Մմմդաաա՜․․․ Դեռ Սովետից ժառանգած ուրախության էսպիսի պոռթկումով ժպիտը դեմքիս մտածում եմ, թե՝ ա՛յ բալամ, էս անտեր մնացած մամուլն ու լրատվությունն ինչ ահռելի ազդեցություն ունեն մարդկանց հոգեբանության, նրանց գործողությունների և առհասարակ ամեն ինչի վրա։ Կորոնաֆուտբոլի մասին մամուլի վերջին արձագանքը մեր թիմի խաղի տեմպը նկատելիորեն արագացրեց, խաղային խելահեղ դինամիկան մեկ աչք է շոյում, մեկ ոտատակերը խուտուտ տալիս։ Ամեն մեկս ընդունելով փոխանցումները՝ հակառակորդին «քուչի շան» պես «չլում», մի քանի անգամ «մեժդունոգ» անում, նոր փոխանցում ենք գնդակը գրչընկերոջ։ Իսկ թիմը՝ որպես միասնական կուռ օրգանիզմ, սկսեց մետր առ մետր նոր հորիզոններ գրավել, վանդակներից վերջապես ազատված վայրի գազանի պես ազատ շնչել, շնչել առանց հեշտեգների, ու ջունգլիների ընդարձակ տարածքները տեսնելով՝ խելակորույս արագություն բացեց։ Չէ՛, էնպես չի, որ առաջ ըտենց չէինք խաղում, խաղում էինք, պարզապես հիմիկվա խաղաոճն էլ չի պահանջում փնտրտուք, սպասում, ինքն իրեն հորդում է, թեթև ու անկաշկանդ, ամեն մեկի պասը ոսկերչական ճշտություն ու տատիկի կնճռոտ ձեռքերով սարքված ավանդական կերակուրի նման համ ու հոտ ունի։ Էդ հլը էն դեպքում, երբ արագության տակ միայն տեղական մամուլի գոհարներն էինք ծաղկաքաղ արել։ Չանտեսելով մեր արտասահմանյան գործընկերներին, ամեն դեպքում, ուզում եմ մի քանի հայտնի լրատվականներին անպայմանորեն անդրադառնալ։
Գերմանական ամենահայտնի «Hitlers Schnurrbart» նորաձևության ամսագիրը մեր թիմի խաղը համեմատել էր արգենտինական տանգոյի հետ, արգենտինական «Էռնեկyan տուր կամ Էռնեկyan յան տուր» էրոտիկ պարբերականը մեր տղաների խաղը համեմատել էր Ուգանդայի հոկեյի հավաքականի հետ, այսինքն՝ մի բան, որ հասարակ ուգանդացիք երբեք չեն ունեցել, բայց միշտ երազել են, Ուգանդայի «Այսօր մարդ չեմ կերել․․․դեռ» երգիծականը մեր խաղաոճը համեմատել էր շվեդական «ԱԲԲԱ» խմբի հետ՝ որակելով դրանք շատ համով ու ախորժալի, Շվեդիայի ամենահայտնի «Իմ տունը քո տունն է» ընտանեկան ավանդույթները մշտապես պաշտպանող շաբաթաթերթը Կորոնաֆուտբոլի մեր հավաքականին համեմատել էր Իսլանդիայի ֆուտբոլի հավաքականի հետ, որտեղ նույնպես խաղում և իրենց խաղից անասելի հաճույք էին ստանում տարբեր մասնագիտության տեր մարդիկ, իսլանդական «Բոյիդ մեռնեմ» քաղաքական օրաթերթը մեր թիմի խաղաոճը համեմատել էր էստոնական հանդարտության հետ, իսկ ահա էստոնական «Կրիաներ» միջազգային հեղինակություն վայելող թերթն ալարել էր անդրադառնալ Կորոնաֆուտբոլին, սակայն ի պատիվ մեր թիմի ցուցադրած անզուգական խաղի, պարզապես իրենց թերթի անվանումը փոխել և դարձրել էր «Վիկինգներ»։ Եվ միայն ալբանական «Խաչին մոտ» ամանորյա հանդեսն էր քննադատել մեր խաղը, և անհասկանալի ու շատ կասկածելի համարել մշտական դարպասապահ չունենալու մեր ընտրած մարտավարությունը։ «Մեկ ռեսպիրատորով աղջիկ է կանգնած դարպասներում, մեկ մի տղամարդ՝ գարեջուրի շիշը ձեռքին, մեկ մինը կառալյոկներով ժանգլյորություն է անում ու մտքում կազմած հիանալի նախադասություններով դարպասն անառիկ պահում, մեկ մյուսն օղորմածիկ բիձու չասված բառով վախեցնում է հակառակորդին, մեկ էլ տեսնում ես դարպասները լրիվ ազատ են՝ դափ-դատարկ, սակայն գնդակները չեն համարձակվում առանց օրդերի մոտենալ ցանցին․․․»։
Ախր էս ալբանացիք որտեղից իմանան, որ մենք փոքր ժամանակ «հայաթ»-ներում ֆուտբոլ խաղում էինք «վռո մեջ»-ով, ով մոտիկ էր դարպասին՝ նա էլ այդ պահին դառնում էր դարպասապահ։ Հիշում եմ, երբ վերևի թաղի հետ «թիմ» էինք խաղում, միշտ անհաշտ պայքար էր լինում ու էդ թաղին հաղթելը սկզբունքի հարց էր։ Դե, պարզ է, որ մեր թաղի ոչ բոլոր տղերքն էին խաղում։ Ես էի, Զիկոն՝ Արմանը, ու մնացածը՝ ով պատահի, բայց մենակ ոչ Դմբուզը։ Սա էնքան չաղ էր, որ փորի սալերով բռեգդանս էր պարում ու ֆուտբոլի համար պիտանի չէր։ Եվ հենց խաղի ամենակարևոր պահին, երբ մի գոլից էր կախված խաղի ելքը, գալիս էր Դմբուզիս պապան՝ Մարատ ձյան։ Դե, Մարատ ձյայի խոսքը հլը մեկը փորձեր չաներ․ «Էս տղուս խի չե՞ք խաղացնում։ Դավա՛յ, ա՛յ լակոտ, մտի՛ հլը»։ Մտցնում էր զոռով, ես էլ ստիպված Դմբուզին «վռո մեջ» էի դնում, որ Մարատ ձյային ցույց տայի, թե՝ Մարա՛տ ձյա, տե՛ս, «լակոտ»-ը խաղում է, բայց միաժամանակ մտածում էի, որ ինչ-որ օգուտ էլ տար էդ «լակոտ»-ն ու գոնե իր չաղությամբ դարպասը փակեր։
Էլի շեղվեցի, բայց Ալբանիայի մասին որ խոսացինք, էս մեր մախատավոր, ճակատին կացինը խրած չղջիկածին հակառակորդը միտս էկավ։ Սա արդեն հասկացել է, որ նեղն ենք գցել, էլ ճար չունի, աջից-ձախից բզկտում ենք, սկսել է դիմել նենգ ու «օրինակելի» քայլերի։ Բռնել է ու մեր ավագ հենակետային Մախսուդյան Արփիի ասած Վարդագույնին մի նամակ է գրել՝ օգնություն խնդրելու միամիտ ու անհեռանկար ակնկալիքով։ Վերջում էլ, որպեսզի իր խոսքն ավելի ամրապնդի՝ ավելացրել է․ «Հարգարժան Բարեբին Գ, ես էլ «հայր մերը» չգիտեմ՝ հորս արև, խնդրում եմ ինձ էլ անպայմանորեն հիշեք Ձեր խոսքում և աղոթներում»։ Հիմա խեղճ Բարեբին Գ-ն, հլը մի ճաշը չմարսած, ո՞նց մյուսի մասին մտածի։
Վարդագույն ասեցի, մի լավ անեկդոտ հիշեցի, որը հաստատ Մեսրոպը գիտի։ Ուրեմն՝ էս Բարեբին Գ-ենց թեմում կամ թիմում, կարևոր չի, մի խոսքով սրանց թայֆում լինում է մի եկեղեցական կամ հոգևորական կամ գողական, կարևոր չի, Ճկոյան է ազգանունը։ Էս Ճկոյանը հարուստի մեկն է լինում, դե, իհարկե արդար քրտինքով վաստակած, ու օրերից մի օր սրա «Բենթլին» գողանում են։ Ոտուձեռ է ընկնում, բոլորին խառնում է՝ ոչ մի օգուտ։ Հոգևոր հոր մոտ է գալիս՝ Բարեբին Գ-ի։ Բարեբինս լսում է ու ասում․ «Եթե գողացել են, ուրեմն մերոնք են, էլ ո՞վ ա գողությունից լավ։ Բոլորին հավաքում ես մի սենյակում ու քարոզ ես կարդում, պատվիրանները հերթով նշում ես, հենց հասնում ես «մի գողացիր»-ին՝ ուշադիր հերթով նայում ես բոլորի աչքերին, հենց էդ ժամանակ էլ կհասկանաս դրանցից որ մեկի ձեռի գործն ա»։ Ճկոյանս ճշտությամբ կատարում է Ծայրագույնի խորհուրդն ու բոլորին հավաքում է մի սենյակի մեջ։ Հետո Բարեբին Գ-ն Ճկոյանին զանգում է, որ իմանա՝ ինչ եղավ գողացված «Բենթլիի» հարցը։ «Բա չէս ասի, Հա՛յր սուրբ, քարոզը կարդացի, հասավ պատվիրանների պահը, սկսեցի հերթով թվարկել, հենց հասա «մի շնացիր»-ին՝ հիշեցի, որ Բենտլին սաունայի հենց ու հենց դիմացն եմ կանգնացրել․․․»։
Ասում են, Բարեբին Գ-ի ու Ճկոյանի հետ պատահածն իրական պատմություն է, սակայն թե՛ տեղական և թե՛ արտասահմանյան մամուլն այդ մասին ոչինչ չի ասում, քանի որ մամուլին հետաքրքրող միակ ու կարևոր լուրն այսօր Գրողուցավի մեր Կորոնաֆուտբոլն է և Մեսրոպի խփած գոլը կամ չգոլը․․․ Դեռ ոչինչ պարզ չի, դեռ ամբողջ վեպը առջևում է։