Էն օրը, որ ես մտա կորոնաֆուտբոլի դաշտ, արևոտ էր,անձրևը հլը չէր փչացրել տրամադրությունս, տան գործերն ավարտած լինելու հանգամանքը խիստ բարենպաստ պայման էր դաշտ մտնելու համար, ու գլուխս խաղաղ, հումորի մարզաշապիկս հագած՝ գնդակը մանր-մանր գլորում էի, գրական մկաններս տաքացնում, որ մտնեմ խաղի մեջ, մեկ էլ շախմատիստ տղուկս թե․
– Մամա, օնլայն մրցաշարիս մնաց 15 րոպե, էդ համակարգիչը հանձնիր ինձ, նստեմ պարապեմ, դու գնա, քո ավանդական թուղթուգրիչով գրիր․․․
Ես էլ ստիպված ձևաթուղթս լրացրի (Արփիի գրողուցավը տանելով մտքումս) գնացի սրճադադարի՝ ընկերուհուս հետ օնլայն՝պահպանելով բարեվարքության կանոններն ու բառընտրությունս զգույշ անելով, որովհետև, մարդ ես, կարող ա պատահի,տո ընչի՞ կարող ա,հենց էլ մեզ հե-տե-վում- են․․․ էստեղ տղաս թե․
– Ուռա՜, գոոո՜լ, կոմպի դարպասը գրավված է, մաման տրիբունայում է․․․
Շատ անցավ թե քիչ, տղաս իր շախմատակռիվը տվեց պրծավ, մեկ էլ կարդում եմ Արփիի հրապարակումը՝ Մեսրոպ Հարությունյան «Շախմատը թագաժահրից առաջ», Ալենը տեղից վեր թռավ․
– Վա՜յ, մամա,շախմատի մասին էլ եք գրու՞մ։
– Ըհը։
– Բա գրողները սևո՞վ են սիրում խաղալ, թ՞ե սպիտակով։
– Եսիմ,կհարցնեմ,-ու նույն րոպեին հարցիս պատասխանը ստացա թագաժահրային շախմատի մասին գրած վարպետ-խաղացող Մեսրոպ Հարությունյանից, թե՝ «նայած երբ,ոնց»․․․
Ես տղայիս, իհարկե, պատմեցի շախմատը դիպլոմատի մեջ դնելու պատմությունը՝ մտքում հիշելով «դու մենակ չես,մենակ չես,մենակ չես» երգը, ինքը շատ ուրախացավ, որովհետև ինքն էլ իր շախմատն է ամեն տեղ հետը տանում, երբեմն նույնիսկ առանց իմանալու, էդ էլ պատահում է, որովհետև մեր տան փոքրը նման խաղեր է խաղում, մինչև անգամ հեռուստացույցի վահանակն է եղբոր պայուսակում պահել, Ալենն էլ հետը տարել է դասի․․․ այստեղ մի պահ նույնիսկ ուրախացա, որ ԱԺ պատգամավոր չեմ ու էն օրենք ընդունելու քվեարկության կոճակն էլ գործի տեղն է մնում, շարժական չէ, թե չէ մեր տան փոքրը էդ էլ կդներ եղբոր պայուսակը, սա էլ կտաներ դպրոց ու էնտեղ էլ, սատանի ականջը խուլ, հակասահմանադրական դասամերժ ինչ օրենք ասես կընդունեին ընկերովի, հատկապես էս հեռավար քսանչորսժամյա դասերը միաձայն արտահերթ կմերժեին․․․
Մի խոսքով՝ տղաս ինքնագլուխ արտահերթ նիստում հաստատապես որոշեց,որ պիտի քարերը շարի, «կորոնան ընդդեմ աշխարհի» տուրնիր կազմակերպի, ու էդ պայքարում ինքնակոչ թագաժահրին իր իմացած շախմատային տարատեսակ հնարքներով լաբորատոր պայմաններում վարակազերծելով՝մատ անի։ Բերեց, խաղատախտակը ախտահանեց, մինչ ես ժավելաջրով մեր հարկի աստիճաններն էի մաքրում ու հիշում ժավելի սպիրտ ծախող մարդուն,որի գոռգոռոցը առավոտ կանուխ ներվի դեղ էր, ասում եմ՝«անկաջդ կանչե տնաշենի մարդ, էս օրերին քեզի ակամա ավելի շատ հիշեցինք, քան լույսի, գազի, զիբիլի ու ջրի մարդկանց՝ իրար հետ վերցրած, որովհետև մարդկանց բողոքի գնդակը կպավ վերջապես վերևների ականջի, սրտի ու խղճի դարպասներին համապատասխանաբար, ու էդ հարցն էլ ինքնըստինքյան ժամանակավոր ինքնամեկուսացավ, մինչև տեսնենք գլխներիս ինչ կգա»։
Վերջը, տղաս շարեց քարերը՝ տախտակի հնարավորության չափով պահպանելով դրանց սոցիալական հեռավորությունը, որովհետև ինչպես ասաց՝ ամեն քարը մի երկիր է, ու չնայած տեղաշարժի արգելքներին ու սահմանների փակ լինելուն, ամեն դեպքում էս խաղը սահման-բան չի ճանաչում, սկսեց խաղալ։ Պարոն Գիլանցի E2-E4 -ին հետևեց e7-e6՝ էս ձեզ ֆրանսիական պաշտպանություն սևերով, հետո գնաց էլ d4,էլ d5, ֆրանսիական պաշտպանությունը շարունակվում է, հետո որոշեց e4-e5 ու Ձf3-Ձc6՝ էս էլ քեզ, ախպեր ջան, իտալական պաշտպանություն, ամեն ուժեղ քայլին գոռում է ՝գոոո՜լ, հաղթում ենք, շոտլանդական գամբիտով, թագուհու գամբիտով, հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներով անջատեց կորոնացավի թոքերի արհեստական շնչառության սարքն ու անցավ հաղթական վերջնախաղի, մատ արեց․․․ Եվ ես իմ տրիբունայից, մոռացած է՛լ ցավը գրելու մուսա,է՛լ ժավելի սպիրտ,հետը ուրախանում եմ ՝ոչ միայն շախմատային գերտերության ներկայացուցչի հպարտությամբ,այլև հայկական ֆուտբոլի վերածնունդը տեսածի անհավանական ուրախությամբ, ճիշտ և ճիշտ պարոն Գիլանցի ասած՝ոչ թե խաղողուհու ու խաղացողուհու, այլ էս անգամ արդեն «կոֆե-բռեյկի» չգնացած խաղացողի վստահությամբ։
-Մամա,-ասում է Ալենը,- նկատեցի՞ր՝մի տեսակ «միքս» եղավ ֆուտբոլի ու շախմատի։
-Է հիմա, տղա ջան,ամեն ինչ միքսում են, վերջում էլ ֆիքսում պարետատան աննախադեպ որոշումներով՝ մնա տանը հեշթեգը պոչից ու գլխից կպցրած, մի բան էլ մենք միքսենք․․․
Ալենը բազմանշանակ նայեց, նայեց ու երևի մի հարց կտար հեշթեգի, պարետատան ու էլի ինչ-որ անհասկանալի երևույթների մասին, բայց էդ պահին շենքի մուտքում մեկը փռշտաց,վ երևի աստիճաններն ավլող հարևանը գոռաց․
– Պահպանեք էլի, ա՜յ հակահիգիենիկներ, փռշտալու վարվելակարգը, պարետ-մարետ մեռան ասելով։
Էս խեղճ մարդը թե․
– է կարո՞ղ ա չշնչենք էլ, այ քեզ բան, մենք էլ ենք մարդ ու մաքուր օդի կարիք ունենք․․․
Հիշեցի էն ականջակալներով շնչել-արտաշնչելու անեկդոտը, բայց «ամեն իմացած հո չեն արտահայտե» տրամաբանությամբ, էդ մեկը մեջս պահեցի, ասի՝ այ մարդ, խեր էր էս փռշտոցը, կորոնային արած մատից հետո տատիս ասած՝ըդքանն էլ ճիշտ․․․Դիմակս դրի, ալկոգելով իմ խաղադաշտի օդը վնասազերծելով՝ դուռը բաց արի ու հարևանիս ասում եմ՝ փռշտոցավախդ ժավելաջրով կտրեմ, մի հատ անեկդոտ ասեմ, տրամադրությունդ բացվի, ասաց՝ ասա, էդ հումորդ էլ չլիներ, ի՞նչ էինք անելու, ասի՝ըշտը բանըմ կենեինք․․․
Մինչ ես հիշողությանս թղթապանակներում փնտրում էի հարմար անեկդոտը, հեռավար դասի հրավերով ստացանք ֆիզկուլտուրայի դասի այսօրվա առաջադրանքը՝ գլուխկոնծի և գնդակի նետում, պետք է նկարահանել և ուղարկել․․․
-Պահոո՜ո,- ասի ինքս ինձ,- ֆուտբոլային իրականությունը Գրողուցավի իմ թուղթուգրչային դաշտից կարծես թե տեղափոխվում է մեր հյուրասենյակի՝ երկուսը երեքի վրա սփռված գորգի մակերեսային հարթություն,էստեղ են ասել՝ խոսքը ուժ ունի, էնքան ասի ՝գոլ հա գոլ, ֆիզկուլտի ուսուցիչը մի նոր գլխացավանք պաս տվեց։ Դեռ լավ է, որ էս խալին, ըստ պարետատան ու առողջապահության սահմանած չափանիշների, հնարավորություն տալիս է պահպանել էն երկու մետրանոց սոցիալական հեռավորությունը, գնդակն էլ, ալկոգելին մուննաթ, ամեն նետումից հետո կախտահանենք․․․
Հա, մինչև էս ամեն ինչը մտքում կազմակերպում էի, եթերում հնչեց Գյումրիից քայլելով եկած ու շախմատաշեն հայտնի պարոնին ոչ բռնի մատ արած մարդու լայվի ձենը, որ ըստ երևույթին համապատասխանաբար տաք տեղից էր գալիս․
-Բարև ձեզ, հարգելի՛ հպարտ քաղաքացիներ, հուսով եմ՝առողջ եք․․․
-Էս ժավելահոտերից խեղդվանք, էլ առողջ մնաց,-լսվեց հարևանիս ձայնը․․․
-Մի թոքաչափ մաքուր օդ էղներ՝շնչեինք,-ասաց ներքին ձայնս․․․
-Առողջ ենք, ու բոլորս էլ էդ հույսով ենք,- ասացի բարձրաձայն՝ հույսը պաս տալով առաջ և, իհարկե, չմոռանալով հույսին կից դնել «շնչեք, հենց էլ շնչեք մաքուր օդը, շնչել եմ ու պտի շնչեմ » հեշթեգը․․․