Թերեզա Ամրյան/Չորսն անց քառասունչորս րոպե

Արթնանում եմ դռան թակոցից, շուռ եմ գալիս անկողնում և վերցնում բջջային հեռախոսը․ ժամը չորսն անց է քառասունչորս րոպե։ Շուրջս մութ է, և զգում եմ, որ մեր տանը չեմ։ Տրորում եմ աչքերս ու նստում բարձին։ Դիմացս հեռուստացույց է, էկրանին մի կին, որ լայն բացած ազդրերի մեջ է առել տղամարդուն։ Չէ՛, հիշեցի․ էկրան չէ, լուսարձակող ֆոսֆորով արված գծանկար է։ Հիշեցի։ Զաքարի հյուրատան սենյակներից մեկում եմ․ քաղաքում այդ հյուրատունն անվանում են «Զաքարի մոտ»։ Փողատեր տղամարդիկ բոլորից թաքուն «Զաքարի մոտ» գալիս են իրենց սիրած աղջիկների, ոմանք էլ՝ սիրած տղաների հետ․․․ Բայց ո՞վ է դուռը թակում։ Վա՜յ, Տե՛ր Աստված, հաստատ կինս է՝ Վարսիկը։ Կռահել է, որ չեմ գնացել օդանավակայան և հետևել է ինձ։ Նրան ասել էի, որ պետք է արտերկիր մեկնեմ․ ասել էի, որ «Սարաֆյան» հյուրանոցային ցանցի համար կահույքի ավելի հարմար մատակարար եմ գտել։ Ցերեկը Վարսիկը արդուկած վերնաշապիկներս խնամքով դրեց ճամպրուկի մեջ և ասաց․ «Տե՛ս, գուլպաներդ այս գրպանում են․ չմոռանաս գուլպա փոխել»։ Աչքերս տրորում եմ և սենյակի ձախ պատին մի ուրիշ գծանկար տեսնում․ փոքր-ինչ կռացած մերկ կին է, որի հետևում կանգնած տղամարդը գրկել է նրա իրանը։ Զաքարը հաստատ այս պատկերները Կամասուտրայից է վերցրել։ Վա՜յ, դուռը թակում են․․․ Մի՞թե Վարսիկն ինձ կասկածում էր․․․ Բայց ո՞նց կարող էր իմանալ, որ այս սենյակում եմ։ Հյուրատանը մի քանի ընդունարան և շատ սենյակներ կան․ ամեն մի ընդունարանում զույգին դիմավորում և բարի ժամանց է մաղթում սամուրայի հագուստ հիշեցնող համազգեստ հագած մի տղա։ Այդ «սամուրայները» Զաքարի հյուրերի մասին քար լռություն են պահպանում։ Վարսիկը ո՞նց է այս հյուրատուն մտել, ո՞վ է նրան ներս թողել․․․ Բայց ո՞ր մի «սամուրայը» ներս չէր թողնի հայտնի գործարար Վաչագան Սարաֆյանի դստերը։ Էս ի՜նչ հիմարություն արեցի, որ կրկին աղջկա հետ եկա «Զաքարի մոտ»։ Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ, որ այլևս կնոջս չեմ դավաճանի, բայց չեմ կարողանում։ Ուզում եմ հիշել՝ այսօր որ մի աղջկա հետ եմ այստեղ եկել։ Հեռախոսի լույսը մոտեցնում եմ կողքս քնած կնոջ դեմքին․ Նարինեն է փիսիկի պես անձայն շնչում։ Ես ու Նարինեն նույն դպրոցում էինք սովորում․ լողորդուհի էր, դպրոցի ամենասիրուն աղջիկը։ Տասներորդ դասարանում գժի պես սիրահարված էինք իրար։ Մայրս Նարինեին չէր հավանում, ասում էր՝ «բաց է հագնվում», «բարձր է ծիծաղում», «սանձարձակ է»։ Ես ու Նարինեն բոլորից գաղտնի էինք հանդիպում։ Մի անգամ Նարինեին խնդրեցի, որ բաց հագուստ չհագնի, ասացի՝ մորս դուր չի գալիս։ Նա հեռացավ ինձնից, որոշ ժամանակ անց այլ տղայի հետ ամուսնացավ։ Տարիներ անց ընկերներիցս լսեցի, որ Նարինեն ամուսնուց բաժանվել է․ նորից սկսեցինք հանդիպել՝ կնոջիցս գաղտնի։ Ախր Նարինեն կրակով էր լցնում Վարսիկից գողացած գիշերները․․․ Պատահում էր, որ Վարսիկը ինձ զանգում էր հենց այն պահին, երբ Զաքարի հյուրատանը համբուրում էի մերկ գեղեցկուհու պարանոցն ու կրծքերը։ Ասում էր․ «Ո՞նց ես, արդեն հասե՞լ ես օդանավակայան», ասում էի․ «Վարսի՛կ ջան, ի՞նչ օդանավակայան, ի՞նչ գործուղում․ հիմա սիրուհուս հետ եմ, կարո՞ղ ես գուշակել՝ ինչ դիրքում ենք․․․»։ Նման կատակներով տասնապատկում էի հաճույքս։ Նման կատակներով պարզամիտ Վարսիկի գլխի տակ փափուկ բարձ էի դնում․ թող մտածի՝ սիրուհի ունեցող տղամարդն իր կնոջ հետ նման կատակներ չի անի։ Բայց․․․ Փաստորեն, Վարսիկն այսօր կասկածել և եկել է իմ հետևից։ Երբ ցերեկը նրան հրաժեշտ տվեցի և դուրս եկա՝ տաքսի նստելու, իմ չորս տարեկան դուստրը՝ Անին, պատուհանից թաթիկով արեց և ասաց․ «Հայրի՛կ, ինձ համար փայտե տիկնիկ կբերես»: Էլի դուռը թակում են, իսկ Նարինեն երջանիկ քնած է։ Երբ Նարինեի հետ մտա հյուրատուն և բարևեցի ընդունարանի աշխատակցին, հանկարծ Վարսիկի ընկերուհի Էսթերից զանգ ստացա․ դուրս եկա միջանցք, որ խոսեմ։  

– Գևո՛րգ, խնդրում եմ, հիմա տուն գնա․ էս ամենը լավ ավարտ չի ունենա, – ասաց Էսթերը։ 

– Էսթե՛ր, գիտեմ որ շատ բան ես տեսնում․․․ Խնդրում եմ, չպատմես Վարսիկին։ Վերջին անգամն է։

– Գևո՛րգ, ես քո ընտանիքի բարեկամն եմ։ Արի՛ միասին չարիքի դեմն առնենք։

– Է՜, գնչուհի՛ քույրիկ, մի՛ վախեցիր, ոչ մի վատ բան չի լինի։

– Գիտես՝ վատ խորհուրդ չեմ տա․․․ 

Այլևս չէի ուզում լսել Էսթերի ձայնը․ անջատեցի հեռախոսն ու մտա ընդունարան։ Նարինես զրույցի էր բռնվել «սամուրայի» հետ․․․ Տարիներ առաջ մորս պատճառով Նարինեի հետ չամուսնացա․ ինչո՞ւ պետք է իմ սիրած աղջկա հետ գաղտնի հանդիպեի, ինչո՞ւ հիմա պետք է թաքուն հանդիպեմ։ Չնայած, ի՞նչ եմ ասում․ մայրս Վարսիկին էլ չէր հավանում։ Ամեն օր ասում էր․ «Գևո՛րգ ջան, էդ ունևորի աղջիկը մեր բանը չի։ Ավելի լավ ա ախպորս գյուղի Անժելիկին ուզենք քո համար»։ Մորս կամքին հակառակ ամուսնացա։ Վարսիկն առատություն ու խաղաղություն բերեց իմ կյանք, զավակ էլ պարգևեց, բայց չկարողացավ կրքով լցնել անկողինը։ Ես էլ տարբեր աղջիկների հետ «Զաքարի մոտ» էի փախչում։ Իսկ երբ իմացա, որ Նարինեն բաժանվել է, ինձ այլևս կանգնեցնել հնարավոր չէր։ Պատրվակներ էի փնտրում և ամիսը մի քանի անգամ գործնական նպատակներով արտերկիր մեկնում․․․ Կուզեի Նարինեի հետ շրջագայել, բայց վախենում էի․ Վարսիկի եղբայրներն արտերկրում էին բնակվում, կարող էին մի տեղից իմանալ, որ այլ կնոջ հետ եմ ճամփորդում։ Նարինեի հետ հանդիպում էի արտասահման մեկնելու ճանապարհին։ Թռիչքից ժամեր առաջ էի տնից դուրս գալիս, որ նրա հետ գնայի «Զաքարի մոտ», հետո՝ օդանավակայան։ Դե Զաքարի հյուրատունը օդանավակայանից հեռու չէ, այն լայնահուն գետի ափին է․․․ Նորից Վարսիկը թակում է դուռը։ Նա ո՞նց կարող էր կռահել, որ այստեղ եմ։ Հա՜, հաստատ Էսթերն է նրան հուշել։ Այսօր հեռախոսը կախեցի, խոսքը կիսատ մնաց, դրա համար նեղացավ, ամեն ինչ խաբար տվեց ընկերուհուն։ Ես միշտ էլ Էսթերից վախենում էի։ Նրա և Վարսիկի ընկերությունը սրտովս չէր։ Ախր Էսթերի պես խորագետ կին կյանքում չէի տեսել։ Չէ՜, ժամանակ առ ժամանակ մայրս էր փորձում իրեն խորագետ և հեռատես կնոջ տեղ դնել և «մարգարեանում»․ «Դե կտենաս, կինդ մի օր քեզ տնից դուս կտշի»․․․ Եթե հիմա դուռը բացեմ, և Վարսիկն ինձ Նարինեի հետ տեսնի, կբաժանվի։ Ի՞նչ եմ անելու։ Գլխիկոր կգնամ մորս մոտ, կփնթփնթա․ «Բա որ ասում էի․․․»։

Երբ նոր էի ամուսնացել, միայն քույրս՝ Անին էր շփվում իմ ու Վարսիկի հետ։ Մայրս ժամանակ առ ժամանակ զանգահարում էր ու ասում․ «Էդ՝ ամեն ինչ տեսածը քեզի կնիկ չի դառնա», «բալես, խի դու էդ աջբատեսի՞ն էիր արժանի»։ Երբ Անին հիվանդացավ, Վաչագան Սարաֆյանն աշխարհի ամենալավ բժիշկներին հրավիրեց։ Բոլորն անզոր էին մահվան առջև, ես էլ անզոր էի մորս առջև։ Մորս աչքին բոլորը վատն էին, Վարսիկը հղփացած էր, Նարինեն՝ սանձարձակ։ Բայց միակ սանձարձակը ես էի․․․ Վարսիկի հետ մերձեցման պահերին մտածում էի Նարինեի, մեր հարևանուհիների, Էսթերի և կնոջս մյուս ընկերուհիների մասին՝ այդ կերպ փորձելով գույն հաղորդել հաճույքի վայրկյաններին։ Ինձ բերկրանք էր պատճառում, որ Էսթերը կարող է տեսնել և զգալ այն ամենը, ինչ մտովի անում եմ նրա հետ։ Հետո էլ սկսում էի վախենալ, որ կնոջս կպատմի՝ ինչ է տեսել կամ զգացել։ Ես վստահ էի, որ Էսթերը պայծառատես է, թեպետ Վարսիկը չէր հավատում։ Մի անգամ Էսթերն ինձ ասաց․ «Մի՛ վախեցիր, կլռեմ․․․ Բայց փոխի՛ր քո թաքուն իղձերը, որովհետև դու ինձ համար եղբայր ես»։ Վստահ եմ՝ Էսթերը լավ էլ տեսնում էր, որ Անիի մահից հետո ինձ այլևս ո՛չ քույր է հարկավոր, ո՛չ՝ մայր: Ա՜խ, երանի մայրս էլ Էսթերի նման խորաթափանց միտք ունենար, հետը հանգիստ զրուցեի, կես խոսքից ինձ հասկանար․․․ Ավա՜ղ, մայրս փոթորիկներով էր լցրել իմ կյանքը, հորս կյանքը, եղբորս կյանքը․ Անին էլ չդիմացավ, գնաց։ Իսկ Վարսիկն ինձ բերել էր անդորր, որի մեջ, սակայն, ո՛չ կիրք կար, ո՛չ զվարճանք։ Մի՞թե մեծ հանցանք էի գործում, որ իմ հավանած աղջիկներին «Զաքարի մոտ» էի տանում․ այդտեղ ինձ ոչ ոք չէր տեսնի ու չէր տեղեկացնի Վաչագան Սարաֆյանին։ Ամենամեծ վախս, այնուամենայնիվ, Էսթերն էր։ Թեպետ նա քչախոս ու ծածկամիտ էր, բայց ես չէի հավատում, որ այդ կինն իր տեսածը Վարսիկից գաղտնի պահեր։ Էսթերին չէի վստահում․ ընդհանրապես կանանց չէի հավատում։ Վարսիկին պատմում էի՝ ոնց էին մի ժամանակ գնչուները շուկայում կեղծ ոսկի վաճառում, խաբում մարդկանց․․․ Ասում էի, որ գնչուների մոգությունը վտանգավոր է․ համոզում էի, որ իր ընկերուհուց հեռու մնա։ Վարսիկը ծիծաղում էր և ասում, որ Էսթերն արվեստի պատմաբան է և, ի տարբերություն իր բազմաթիվ ազգակցուհիների, երբեք բախտ չի գուշակել։ Չէի կարողանում համոզել․ ո՛չ Էսթերից էր հեռանում, ո՛չ ինձ բավականություն պատճառում։ Սփոփվում էի Նարինեի հետ անցկացրած գիշերների մութի մեջ։ Սիրահետելիս ու կատակելիս Նարինեին «ջրահարս» էի անվանում, իսկ նա կչկչում էր ու ասում․ «Ե՞րբ ես ինձ շամպայնով լողացնելու․ Շիրվանզադեի «Քաոս» վեպում ոնց էին ուզում երգչուհուն շամպայնով լողացնել»։ Իսկ հիմա չարաճճի Նարինես քնել է անմեղ երեխայի պես․․․ Դեռ դռնից դուրս չէի եկել, երբ Վարսիկն իմ սիրած կոնֆետները լցրեց ճամպրուկի գրպանի մեջ․ «Տեղ հասնես, կզանգես, որ միասին սրճենք»։ Եթե հիմա Վարսիկը սենյակ մտնի, կհասկանա, թե ինչու են կոնֆետները ճամպրուկի գրպաններում մնում։ Էլի են դուռը թակում․․․ Ախր Էսթերն ինձ ասում էր․ «Դու իմ եղբայրն ես»… Եվ ինչպե՞ս կարողացավ այս նվաստացուցիչ վիճակին հասցնել իր «եղբորը»։ Ամեն անգամ շրջագայությունից վերադառնալիս Էսթերի համար գունավոր շարֆեր էի բերում․ համբուրում էր գլուխս, շոյում էր շարֆերն ու պատմում դրանց գործվածքների մասին։ Գիտելիքի ինչպիսի՜ պաշար ուներ․ հիանում ու նախանձում էի․․․ Չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ կնոջս ընկերուհին կարող է ինձնից խելացի լինել։

Միշտ երազել եմ, որ ես էլ մարդկանց աչքին խելացի երևամ։ Դպրոցում և համալսարանում գերազանց էի սովորում, բայց գիտելիքս ու հնարամտությունս ոչ ոք չէր նկատում։ Երբ փորձում էի ինչ-որ բանի մասին կարծիք հայտնել, մայրս ասում էր․ «Խի, դու ի՞նչ գիտես․․․»։ Վաչագան Սարաֆյանն առաջին մարդն էր, որ գնահատեց կարողություններս։ Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի էի անցել «Սարաֆյան» հոլդինգի գրասենյակներից մեկում։ Երբ մի օր հերթական առաջադրանքի կատարման մասին հաշվետվություն ներկայացրի, Սարաֆյանը խնդրեց մի անգամ էլ ցույց տալ սահիկաշարի նախավերջին դիագրամը և ասաց․ «Կեցցե՛ս, տղա՛ս, խելացի երիտասարդ ես երևում։ Շարունակիր լավ աշխատել»։ Աշխատանքային միջոցառումներից մեկի ժամանակ ծանոթացա Սարաֆյանի դստեր հետ, և մի քանի ամիս հետո ամուսնացանք։ Իմ ու Վարսիկի աղջիկն արդեն մի տարեկան էր, երբ պատահաբար լսեցի Վաչագան Սարաֆյանի և նրա մտերիմ ընկերոջ խոսակցությունը․ «Մի քանի տարի հետո այլևս Բավարիայի գարեջրի գործարանով չեմ զբաղվի․ դրա բաժնետոմսերը փեսայիս եմ տալու։ Աչքաբաց ջահել է, վստահ եմ՝ գլուխ կհանի»։ Դրանից հետո թևավորվել էի․․․ Ամեն ամիս Վարսիկի համար թանկարժեք նվերներ էի գնում․ ծախսում էի ողջ աշխատավարձս։ Պետք է ապացուցեի, որ պատասխանատու և հոգատար տղամարդ եմ։ Վարսիկի մոտ ձևացնում էի, որ անտարբեր եմ նրա հոր ունեցվածքի նկատմամբ։ Միայն Էսթերից էի վախենում․ բա որ իմ խորամանկությունը նկատի և այդ մասին պատմի կնոջս։ Վարսիկի մյուս ընկերուհիներն ավելի հանդարտ ու կանխատեսելի բնավորություն ունեին․ առավոտից երեկո կանանց հագուստի և կոշիկի խանութների մասին էին խոսում։ Վարսիկը բոլորից առանձնացնում էր Էսթերին․ շատ էր վստահում։ «Վարսի՛կ, աչքիս՝ դու տղամարդ լինեիր, Էսթերի հետ կլինեիր, չէ՞», – երբեմն փորձում էի կատակել։ «Ո՞վ չէր ուզի։ Դու չէի՞ր ուզի Էսթերի հետ լինել… Մեկ-մեկ Էսթերին դիտավորյալ ջղայնացնում եմ, որ կատաղած հայհոյի․ ոնց եմ ուզում էդ պահին դրա դունչն ու շրթունքները կծել», – իրեն ոչ հատուկ կրքով ասում էր Վարսիկը։ «Վայ, երևի նարատոֆիլիա ունես», – ծիծաղում էի ես և մտմտում՝ ոնց ազատվեմ Էսթերից։ Ժամանակ առ ժամանակ Վարսիկին պատմում էի Կիրիլ Ռաշկովի կամ այլ հայտնի գնչուների «քաջագործությունների» մասին․ զգուշացնում էի, որ հանկարծ Էսթերի ծանոթներից ոսկեղեն չգնի։ Վերջում, ամեն ինչ գեղեցիկ փաթեթավորելով, եզրափակում էի․ «Սիրո՛ւնս, ուզում եմ պաշտպանել քեզ հանցավոր միջավայրից»։ Վարսիկը ծիծաղում էր ու ասում, որ Էսթերը ո՛չ առևտրական է, ո՛չ էլ քրեական հեղինակություն։  

Էլի դռան թակոցը․․․ Բան չկա, դուռը կբացեմ, կասեմ, որ օդանավը ուշացումով է մեկնելու։ Կասեմ․ «Տուն չեկա, որ քեզ և Անիին չարթնացնեմ»։ Բայց որ ներս մտնի ու Նարինեին տեսնի, հաստատ չի ների։ Այլևս ինձ թույլ չեն տա՝ փոքրիկ Անիիս տեսնեմ․․․ Անին ծնվեց քրոջս մահից մի շաբաթ հետո։ «Աղջիկդ թող քույրիկիդ անունը կրի․ նրան տեսնելիս քրոջդ կհիշես», – ասաց աներս․․․ Ինչքա՜ն անխոհեմ գտնվեցի։ Դավաճանեցի այն կնոջը, որն ինձ հանել էր մորս դժոխքից և դրել իր հոր ստեղծած դրախտում։ Երանի այսօր Նարինեն շուտ գնացած լիներ, ես էլ անտեր շան պես դուրս եկած լինեի հյուրատնից։ «Անտեր շուն» արտահայտությունն Էսթերից էի սովորել։ Հղիության վերջին ամսում բժիշկը Վարսիկին արգելել էր սեռական հարաբերություն ունենալ։ Երբեմն ես չէի կարողանում զսպել ցանկությունս և մի օր կատակախառն ասացի․ «Վա՜խ, Վարսիկ, ի՞նչ անեմ, գնա՞մ մի գիշեր քո ընկերուհի Էսթերի հետ անցկացնեմ»։ Վարսիկն իրեն ոչ հատուկ վճռականությամբ մոտեցավ ինձ, բռնեց ուսերիցս, ծնկի եկավ ու շշնջաց․ «Փակի՛ր աչքերդ ու պատկերացրու, որ Էսթերն է շուրթերով շոյում քո ամենազգայուն տեղը»։ Մի քանի օր հետո պատահաբար Էսթերին տեսա և ձեռքով բարևեցի։ «Յա՜, քեզ հովազի տե՞ղ ես դրել», – ասաց նա՝ ակնարկելով իմ վերնաշապիկը, որի վրա գրված էր pantera666777։ Փորձեցի ժպտալ և ձեռքս հետ քաշել, բայց նա ավելի ամուր սեղմեց ու շշնջաց․ «Ա՛յ անտեր շուն, քեզ չե՞մ ասել, որ ինձ համար եղբոր պես ես․․․»։ Երբ Վարսիկը ծննդաբերեց, Էսթերը նրա համար խավիծ տարավ։ Թե էս դարում ո՞վ է ծննդկանի համար խավիծ պատրաստում։ Լսել էի՝ մի ժամանակ սկեսուրներն են հարսներին խավիծ տվել, բայց դե Վարսիկին որտեղի՞ց սկեսուր։ Հիվանդանոցի բակում շոյեցի Էսթերի այտը, ուզում էի բան ասել։ Այնպես նայեց, որ քարացա․ մի ձեռքը բացեց, ափն իմ կողմ շրջեց և ասաց․ «Ես Վարսիկի հետ էսպես բաց ու անկեղծ եմ․․․»։ Գլխիկոր հեռացա, իսկ Էսթերը հետևիցս նետեց․ «Գևո՛րգ, ես քո ընտանիքի բարեկամն եմ, բայց եթե սահմանն անցնես, պատասխանը կստանաս»։ Ինչ էլ անում էի, միևնույն է, չէի կարողանում Վարսիկին և Էսթերին իրար դեմ հանել։ Եվ ամեն անգամ Էսթերին տեսնելիս ինձ ոչնչություն էի զգում․ հիշում էի, որ տանուլ եմ տվել բարեկամություն կոչվող պայքարը։ 

Միացնում եմ հեռախոսիս լույսը, որ տեսնեմ՝ Նարինեն չի արթնացել։ Չէ՛, հանգիստ քնած է։ Ուզում եմ ծածկել, բայց վերմակը տակն է ընկել։ Գարեջրի գործարանի բաժնետոմսերի հույսով մնացի, ողջ աշխատածս ծախսեցի Վարսիկի վրա․ գոնե մի քիչ խնայած փող ունենայի, Նարինեին վերցնեի, երկրից դուրս գայի։ Հո չեմ բաժանվի և որբի պես վերադառնամ հայրական տուն՝ մորս հետ ապրելու։ 

Թեքվում եմ և աջ պատին ֆոսֆորով նկարած մի կին եմ տեսնում․ նրա ոտքերի առջև տղամարդու մարմին է նետված, ձեռքին՝ տղամարդու գլուխ։ Ամենևին էրոտիկ չէ, սարսափեցնող է։ Մի՞թե այս պատկերն էլ է Զաքարը Կամասուտրայից գտել․․․ Այսօր Էսթերն ինձ այս դիակի օրը գցեց։ Հիմա Վարսիկը ներս կմտնի և կտեսնի Նարինեին։ Չէ՜, չի՜ լինի նման բան, ես թույլ չեմ տա, էդ էր պակաս մեկն ինձ հեգնի՝ թե․ «Բա որ ասում էի․․․»։ Ամեն ինչ իմ ձեռքով կանեմ, վերջում էլ դուռը կբացեմ և կասեմ․ «Սե՛ր իմ, օդանավը վեց-յոթ ժամ ուշացումով է մեկնելու․ որոշեցի ամենամոտ հյուրատանը գիշերել և առավոտ շուտ գնալ»։ Հետո միամտացնելու համար սովորականի պես կկատակեմ․ «Տե՛ս, սենյակում մենակ չեմ, սիրուհիներիս հետ եմ»։ Ներս կտանեմ, կնստեցնեմ մահճակալին, կկանգնեմ նրա դիմաց և կզրուցեմ հետը․ քիչ-քիչ կանկեղծանա ու կասի, որ Էսթերի խորհրդով է եկել։ «Տե՛ս, ընկերուհիդ էս գիշերով քեզ ի՜նչ օրն է գցել։ Բա որ ասում եմ՝ նրանից հեռու մնա․․․ Բան չկա, աստիճանաբար սահմա՛ն դիր․ մի՛ զանգիր, ո՛ւշ պատասխանիր նրա նամակներին, մի՛ հրավիրիր ծննդյանդ տարեդարձին․․․ Ու կտեսնես, որ ամեն ինչ կկարգավորվի», – կասեմ ես, հետո կնստեմ հատակին ու կփաթաթվեմ իմ գեշոյի ոտքերին․․․ Վա՜յ, հեռախոսս է զանգում․ Էսթերն է։ Երևի ուզում է չարախնդալ և ասել․ «Տեսա՞ր, կատարվեց այն, ինչից վախենում էիր․ ամեն ինչ պատմել եմ կնոջդ»։ Մտքում հայհոյում եմ նրան և անջատում հեռախոսը։ Միացնում եմ սենյակի լույսը, բացում պատուհանը, գետի քչքչոցն ու զով քամին լցվում են սենյակ։ Աթոռի վրայից հավաքում եմ Նարինեի հագուստները և կոշիկների հետ դնում եմ վերմակին․ հենց այդ վերմակի մեջ բարուրում եմ Նարինեին, գրկում եմ և լուսամուտի կողմ վազում։ Նարինեն մի կերպ իմ անունն է տալիս։ «Սո՛ւս, սիրելի՛ս, հիմա ամեն ինչ կվերջանա», – ասում եմ ես և դուրս եմ նետում նրան։ Ջրի ճողփյունը լսելուց հետո ծածկում եմ պատուհանը, խալաթը գցում եմ վրաս, նայում եմ ժամացույցին․ չորսն անց է քառսունհինգ րոպե։ Բացում եմ դուռը․ հյուրատան «սամուրայ» աշխատակիցն է, որը ժամեր առաջ ընդունել էր մեզ և բարի ժամանց մաղթել։ Նրա ձեռքերում սառույցով լի դույլեր են, որոնց մեջ շամպայնի շշերն են սառչում։ «Սամուրայը» աչքով է անում և ասում․

– Երբ Դուք ընդունարանից դուրս եկաք՝ հեռախոսով խոսելու, աղջիկը խնդրեց, որ 
ժամը հինգին տասնհինգ պակաս յոթ հատ շամպայն բերեմ։

Առավոտյան ժամը վեցին գետի ափին էի․ չէի զբոսնում, փնտրում էի։ Արևի շողերը կուրացնում էին ինձ, իսկ Նարինեն մերկ նստել էր քարին և դողում էր։ Երևի չէր էլ նկատել՝ ոնց էր ափ հասել՝ քնաթաթախ լողալով․․․ Շամպայնի մեջ։ 

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *