Կամ սալիկներն էին կոտրված, կամ մաշված էին անիվները սայլակի։ Ինձ տանում էին սարսափելի արագությամբ, ինչպես տանում են նրան, ում ուզում են փրկել մահից։ Բիբերս կոպերիս տակ էին, և ես նկատում էի, թե ինչպես եմ հերթով անցնում առաստաղից կախված լույսերի տակով։ Աշխատում էին բոլոր զգայարաններս։ Հոտից հասկացա, որ հիվանդանոցում եմ։ Էժան հիվանդանոցի հոտ էր, որը միաժամանակ և զզվանք, և հույս էր բուրում։ Եվս մի քանի անգամ միջանցքով աջ ու ձախ, հանկարծ կտրուկ արգելակեցի, լույսն ուժգնացավ, ես հասկացա, որ ոչ մի տեղս չի ցավում։ Ես ինձ վատ չէի զգում։ Տեղին է ասել՝ չէի զգում ինձ ընդհանրապես։ Ժամանակը չուներ գոյութուն, աչքերս փակ էին, ես անշարժ, լույսը՝ ստաբիլ։ Միայն փսփսոց էր լսվում, հավանաբար՝ բժիշկների։ Տեսնես ինչքան եմ ապրելու։ Հետո նորից հիշեցի, որ ես հիվանդ չէի, բայց եթե հիվանդանոցում եմ, ուրեմն նաև առողջ չեմ։
Միջանցքում եմ։ Լույսը մարեց։ Մութն ընկավ վրաս։ Զմփաց ինչ-որ մի մետաղական բան, հավանաբար դուռն էր, որից կախված էին բանալիները։ Անցավ։ Էլի անցավ։ Լույսը վառվեց, նորից նույնօրինակ փսփսոցը լսվեց։
Հանկարծ հասկացա, որ ուզում եմ ապրել, աչքերս բացեցի, ուժեղ լույսից նորից ամուր փակեցի, դա ոչ ոք չնկատեց կարծեմ, բայց երակս ուժեղ ծակեց և ես քնեցի։ Արթնանալուց հետո հասկացա, որ ապրելուս ցանկությունն աննկատ չէր մնացել։ Ինձ նստեցրին անվասայլակին երեք-չորս հոգով, ահավոր անփույթ, հագիս սպիտակ խալաթ էր, քիչ էր մնում` ինձ բժիշկ զգայի։
– Ձեզ դեղ են տալիս, դուք ձեզ ավելի լավ կզգաք։
Ինչ-որ հաբ գցեցին բերանս, ջուր տվեցին և քշեցին անվասայլակը։
Հիվանդանոցի մի մասը փակված էր պոլիէթիլենով, մի ամբողջ մասնաշենք վերանորոգման մեջ էր։ Փոշին թափանցում էր միջանցք, սալիկը տեղ-տեղ պոկված էր, պատերը քերծված, ու սպիտակի վրայից կարծես կեղտ ներկած լինեին։ Մանկական բաժնի կողքից անցնելիս էդ անհաջող ֆոնին երջանիկ երեխաների ֆոտոներ էին կախված։
Ինձ տարան մի առանձին պալատ, գցեցին մահճակալին, հարկը չորրորդ, կարծեմ։ Տոթ էր։ Ոտքի կանգնեցի ինչ-որ չափ անց, սկսեցի շրջել հիվանդասենյակով։ Նկատեցի, որ ոտաբոբիկ եմ, սալիկը սառն է, հատակը կեղտոտ, և ամենաքիչը չորս սալիկ պակաս է։ Ես էի և մի քանի միջատ, որ հաստատ բժիշկներ չէին։ Դուռը ծեծեցին, թեպետ չկար դրա կարիքը, որովհետև փականը չէր աշխատում։ Ներս մտան երկու բուժքույր, մեկն ինձ առաջարկեց վերադառնալ անկողին՝ պատճառաբանելով, որ ինձ դեռ չի կարելի քայլել։
– Ձեր դեղի ժամն է, – ասաց մյուսը, – խմեք սա, ձեզ ավելի լավ կզգաք։
Բայց ես հիմա էլ ինձ վատ չեմ զգում, մտածեցի ես։ Ու չհասկացա, թե ինչպես, բայց արդեն հաբը խմել էի։ Խնդրեցի, որ բացեն պատուհանը, ասացին, որ ինձ մրսել չի կարելի, իսկ ես տոթից չէի ուզում մեռնել։ Փորձեցի միացնել օդորակիչը, ծիծաղեցին, հասկացա իմ պահանջի անհեթեթությունը։
– Վերջին հովհարիչը փչացել է, – ասաց բուժքույրերից մեկը և գրպանից հանեց ու սեղանին դրեց իր սեփական հովհարը։ Հետո երևի փոշմանեց, հետ վերցրեց հովհարը, գնաց ու թերթ բերեց։
– Կարող եք կարդալ և հով անել, ձեզ դեղ են տվել, ամեն ինչ լավ կլինի։
Միջանցքով մեկը քսքստալով քայլում էր։ Դուռը բացեցի, իմ կրկնակի հասակի մի տղամարդ, պատին հենվելով, քսքստալով գնում էր։
Գլխով բարևեցինք միմյանց, խոր հոգոց քաշեց ու ինքը սկսեց խոսակցութունը։
– Է՜, տղաս, ապրում եմ, որ չմեռնեմ։ Բա։
Ասաց, ու քսքստացնելով շարունակեց ճանապարհը։
Տուն գնալ ուզեցի։ Բայց չգիտեմ ինչու՝ համոզված էի, որ չէր կարելի, որովհետև, ինչպես ասել էին՝ պետք է լավ լինեմ, որ լինի կարելի։
– Ի՞նչ եք անում, ի՞նչ եք անում, – գոռացին բուժքուրերն՝ ավելի շատ հարձակման, քան անհանգստության տեսքով։ Ինձ ներս տարան սենյակ, պահանջեցին, որ պառկեմ։
– Հասկանո՞ւմ եք, ձեր այս վիճակում չի կարելի գնալ նմանատիպ ռիսկերի, ձեզ հանգիստ է պետք։ Զգո՞ւմ եք դեղի ազդեցությունը։
Եվ մինչև ես շտապում էի պատասխանել, դուռը շխկաց և ես մնացի հիվանդասենյակում մենակ։ Սկսեց ինչ-որ վառվածի հոտ գալ։ Զգացի, որ քաղցած եմ։ Հարազատներիցս ոչ ոք չկար։ Ոչինչ չկար ուտելու։
– Բժի՜շկ, բժիշկ, – գոռացի ես։ Ոչ ոք չմոտեցավ։
Ինչպիսի երկմտանք։ Դուրս գալ նորից միջա՞նցք, թե՞ սպասել պառկած։ Ուզում էի ինչ-որ բան հիշել, բայց չէի կարողանում։ Քացով հարվածեցի պատին, ոտքս մտավ պատի մեջ։ Գիպսեստվարաթղթե պատի արանքում ոտքս լռվել էր։ Ավելի ուժգին քաշելուց հետո պատի փոսը մեծացավ, պատից այն կողմ դատարկություն էր։
Էլի ահագին անցավ։ Նորից անցավ։ Սանհանգույցում ծորակը սկսեց կաթալ։ Երեք բուժքույր ներս մտան և մի բժիշկ։
– Ըհը՜․․․
– Հմմ․․․
Նորից փսփսոցներ բուժքույրերի ականջներին ու բժիշկն ասաց․
– Ձեզ հետ ամեն ինչ պարզ է, ձեզ առողջություն, – ու դուրս գնաց։
Ոչ ոք չնկատեց պատի ահռելի ծակը։
– Ձեր լողանալու ժամն է, – ասաց բուժքույրերից մեկը և ձեռքով ցույց տվեց սանհանգուցը։
Ինձ տվեցին սրբիչ, գրեթե դեղին, բայց ինչ-որ բան հուշում էր, որ այն մի ժամանակ սպիտակ է եղել։ Եվ նոր խալաթ, ահռելի լաքաներով։
– Ճիշտն ասած՝ ուզում էի իմանալ՝ երբ և ինչպես եմ ինչ-որ բան ուտելու։
– Ինչու ձեզ դեռ չե՞ն կերակրել։
– Ո՞վ, ինչպե՞ս։ Ես չգիտեմ՝ երբվանից եմ էստեղ, դեռ ինչքան եմ մնալու, և վերջապես՝ ո՞վ է իմ բժիշկը և ինչումն է իմ խնդիրն առողջության։
Ձայնիս տոնը գնալով բարձրանում էր։
– Ձեզ չի կարելի բորբոքվել, նյարդայնանալ, ձեզ հանգիստ է պետք, խնայեք ձեր նյարդերը, մանավանդ ձեր վիճակում․․․
– Իմ ո՛ր վիճակում։
– Մի վայրկյան մեզ կներեք, – և դուրս եկան երեքն էլ։
Ես մի տեսակ ուրախացա, պատրաստվեցի լոգանք ընդունել, այն ախորժակով, որ դրանից հետո ինչ-որ բան եմ ուտելու։
Ցնցուղից ժանգոտ ջուր էր գալիս։ Բաց թողեցի ահագին, ջուրը սկսեց զտվել, երբ վերջապես մաքրվել էր, թրջվելուց հետո օճառվեցի և ջուրը կտրվեց։ Օճառը կիսատ վրայիցս հանելով՝ սրբվեցի, ոտքերիս օճառված լինելու պատճառով սայթաքեցի և սահելով գնացի մահճակալիս տակ։ Ձախ արմունկս տաքացավ, նկատեցի, որ արյուն է գալիս։ Ինչ-որ մի տեղից ճանկռվել էր և մաշկս բացվել։ Հիշեցի։ Հիշեցի բոլոր այն հայհոյանքները, որ սովորել էի մանկուց։ Սիրտս մի տեսակ թեթևացավ։ Ի վերջո հայհոյանքը մտքի մակարդակի գյուտ է։ Պատրանք, որով կարելի է հանգստացնել ինքդ քեզ։ Մի կերպ ոտքի կանգնեցի, դուռը բացեցի և դուրս եկա միջանցք։ Հիվանդին, ում հանդիպել էի միջանցքում, պատգարակով տանում էին և ես շատ պարզ տեսա, որ բժիշկներից մեկը փակեց նրա աչքերը։ Չէր շնչում և ձայն չկար։ Իր պալատի դուռը կողպեցին, բանալիները բժիշկը գցեց գրպանը և սուլելով քայլեց դեպի աստիճան։ Պատգարակն անցավ ուղիղ իմ դիմացով, ոչ ոք ինձ վրա ուշադրություն չդարձրեց, իսկ իմ ամբողջ ուշադրությունը պատգարակի վրայի իմ կարճ ժամանակվա ծանոթն էր։ Չէ՞ որ մի փոքր առաջ նա այստեղ էր, նա կար, իսկ հիմա նրան տանում են այնտեղ, որտեղից հետ չեն գալիս։ Ես, օգտվելով իմ աննկատությունից, դուրս եկա միջանցք ու սկսեցի քայլել։ Վառածի հոտն ավելի էր մոտենում։ Ինչ-որ մի լաքոտ դուռ էր, որի ներսից զրույցի ձայներ էին լսվում և որտեղից գալիս էր այդ ծանոթ հոտը։ Ես բացեցի դուռը։
– Հա, հա, բարձրացեք, – հեռախոսն ականջին միջինից բարձր տարիքի մի կին խառնում էր գազօջախի վրա ինչ-որ մի եփվող սնունդ։
– Հա, հա, բարձրացեք, բարձրացեք, կարտոֆիլն արդեն փուխր-փուխր է։
Հանկարծ շրջվեց, նայեց ինձ և ասաց․
– Մի րոպե, չորրորդում հիվանդ կա, – և կախեց հեռախոսը։
– Բժիշկ ջան, էստեղ բուֆետ կա՞։
– Չէ, ռեստորան է միայն, – ու ինքն իր հումորի վրա սկսեց ծիծաղել։
Ընդ որում, ես իր ծիծաղի մեջ հեգնանք զգացի։ Նյարդերիցս աչքս սկսեց խաղալ։
– Էս ինչ հիմար հիվանդանոց է։ Լողանալը՝ կիսատ, բժիշկները չկան, մահը սովորական է, իսկ ես քաղցած մեռնում եմ և ուտելու ոչինչ չկա։
– Հարգելիս, լավ կլինի՝ դուք անցնեք ձեր պալատ, ձեր բժիշկները ձեզանով զբաղվում են շատ լուրջ։ Ձեզ կմոտենան, դուք վերահսկողության տակ եք, դուք ուշադրության տակ եք, ձեզանով զբաղվում են լավագույն մասնագետները։ Եվ չէր հասցրել ավարտել խոսքը, միջանցքը լցվեց շքեղ օծանելիքի հոտով։ Բոլորից տարբեր համազգեստով մի կին, ումից հետո պոչի պես շարվել էին տղամարդ բժիշկները, հատակին կտկտացնելով քայլում էր դեպի մեզ։ Ինձ տեսան արյունոտ, իմ պալատից մինչև խոհանոց կետիկներ կային սալիկին, և հավաքարարներն արագ-արագ առաջ անցան շքախմբից և սկսեցին մաքրել հատակը։
– Հիվանդին վերադարձրեք պալատ, – արհամարհական ասաց օծանելիքի տերը, – դուք էլ դուռը փակ պահեք, ասաց ու շարունակեց քայլել, տղամարդկանց պոչը շարժվեց հետևից։
– Իմ բժիշկը ձեր մե՞ջ է, – տղամարդկանցից մեկը շրջվեց, մատը տարավ շուրթերին, հասկացնելով, որ սուս մնամ, ինչն իմ վրա հակառակ ազդեցություն ունեցավ, ես վերջնականապես որոշեցի գնալ տուն։
Զայրացած մտա պալատս, օճառը գլխիս չորացել էր, մազերս կպել էին ճակատիս, գլխիս կարծես թաս լիներ դրված։ Հատակի արյունը կիսաչորացել էր, ձեռքիս արյունը կպել էր նոր հագած խալաթիս, սկսեցի հանել խալաթս և փնտրում էի հագուստս, որով էստեղ եկել եմ։ Ոչինչ չկար։ Մենակ ձախ լաթ՝ դարակի մեջ, այն էլ՝ հագած ինձանից առաջ։ Երկու չորացած ցեց և դատարկ շորի կախիչներ։ Փակեցի դարակը, նկատեցի, որ փոքր սառնարան կա պալատում։ Դուռը բացեցի, լույսը չվառվեց, բորբոսի հոտը բռնեց սենյակը։ Այստեղ էլ ոչինչ չկար։ Դուռն ուժեզ զմփացրի, քացով խփեցի սառնարանին և շրջվելուն պես նկատեցի, որ դռան դիմաց կանգնած են երեք բուժքույր։ Մեկը ձգվեց մյուսի ականջին, ինչ-որ բան փսփսաց ու գնաց։ Երկուսը մոտեցան։
– Ձեր ձեռքը վնասե՞լ եք։
– Ո՞ւր գնաց բուժքույրը, – բարձր ասացի ես։
– Գնաց բամբակի և պերօքսիդի հետևից, ձեր ձեռքը մշակել է պետք։
Յոթ-ութ խալաթավոր էին շարված դռան դիմաց և հարցնում էին, թե ինչու եմ արել դա ինձ հետ։ Մինչ ես փորձում էի հասկանալ, թե ինչ եմ արել, երկու ոստիկանին սկսեցին ճանապարհ տալ բոլորը։ Սկսեցին դարակները քչփորել, նայել ներքնակիս տակ, շպրտածս խալաթի գրպանները, և ոստիկաններից մեկը խիստ հայացքով շրջվեց ու հարցրեց․
– Ինչո՞վ եք ձեզ ինքնավնասել։
– Ձե՞ռ եք առնում, պարզապես սայթաքել եմ կիսալողանալուց հետո։ Խնդրեմ, էս էլ հատակին հետքերը։ Ես վայրկյան ավել չեմ ուզում մնալ էստեղ, ինձ կներեք, բայց ես գնում եմ։
– Ձեր այս վիճակում չի կարելի լքել հիվանդանոցը։
– Իմ ի՞նչ վիճակում, գրողը տանի, ինձ ի՞նչ է եղել։
Ես սկսեցի գոռգռալ, բժիշկներից ամուր կազմվածքով երկուսը բռնեցին ձեռքերս, բուժքույրերից մեկն ինչ-որ բան ներարկեց ուսիցս, մարմինս սկսեց թուլանալ, ինձ պառկեցրեցին ու ես հասցրի որսալ վերջին խոսակցությունները։
– Տեղափոխեք վեցերորդ հարկ։
Աչքերս բացեցի և ինձ գտա անծանոթ մի նոր պալատում։ Լուսամուտին ապակի չկար։ Հաստ պոլիէթիլեն էր խփված, որ քամուց ներսուդուրս էր անում ու փակցված էր կպչուն ժապավենով։ Քամին վնգում էր պալատով մեկ։ Մրսեցի։ Կուչ եկա վերմակի տակ, մի քիչ էլ քնեցի։
Միջանցքում աղմուկ էր, որն ինձ արթնացրեց, իսկ ես ալարում էի այնքան, որ չհետաքրքրեց անգամ՝ ինչն էր պատճառն աղմուկի։ Ինձ մի տեսակ լավ չէի զգում, հասկանում էի, որ հիվանդանում եմ։ Մարմինս դող էր տալիս, մկաններս սկսում էին ցավել, և թևիս վրա ծանրություն էի զգում։ Նկատեցի, որ կաթիլային է միացած երակիցս, աչքերս կիսաբաց՝ հաշվում էի կաթացող կաթիլները։ 117-ից հետո չեմ հիշում էլ, հավանաբար նորից քնել էի։ Մարմնիս առույգությունը, աշխուժությունը, զիջում էր թույլիկությանը, պարտվողականությունը սկսում էր նվաճել ինձ։ Կարծում եմ՝ ես բժշկի կարիք ունեմ։ Վազելու, գնդակ խաղալու, լողալու և ֆիզիկական ցանկացած այլ ակտիվության միտք տհաճ էր ուղեղիս։ Աչքերս վառվում էին, բայց դա քիչ էր նման ըմբոստության կրակի։
Անցած օրերից ոչ մեկում ինձ տեսակցութան չեկան։ Հիվանդանոցը չուներ բարձր պարիսպներ, հատուկ հսկողության կամ խիստ պայմանների որևիցե նշան չկար։ Դուռը բացվեց։
– Բարև ձեզ, ինչպե՞ս է մեր հիվանդը։
– Ես հիվանդ չեմ։
– Բոլորն էդպես են ասում։ Եթե հիվանդ չեք, ինչո՞ւ եք այստեղ։
– Ե՛ս եմ ձեզ հարցնում, ինչո՞ւ եմ ես այստեղ։
– Ձեզ բերեցին շատ ծանր վիճակում, ձեր կյանքը մազից էր կախված։
– Ձե՞ռ եք առնում։ Եթե մազից էր կախված, ուրեմն էդպիսի հաստ մազ գոյություն չունի։ Ես ինձ լա՛վ եմ զգում, ես ինձ լա՛վ էի զգում, ու ավելի լավ կզգամ, եթե էստեղ չլինեմ։
– Վաղը տեսակցության օր է։ Ձեզ մոտ գալո՞ւ են։
Ես չգիտեի՝ էդ հարցին ինչ եմ պատասխանելու։ Թե տեսակցության օրը վաղն է և ամեն հաջորդ շաբաթվա այդ օրը, ուրեմն, հավանաբար, դեռ մի շաբաթ չկա, որ ես էստեղ եմ, կամ հնարավոր է՝ երկու շաբաթը մեկ է տեսակցությունը, կամ ամսվա մեջ մի օր։
– Իհարկե, գալու են։
– Դե, շատ լավ է։ Բայց ձեզ երկար խոսել չի կարելի, ձեզ հանգիստ է պետք։ Կուլ տվեք այս դեղը, ամեն ինչ լավ կլինի։ Մենք ձեզ դեղ ենք տալիս, դուք բուժվելու եք։
– Նորից եմ հարցնում՝ ինչի՞ց։ Ի՞նչ գրող է կպել իմ էս ջահել մարմնին։
– Ամեն ինչ լավ կլինի, – արդեն միջանցքից ինձ հետ խոսում էր բուժքույրը, որը դուռը փակեց և գնաց։
Վաղը տեսակցության օր է։ Ուզում էի, որ վաղը շուտ գար։ Իմ էս օրվա հաշվին ես սպասում էի վաղվան։ Գիշերը ցավերս սաստկացան։ Իմ կարգավիճակն արդեն հստակ հիվանդի էր։ Թևիս վերքը բորբոքվել էր, ներքևի հարկի հետ համեմատած՝ էստեղ արդեն ցուրտ էր, ոտքերս փայտացել էին, իսկ գլուխս պայթում էր սաստիկ ցավից։
Լուսացավ։ Իմ հարկում կարանտին հայտարարեցին, և բժիշկները եկան այցի խիստ դիմակավորված, տեսակցությունը բացառեցին, ինձ փոխանցեցին մաքուր սպիտակեղեն, սրբիչ, լաթեր, սնունդ, որոնք բերել էին ինձ տեսակցողները։ Ես կրկին պնդեցի, որ տուն եմ ուզում, որ ինձ դուրս գրելու ժամանակն է։ Ինձ կրկին խոստումով դեղ տվեցին և հավատացրին, որ ամեն ինչ լավ է լինելու։ Բայց ժամ առ ժամ ես զգում էի վիճակիս անկայունությունը, մարմնիս թուլությունը, որ հիվանդությունը զավթում է մարմինս։ Ժամանակ շարունակ ես հաստատուն էի մնում՝ դուրսգրմանս պահանջն ավելի ու ավելի ամրապնդելով, դրան զուգորդում էր իմ օրեցոր վատացող վիճակը։ Լաթերս ինձ պետք չեկան, որովհետև ի վիճակի չէի քայլելու։ Ես բուժքույրերին համոզեցի, որ ինձ գոնե էս հարկի միջանցքով անվասայլակով պտտեն, գոնե աչքերս ուրիշ բան տեսնեն։ Ինձ պտտեցրին միջանցքով, միջանցքում վառած հոտ չկար, գրեթե ամբողջությամբ բացակայում էին հատակի սալիկները, պատերը կիսաներկած էին, միջանցքում շրջող հիվանդներ չկային։
Սենյակ վերադարձնելուն պես ինձ պառկեցրին անկողնում, կաթիլային միացրին, քանի որ մրսում էի, լավ ծածկեցին, ասացին, որ երեսիս գույն չկա և խոստացան ավելի հաճախ այցելել։ Որոշակի պարբերություն այդ գրաֆիկով ապրելուց հետո առողջության հստակ նահանջ գրանցվեց ինձ մոտ։ Օրերը ծանրանում էին, գիշերները հատկապես անտանելի էին, և հերթական այցերից մեկի ժամանակ չդիմացա և բռնեցի բժշկի ձեռքը։ Դեպի ինձ քաշելով՝ ասացի․
– Բժիշկ, ինձ թվում է՝ ես կմեռնեմ։
Բժիշկը միանգամից հետ քաշվեց, ուղիղ կանգնեց և կարգադրեց բուժքույրերին ինչ-որ բան, որը ես չլսեցի։
Քիչ անց երկու բուժեղբայր մոտեցան։ Պատգարակը դրեցին կողքիս, շատ փնթի ձևով ինձ քաշեցին պատգարակի վրա և միջանցքով տարան։ Ինձ սկսեցին բարձրացնել աստիճաններով՝ դեպի, ինչպես ես լսեցի, ութերորդ հարկ։ Ոտքերս վերև, գլուխս ներքև, և ներքևի տանողի վրա էր ընկնում ծանրությունը, վիզս կախվել էր և ամեն աստիճան բարձրանալիս նա ծնկով հարվածում էր գլխիս։ Հարվածները գուցեև շատ ուժեղ չէին, բայց իմ այս ֆիզիկական վիճակում բազմապատիկ ավելի էի զգում ցավն, ու ի վիճակի չէի նույնիսկ արձագանքել ցավին, միայն ապրում էի ցավը։ Թևս պատգարակից դուրս ընկավ, և երբ պտտվում էինք հարկ բարձրանալու, թևս մնաց պատի և պատգարակի արանքը։ Քերծելով՝ ինձ պտտեցին, ուժգին թափ տվեցին և թևս ընկավ վրաս։ Կողերս ցավեցին իմ սեփական թևի ծանրությունից։
Վերջապես ինձ հասցրեցին ութերորդ հարկ, միջանցքում լիքը հիվանդներ կային, սայլակների, պատգարակների վրա։ Միջանցքը թույլ էր լուսավորված, առույգության ոչ մի նշան, կարծես օդը կանգնած էր, սուր հոտ էր գալիս դեղերի։ Տնքոցներ, հառաչ, կարծես ամբողջ հարկը ցավում էր։ Ինձ առանձնացրին ինչ-որ սենյակում, շպրտեցին մահճակալին, և մոտեցան ինձ բժիշկները։ Լույս պահեցին աչքերիս, ստուգեցին ճնշումս, լսեցին թոքերս, կատարեցին մի քանի սրսկում, ինձ դեղ տվեցին և ասացին, որ ամեն ինչ լավ կլինի։ Կոճակ դրեցին կողքիս և ասացին, որ խիստ վատ զգալու պարագայում պետք է սեղմեմ այս կոճակը։ Ես հենց էդ պահին սեղմեցի։
– Չէ՛, չէ՛, հիմա՛ չէ, այն ժամանակ, երբ ձեզ վատ կզգաք և էստեղ բժիշկներ չեն լինի։
Ես նորից սեղմեցի կոճակը, ծիծաղեցին բժիշկներն, ասացին, որ նույնիսկ ծայրահեղ վիճակում չեմ դադարում կատակելը, իսկ ես կատակ չէի անում։
Ինձ թողեցին սենյակում և դուրս գնացին, ես որոշեցի, որ կարելի է գոնե մի ժամ դիմանալ և նոր սեղմել։ Փորձեցի քնել և ոչ քնած, ոչ արթուն պառկած մնացի։ Չգիտեմ՝ ինչքան ժամանակ անցավ, բայց շունչս կտրվեց և ես որոշեցի սեղմել կոճակը։ Անդադար սեղմում էի, մինչև դուռը բացեցին, ուժեղ ցավազրկող տվեցին, և կարճ ժամանակ անց մարմինս կարծես հանգստացավ։ Քնեցի։
Որոշ ժամանակ էդ ռիթմով հիվանդասենյակում լինելուց հետո, երբ եկան բժիշկները, ինձ դեղ տվեցին, ես մտքում վստահաբար կրկնեցի․ ինձ դեղ են տվել, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։
