ թաքցնի՝ սիրում եմ այս խաղը ու այն անիմաստ ոստիկանական գործողություններով չփչացնելու համար որոշում եմ աննկատ դուրս գալ դաշտից։
Բայց այստեղ պատմությունը չի վերջանում, որովհետեւ դաշտից դուրս գալիս ինձ նորից շուրջկալում է նույն ոստիկանների բրիգադը եւ էլի պահանջում թերթիկս։ Հռետորական հարցիս, թե ի վերջո որն է էդ թերթիկի իմաստը (ձայնս արդեն վստահ, բարձր ու պահանջատիրաբար էր հնչում, որովհետեւ հասցրել էի թերթիկը լրացնել), ստանում եմ այսպիսի պատասխան․ «Դա գաղտնիք է»։
Էհ, գաղտնիքնե՜ր, գաղտնիքնե՜ր․․․ Միգուցե այնուամենայնիվ մի հատ շվվացնե՞մ ու պրոֆիլակտիկ մի անկյունային նշանակեմ՝ հենց էնպես, իշխանությունս ցույց տալու համար։ Հը՞։