միկրո արձակ
Այն առավոտ, երբ արթնացած բոլոր ժամացույցները սկսեցին ետ հաշվել միայն շաքարավազի գնի տատանումները, Արամը հասկացավ, որ իր ձախ կոշիկը որոշել է դառնալ նախարարության մամուլի քարտուղար, իսկ աջը՝ պարզապես լուռ հեռանալ տնից։
Նախարարության քարտուղարի պաշտոնը նշանակում է հստակ աշխատանքային գրաֆիկ ու դրեսկոդ։ Բայց Արամը չէր կարող խոչընդոտել ձախ կոշիկի ամբիցիաներին. ինչպե՞ս դավաճաներ իրենց ընկերությանը։
Իսկ աջ կոշի՞կը։ Չէ՞ որ նա ազատություն է ուզում. ուզում է գնալ տնից, ճանապարհորդել, միայնակ ու հանգիստ մնալ։ Ինչպե՞ս կարող էր դեմ կանգնել նրա ազատության տենչին կամ սահմանափակել նրան։
Իրոք, չես նախանձի Արամին։ Այսպիսի բարդ ընտրության առաջ քչերն են կանգնում:
Քանի որ Արամը չէր ուզում նեղացնել կոշիկներից և ոչ մեկին, նա պետք է մտածեր, թե ինչպես լուծել այս լոգիստիկ աղետի խնդիրը։ Գուցե առավոտյան արթնանար ձախ ոտքի՞ց, հագներ միայն ձախ կոշիկը և ուղեկցեր նրան նախարարությո՞ւն, իսկ այդ ընթացքում աջ ոտքը լիներ ազատ, մենակ․․․ Բայց չէ՛, սա լուծում չէր, քանի որ աջ կոշիկը ուզում էր ոչ թե ուղղակի մենակ մնալ, այլ լրիվ ազատ լինել՝ ճանապարհորդել ու աշխարհ տեսնել։
Հենց այս մտքերով էլ, վերջին անգամ նայելով շաքարավազի գնին, Արամը քնեց։
Առավոտյան նա արթնացավ՝ արդեն ունենալով իրեն այսքան տանջող խնդրի լուծումը։ Օգնեց աջ կոշիկին արագ հավաքել իրերը, իսկ ձախին սովորեցրեց փողկապ կապել ու դուրս եկավ։ Նա ուղղություն վերցրեց դեպի գնացքի կայարան, որպեսզի ճանապարհի աջ կոշիկին։ Աջին հրաժեշտ տալով՝ նա մի ոտքով թռչկոտելով հասավ նախարարություն, որպեսզի լսի ձախ կոշիկի առաջին պաշտոնական ելույթը։ Ձախը հիմնականում խոսում էր տնտեսության աջից և փորձում էր բացատրել ժամացույցների ու շաքարավազի գնի մութ ու անհասկանալի կապը։ Նախարարությունում տպավորված էին ձախ կոշիկի պրոֆեսիոնալիզմով և փայլուն վերլուծական հմտություններով։
Այսպես շաբաթներ շարունակ Արամն ամեն օր օգնում էր իր ձախ կոշիկին հասնել նախարարություն, լսում էր նրա ելույթները, հետո միասին տուն էին վերադառնում։ Այս ընթացքում նա նամակներ էր ստանում նաև աջ կոշիկից։ Մեկը եկել էր այն ժամանակ, երբ աջ կոշիկը դեռ Մադրիդում էր, հաջորդում նա արդեն հանգստանում էր Ռիոյի լողափներում, իսկ վերջին նամակը ստացել էր այսօր առավոտյան՝ Վիեննայից։
Վերջին օրերին տնտեսական ցուցանիշների անկման պատճառով շաքարավազի գինն իջել էր, և այդ պատճառով ժամանակը շատ արագ էր անցնում. դժվար էր լինում հասցնել ավարտել գործերը։ Արամը հաճախ էր մտածում, որ ձախ կոշիկին նույնպես հարկավոր է ազատություն, և վաղ թե ուշ նա պետք է մենակ թողնի իր կոշիկին։
Երբ շաքարավազի գինը սկսեց ավելի արագ ընկնել, Արամը վերջնականապես որոշեց թողնել իր կոշիկը նախարարի սենյակում և ոտաբոբիկ վերադառնալ տուն։ Արդեն տանը, հեռուստացույց դիտելիս, Արամը բացահայտեց, որ այսօր շաքարավազը դարձել է անվճար։
Դա նշանակում էր միայն մեկ բան. ժամանակը կորցրել էր իր արժեքը և վերջնականապես կանգ էր առել։ Պատից կախված ժամացույցի սլաքները հոգնած թուլացան ու ներքև սահեցին՝ ինչպես հալված մոմեր։ Արամը թեթևացած շունչ քաշեց. նա այլևս ոչ մի տեղ ուշանալու վախ չուներ, իսկ նրա երկու կոշիկներն էլ գտել էին իրենց երջանկությունը՝ մեկը՝ հաջողակ կարիերայի, մյուսը՝ անվերջ ճամփորդությունների մեջ։ Նա մոտեցավ պատշգամբին, նայեց դեպի փողոցն ու ժպտաց։ Բակի երեխաները մեծ ափսեներով անվճար շաքարավազ էին բաժանում անցորդներին, իսկ հեռվում՝ հորիզոնի վրա, ժամանակից դուրս և բացարձակ ազատության մեջ, երևում էր ութ կիլոգրամանոց մի հսկա, քաղցր ամպ, որը դանդաղ լողում էր դեպի Վիեննա։
