Այն ո՞վ է, այն ո՞վ…
Դիպլոմ չունի, բայց գերազանց
Սովորել է հինգ տարի նա,
Սակայն վերջում գրեց հոդված
Դասախոսի քրոջ վրա։
Հազիվ երկու հոդված գրած՝
Նա հիմնադրեց ու խմբագրեց
Օրաթերթը՝ արձանագրած
Տպաքանակն ամենամեծ։
Հոդվածների համար նրան
Ահ են տվել, անգամ ծեծել,
Պայթեցրել են յուր մեքենան,
Բայց նա երբեք չի հեծեծել,
Այլ կանգնել է ըմբոստ, հպարտ,
Ասել՝ պետք չէ լինել ռոբոտ,
Թույլ չտանք մեզ սարքել սերժանտ
Եվ կամովին չդառնանք դոդ։
Պահանջել է նա իմպիչմենտ,
Բղավել՝ մեկ գումարած մեկ…
Գումարվեցին չեկիստ ու մենթ
Եվ դարձրին դա մարտի մեկ։
Այդ նա էր, որ ընդհատակում
Դարձավ պոետ ու վիպասան,
Ճամփորդո՞ւմ էր, թե՞ կատակում,
Մի օր սակայն նա տեղ հասավ,
Եկավ, դարձավ քաղբանտարկյալ,
Պատուհասեց բանտն ահավոր,
Ազատեցին ճարահատյալ,
Հետո դարձավ պատգամավոր։
Հիմա մեր խեղճ ու մանկամիտ
Ընտրյալների գլխին է նա
Խաղեր խաղում հնարամիտ,
Ծաղրում, տանջում է անխնա։
Թույլ չտվեց, որ սրբացնեն
Նա էն մարդկանց՝ ոճիր գործած,
Որ ուզում էին փակել-անցնել
Մարտի մեկի էջը՝ դեռ բաց։
Թույլ չտվեց նա մոռանալ
Դրանց գործն ու դեմքերը պիղծ,
Նախագահ է ուզում դառնալ,
Ունի բազում խոհեր ու իղձ։
Շուրջը նրա դավ են ցանում,
Վարկաբեկում, կոչում պրոյեկտ,
Բայց վարկն է իր հա բարձրանում
Ամեն նման գրոհի հետ։
Այդպես պիտի հա բարձրանա,
Մինչեւ շարժման գլուխ անցնի,
Ասի՝ ՀՀ-ն չի ունենա
Այլ վարչապետ, ինձնից բացի։
Հետո երկար ու անմեկին
Վարկը բարձր դեռ կմնա,
Մինչեւ մարդիկ գլխի ընկնեն,
Որ չի աճում երկրի ՀՆԱ-ն։
Այն ո՞վ է, այն ո՞վ…
Գեղեցիկ է,
Ինչպես Բարբին էն տիկնիկ,
Սլացիկ է,
Հագնվում է մոդայիկ։
Նա պիտի որ
Լիներ աստղ ու մոդել,
Պատգամավոր
Լինելն է բայց նախընտրել։
Հայտնվում է
Ուր որ կրքերը թեժ են
Եվ թվում է,
Թե ներխուժել է ԱԺ-ը։
Կարող է նա
Քվեարկություն տապալել,
Քվեարկության
Քարտերն արագ հավաքել։
Նա պատրաստ է
Ընդունել տարբեր դիրքեր,
Լեզու հանել,
Ծամածռել դեմքը իր
Եվ մի քանի
Արձակել ծաղրող բառաչ
Ոստիկանի
Տեսախցիկի առաջ։
Միջազգային
Հանրության դեմ քաղքենի
«Ապազգային»
Իր հարցերով վայրենի
Նա կարող է
Հանգիստ անել խայտառակ
Նրանց, որ են
Խաղամոլ ու խեղկատակ։
Երազում են
Նրան հանել մայրուղի,
Երազի մեջ
Տեսնում հանված խարույկին։
Հաչացնում են
Իրենց շներին վրան,
Կանգնեցնում են
Ռուսաց զորքերը նրան։
Գրգռել է
Նրա վարքը այն մարդկանց,
Որ քշել են
Խոհանոց իրենց կանանց։
Եվ կան մարդիկ՝
Կարծող նրան Ժաննա դ’Արկ՝
Մի քաջ մարտիկ,
Հերոս, որին պետք է փառք։
Մայր է հերոս
Առանց այս ողջ շփոթի,
Սակայն ափսոս՝
Չի ունեցել նա որդի։
Հարցին՝ տիկին,
Կուզե՞ք դառնալ նախագահ,
Ասաց՝ պիտի
Ունենամ նախ մի տղա։
Այն ո՞վ է, այն ո՞վ…
Ինչպես շատերն ԱԺ-ում,
Նա էլ ունի մականուն,
Նրան այդպես կոչել են
Ավտոմատի պատվին էն,
Որ ճարել էր ու ջոկատ
Կազմել-մեկնել էր ճակատ՝
Շատ ռազմավա՞ր որ բերի,
Թե՞ դառնա ռազմագերի,
Գուցե ուզում էր ընկնի
Հերոսական մահով մի,
Բայց դա մութ է ու անցյալ,
Եվ լոկ սա է իմացյալ՝
Ձեռի հետ բուհ ընդունվել,
Սերտում էր կարդալ-գրել,
Որ չլինի շատ տգետ,
Վերլուծական բաժնի պետ
ՊՆ-ում մի օր դառնա,
Վերլուծի ու հափրանա։
Ռազմավա՞ր, թե՞ մարտավար…
Ասում են, թե մրցավար
Դարձավ բռնցքամարտի,
Մոռացավ գնալ մարտի։
Ավտոմատն է այն ուժի,
Որ տիրել է ԱԺ-ին,
Եվ ինքն էլ է այդ շենքում
Օրենքի վրով շեքում։
Նա սեռական բնույթի
Հայհոյանքներ լոկ գիտի,
Գիտի՝ ինչ է սունաթված
Եվ ունենալը փաթթած։
Կապիկներ են իր համար
Լրագրողներն անկաշառ,
Բողոքող, ընդդիմադիր,
Ում հարկ է անել սիկտիր։
Հղի են մարդիկ բոլոր՝
Լրագրող, պատգամավոր,
Մայր ու որդի, տատ ու պապ,
Հարս ու սկեսուր, կնիկ, մարդ՝
Քաղաքից ու թե գեղից,
Թվում նրան իրենից։
Մի օր նրան կայցելեն
ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն,
Շնորհքով կներխուժեն
Եվ հիմնավոր կբուժեն։
Այն ո՞վ է, այն ո՞վ…
Նա կերած-խմած, չաղլիկ մի տերտեր,
Թոք-շոուներում կարդում է խրատ,
Նա չի հանդուրժում աղանդ ու գենդեր,
Դարձել է ինքնուս պոռնո-քննադատ։
Օնլայն է, երբ էլ որ մտնես ֆեյսբուք,
Ստատուս է գրում հա, վրա-վրա,
Որտեղ տեսնում է կիսաբաց հետույք,
Իսկույն նետում է քար դրա վրա։
Թեպետ կուսակրոն, թեպետ վարդապետ,
Բայց երևում է՝ կրքով լիուլի,
Կանացի մարմնի հմուտ գեղագետ՝
Նա չի հանդուրժում անհարթ ցելյուլիտ։
Հետույքն անվանում մի կղկղաման,
Բայց չի սիրում, որ լինի ճմրթված,
Նրա կարծիքով հետույքն անպայման
Արդուկել է պետք բացելուց առաջ։
Ֆեյսբուքում գրում միշտ լատինատառ,
Լայքում ու շեյրում, բզում բզողին,
Օգտագործում է ամեն տեսակ բառ,
Որ տեղը դնի պորտը չուզողի։
Եվ փակի, թե բաց պորտ է աղջկա,
Պատրաստ է գոչել՝ ռագանոսեցնե՜ր,
Սակայն լավ է, որ արձագանք չկա,
Թվում է՝ արյուն նա կհոսեցներ։
Զարդերի խանութ նվիրող, բայց խիստ
Սիրեկան է նա գուցե իր հերթին,
Նա մասնակցել է որպես ակտիվիստ
Բազմազանության երթի դեմ երթին։
Ո՞նց է կարելի տղամարդ ուզել,
Արվամոլներին չէ, չի հասկանում,
Հարցուփորձում է՝ իսկ չե՞ք երազել
Եփել-թափել ու, ասենք, մաքրել տուն։
Կարծում է նա, թե սիրում են կանայք
Կենցաղի հոգսը կրել ուսերին։
Ճապոնացներին հանում է նա հայ,
Հերթի է դրել անգլոսաքսերին։
Ունի ախոյան՝ Վերապատվելին
Քույր եկեղեցու, երևում է՝ խորթ,
Որ իր սուրբ ավտոն, լավ է՝ ոչ «Բենթլի»,
Ասում են, իբր արեց ջարդուխուրդ,
Դա էլ հերիք չէ, թողեց սույն գիրը
Մեքենայի մեջ թալանված, ավեր.
«Որտեղ քոնն ասես, այնտեղ էլ՝ իմը։
Քեզ համար աղոթք ասող քո ընկեր»։
Քույր եկեղեցու հանդեպ նա կուզի
Սանձազերծել մի հուժկու հալածանք։
Անկեղծանում է. «Էս մեր Հիսուսի
Բերածը սեր չէ, այլ սոսկ թշնամանք»։
Այն ո՞վ է, այն ո՞վ…
Ոչ կորժիկ, ոչ բուբլիկ, ոչ պոնչիկ, բայց դարձյալ
Կերակրացանկից բուֆետի.
Զի չուներ նա պատշաճ քրեական անցյալ,
Պատգամավորները հետի
Դրեցին մականունն այդ, չգիտեին ինչ դնել,
Եղել էր նա սոսկ խոպանչի՝
Այնժամ, երբ այլոք ռազմի դաշտ մեկնել,
Գրավել էին Ֆիզուլի ու Լաչին։
Չգիտեր նա ոչ մի գողական «պանյատ»,
Որպես հասարակ մի չարչի՝
Փողով էր առել թե պորտֆել, թե մանդատ,
Չկար մարդ, որ նրան ճանաչի։
Բայց դարձավ նա երկու անգամ նախարար.
Սկզբում՝ քաղաքաշինության,
Երբ ասֆալտ ու ցեմենտ կերավ բավարար,
Ջանը կապեցին բնության։
Պաշտոններն ազդեցին ինչպես թթխմոր,
Նա սկսեց ուռչել ու տռզել,
Որ չտա մականունն ամեն մի լխպոր,
Ստիպված էր առավոտ շուտ վազել։
Նվազել էր երազում, սակայն այդ բանը
Անհնար էր, նա անդադար
Ուտում էր սարերը և խմում Սևանը,
Երկիրը սարքեց պոչամբար։
Էն պղտոր ջրով երբ արեց օպերկոտ
Ակտիվիստը բնապահպան,
Նա ասեց՝ չափերդ ճանաչիր, լակոտ,
Ականջդ թե չէ կուլ կտամ։
Պորտֆելը դնելուց առաջ ինքն իրեն
Մատուցեց մի անակնկալ.
Ավանդի համար մեծ նա համեստորեն
Իր դոշին կպցրեց մի մեդալ։
Կերպարի մեջ անհամ, անդեմ ու թափոն
Մեդալն այդ դարձավ մի չամիչ։
Առել է հիմա էլ մարզպետի պաշտոն
Եվ ուտում է հիմա տեսնես ի՞նչ։