ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 32 / Կորոնաֆուտբոլային թեստավորում / Մարինա Գևորգյան

Ուրեմն, էս քանի օրը ոտս կախ էի գցել, հետևում էի մեր կորոնաֆուտբոլային ընթացքին, հիանում փոխանցումներով, մեկ էլ տատս կասեր՝ էս ո՞վ նավսեց, վայթե մեկն ասել է՝անֆուտբոլ մնաք, հալլահ՜ա․․․ ու նայեմ՝ էդ մի օրը պաս չկա։ Ես մտածել էի, թե պասից դուրս գալու զատկական օրերն են, հետևից էլ մեռելոց է, ուստի աշխատանքային չէ, բայց արի ու տես, որ այդպես չէ։ Իրավիճակը փրկեց Գրիգոր Գրիգորյանը, որին շադ շնորագալ եմ՝ մամուլի անդրադարձների մասով բզբզալու ու արդյունավետ իր նպատակին հասցնելու համար այն աստիճանի, որ մեր Գորղուցավի գերագույն գլխավոր Արփի Ոսկանյանը հաստատեց թե՝ Կորոնաֆուտբոլի տեմպը ֆանտաստիկ ա, մամուլից էլ ա առաջ ընկած։
Էդ պահին հայկական սերիալ էր եթերում, լրագրողը լրագրողին ասում է

-Արի էս լուրը արագ տպենք, թող բոմբի պես պայթեցնի համացանցը։
– Ախր բա որ չհավատան, ասեն ՝սուտ է։
-Մամուլ չե՞նք,- ասաց վստահ Մուրադի դեմքով,- ինչ ուզենք՝ կտպենք
․․․

Ասում եմ՝ իրոք որ մեր ֆուտբոլային պատմական փոխացումներն ավելի զորեղ են որոշ մամուլային «սենսացիոն բոմբ» լուրերից, ուստի արժե, արժե էլի, բռնեմ չափածո շատ հիմնավոր մի հիմն գրեմ դրա պատվին, ու առաջին մասը սկսել էր գրվել կանաչով սպիտակ դաշտի վրա, մոտավոր այսպես
Պիտ խփենք գնդակը
ինչքան ուժ ունենք,
որ ջարդենք թագն ու
Կորոնին վառենք
․․․
մեր խաղաղ խաղը
անկորոն վարենք
․․․
Մեկ էլ ԱԺ ամբիոնից մի հրատապ, խիստ այլայլված քամի, դուռ-լուսամուտ ջարդելով, եկավ, լցվեց տուն, թե՝ հլը, ստոպ, հարգելի հպարտ քաղաքացի, էդ երգիդ մեջ բռնության տարրեր կան։
-Տնաշենի (ես ըդպես ըսեմ, դու ըսպես հասկըցի՝տնաքանդի) տղա, էս էլ հո թուրքի մասին բռնապնդիչ երգ չէ, ոչ էլ էթնոս-մեթնոսի, ըսիգ Կորոն չեղածի ու էդ ֆոնին ֆուտբոլի մասին է, էս մեր մարդասիրական միջոցառումն էլ հեչ մե սոցաջակցության կետի չի համապատասխանում, այնպես որ շահ չի հետապնդում, էս զոռբեն թե

-Չէ որ չէ, բռնության տարրերը տարրալուծեք, ատելության խոսք չսփռեք
․․․
Ըստեղ էլ չդիմացա՝ հղում անելով հարևան Վարդիշաղ տատին, որ իր վաղամեռիկ ամուսնու ղեկավարությամբ դիսերտացիան «տասնչորսհարկանի անեծքաքֆուրները որպես ֆոլկլորի մասնիկ» թեմայով պաշտպանել էր վաղուց, ու խախանդ նստած անցող-դարձողի ոսկորները կլվար ժավելաբամբասանաց գերօքսիդի հարյուր տոկոսանոց լուծույթով (բրիտանացի գիտնականները հրապարակել են բաղադրատոմսը
«1 մաս ժավել + «ինչքան խելքդ կկտրե» բամբասանք հարաբերակցությամբ»՝ համեմված խեթ հայացքներով. հաճախականությունն` ըստ ճաշակի): Ասի
– Վարդիշաղ տատ, գիտես չէ՞՝ օրենք են հանել, որ ատելության խոսքը քրեորեն պատժելի է, ուստի էդ դիսերտացիայի մեջ մինչև էսօր ասածներդ քեզ փեշքեշ, լավ, մարդ ենք, հավանաբար 50 տոկոս խիստ անհարմար բառաֆոնդից կզեղչեն, մի 30 տոկոս էլ էն թեթև բառամթերքից, բայց էն մնացածի մասով դու պատասխանատու ես
։
-Վայ հանեմ ես դրանց օրենքը, զեղչեմ էն ես դրա գրողին,- չափածո սկսեց արտասանել տատը։
-Տատ, գրող բառի հետ զգույշ, գրողներին բան չըսես,- խնդրեցի ես։
-Տո գրողուցավ կպնեն էդ օրենքը հորինողները։
-Տատ, ուր էր, թե կպնեն, էդ միայն իրենց օգուտ է, դու չգիտես։
-Բալա ջան, օղորմածիկ բիձեն մե լավ բառմ ուներ, ըսե՞մ
․․․
-Չէ, չէ, տատ, պետք չէ, հասկանալի է,- ասացի ես՝հիշելով հայհոյող թութակի մասին Աշոտ Ղազարյանի անեկդոտը,էն որ վերջում թութակը վատ բառերի փոխարեն բազմանշանակ նայում ու կուլտուրական ասում է` «վոբշեմ՝հասկացար»։

Ու էս մտքերով հայացքս հառել էի ֆուտբոլի մեր դաշտին, որտեղ պաս էր բռնել Արփին, ու վախենալու բառեր էր ասում,թե զուգարանի թուղթ ու ռեցեպտորներով է զինվել։Այ մարդ,այ ցավդ տանեմ,այ քու գլխուն ղուրբան, ինչպես կասեր պարոն հայտնի պատգամավորը, գնում-գալիս եմ,ուզում եմ ընկալել էդ ռեցեպտորներն ինչ են ուզում ինձնից, որ գլխիցս չեն ելնում, բացել եմ կարդում եմ առավել վախենալու մի ձևակերպում՝«Ռեցեպտորները (ընկալիչները) մասնագիտացված զգայական գոյացություններն են, որոնք, ընկալելով արտաքին ու ներքին միջավայրերի ազդեցության որոշակի փոփոխությունները, էներգիայի տարբեր տեսակները փոխարկում են կենսաէլեկտրական ներուժի (պոտենցիալ)»: Ասում եմ ՝պահո, էս հո լրիվ փոխում է իրավիճակը,որ առանց այն էլ փոխվել էր։ Էս որ բոլորով միավորենք մեր կենսաէլեկտրական ներուժը, կորոնին կայծակ կխփի, ասեմ ավելին՝Արփիի ասած ձեր տշած մկան ծվծվոցը մեր կորոնաֆուտբոլային ռեցեպտորներին էլ չէ։ Բայց արի ու տես, որ Արփիի պասը բռնելու փորձիս պահին մեկ էլ ինչ տեսնեմ՝ռեցեպտոր չէ, այ ցավդ տանեմ, ռեսպերատոր է, բայց դե դրանից իրավիճակը չի փոխվում,որովհետև խաղադաշտ մտած մասնագիտական թվաբանությամբ ու սխեմաներով անկրկնելի Սաթիկ Հարությունյանը հաստատեց մտքինս, որ բա՝«հոսանքը խփում ա»։
Հլը էդ էլ մի կողմ,բա որ պարոն Վարչապետն ասաց՝«Ջարդել կորոնավիուսի ողնաշարը»,Վարդիշաղ տատը վեր թռավ նստած տեղից,թե` հլը ըսոր աշե,ընձի կվախցնե, իմ պապական բառապաշարս կբռնագանձե,կալանք կդնե,կարգելե,ինքը ողնաշար կջարդե։
Մտքիս եկավ պարոն պատգամավորի մուննաթը թե՝«էս իշխանություն է ընկել ձեռներդ,ինչ ուզում, անում եք հա՜,այ ձեր հոգուն մեռնեմ»։Ու մեկ էլ ամբիոնից մի պատգամավոր պլակատին նկարած մի բլուրով ապահովագրում է վիրուսի ռիսկը, վերջում էլ թե՝ հարգելի քաղաքացիներ,կկիսվեմ այս նկարով։ Ես պատկերացնում եմ սաստիկ սպանիչ «քոմենթները», հավես չունեի ,թե չէ կառաջարկեի՝ ֆլեշմոբ արեք, ակտուալ է, օրինակ, թե ով ավելի լավ կնկարի կորոնի կորը, վերջում հաղթողին կընտրի պարոն պարետը կորոնականխարգելիչ հատուկ ծրագրի «ժերեբյովկայով»,և ձեզ կնվիրեն օրինակ էս գիրքը՝«Թքած ունենալու նուրբ արվեստը» կամ էն մյուսը՝«Աղջիկ ջան,ուշքի արի», տատիս ասած՝աստված էլ բեթարեն ազատե, չնվիրեն «Թքել ենք բոլորս»-ը
․․․․ Ֆլեշմոբ ասացի, էլի միտս ընկավ ֆեյսբուքահայության վիրտուալ ոստան Չելենջստանի նախորդ չարչարանաց շաբաթըէլ սև-սպիտակ նկար, էլ զատկական սեղան, էլ «վեր ընկի տունդ» հեշթեգը, այ ձեր ցավը տանեմ, այ ձեր կողքուբոլորը խելըռիմ, ինչպես կասեր հայտնի պատգամավորը՝ «էս արդեն դեժավյու ա առաջացնում», ու էդ պահին մեկ այլ ելույթ սպանեց։ Առհասարակ, պիտի ազնիվ լինել ու խոստովանել, որ եթե կուզեք ֆուտբոլապասերի թրեյնինգ հումորի գծով, օնլայն անցեք, էստի համեցեք ԱԺ նիստերի լայվ եթերից լավը չկա։ Հլը աշե հըլը«416000 դրամ աշխատավարձով 14,5 մլն դոլարի գույք ունենալու համար 1408 տարի է պետք։ Այսինքն՝պիտի էդ պաշտոնյան ծնվեր մթ612թու էդ օրից լիներ պաշտոնյա»։Ասի՝սրանք Բռջոնի չէ, աչքիս մատառիստ Վլեի ֆանատներն են, էն որ չիդեր ընչի, չիդեր ում, բայց «նավսյակի»  խելացի բանըմ ըսելու համար փիլիսոփայեց՝«սայլուգ անտեր, սոդայնույու վոդըմ ղուլ-ղուլ-ղուլ ողողույ ձելըյ, վսե ցավերդ կանցնիտ»։
Ես էլ արդեն չգիտեմ ՝ինչու,հիշեցի Գրողուցավում մի ամերիկուհու ՝Քլոե Քունիի պատմության առաջին նախադասությունը
«Ուզում եմ լաց լինել»։ Այստեղ Ալեն տղուկս եկավ
-Մայրի՛կ, չտխրե՛ս, դու մտածում ես կորոնին մատ անելու մասին, բայց քեզ մի չգաղտնիք ասեմ
այնպես է, որ ինչպես շախմատում,հո պարտադիր չէ, որ մատ անես, խաղը համարվում է շահած, եթե, օրինակ, հակառակորդը սպառել է ժամանակը։
Ասում եմ՝ ուստամի մլադենցա գլագոլիտ իստինա, այ մարդ
․․․Նստենք սպասենք, հալբաթ իրոք էս կորոնազահարը ժամկետ ունի, ու ինքնըստինքյան, համապատասխանաբար չատուրանգայի (ոչ, սա Վարդիշաղ տատի չզեղչված բառաֆոնդից չէ, քավ լիցի, ոչ էլ ատելության խոսք է սփռում, հնդիկները էս խաղը էդպես են կոչել) կանոններով կինքնամեկուսանա, ալկոգելխեղդ էղած ՝մեզ կբաշխի մայիսի 50 տոկոսը չմեկուսացված վայելելու բերկրանքը։Թե չէ ինչքա՞ն պիտի էդ Չինաստանից արտագաղթած անհայտ արտադրանք կորոնը Մեսրոպ Հարությունյանի ասած ՝մեղրիերենով «գողըլ կենա»,ելնի «ծիկ» անի, տեղ-տեղ պարետի հրամանով գյուղ փակել տա, ձեռի հետ էլ ալամ աշխարհի օդերը, ստիպված պիտի Գևորգ Գիլանցի կորոնազերծված ինքնավստահությամբ համբերության բաժակներս մի-մի հատ լցնենք,մամուլի ուշադրությունը Գրիգորի ջանքերով ուղղենք դեպի Գրողուցավի գալակտիկան, փորձենք տիկին Սաթիկի հիշատակած լիցքերը, Արփիի մասնագիտական տերմիններով, ռեցեպտորների ու ռեսպերատորների ողջ զինանոցը հավաքած՝ պոտենցիալ կայծակ-բրիգադով պասանցումներով հողանցում անենք, հողակցում անենք(ես շատ բան չեմ հասկանում էդ բաներից),մի խոսքով՝ էն «Այո… այո… դնում են հողը… ընդմիշտ» անենք, հետո նոր մի տարբերակ կմտածենք, կուտակած համաճարակաբանական ողջ փորձը կդնենք իրար վրա, Գրողուցավի լաբորատորիայում թեստավորում կանենք ազգիս ընթերցող, որտեղ կորոնաֆուտբոլային վիպակը կարդացած լինելու թեստը համատարած դրական ցույց կտա, վասնզի ինչպես կասեր աշուղը՝մեր վիպակը ձեր աչքերին վնաս չէ․․․

Please follow and like us:

1 thought on “ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 32 / Կորոնաֆուտբոլային թեստավորում / Մարինա Գևորգյան

Comments are closed.