Հիմա ես պարտավոր եմ գոլ խփել, որ մրցակիցը խաղը սկսի դաշտի կենտրոնից, հետո Գիլու ձագն ու մանավանդ հենակետային դիրքում հանդես եկող Գրիգորը հակառակորդի գրոհը խափանեն, ու մենք նետվենք հերթական հակագրոհի, Ճեղքենք մրցակցի ավտոբուսային պաշտպանությունը մեր հետաքրքիր հուշերով:
Ուրեմն, Սաթիկ քույրիկս ակնարկեց շախմատին առնչվող մի պատմության մասին: Ինքը չուզեց պատմի: Չալարեմ՝ ես պատմեմ: Մանավանդ, որ իմ գլխին են խաղ խաղացել, իսկ Սաթիկը,Վաչը, Կարենն ու Արուսը սա հաստատ չեն պատմի՝ ավագ եղբոր նկատմամբ հարգանքից դրդված, էլի…
Երբ 1982-ին մեր պապական երկու ընտանիքի երեք երեխաները՝ Վաչը, Սաթիկն ու Արուսը ընդունվեցին Պոլիտեխնիկ (Կարենը մի տարի առաջ էր ընդունվել), մերոնք մտածեցին տուն վարձելու մասին: Վերջապես գտան մի սեփական տուն՝ երրորդ մասում: Ավելի ճիշտ՝ սեփական տան տերը՝ Գառնիկը, իր բակում փոքրիկ տուն էր կառուցել՝ հենց վարձով տալու համար: Երկու սենյակ, խոհանոց, զուգարանը՝ դրսում, դարպասն ու բակը՝ ընդհանուր…: Ես էլ Երեւան գալուց իրենց մոտ էի մնում: 1983-ին հեռակա բանասիրական ընդունվելուց հետո Երեւան գալս հաճախացավ. տարեկան չորս անգամ:
Մայրս 1978-ին Մեղրու պատվիրակության կազմում մասնակցել էր Հայաստանը Ռուսաստանին միավորելու 150-ամյակի միջոցառումներին եւ ինչպես բոլոր պատվիրակները, ինքն էլ զանազան հուշանվերներով լի մի բավականին մեծ դիպլոմատ էր ստացել: Մեջի զըրթ-զիբիլը հեչ՝ դիպլոմատը հա էլ պետք էր գալիս: Երեւան գալուց դա միշտ հետս բերում էի. հարմար էր դրանով դասի գնալը: Ու քանի որ զահլա չկար դասացուցակը հիշելու, մանավանդ, որ հեռակայի դասացուցակն էլ սարսափելի խիտ էր, բոլոր տետրերս, գրիչներս, զանազան թղթեր ու թղթապանակներ, նաեւ բրոշյուրներ էդ դիպլոմատի մեջ ամեն օր տանում էի համալսարան, հետ բերում: Այսինքն՝ տանը դիպլոմատը չէի բացում, էլի, որ մեջից հանեի հաջորդ օրվա համար ոչ անհրաժեշտ տետրերը: Դե, ո՞վ իմանա` որը պետք կգա: Չէի բացում նաեւ, որովհետեւ տղերքի՝ Նորիկի, Վաչիկի, Հենոյի, Աշոտի, նաեւ աղջկերքից մի քանիսի հետ ընկերախումբ էինք ձեւավորել, ու էդ 10-12 հոգով ամեն օր խմելու լիքը առիթներ էինք գտնում: Դե, բնականաբար, ուշ էի տուն գալիս, հիմնականում՝ խմած, էլ ի՞նչ դիպլոմատ բացել: Դա դնում էի մի կողմ, քնում, առավոտյան էլի վերցնում ու գնում համալսարան:
Դե, հիմա պուճուրներ, դուք պուճուրներ. տեսնում են, որ ես կյանքում էդ դիպլոմատը տանը բացած չկամ, որոշում են գլխիս խաղ խաղալ:
Ու մի օր՝ էլի երեկոյան խմած տուն եմ գալիս, մի երկու բերան զրուցում, հետեւում Վաչի ու Կարենի հերթական շախմատային մենամարտին, թե համով բան կար՝ ուտում ու քնում: Առավոտ շուտ լվացվում եմ, արագ խմում մի բաժակ թեյս, դիպլոմատս վերցնում ու էլի քնատ դեմքով, 29 համարի երթուղայինի մեջ ննջելով գնում համալսարան:
Առաջին դասը դեռ չէր սկսվել, պիտի տետրը հանեմ, որ լեկցիա գրեմ…
Դիպլոմատը բացում եմ ու….
Մի հռհռոց եմ դրել, մի հռհռոց… Լավ է՝ դասախոսը դեռ չէր եկել: Մեկ էլ մեր կուրսի Հայկուհին, որ հիմա Վայքում ուսուցչուհի է, կողքիցս.
– Քեզ ի՞նչ եղավ…
Ես էլ առանց անգամ ամաչելու եւ տնեցիների հումորը գնահատելով` ասում եմ.
– Տեսեք քույր-ախպերներս գլխիս ինչ խաղ են խաղացել…
Բարձրացնում եմ դիպլոմատի կափարինչն ու բոլորը տեսնում եմ դրա մեջ մեր մեծ շախմատը (որով Վաչիկն ու Կարենը ամեն օր խաղում էին)՝ իր ողջ պարունակությամբ…
Հիմա դասընկերներս էլ հռհռոցները դրեցին. «Ա, դե գոնե տանը մի անգամ բացեիր էդ անտերը…»:
Փաստորեն երրորդ մասից գնացել էի համալսարան, դիպլոմատի երեկվա ու էսօրվա ծանրությունների տարբերությունը չէի զգացել հերիք չի, շախմատի քարերն էլ հաստատ չըխկչըխկացած կլինեին՝ դա էլ չէի լսել…
Ինչպես տեսաք՝ ընդունեցի Սաթիկի փոխանցումը: Գնահատում ու սիրում եմ լավ հումորը, իրար գլխին խաղ խաղալը… Դրանից չեմ նեղանում, որովհետեւ ինքս էլ շատերի գլխին եմ խաղեր խաղացել:
Իսկ էդ դիպլոմատը մինչեւ հիմա էլ ինձ մոտ է: Մեջը լիքը փաստաթղթեր ենք պահում: Մեկ-մեկ բացում ենք, էլի…
Սաթիկի փոխանցումը մի նուրբ պահ էլ ուներ: Նա հիշեցրեց մեր Վաչի «Բայց կարող ա՞ մենք սատանայի կամակատարն ենք…» խոսքը:
Ինքը՝ Վաչը դա նաեւ խմելուց է երբեմն հիշում
– Սատանան ասում է՝ էլ մի խմի: Բայց կարող ա՞ մենք սատանայի կամակատարն ենք: Սեյրա՛ն լցրու…
Ո՞նց, Սեյրանին չե՞ք ճանաչում: Մեր փեսան՝ Սաթիկի ամուսինը, աշխարհի ամենաաշխատավոր վանքեցիների ցեղից: Ադամյանների՛: Կամ Հաթամյանների: Էէէէէէ, ասում եմ Սեյրանը, որի ողնաշարի մի ողը հիմա ավելի թանկ է, քան ձեզանից շատերի ավտոմեքենան ու մեբելը միասին վերցրած, որովհետեւ տիտան մետաղից է եւ արժեցել է մոտ 2 միլիոն դրամ՝ հիվանդանոցային ծախսերն էլ չհաշված: Հիմա Սեյրանը չի կարա ինքնաթիռ նստի, որովհետեւ մետաղորսիչը անընդհատ կզնգա:
Բայց Վաչի թեւավոր խոսքերը չմոռանանք, ինքը, մեկ է, դա չի գրելու: Տարիներ առաջ դրանցից մեկն ասացի Վահրամ Մարտիրոսյանին, էնքան դուրը եկավ, ասաց. «կուզեի ես ասած լինել»: Մի որոշ ժամանակ անց էլ խոստովանեց, որ հաճախ է խմելուց մեջբերում ու պարտադիր նշում, որ դա Մեսրոպի եղբոր ասածն է:
Ուրեմն մեր Վաչը խմելու մասին ասում է.
«Մարդ պիտի իրա չափը իմանա, որ դրանից պակաս չխմի…»:
Ես, օրինակ, քանի որ իմ չափը չգիտեմ, միշտ չեմ իմանում՝ պակաս եմ խմո՞ւմ, թե՞ ավել… Մանավանդ Գարեջրի ակադեմիայում գարեջուր խմելուց: Բայց քանի որ տանը գարեջուր չկա, հենց հիմա վազեմ մեր Վաչի քաշած խաղողի արաղից մի բաժակ խմեմ, գամ գոլս խփեմ, որ տեսնենք մրցակիցը ինչ տակտիկա է ընտրելու:
Լավ էլ փոխանցումներ ունեմ՝ Գիլանցը Գրիգորին, Գրիգորից գնդակն անցնում է Մարինա Գեւորգյանին, 2 համարով դաշտ մտած Մախսուդյանն արդեն «պաս-պաս» է գոռում, ստանում է գնդակը, փոխանցում Սաթիկին, վերջինս, արդեն ասացի՝ ինձ…
Հարվաաաած:
Գոոոոոոոոոոոլլլլլլլլլլ:
Բոլորը վազում են, որ ինձ գրկեն…
– Ստոպ,- գոռում եմ ու պարզում ձեռքս,- սոցիալական հեռավորությունը չմոռանանք՝ կարանտին է: Համ էլ հալա ընդամենը մի գոլ ենք խփել, վաղ է ուրախանալը. խաղի ավարտին դեռ լիքը ժամանակ կա…