Նարե Գրիգորյան/Աշուն. մաս առաջին

Երևանը սիրուն ա
գիշերը՝ զբոսայգու դիրքից,
հեռվից կարգին ֆիլտրված
ու միաձայն եկող աղմուկով:
էս աղմուկին գույնի անուն են տվել:
աջ կողմումս երկու սլացիկ մեծ քարեր,
երկուսի արանքում՝ լույս.
ինչու՞ ոչ մի անգամ չեմ մտել էս երկու քարի արանքը՝
հանգիստ կտեղավորվեի:

տպ-տպ տպ-տպ՝
երկու զույգ ոտքեր անցնում են կողքովս
թեթև վազքի փոքրիկ համահունչ երգչախմբի նման.
շնչասպառ տղամարդկային բվվոցով
տեքստն ա անպարզ հնչում:

երևանը սիրուն քաղաք ա՝
գիշերը,
աշնանը,
զբոսայգու դիրքից,
կրկնեմ՝ աշնանը:

տպ-տպ տպ-տպ.
հետ եկավ երգչախումբը:

Աշունը հատուկ անունով
շնչավոր մեկն ա,
ում անձամբ ճանաչում եմ,
նեղ շփման մեջ ենք,
գնալուց առաջ շատ ներկա ա:

ոչինչ չի հասնի աշնան մշուշում շշուկ ու շրշյուն տողին:

տպ-տպ տպ-տպ՝
երգչախումբը էլի.
տուն գնալու ժամանակն ա:


———————

մտքումս են
անշշուկ պատահած
բառերը, ու
ձայներ կան, երբ
լուռ ա:

թարթումներ

մի ոտքիս մատներին նստած
տատանումն ու շունչը
զգալ.
յոգայի դիրք չի,
ինքն ա:

թարթումներ

իրար վրա գրված՝
միաժամանակյա
միաժամանակյա
միաժամանակյա
իրար վրա.

թարթումներ

ամեն ինչ ու ամեն
ինչ, ամեն ինչ, ու
դեպի աշուն.
դեռ
չեմ խոսել .

թարթումներ

գրել եմ.
աստղեր էիր
երկնքում ու էկրանին
նշված էիր
նշված էիր


——

ներմնա
ներմնա
ներմնա
ներմնա
մնա ներսում:
աշունը եկել ա,
չես էլ նկատել,
իսկ դրսում
ցուրտ ա
ու՝ տանն էլ,
որովհետև պատուհաններդ
բաց ես թողել ,
որովհետև,
ներմնա քեզ,
չես նկատել, թե
ոնց ա եկել
աշունը
աշունը:
մի քանի անգամ էլ
գրես աշուն՝
էն ուրիշ սիրուն
բառի փոխարեն,
կնկատես, որ
եկել ա եկել ա
աշունը:
սա աշունն ա՝
ա շ ու ն.
եկավ:


————

բարև: ախ հա.

սա նկատի ունեիր,
երբ ասում էիր.
բարև ու անունս:
ողջույն նշանակող բառի
մեջ ասում էիր,
սպասումդ ու հասնելդ
հնչում էին:

չնայած ու
ու համենայն դեպս

հիմա՝
էս պահին,
հանդիպում եմ.
բարևդ ու անունս
հնչում են.
ներսումս մնացել էին:

փաստորեն ու
ու ըստ երևույթի

բարև:


—————
աշխարհի տարբեր
անկյուններից
նայում ես ինձ:
հայացքիդ սովոր՝
գիտեմ, որ միշտ կա
ու գրեթե
չեմ նկատում:
թաքուն հայացքդ
ինքս ինձանից թաքուն
նշմարում եմ:

աշխարհագրական անուններ.
տեղորոշումը՝ դու:
անցնում են անունները,
ու դու՝ դրանց միջով
ու ժամանակի.
արագ ու դանդաղ ու
կանգնած ու
մի ուրիշ ձև ու
միշտ նույն տեղում՝
իմ ու քո արանքում:

արդեն աշուն ա:

————
հիմա՝ էս պահին, դեռ,
լույսը նորմալ չի բացվել,
ու մի անսպասելի բան.
մի ծղրիդ ձայն ա արձակում՝
պետքն էլ չի, որ ուշ ա ու, որ
աշնանը ծղրիդները չեն երգում:

թողնում ա հետքը
ինքնաթիռը երկնքում՝
ոնց որ ինքնարտահայտում.
անհայտ պատճառով
մի, այո հենց, բնական մղում:
ինքնաթիռն էլ ա ինքնարտահայտվում:

ոչ սեզոն, ոչ ծագում
ու ամեն ամեն ինչը.
համատարած
արտահայտման շարժում:
լույսը բացվեց,
ամեն ամեն ինչը

ո՞նց ա, որ էս բոլոր
արտահայտություններում
գալիս ես դու


——————

սեպտեմբերի քսանյոթ

ամսաթիվը՝
հանդիպման սեպ,
մաշկիս տակ.
մեկի, որ
դեռ չգիտի ելքը.
ելքերը նրա համար
շատ են ու
հետևաբար՝ այլ,
ու մեկի,
ով ելքը տեսել ա:

էս ի՞նչ աշխարհ ա:

անհնար հանդիպում
մաշկիս տակ:
փշաքաղությունս վկա:

Շարունակությունն՝ այստեղ

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *