Վոլոդյա Մկրտչյան/Մնալու ժամկետը

Քսանի դեկտեմբերն էր, թե քսանմեկի հունվարը, արդեն չեմ էլ հիշում։ Պատերազմ կոչվող գազանը սկսել էր դուրս թքել չմարսածներին, և քաղաքը լի էր մարդկանցով, որոնք մի օրում հասցե էին կորցրել։ Ես էլ ձմռան ցրտին հայտնվել էի նրանց կողքին։ Չէր էլ կարելի ասել, թե գազանի փորում կլիման բարեխառն էր, բայց դրսի ցուրտն ուրիշ տեսակ էր մարդու հասցեին կպչում։

Առաջին երեք գիշերը մնացի պապիս տանը։ Տունը հարազատ էր, ես՝ հյուր։ Երեք գիշերը հյուրընկալություն էր, չորրորդը՝ արդեն բնակության փորձ։ Բայց հինգերորդ օրն առավոտյան հանկարծ սկսեցի պապիս դեմքին փնտրել կամ երևի ավելի շատ տեսնել այն հարցը, որը նա գուցե երբեք էլ չտար։ Բայց ես, մեկ է, ամեն լռության մեջ լսում էի՝ «Ե՞րբ ես գնալու» հարցը, որը նա քաղաքավարությունից չէր տալիս։ Ինչևէ, ինչքան էլ դա այդպես լիներ, կամ գուցե ինձ այդպես թվար, ես հարցին սպասելու ժամանակ չունեի։

Վերցրի նոր հեռախոսս, որը եղբայրս էր գնել դատարկ շշեր ու պղինձ հանձնելով կուտակած գումարով։ Հայտարարությունների կայքում բնակարանները դասավորված էին այնպես, կարծես քաղաքը լի էր դատարկ, լուսավոր ու արևկող տներով, ու դրանք միայն ինձ էին սպասում։ Յուրաքանչյուր երկրորդը «իդեալական տարբերակ» էր, յուրաքանչյուր երրորդը՝ «շտապ», իսկ բոլոր լուսանկարներում սենյակներն այնքան լայն էին, որ հետո պարզվեց՝ լուսանկարողը կա՛մ առաստաղից կախված էր նկարել, կա՛մ էլ պատուհանից դուրս էր եկել ու հարմար կադր բռնել։

Սպասեցի՝ օրը լուսանա։ Զանգեցի առաջին համարին․

– Քանի՞ հոգով եք,- հարցրեց կնոջ ձայնը՝ առանց բարևի։

– Երկու,- քաղաքավարի պատասխանեցի ես։

Մի քանի վայրկյան լռեց։ Այնպիսի լռություն էր, որի ընթացքում մարդը կհասցներ իր ամբողջ կյանքը վերհիշել ու նույնիսկ կյանքից մի քանի դրվագ վերանայել։

– Այսինքն՝ ընտանիք չունե՞ս, ընտանիքով չե՞ք։

– Ունեմ։

– Բա ինչի՞ եք երկուսով։

Այդ «ինչի՞»-ն հեռախոսի միջով մտավ սենյակ ու դիմացս նստեց։ Մայրս խոհանոցում պապիս համար սուրճ էր լցնում։ Դռան արանքից նրանց նայեցի, ուրախացա, որ մեջքով էին կանգնած։ Արցունքս չէին նկատի։ «Ընտանիք չունե՞ս» հարցին այնպիսի հպարտությամբ էի դրական պատասխան տվել, ասես կյանքումս դրանից ավելի անվիճելի փաստ չկար, ու այն հաստատող փաստաթուղթը միշտ գրպանումս էր։ Իրականում չգիտեի, թե այդ բառը ինչ էր նշանակում։ Չգիտեի՝ ինչպես են մարդիկ բոլորով ճաշի նստում, մեկը հացն է կտրում, մյուսը հարցնում է՝ օրդ ո՞նց անցավ, և պատասխանը մինչև վերջ լսում են։ Չգիտեի՝ ինչպես է մեկի ուշանալը մյուսներին անհանգստացնում, ոչ թե բարկացնում։ Ես ընտանիք ունեի՝ անուններով, ազգակցական կապերով, ծննդյան վկայականներով։

Հեռախոսի մյուս ծայրում կինը դեռ պատասխանի էր սպասում։

-Այդպես է ստացվել,- ասացի ես։

-Բա որտեղի՞ց եք, ինչի՞ եք տուն ման գալիս։

Պատուհանից դուրս նայեցի։ Ձյունը ծածկել էր մեքենաների համարները, բայց ոչ մեկից չէր պահանջվում պատասխանել, ապացուցել, թե որտեղից էր այդ ձյունն այդտեղ հայտնվել։

-Այդպես է ստացվել,- քաղաքավարությունս պահպանելով պատասխանեցի ես։

Կինը հոգոց հանեց։ Երևի «այդպես է ստացվել»-ը վարձակալության շուկայում ընդունված արժույթ չէր։

-Խմո՞ւմ ես։

-Ո՛չ։

-Ծխո՞ւմ ես։

Նորից՝ ոչ։

-Հյուրեր շուտ-շո՞ւտ եք ընդունելու։

Այս անգամ ուշացա։

– Տունը նորմալ մարդու ենք ուզում տալ,- ասաց կինը։

Ուզում էի հարցնել՝ նորմալ մարդու չափորոշիչները տան մակերեսի վճարի մեջ մտնո՞ւմ էին, թե առանձին վճարով էին։ Բայց միայն հետաքրքրվեցի գնով։ Գինը հայտարարության մեջ նշվածից քսան հազարով բարձր էր։

– Էդ հին գինն ա,- բացատրեց նա։

-Բայց հայտարարությունը երեկվա է,- հակադարձեցի ես։

-Դե երեկվանից այս կողմ մարդիկ շատացել են, ամեն ինչ թանկացել է։ Դե գիտե՛ք, պատերազմ, տեղահանվածներ և այլն։ Ուզողները շատ են, տները՝ քիչ։ Այս գնով էլ վերցնողներ հաստատ կլինեն։

Զարմանալիորեն անցել էր քաղաքավարի «դուք»-ի։ Երևի գնի մեջ նրա դիմելաձևի վճարն էլ էր մտնում, թեև բնակարանը վերցնելու որոշում դեռ չունեի։

– Միայն մարդն է նույն գնին մնացել, նույնիսկ մի քիչ էժանացել է,- մտածեցի ես։

Վերջնական պատասխան տալու փոխարեն ասաց՝ եթե իսկապես հետաքրքրված եմ, կես ժամից նորից զանգեմ։ Երևի այդ կես ժամը նախատեսված էր, որ ապացուցեի՝ բնակարանն ինձ ոչ թե հետաքրքրում էր, այլ արժանի էի դրան։ Քսան րոպե անց ինքն անձամբ զանգեց։

– Բա չե՞ք գալիս։

Այդ պահին վերջնականապես հասկացա, որ վարձակալության աշխարհում ժամանակը տանտիրոջ սեփականությունն էր։ Նա կարող էր ուշանալ, չպատասխանել, գինը փոխել, պայման ավելացնել։ Դու միայն պարտավոր էիր պատրաստ լինել։

Հասցեն մետրոյի կայարանին մոտ էր։ Մինչև հասա, կինը ևս երեք անգամ հասցրել էր զանգել։ Սկզբից հարցրեց՝ որտեղ եմ, ապա՝ շատ եմ ուշանալո՞ւ։ Վերջում էլ ասաց, որ ինքն արդեն տասը րոպե է՝ մեզ է սպասում։

Շենքը հայտարարության լուսանկարում չկար։ Հետո հասկացա՝ լուսանկարներում շենքերը սովորաբար չեն լինում։ Միայն բնակարաններն են լինում՝ կտրված մուտքերից, բակերից, հարևաններից ու իրականությունից։ Այդպես ավելի հեշտ էր հավատալ, թե տուն ես վարձում, ոչ թե ուրիշների կյանքի արանքում մնացած մի տարածք։

Կինը սպասում էր մուտքի առաջ։ Ինձ տեսնելուն պես ոտքից գլուխ նայեց։ Այդ հայացքի տակ վերարկուս հանկարծ հին թվաց, կոշիկներս՝ ցեխոտ, դեմքս՝ ոչ այնքան վստահելի։

– Դո՞ւք էիք զանգել։

Այդ «դուք»-ն արդեն վճարվելիք գումարի պես փլվեց ուսերիս։

– Ես էի։

– Բա երկու հոգի չէի՞ք։

– Այո՛, մորս հետ եմ լինելու։

– Ինքն էլ է ապրելո՞ւ։

– Հա՛։

– Քանի՞ տարեկան է։

Ասացի։

– Աշխատո՞ւմ է։

– Ո՛չ։

– Բա ո՞վ է վճարելու։

Այս հարցին պատասխանելիս արդեն զգացի, որ բնակարան չէի նայում։ Վարկի դիմում էի լրացնում՝ առանց վարկ ստանալու որևէ հույսի։

Մուտքի դուռը բացեց ու առաջ անցավ։ Աստիճանավանդակում լույս չկար։ Հեռախոսի լապտերը միացրի։

– Լույսը փչացել է,- ասաց կինը,- բայց շենքի հարցն է, տան հետ կապ չունի։

Բնակարանի դուռը բացելուն պես խոնավության հոտ եկավ։ Կինը շտապ բացեց պատուհանը։

– Փակ է մնացել, դրանից է։

Սենյակի կենտրոնում մի մեծ պահարան կար։ Մի դուռը չէր փակվում, մյուսը՝ չէր բացվում։

– Սա մնալու է։

– Մեզ պետք չի,- ասացի ես։

– Չենք կարող տանել։ Մորս պահարանն է։ Հիշողություն է։

Մեզ մոտ նույնիսկ կահույքն էր ավելի հիմնավոր իրավունքով բնակվում, քան վարձակալը։ Պահարանը հիշողություն ուներ, իսկ ես ի՞նչ ունեի։

Տունն ուսումնասիրելուց հետո սկսվեցին պայմանները։ Պատերին մեխ չխփել։ Կահույքը տեղից չշարժել։ Գիշերը լվացքի մեքենա չմիացնել։ Շատ հյուրեր չընդունել։ Կենդանի չպահել։ Ծխել՝ ոչ պատշգամբում, ոչ պատուհանի մոտ, ընդհանրապես ոչ մի տեղ։ Եթե ինչ-որ բան փչանա, անմիջապես զանգել, բայց մանր բաների համար չանհանգստացնել։

– Մի խոսքով՝ ձեր տան պես կպահեք,- եզրափակեց կինը։

Նայեցի կաթող ծորակին, պատուհանից երևացող հարևանի պատին, ապա սենյակի կենտրոնում կանգնած պահարանին։ Այն իր հիշողությամբ մնալու էր։ Մենք մեր ունեցածով պիտի տեղավորվեինք նրա շուրջը։

– Կանխավճարը քանի՞ ամսվա է։

– Վեց։

Ինձ թվաց, թե սխալ եմ լսել։

– Վե՞ց ամիս։

– Հա, որովհետև հիմա մարդկանց վստահել չի լինում։ Մեկ էլ տեսար՝ մի ամիս ապրեցին, գնացին։

Չասացի, որ վեց ամսվա վարձ ունեցող մարդը գուցե ընդհանրապես վարձով տուն չէր փնտրի։ Հարցրի՝ պայմանագիր լինելո՞ւ է։ Կինը վիրավորված նայեց ինձ։

– Մենք մարդավարի ենք աշխատում, ո՞ւր մնաց վստահությունը։

Մարդավարի աշխատելը, պարզվեց, պայմանագրի ճիշտ հակառակն էր, մարդուն ֆռցնելը։

– Իսկ եթե վեց ամսից շուտ դուրս գանք։

– Գումարը չի վերադարձվում,- ասաց կինը,- լավ, դե մտածեք, բայց շատ երկար չէ։ Ուրիշ հետաքրքրվողներ էլ կան։

Դուրս եկա բակ։ Կինը պատուհանից նայում էր՝ հավանաբար համոզվելու, որ շենքի պատից ոչինչ հետս չեմ տանում։ Փողոցի ծայրին հասնելուն պես հեռախոսս զանգեց։

– Տո՞ւն էիք ման գալիս։

Տղամարդու ձայն էր։ Այնքան արագ էր խոսում, կարծես մինչև նախադասության վերջը բնակարանը կարող էր ուրիշին հասնել։

– Հա՜։

-Շատ լավ տարբերակ ունեմ։ Կենտրոնին մոտ, լուսավոր, բոլոր հարմարություններով։ Քանի՞ հոգով եք։

– Երկու։

– Ընտանիքո՞վ։

– Հա՛, մորս հետ։

Ձայնը մի պահ լռեց։

– Հասկացա, բայց տանտերը ընտանիքի է ուզում տալ։

– Մենք ընտանիք չե՞նք։

– Չէ, դա նկատի չունեմ, ուղղակի տանտերն ընտանիք ասելով ամուսիններ է հասկանում։

Պարզվեց՝ «ընտանիք» բառը հայտարարությունների կայքում ուրիշ նշանակություն ուներ։ Մայրը ընտանիք չէր, եղբայրը՝ նույնպես։ Ընտանիք համարվելու համար պետք էր երկու հոգով միևնույն անկողնում քնել և ցանկալի էր՝ դրա մասին համապատասխան փաստաթուղթ ունենալ, մեկ էլ երեխաներ չլինեին։

– Բա ի՞նչ ասեմ, ի՞նչ կարող եմ անել,- հարցրի։

-Ասեք՝ ընտանիքով եք։ Մանրամասների մեջ պետք չի մտնել,- պատասխանեց հեռախոսի մյուս կողմում գտնվողը։

– Իսկ եթե հարցնի՞։

– Չի հարցնի։

Հասցեն ուղարկեց և ասաց, որ կես ժամից այնտեղ կլինի։ Ես քսան րոպեում հասա։ Ինքը քառասուն րոպե անց եկավ։

Մինչ սպասում էի, մայրս զանգեց։

– Ջան, ո՞ւր ես։

– Տուն եմ նայում, մա՛։

– Լա՞վն է։

Նայեցի շենքին։ Առաջին հարկի պատուհանից մի կին գորգ էր թափ տալիս։ Փոշին իջնում էր գլխիս։

– Դեռ չեմ տեսել։

– Պապդ հարցնում է՝ երբ ես գալու։

– Ինչի՞։

– Ուղղակի հարցրեց,- մի պահ լռելուց հետո պատասխանեց մայրս ու նորից լռեց։

Այդ «ուղղակին» մինչև տուն հետս եկավ։

Երկրորդ բնակարանը նկուղային հարկում էր։ Գործակալն ասաց՝ կիսանկուղային։ Հետո բացատրեց, որ դա նկուղից լավ էր, որովհետև պատուհան ուներ։ Պատուհանից փողոցով անցնող մարդկանց կոշիկներն էին երևում։ Եթե երկար նայեիր, ըստ կոշիկների ցեխոտության հնարավոր էր քաղաքի մասին մոտավոր պատկերացում կազմել։ Բնակարանն էլ այնքան էլ լուսավոր չէր։ Պարզվեց՝ դրսում ձմեռ էր, և բնակարանն, ըստ երևույթին, տարվա եղանակների համար պատասխանատվություն չէր կրում։ Խոհանոցում սառնարան չկար։ Լոգարանի դուռը ներսից չէր փակվում։ Մի պատի վրայով ճաք էր անցնում՝ առաստաղից մինչև հատակ։

Բնակարանը չվերցրի։ Գործակալը չնեղացավ։ Պապիս տուն հասա մութն ընկնելուց հետո։ Մայրս ու պապս խոհանոցում նստած էին։ Սեղանին երեք բաժակ կար, բայց միայն երկուսն էին օգտագործված։ Երրորդը դատարկ էր մնացել իմ տեղի առաջ։

– Հը՞, մի բան դուրս եկա՞վ,- հարցրեց պապս։

– Չէ։

– Բա առաջինն ի՞նչ եղավ։

– Վեց ամսվա փողն էին միանգամից ուզում։

Պապս լեզվով չխկացրեց։

– Լրիվ գժվել են։

Մայրս ինձ սուրճ լցրեց։ Պապս սպասեց, մինչև առաջին կումը խմեմ։

– Դե դուք էլ պիտի արագացնեք,- ասաց,- մի քանի օր մնալը մի բան է, երկար ապրելը՝ ուրիշ։

Հարցը, որ հինգ օր շարունակ նրա դեմքին էի տեսնում, վերջապես լեզվին հասավ։ Պարզվեց՝ քաղաքավարությունից չէր լռում։ Պարզապես հարմար պահի էր սպասում։

– Մինչև ե՞րբ կարող ենք մնալ,— հարցրեց մայրս։

– Մինչև կիրակի մի բան գտեք։ Հետո արդեն ես էլ չեմ իմանա,- պատուհանին նայելով՝ պատասխանեց պապս։

Թե ինչ չէր իմանա՝ չբացատրեց։ Գուցե՝ ինչ ասել հարևաններին։ Գուցե՝ ինչպես մեզ ուղարկել այն տունը, որտեղից եկել էինք։ Այդ ժամանակ «որտեղից եկել էինք»-ը դեռ ոչ մեկս բարձրաձայն չէինք ասում։

Առավոտյան զանգեցի հաջորդ հայտարարությամբ։

– Քանի՞ հոգով եք։

– Երկու։

– Ընտանիքո՞վ։

– Այո,- այս անգամ չասացի՝ մորս հետ։

– Ամուսնացա՞ծ եք։

Նայեցի խոհանոցին։ Մայրս հաց էր կտրում։ Պապս մեջքով մեզ էր կանգնած։

-Այո։

Սուտն առանց դժվարության անցավ հեռախոսի միջով։ Չմտավ սենյակ, չնստեց դիմացս, ոչ մեկի աչքին չնայեց։

– Աշխատո՞ւմ եք։

– Իհարկե։

– Երկար եք մնալո՞ւ։

– Այո։

Կինը հասցեն ասաց։ Հեռախոսն անջատելուց հետո մի պահ փորձեցի հասկանալ՝ այդ հինգ պատասխաններից քանիսն էին իմը։ Հաջորդ համարին զանգելիս արդեն ուրիշ մարդ էի։ Ամուսնացած էի, կայուն աշխատանք ունեի, երեխա չունեի, բայց չէի բացառում, որ ապագայում կունենամ։ Չէի խմում, չէի ծխում, հյուր չէի ընդունում, կենդանիներից էլ սիրում էի միայն նրանց, որոնք ուրիշների տներում էին ապրում։

– Իսկ Ձեր կինն աշխատո՞ւմ է,- հարցրեց տիկինը։

Մի պահ չհասկացա՝ որ կնոջ մասին է խոսքը։

– Այո։

– Որտե՞ղ։

Ամուսնություն հորինելը հեշտ էր։ Աշխատավայր հորինելն ավելի պատասխանատու գործ դուրս եկավ։

– Հաշվապահ է։

– Որտե՞ղ։

– Մասնավոր։

«Մասնավորը» նրան բավարարեց։ Երևի մասնավոր ոլորտում մարդիկ աշխատավայրի անուն չէին ունենում։

– Երկար եք մնալո՞ւ։

– Այո։

– Ինչքա՞ն։

– Մի երկու տարի հաստատ։

Այդ ժամկետն այնքան հանգիստ ասացի, կարծես հաջորդ տարվա նույն օրը արդեն տեսել էի ինձ՝ նույն աշխատանքով, նույն կնոջ հետ, նույն բնակարանում։ Կինը հասցեն ասաց։ Ավելացրեց, որ տանտերն ինքն է և գործակալի վճար չկա։ Մի պահ այնքան ուրախացա, կարծես բնակարանը ձրի էր տալու։ Մորս ոչինչ չասացի։ Երկրորդ օրն էր՝ ամեն անգամ հույս տալուց հետո ձեռնունայն տուն էի վերադառնում։ Հույսն էլ, պարզվեց, տուն մտնելուց առաջ կոշիկների պես պետք էր թափ տալ, որ ներսը չկեղտոտեր։

Բնակարանը Էրեբունիում էր։ Հասցեն լսելուն պես գիտեի՝ որ ավտոբուսն է գնում, որտեղ պիտի իջնեմ, որ խանութի մոտով թեքվեմ։ Քաղաքը լավ գիտեի։ Չափազանց լավ՝ մեկի համար, ում շրջապատը տեղահանված էր համարում։ Տանտերը մուտքի առաջ սպասում էր։ Մոտ վաթսուն տարեկան կին էր՝ հաստ վերարկուով և բանալիների մեծ կապոցով։ Ձեռքս սեղմելուց հետո ուսիս վրայով նայեց։

– Մենա՞կ եք եկել։

– Այո։

– Բա կի՞նը։

– Աշխատանքի է։

Սուտը հերթով իր համար մարդկանց էր ստեղծում։ Նախ կին ունեցա, հետո նա աշխատանք ունեցավ։ Մի քիչ էլ շարունակվեր, երևի երեխաներ կունենայինք, դպրոց կգնային, իսկ ես ծնողական ժողովներից կուշանայի։

– Գնանք, նայենք,- ասաց տանտերը։

Բնակարանը չորրորդ հարկում էր։ Վերելակը չէր աշխատում, բայց այս անգամ ոչ ոք չփորձեց դա առավելություն ներկայացնել։ Տանտերը պարզապես ասաց՝ փչացած է։ Այդ ազնվությունից բնակարանն անմիջապես մի փոքր ավելի լավը թվաց։

Դուռը բացելուն պես ներսից ոչ խոնավության հոտ եկավ, ոչ ուրիշի ճաշի։ Սենյակները փոքր էին, բայց այն չափով, որով փոքր սենյակներն են լինում, ոչ թե հայտարարությունների լուսանկարներն են ստում։ Պատուհանից բակն էր երևում։ Խոհանոցում սառնարան կար։ Լոգարանի դուռը փակվում էր։ Ծորակն էլ չէր կաթում։ Մի քանի րոպե ոչ մի թերություն չգտնելով՝ սկսեցի անհանգստանալ։

– Գինը նո՞ւյնն է, ինչ հայտարարության մեջ։

– Նույնն է։

– Պայմանագիր լինելո՞ւ է։

– Եթե ուզում եք՝ կլինի։

Այդքան նորմալ պատասխաններից հետո արդեն վստահ էի, որ ինչ-որ բան բաց էի թողել։ Տանտերը պատուհանի ուղղությամբ առաջացավ։

– Որտեղի՞ց եք տեղափոխվում։

Պատրաստած պատասխան չունեի։ Մինչ այդ բոլորը հարցրել էին՝ որտեղից եմ։ Այս մեկը հարցրեց՝ որտեղից եմ տեղափոխվում։ Տարբերությունը փոքր էր, բայց ճիշտ տեղին էր խփում։ Ասացի թաղամասի անունը։

– Վարձո՞վ էիք ապրում։

– Չէ։

– Ձեր տո՞ւնն էր։

– Հորս տունն էր։

– Հիմա վաճառում ե՞ք։

– Չէ։

– Բա ինչո՞ւ եք դուրս եկել։

Ամբողջ օրը նույն հարցին ուրիշ մարդկանց ուրիշ պատասխաններ էի տվել։ Աշխատանքի մոտ լինելու համար։ Ավելի մեծ տուն էինք ուզում։ Այս անգամ դրանցից ոչ մեկը չկարողացա ասել։

– Այդպես է ստացվել։

Տանտերը գլխով արեց, բայց դեմքից երևում էր, որ «այդպես է ստացվել»-ը նրան էլ չէր բավարարում։

– Հորդ հետ խնդիր ունե՞ք։

Հեռախոսս զանգեց։ Էկրանին հորս անունն էր։ Անջատեցի։

– Երևի խնդիր ունենք,— ասացի։

Կինը պատուհանից հեռացավ ու նստեց բազմոցին։ Դեմքի արտահայտությունը փոխվեց։ Քիչ առաջ ինձ որպես վարձակալի էր նայում, հիմա՝ որպես ինչ-որ մեկի զավակի։

– Ծնողի հետ խնդիր բոլորն են ունենում,- ասաց,- դրա համար մարդ տունը չի թողնի։

Չպատասխանեցի։

– Մեկ-երկու օր կնեղանաք, հետո կանցնի։ Էս վարձերի մեջ ընկնելու իմաստ չկա։

– Մեզ տուն չի թողնում։

«Մեզ» ասելով մորս ու ինձ նկատի ունեի, բայց տանտերը երևի հորինած կնոջս հասկացավ։

– Դե խոսեք։ Մեծ մարդ եք։

Հեռախոսս նորից զանգեց։ Այս անգամ հաղորդագրություն եկավ։ «Մորդ ասա՝ մնացած իրերը մինչև կիրակի հանի»։ Արագ փակեցի էկրանը, բայց կինը հասցրել էր անունը տեսնել։ Նա այնպես նայեց ինձ, կարծես հենց այդ պահին հասկացավ, թե տունն ինչու է ուզում նորմալ մարդու տալ։

– Դե դուք հաշտվեք, հետո զանգեք,- ասաց,- ես ընտանեկան հարցերի մեջ մտնել չեմ ուզում։

– Բայց բնակարանը վարձելու ենք։

– Հասկանում եմ, բայց հետո մեկ էլ հաշտվեցիք, գնացիք։ Ես էլ նորից մարդ պիտի ման գամ։

– Մի երկու տարի մնալու ենք,- հիշեցրի ես։

Այնքան համոզված ասացի, որքան հեռախոսով էի ասել։ Տանտերը ժպտաց։

– Դու հիմա ինքդ չգիտես՝ կիրակի որտեղ ես լինելու։ Ինձ երկու տարվա խոսք ես տալիս։

Առաջին անգամ այդ օրը տանտերերից մեկը ճիշտ էր։ Բանալիները վերցրեց սեղանից։

– Վեց ամսից պակաս չեմ տալիս,- ասաց,- ընտանեկան կռվի համար էլ ընդհանրապես չեմ տալիս։

Հետևից իջա աստիճաններով։ Երրորդ հարկում հեռախոսս նորից զանգեց։ Հայրս էր։ Երկրորդում՝ մայրս։ Առաջին հարկում այլևս չէի հիշում՝ ում զանգին էի ավելի շատ վախենում պատասխանել։

Դրսում ձյուն չէր գալիս։ Հին ձյունն էր միայն՝ սևացած, տրորված, մայթերի եզրերին կուտակված։ Այն էլ քաղաքից գնալու տեղ չուներ։

Կանգառում զանգեցի մորս։

– Տո՞ւնն ինչ եղավ,- հարցրեց նա։

– Չտվեցին։

– Ինչո՞ւ։

– Ասացին՝ երկար մնացողի են ուզում։

Սուտն այս անգամ դժվար անցավ հեռախոսի միջով։

– Ասե՞լ էիր, որ երկար ենք մնալու։

– Ահա։

Մայրս լռեց։

Ավտոբուսում նստելու տեղ չկար։ Մի ձեռքով ձողից էի բռնվել, մյուսով՝ հեռախոսից։ Նշումների բաժինը բացեցի։ Կենսագրությունս վերածել էի ձևաթղթի, որպեսզի ինձնից հասարակությանը ներկայանալի անհատ կերտեի։

ՎԱՐՁԱԿԱԼԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • «Ամուսնացած՝ այո» տողի կողքին գրեցի՝ սուտ։
  • «Կինը՝ հաշվապահ»՝ սուտ։
  • «Աշխատանք՝ կայուն»՝ կիսասուտ։
  • «Մնալու ժամկետը՝ մեկ-երկու տարի հաստատ»՝ ամենամեծ սուտը։

Պապիս տան դուռը մայրս բացեց։ Միջանցքում մեր երկու պայուսակներն էին։ Առավոտյան դրանք անկյունում էին դրված, հիմա՝ դռան մոտ։

– Ինչո՞ւ եք բերել ստեղ։

– Պապդ ասաց՝ աչքի առաջ լինեն, որ վաղը մի մասը տանենք։

– Ո՞ւր տանենք։

Մայրս ուսերը թոթվեց։ Խոհանոցում պապս ճաշում էր։ Սեղանին ինձ համար ափսե չկար։ Մայրս պահարանից հանեց ու դիմացս դրեց։

– Մի բան գտա՞ր,- հարցրեց պապս։

– Չէ։

– Բա էդքան հայտարարություն կա։

Չասացի, որ հայտարարություններում տները շատ էին, պարզապես դրանցից ոչ մեկի մեջ մենք չկայինք։

– Մինչև կիրակի ժամանակ է տվել, մեզ ասում է՝ տունը դատարկեք,- ասաց մայրս՝ նկատի ունենալով հորս,- ասում է՝ իմ տունը դատարկեք։

Ահա թե ինչ էր նշանակում սեփականությունը։ Մի անուն թղթի վրա այնքան տեղ էր զբաղեցնում, որ երկու կենդանի մարդ այլևս տան մեջ չէին տեղավորվում։

– Մարդ ու կնգա հարցերին չեմ խառնվում։

– Քո ասած կնիկը աղջիկդ է։

– Հենց դրա համար եմ ասում՝ պիտի իրենք խոսեն, լուծեն։ Ես նրանց մեջ չեմ կարա մտնեմ, մեջտեղ մտնող, մնացող չեմ։

Մենք բոլորս ինչ-որ բանի մեջտեղում էինք։ Միայն պապս էր վստահ, որ կողքից է նայում։

Պապս հեռուստացույցի ձայնը բարձրացրեց։ Լուրերով տեղահանված ընտանիք էին ցույց տալիս։ Կինը կանգնած էր կիսակառույց տան առաջ և ասում էր, որ արդեն երեք ամիս ժամանակավոր են ապրում։ Երեխաները նրա հետևում ցեխի մեջ խաղում էին։

Պապս լեզվով չխկացրեց։

– Խեղճ ժողովուրդ։

Մայրս հայացքը սեղանին գցեց։ Դռան մոտ դրված մեր երկու պայուսակներն էլ երևում էին այնտեղից։

Էկրանի ներքևում գրված էր՝ «Տեղահանված ընտանիքը բնակարանի կարիք ունի»։

Հեռախոսս թրթռաց։ Հայրս էր։ «Մորդ ասա՝ մինչև կիրակի մնացած իրերն էլ հանի։ Կիրակի դուռը փակելու եմ»։ Հաղորդագրությունը կարդացի երկու անգամ։ Հետո նայեցի հեռուստացույցին։ Էկրանի վրայի կնոջը երեք ամիս էր տրված։ Տանտերը վեց ամսից պակաս չէր տալիս։ Պապս մեզ մինչև կիրակի էր պահելու։ Հայրս էլ մինչև կիրակի էր դուրս հանում։ Բոլորն ինչ-որ ժամկետ էին տալիս։ Միայն ապրելու ժամանակ չէին տալիս։

Հեռախոսիս նշումների բաժինը բացեցի։

ՎԱՐՁԱԿԱԼԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ընտանիք՝ այո։
  • Ամուսնացած՝ ոչ։
  • Նախկին հասցե՝ հորս տունը։
  • Նոր հասցե՝ չկա։
  • Տեղափոխվելու պատճառը՝

Երկար նայեցի դատարկ տողին։ «Այդպես է ստացվել»-ն արդեն ոչ ոք չէր ընդունում։ Ոչ տանտերերը, ոչ պապս, ոչ էլ հայրս։ Ջնջեցի տողը։

  • Մնալու ժամկետը՝

Այդ մեկն էլ չկարողացա լրացնել։ Ձևաթուղթը փլվեց։

Պապս ալիքը փոխեց։ Հետո վերցրեց սեղանի վրայի բաժակը և խոհանոցից դուրս եկավ։ Մայրս սկսեց ափսեները հավաքել։

– Վաղը նորից կզանգես,— ասաց նա։

– Հա։

– Մի բան կգտնվի։

Մայրս դա այնպիսի ձայնով ասաց, որով մարդիկ խոստանում են բաներ, որոնց իրենք էլ չեն հավատում։

Գնացի այն սենյակը, որտեղ քնում էինք։ Մեր պայուսակները դռան մոտից ներս չբերեցի։ Անկողինս բացեցի, հագուստով պառկեցի։ Հեռախոսը դրեցի կողքիս։ Կեսգիշերին մարտկոցը վերջացավ, հեռախոսը վերջապես լռեց, եղբորս հանձնած դատարկ շշերն ու պղինձը վերջապես լռեցին։

Քամին մի քանի անգամ խփեց մուտքի դռանը։ Ամեն անգամ արթնացա՝ մտածելով, թե եկել են մեզ դուրս հանելու։

Առավոտյան՝ դեռ ոչ ոք չարթնացած, անկողինս հավաքեցի այնպես, կարծես այնտեղ երբեք չէի քնել։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *